HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Լինսի հիմնադրամի գործունեությունը փակ է

Պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը դեռեւս 2001թ. օգոստոսին դիմել էր Լինսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին եւ Ծրագիրն իրականացնող գործակալություններին(ԾԻԳ), սակայն մինչ օրս վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել: Իհարկե, մենք կարող էինք փորձել այդ պատասխանները ստանալ դատարանի օգնությամբ, սակայն չդիմեցինք այդ քայլին` հույս ունենալով, որ մեր հրապարակումներին կարձագանքեն այդ կառույցի պաշտոնյաները: 2001-2002 թթ «Հետքում» տպագրված երեք հոդվածներին Լինսի հիմնադրամը այդպես էլ չարձագանքեց:

Դեռեւս 2001-ին «Հետքի» թղթակցի հետ հանդիպման ժամանակ Լինսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Զարգարյանը հայտնել էր, որ համաձայն Լինսի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված հուշագրի ցանկացած ինֆորմացիայի տրամադրում պետք է համաձայնեցվի Լինսի հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակի հետ: Ավելին, ըստ նրանց (նաեւ ԾԻԳ-երի տնօրենների) պնդումների` Լինսի հիմնադրամը փակ համակարգ է, եւ այն շահագրգռված չէ հրապարակայնությամբ: Սա արդեն իսկ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ինչու՞ տվյալներ չhրապարակել իրականացված կամ իրականացվելիք աշխատանքների մասին, եթե դրանց համար նախատեսաված գումարները նպատակային են ծախսվել: Եթե ծրագիրը նպատակ ունի խթանել փոքր եւ միջին բիզնեսը, ապա այն պետք է առավելագույն չափով թափանցիկ եւ հրապարակային լինի, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունենան հնարավորինս մատչելի ընթացակարգերով օգտվել Լինսի հիմնադրամի ընձեռած հնարավորություններից:

2001թ. մայիսին Հայաստանում Լինսի հիմնադրամի վարկային Ծրագրի իրականացման մի շարք գործակալություններին ավելացավ եւս մեկը՝ «Արտաքին ներդրումների վարկ. «Ներդրում» ծրագիրը»: Ծրագրի արժեքը 30 մլն դոլար էր: Ծրագրի ղեկավարը Արտգործնախախրարության աշխատակից Վահե Աղաբեկյանցն էր: 2002թ. փետրվարին կառավարության որոշմամբ «Ներդրում» ծրագիրը փակվեց:

 Ծրագրի փակվելուց երկու ամիս առաջ «Հետքը» հարցազրույց էր արել Վահե Աղաբեկյանցի հետ` պարզելու, թե ինչու ստեղծվեց «Ներդրում» ծրագիրը («Լինսի հիմնադրամը Հայաստանում - 3»): Վ.Աղաբեկյանցը Լինսի հիմնադրամի ծրագրերը ներկայացնող միակ պաշտոնյան էր, որ համաձայնել էր հարցազրույց տալ: Ահա մեր հարցերից մեկին նրա տված պատասխանը. «Որոշվեց Լինսի վարկային ծրագրերի մեջ ներքաշել ու սպասարկել նաեւ այն ձեռնարկություններին, որոնց տերերն օտարերկրյա քաղաքացիներ ու իրավաբանական անձեր են: Այդտեղից ստեղծվեց 30 մլն դոլարի «Ներդրում» վարկային ծրագիրը՝ խթանելու համար Հայաստանում գտնվող օտարերկրյա ներդրողների աշխատանքը:

Որոշվեց նաեւ ծրագիրն իրականացնել առանց բանկերի միջամտության, պատճառաբանությամբ, որ օտարերկրյա ներդրողի համար կարող է այնքան էլ հեշտ չլինել սահմանված տոկոսադրույքներով աշխատելը: Դա, անշուշտ, չի բացառում բանկերի մասնակցությունը եւ, կարծում եմ, ցանկացած ֆինանսավորման ժամանակ բանկերը կունենան իրենց դերակատարությունը: Որոշվեց ավելի ճկուն դարձնել ծրագրերի ընդհանուր գործընթացը եւ որքան հնարավոր է դուրս պահել այն ընթացակարգերից, որոնք կարող են խոչնդոտել նորմալ եւ արագ վարկավորումը»: Սակայն «Ներդրում» ծրագիրը փակվեց: Հետեւապես, ոչ մի ծրագիր այդպես էլ չիրականացվեց: Սակայն մեր տեղեկություններով ծրագրի գործունեության ընթացքում ծախսվել են բավականին մեծ գումարներ: Եվ մեր բոլոր ջանքերը, պարզելու, թե որքան գումար է ծախսվել, առայժմ որեւէ արդյունք չեն տվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter