Քաղաքապետը որոշել է տնտեսումներ անել դաստիարակների, ուսուցիչների ու գրադարանավարների աշխատավարձի հաշվին
Վարչական բյուջեի «այլ դոտացիաներ» տողով նախատեսվել է պետբյուջեից 2016թ.-ին Ալավերդի համայնքին հատկացնել 65 մլն. դրամ: «Դրանից 34 մլն. դրամը չի հատկացվելու՝ քառօրյա պատերազմի հետևանքով պետբյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով»,- բացատրում է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Չվճարված դոտացիայի՝ համայնքի բյուջեին պատճառած վնասները փակելու համար Կ. Փարեմուզյանը մշակել է քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի խնայողաբար վճարման ծրագիր, որը չի ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը: Ծրագրով քաղաքապետարանի նախադպրոցական ուսումնական 6 ՊՈԱԿ-ներից 4-ը հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը փակվել են: Օգոստոսի 1-ից դրանցից թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները կաշխատեն մեկական խառը խմբերով:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանի նախադպրոցական 6 ՊՈԱԿ-ների մոտ 100 աշխատողներ կզրկվեն հուլիս, օգոստոս ամիսների իրենց աշխատավարձից: Երաժշտական դպրոցների ուսուցիչները սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների մեկ դրույք աշխատանքի դիմաց կստանան 0,5 դրույք աշխատավարձ: Երկու գրադարանների 10 աշխատողների նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձը կկրճատվի 50%-ով և կդառնա 27 հազար դրամ:
«Քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձը 50 տոկոսով նվազեցվել է նրանց խնդրանքով և դիմումով»,- բացատրում է Կ.Փարեմուզյանը:
Թիրախում հայտնված աշխատողների մեծ մասը աշխատում են նվազագույն աշխատավարձով և շատ դեպքերում իրենց ընտանիքի միակ աշխատողն են: Նրանք դժգոհում են քաղաքապետի կողմից առաջարկվող աշխատավարձի խնայողաբար վճարվող ծրագրից: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էլ չի ընդունում, որ համայնքի բյուջեում ստեղծված ֆինանսական ճգնաժամը պետք է լուծում ստանա միայն ավագանու որոշումով:
Խնայողության ծրագրի շուրջ «Հետքը» հարցեր է ուղղել քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին:
- Ինչ նպատակ է հետապնդում քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձերի վճարման խնայողության Ձեր հեղինակած ծրագիրը:
- Ուրեմն մենք ունենք ֆինանսական խնդիր, որն առաջացել է «այլ դոտացիաներ» տողով համայնքի բյուջեին պետբյուջեից նախատեսված 65 մլն. դրամ դոտացիայի 34 մլն. դրամը չվճարելու պատճառով: Մշակել ենք ծրագիր, որպեսզի մարդ չկրճատենք՝ հասկանալով, որ 2 ամսվա տնտեսումներով մենք համայնքի բյուջեն կբերենք բալանսի: Համոզված եմ, որ կոլեկտիվներն էլ նորմալ ընկալել են էդ ամեն ինչը, որոշել ենք այսպես ասած անցումային ինչ որ տարբերակ: Այսինքն, եթե 2 գրադարաններն իրար հետ ունեն մի 10 աշխատող, հերթապահության պես մարդիկ գնան աշխատանքի: Մի 10 օր մեկը գնա, 10 օր մյուսը:
- Կվարձատրվե՞ն այդ ժամանակ գրադարանների աշխատողները:
- Այո, վարձատրվում են: Խնդիրը երկու ամսվա տնտեսումն ա: Ինչո՞ւ ենք հստակ ասում 2 ամիս, որովհետև այդ 2 ամսվա տնտեսումը համայնքի բյուջեն կբերի բալանսի: Բայց էդ պրոցեսը տարբեր ՊՈԱԿ-ներում տարբեր ձևով կլինի: Օրինակ, երաժշտական դպրոցներում կտևի 3-4 ամիս, գրադարաններում՝ 4 ամիս: Այսինքն, մեզ պետք է էդ տնտեսումը՝ մինչև տարեվերջ: Քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 2 մանկապարտեզներին նույնպես առաջարկել ենք մեկ խմբով աշխատել: Ես չեմ ասել՝ մանկապարտեզները փակեք: Մեր կողմից խոսքը գնացել է միայն Սանահին կայարանային և Սանահին գյուղական թաղամասերի մանկապարտեզները փակելու մասին:
- Բայց հուլիսի 1-ից չեն աշխատում քաղաքի ամենամեծ Ս./Սարահարթ թաղամասի թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները: Հաշվի առել ե՞ք այդ թաղամասի աշխատող մայրերի երեխաների խնդիրը:
- Այո, չեն աշխատում, որովհետև այդ մանկապարտեզների վարիչները խոսել են ծնողների հետ: Քանի որ գիտեն, որ ծանր տնտեսական վիճակ է, վարիչները ասել են՝ կարող են հուլիս ամսին էլ մանկապարտեզները փակել: Ես, որպես համայնքի ղեկավար, ասել եմ՝ հուլիս, օգոստոս ամիսներին մեկ խմբերով աշխատեն: Սեպտեմբերից էլ նախկին ծանրաբեռնվածությամբ կաշխատեն բոլոր մանկապարտեզները:
Ալավերդու թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները |
- Ինչպե՞ս է Ձեր նախաձեռնած տնտեսումը դրսևորվելու երաժշտական դպրոցներում:
- Երաժշտական դպրոցում ուրեմն կոլեկտիվի հետ մենք հանդիպեցինք: Հուլիս ամսին արձակուրդայինը ստանում են, օգոստոսին չեն աշխատում, սեպտեմբեր, հոկտեմբեր՝ 0,5 դրույք են աշխատում:
- Մեր տեղեկությունով՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին այստեղ ուսուցիչները 1 դրույք պետք է աշխատեն, 0,5 դրույք աշխատավարձ ստանան:
- Այո:
Իսկ գրադարաններու՞մ:
- Գրադարաններում էլ՝ նույն ձևի: Կարող են իրենք որոշեն, որ երկու մարդ է գալիս աշխատանքի՝ 5 մարդու տեղ, կամ մի 3-4 ամիս կես դրույքով ընդհանուր են աշխատում: Մի խոսքով՝ իմաստը էն է, որ մարդ մի քիչ գոնե գումար ստանա, որովհետև հասկանում ենք սոցիալական վիճակը բոլորի մոտ էլ ծանր է, բայց նաև մենք տնտեսենք:
- Քաղաքապետարանի աշխատողների նկատմամբ նախատեսե՞լ եք աշխատավարձի տնտեսումներ:
- Քաղաքապետարանի աշխատակազմը 5 օր իրեն հաշվին է գնալու արձակուրդ՝ քաղաքապետից բռնած:
- Այսինքն, էդ մարդիկ աշխատանքի են գալու, բայց չե՞ն վարձատրվելու:
- Գործի կարան չգան, չվարձատրվեն: Բայց իմ պարագայում ես գործի գնալու եմ, բայց չեմ վարձատրվելու: Աշխատողներն էլ կարող են գալ և չվարձատրվեն:
- Բայց չե՞ք կարծում, որ աշխատողների աշխատանքային իրավունքներն եք խախտում:
- Բացարձակ: Կարան չգան:
- Մարդիկ հարցնում են, թե ինչու հանրապետության մյուս քաղաքներում էսպիսի խնդիրներ չեն առաջացել:
- Նախ, էս վիճակը ամբողջ հանրապետությունում է՝ իմ ունեցած տվյալներով: Հասկանալով էս բոլոր դժվարությունները՝ ինձ թվում է՝ ինչ-որ մի ձևի փորձում են էս ամեն ինչը ավելի սրված ներկայացնել՝ կոպիտ ասած:
- Պարոն Փարեմուզյան, 34 մլն. դրամ տարվա կեսին համայնքի բյուջեին չվճարելը առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող բյուջեի համար՝ լուրջ խնդիր է:
- Մենք էսօր գիտենք, որ մինչև տարեվերջ 34 մլն. դրամ պետք է տնտեսենք:
- Աշխատավարձի խնայողաբար վճարման Ձեր առաջարկած ծրագրով որքա՞ն է կազմել քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատավարձի կորուստները:
- Բյուջեից աշխատավարձի մասով 34 մլն. դրամ է պակասել :
- Այսինքն, քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողները 34 մլն. դրամ աշխատավարձ չեն ստանա:
- Այո: Հնարավոր է՝ այլ դոտացիայի տողով, որ նախատեսված էր, աշնանը մի մասը տրվի: Երբ տրվի, մենք մեր ժողովրդին էլ ենք ասել, որ աշխատավարձի կամ պրեմիայի տեսքով մենք կփոխհատուցենք: Դուք գիտեք, որ սա մեզ համար ամենածանր տարին էր: Բացի այն, որ բյուջեում ունենք 100 մլն. դրամ ճեղքվածք, դրանք բնապահպանական վճարներն էին, «Մանես» հիմնադրամի 69,9 մլն. դրամ բարեգործական ծրագրերի դադարեցումը, այս չվճարված 34 մլն. դրամը, դրան գումարած՝ ուժգին քամիները, հեղեղումները, դրան գումարած՝ ապրիլյան կռիվները, դրան գումարած՝ ինչ-որ մի բան էլ կար, դրան գումարած՝ մի քանի բաներ, չնախատեսված:
- Ինչո՞ւ համայնքի բյուջեի ֆինանսական ծանր այս վիճակը և մասնավորապես Ձեր ծրագիրը չեք ներկայացրել ավագանու քննարկմանը:
- Նախ, դրա համար ավագանու որոշում պետք չէ, երեխեքի հաճախումը նվազել է, դրա համար ենք սարքել մի խմբանոց մանկապարտեզներ: Եթե գրադարանավարը գրել է, որ ուզում եմ ինձ իմ հաշվին գնամ էս ինչքան օրով, ինչի՞ մասին է խոսքը:
- Երաժշտական դպրոցների ուսուցիչներն է՞լ են Ձեզ գրավոր խնդրել, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատած 1 դրույքի դիմաց վճարեք 0.5 դրույք աշխատավարձ:
- Չէ:
- Այդ մասին ի՞նչ կասեք:
- Երաժշտական դպրոցի աշխատողն էլ նույն ձևի գրել է, որ թույլ տվեք իմ հաշվին գնամ արձակուրդ:
- Մարդիկ Ձեզ դիմում են գրել, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին իրենք աշխատեն մեկ դրույքով, դուք իրենց վճարեք 0, 5 դրույքով: Ավագանին համայնքի բյուջեն հաստատող և վերահսկող մարմին է և բյուջեի ցանկացած փոփոխություն Դուք պարտավոր եք ներկայացնել ավագանու քննարկմանը:
- Սրանից հետո ես էլ Ձեզ ոչինչ չեմ ասի: Ընդամենը մենք ծանր տնտեսական վիճակում ենք, խնդրել ենք կոլեկտիվին, որպեսզի կրճատումներ չանենք: Մարդիկ ասել են՝ մենք մեր հաշվին կգրենք, կգնանք տուն:
Հ.Գ.
Ալավերդու քաղաքապետարանի ՊՈԱԿ-ների աշխատողների նկատմամբ հուլիսի 1-ից առանց ավագանու որոշման կիրառվող ապօրինի ծրագրի մասին բացատրություն խնդրեցինք Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանից: «Միանշանակ դա պետք ներկայացվի ավագանու քննարկմանը: Միայն ավագանու որոշումով, աշխատողների հետ համաձայնության գալով և ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներով կարելի է լուծել համայնքի բյուջեում առաջացած ֆինանսական ճգնաժամը: Ես այդ մասին կտեղեկացնեմ մարզպետին»,- ասաց Դավիթ Մանուչարյանը:
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել