HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Զգուշացե՛ք, ձեզ տեսահսկում են

Դեղատուն ենք մտել, խանութ, թե աշխատավայրում ենք կամ համերգասրահում, կամ թե երթեւեկում ենք մեր անձնական ավտոմեքենայով՝ ամենուր մեզ տեսահսկում են: Վերջին տարիներին   Հայաստանում արագորեն թափ է առնում հանրային եւ մասնավոր վայրերում տեսալուսանկարահանող սարքերով զինված անվտանգության համակարգերի տեղադրումը: Դրանց նպատակը, ըստ կիրառողների, գույքի եւ սեփականության ապահովությունն ու անվտանգությունն է, հանցագործությունների կանխումն ու բացահայտումը: Շատերս դա նորմալ ենք համարում եւ չենք մտահոգվում, որ տեսալուսանակարահանման միջոցով հավաքագրվում են մեր մասին անձնական տվյալներ եւ դրանք մի օր կարող են օգտագործվել՝ ոտնահարելով մեր անձնական կյանքի գաղտնիության կամ անձեռնմխելիության իրավունքը:

ՄԻԵԴ. Տեսահսկումը միջամտություն է անձնական կյանքին

2003թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննեց Պեկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Peck v. the United Kingdom) գործը: Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որ սկսեց անվտանգության եւ հանցագործությունների կանխման նպատակով հանրային վայրերում լայնորեն կիրառել տեսահսկման CCTV համակարգը (փակ կոնտուրով տեսահսկում): Մեծ ու փոքր քաղաքների գրեթե բոլոր փողոցներում մունցիպալ խորհուրդների որոշմամբ տեղադրվեցին 24 ժամ տեսահսկում իրականացնող տեսախցիկներ: 1995թ. օգոտսոսի 20-ի երեկոյան Բրենտվուդ քաղաքի բնակիչ Ջեֆրի Դենիս Պեկը ընտանեկան կյանքի անախորժությունների պատճառով հայտնվել էր դեպրեսիոն վիճակում: Ժամը 23.30 նա միայնակ քայլում էր քաղաքի գլխավոր փողոցով խոհանոցային դանակը ձեռքին եւ փորձեց ինքնասպանություն գործել՝ կտրելով ձեռքի երակները: Խաչմերուկի մոտ նա գլուխը խոնարհեց ցանկախատի վրա՝ դեպի փողոցային երթեւեկությունը՝ ձեռքում պահելով դանակը: Նա չգիտեր, որ իր գործողությունը նկարահանել է խաչմերուկի անվտանգության կղզյակում տեղադրված տեսախցիկը: Հետագայում ԶԼՄ-ներում հայտնված տեսանյութում չի երեւում երակները կտրելու պահը, տեսախցիկին հետեւող օպերատորին մտահոգել է լոկ դանակը ձեռքին փողոցում հայտնված մարդը: Նա արագ հայտնել է ոստիկանությանը, որի ծառայողները ժամանել են դեպքի վայր, Պեկի ձեռքից վերցրել դանակը, նրան բժշկական օգնություն ցուցաբերել եւ տարել ոստիկանության բաժանմունք, որից հետո ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու:

Սեպտեմբերին Մունիցիպալ խորհրդի CCTV համակարգը շահագործող խումբը համաձայնություն է տալիս նորությունների թողարկում պատրաստել այդ համակարգի արդյունավետության մասին՝ այդպիսի ռեպորտաժներ պատրաստելու թույլտվություն տալով նաեւ երրորդ անձանց, այսինքն՝ լրատվամիջոցներին: Ջեֆրի Պեկի մասին տեսանյութի օգտագործմամբ ռեպորտաժներ են հայտնվում բրիտանական տեղական եւ խոշոր տպագիր եւ հեռարձակող լրատվամիջոցներում՝ Brentwod Weekly News, BBC (Crime Beat հաղորդաշար), BBC Radio 4, Yellow Advertise եւ այլն: Դրանց արդյունքում Պեկի հարազատները, հարեւանները եւ ծանոթները ճանաչում են նրան տեսանյութում, քանի որ նրա դեմքը կամ ծածկված չէր կամ վատ էր ծածկված, Պեկը դառնում է ծիծաղի առարկա, հայտնվում անհարմար դրության մեջ: Նա վիճարկում է Մունիցիպալ խորհրդի տեսահսկում իրականացնելու որոշումը մինչեւ ՄԻԵԴ:

Այս գործով Եվրոպական դատարանը որոշել է, որ խախտվել է Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ հովածը՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը եւ պարտավորեցրել Միացյալ Թագավորությանը իր քաղաքացուն փոխհատուցել հասցված բարոյական վնասի (11, 800 եվրո) եւ դատական ծախսերի համար (18,075 եվրո):

Տեսահսկման համակարգերի մասսայականացումից կարճ ժամանակ անց դրանց հետ կապված խնդիրները դարձան եվրոպական երկրների օրենսդիր մարմինների և ԵՄ ինստիտուտների քննարկման առարկա: Չնայած ԵՄ մակարդակով տվյալների պաշտպանության ներդաշնակեցված օրենսդրու­թյան ընդունմանը («Անձնական կյանքի անձեռնմխելիության մասին» ԵՄ թիվ 95/46/EC դիրեկտիվը), տեսահսկման հետ կապված հարցեր էին առաջանում ազգային օրենսդրական ակտերով սահմանված կանոնների առնչությամբ եւ դատական հայցեր ներկայացվում պետությունների դեմ ՄԻԵԴ:

Վենետիկի հանձնաժողովը 2007թ. կարծիք տվեց «Հանրային վայրերում հանրային մարմինների կողմից իրականացվող տեսահսկման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին», որում հղում արեց հենց Պեկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Peck v. the United Kingdom) գործին (կետ 30)` նշելով, որ «...CCTV տեսախցիկների միջոցով ստացված տվյալների հրապարակումը կամ ընդհանրապես բացահայտումը, օրինակ՝ հեռարձակման նպատակների համար, միջամտություն է անձնական կյանքին, նույնիսկ այն դեպքում, եթե վարքագիծը, որի վրա հանրային ուշադրություն է սեւեռվել, դրսեւորվել է հանրային վայրում»:

Հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է, որ «Տեսահսկումը հանրային վայրերում պետական կամ իրավապահ մարմինների կողմից անհերքելի սպառնալիք է հիմնարար իրավունքների համար, ինչպես օրինակ՝ անձի մասնավոր կյանքի, բնակարանի եւ նամակագրության գաղտնիության, ազատ տեղաշարժի եւ նման հսկումից իր անձնական տվյալները պաշտպանելու իրավունքի:

Հայաստանում տեսահսկումն իրավական առումով լիարժեք կարգավորված չէ

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտության մասին քննարկումը նոր է ծավալվում, թեեւ տեսահսկումը հանրային եւ մասնավոր վայրերում արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Իրավաբան Արտակ Զեյլնալյանի կարծիքով՝ տեսահսկումը միջամտություն է մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին: «Օրինական է դա, թե ոչ, երկրորդ հարց է, բայց միանշանակ՝ միջամտություն է: Պետությունները ոչ միայն պարտավորվել են չմիջամտել այդ իրավունքին, այլեւ պաշտպանել այն միջամտության դեպքում»: Ավելին՝ նա պնդում է, որ Հայաստանում այս հարցի վերաբերյալ չկա իրավական կարգավորում, տեսահսկումը որպես միջամտություն մարդու իրավունքի սահմանափակում է, իսկ նման սահմանափակումները պետք է սահմանված լինեն օրենքով:

2015թ. Աժ-ն ընդունեց «Անձնական տվյալների պաշտանության մասին» օրենքը, եւ Արդարադատության նախարարության կազմում ստեղծեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հաստատում է, որ Հայաստանում համատարած ձեւով՝ թե՛ հանրային մարմինները, թե՛ մասնավոր ընկերությունները խախտում են անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, սակայն կարծում է, որ դա ավելի շուտ չիմացության եւ համապատասխան մշակույթի բացակայության արդյունք է: Նա համամիտ չէ իրավաբան Զեյնալյանի տեսակետին, թե օրենսդրական կարգավորումը բացակայում է: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, նրա կարծիքով, սահմանում է հիմնական սկզբունքները, որոնցով հնարավոր է ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը: Մնացյալը, ըստ գործակալության պետի, «փափուկ օրենքի» (soft power) միջոցով պետք է անել: Այդ նպատակով, օրինակ, գործակալությունը մշակել է Տեսահսկման ուղեցույց, որը հույս ունեն վերջնական տեսքի բերել եւ ընդունել մինչեւ տարեվերջ: «Ուղեցույցում շարադրված են այն կանոնները, որոնք պետք են մարդկանց, եթե ցանկանում են տեսահսկում իրականացնել իրենց հյուրանոցում, խանութում, հանրային վայրում, աշխատատեղում, բնակելի շենքերի, մասնավոր տների և դրանց մերձակայքում: Անձնական տվյալների պաշտպանության Եվրամիության փորձը խրախուսում է նման փափուկ օրենքների միջոցով այնպիսի ենթահարցերի կարգավորումը, ինչպես տեսահսկումն է կամ անցանկալի հաղորդագրությունները»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

«Ինչպե՞ս է ուղեցույցը պարտադիր լինելու կիրառության համար հարցին» Դոյդոյանը պատասխանում է. «Եթե ուղեցույցը խախտեն, նշանակում է՝ օրենքն են խախտել: Այդ դեպքում ունենք վարչական վարույթ հարուցելու լծակը, որով օրենքի կամքը կթելադրենք: Ճիշտ է, մեր հասարակությունում օրենքի կիրառության խնդիր կա, եւ դժվար է առավել եւս փափուկ օրենքի կիրառությունը, բայց այդ մշակույթը պետք է ներդնենք: Պիտի հասկացնենք, որ սա տեսահսկում իրականացնողի գործն էլ է հեշտացնելու»:

Ուղեցույցը նախատեսում է, որ տեսահսկում իրականացնողը պետք է մշակի տեսահսկման և տեղեկությունների տրամադրման ներքին ընթացակարգ, որով տեսահսկվողի համար պարզ են դառնում տեսահսկման նպատակը, կանոնները, այն պայմանները, թե ինչպես, պատասխանատու որ անձի միջոցով տեսահսկվողը կարող է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը, ում և ինչպես պետք է դիմի իր տեսագրության մասին տեղեկություններ կամ տեսագրության կրկնօրինակը ստանալու համար, ինչպես կարող է ծանոթանալ իր տեսագրությունը մշակելու պայմաններին, ում և ինչպես պետք է դիմի իր՝ տեսահսկվողի մոտ պահվող տեսագրության անվտանգության ապահովման հարցերով և այլն: «Անգամ պետական կառույցներում դա բացակայում է: Մեր ուղերձն ուղղված է բոլորին՝ մասնավորին եւ պետությանը: Նույն խնդիրը կա գործատու-աշխատող հարաբերություններում: Գործատուն չի կարող անվտանգության նպատակով տեսահսկում իրականացնել, հետո այդ տեսագրությունն օգտագործել աշխատակցին նկատողություն տալու նպատակով աշխատանքից ուշանալու համար: Այսօր չկա մի պետական մարմին, որը տեսահսկում չի իրականացվում, բայց հայտնի չէ՝ ինչպես են պահվում կամ ոչնչացվում այդ նյութերը, ոչնչացվում են արդյոք, թե ոչ: Աշխատակիցը պիտի ծանոթանա տեսահսկման ներքին կանոնակարգին, ստորագրի ու իր համաձայնությունը տա, նոր ընդունվի աշխատանքի»,- ասում է Շ. Դոյդոյանը:

Նա ինքը մատնանշում է մարդկանց անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտման դեպքեր հանրային մարմնի՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Օրինակ՝ ավտոմեքենաների կայանման տեւողությունը որոշելու համար իրականացվող տեսահսկման ժամանակ որոշումների հիմքում դրվում են այնպիսի տեսագրություններ, որոնց կադրերում հայտնվում են այլ անձինք, օրինակ՝ հետիոտներ, հարակից տարածքի բնակարանների պատշգամբներում կանգնած մարդիկ, այլ ավտոմեքենաների վարորդներ եւ ուղեւորներ, որոնք կապ չունեն այդ իրավախախտման հետ: «Այսինքն՝ մի նպատակի հասնելու համար խախտում են այլոց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Մեր հարուցած վարույթի արդյունքում որոշել ենք, որ այսուհետ այդ տեսագրություններում այլ անձանց պատկերները, մեքենաների համարանիշներն ապանձնավորվեն»,- ասում է գործակալության պետ Շ. Դոյդոյանը: Իսկ «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ստեղծած MyYerevan կայքում Երևան քաղաքի «բարձրակարգ առցանց տեսախցիկները ցուցադրում են Երևան քաղաքի անցուդարձը ամեն օր՝ 24 ժամ»:

Այդուհանդերձ, աչքի առաջ ունենալով Ճանապարհային ոստիկանության՝ երթեւեկության կանոնների խախտումների՝ տեսանկարահանող սարքերով հայտնաբերման փորձը, որը հասարակական ընդվզում առաջացրեց, Դոյդոյանը կարծում է, որ այս պահին ճիշտ չէ օրենք ընդունել ու միանգամից սուբյեկտներին տուգանել, վարչական պատասխանատվության ենթարկել: «Մահակով այս թեման ներմուծել պետք չէ, պետք է նախ իրազեկել, որ մարդիկ սկսեն մտածել իրենց անձնական տվյալների պաշտպանության մասին»,- եզրափակում է նա:

Ճանապարհային ոստիկանությունը խախտո՞ւմ է անձնական կյանքի գաղտնիությունը

Իրավաբան Արտակ Զեյնալյանին հատկապես մտահոգում է փողոցային երթեւեկության կանոնների խախտումները հայտնաբերելու նպատակով իրականացվող տեսահսկումը: «ՀՀ-ում չկա որեւէ իրավական ակտ, որով կսահմանվի`  որտեղ, ինչ պայմաններով, ինչ նպատակի համար, ով է տեղադրում այս տեսալուսանկարահանող սարքերը, դրանցով հավաքագրված տվյալները ով է տնօրինում, որքան է պահպանվում, պահպանվում է, թե ոչ, ում է տրամադրվում եւ ինչ նպատակներով կարող է օգտագործվել»,- ասում է նա:

Չորս տարի առաջ ճանապարհատրանսպորտային իրավահարաբերությունները կարգավորելու շրջանակներում հանրապետությունում տեղադրվել են բազմաթիվ արագաչափեր եւ տեսախցիկներ, որոնցով հավաքագրվող շարժանկարներում երեւում են եւ՛ մարդիկ, եւ՛ մարդկանց բացահայտելու համար տարբերանշաններ ունեցող գույք: Ըստ Զեյնալյանի՝ դրանցով հնարավոր է բացահայտել մեքենայի սեփականատիրոջը, ինչը միջամտություն է նրա անձնական կյանքի իրավունքին: Իրավաբանը պնդում է, որ այդ միջամտությունն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում: Հարցը հրապարակայնացնելու համար նա մի քանի դատական նախադեպ է ստեղծել սեփական օրինակով: 2013թ. քննված մի գործով (ՎԴ/12832/05/13), օրինակ, Զեյնալյանը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Այդ օրը նա վարել է ոչ իր մեքենան, եւ վարչական իրավախախտման մասին որոշումը ՃՈ-ն ուղարկել է մեքենայի սեփականատիրոջը, որով երրորդ անձի համար բացահայտվել է Զեյնալյանի երթուղին եւ գտնվելու վայրը, ինչն անձնական տվյալ է: Բողոքարկելով ՃՈ գործողությունները վերադասության եւ ապա դատական կարգով՝ նա պահանջել է ճանապարհային ոստիկանությունից տրամադրել խախտումը կատարելու օրվան նախորդող եւ հաջորդող օրերի բոլոր տեսագրությունները: Նա փորձում էր ճշտել՝ իր նկատմամբ դա արդյոք չի իրականացվել խտրական, տարբերակված ձեւով: Ոստիկանությունը մերժել է՝ նշելով, որ դա կխախտի երրորդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: ՀՀ դատարանները նույնպես մերժել են իրավաբանի հայցը, եւ նա դիմել է ՄԻԵԴ: Փաստը, որ ոստիկանությունն ընդունում է, որ տեսահսկումն առնչվում է անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությանը, Զեյնալյանն արդեն ողջունելի է համարում: Սակայն նշում է, որ բացի Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի ժ) ենթակետից, նման տեսահսկում իրականացնելու իրավական այլ հիմք գոյություն չունի:

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը մատնանշում է 4 իրավական ակտ, որոնք կարգավորում են տեսահսկման գործընթացը.

  1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 6-րդ հոդվածի ժ) կետը (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով),
  2. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքը,
  3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը,
  4. Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը:

Պրն Չիլինգարյանի խոսքով՝ տեսահսկումն իրականացվում է երեք նպատակների իրագործման համար՝ իրավախախտումների նախականխում, հայտնաբերում եւ պատասխանատվության միջոցների կիրառում: Այլ նպատակներով այն չի կարող օգտագործվել: Նա հավաստիացնում է, որ ոստիկանությունն իր տեղադրած սարքերով անընդհատ տեղեկատվություն չի հավաքագրում, անընդհատ տեսագրում չի իրականացնում եւ դրանք անընդհատ չեն պահպանվում, ոստիկանությունն օգտագործում է տեխնիկական միջոցները իրավախախտումների հայտնաբերման համար:

«Մենք հավաքագրում ենք միայն այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է կոնկրետ իրավախախտման փաստ ապացուցելու համար: Որեւէ պրոցեսի տոտալ տեսանկարահանում կամ հսկողություն չի իրականացվում: Տեխնիկական hնարավորություններն այնպիսին են, որ ոչ անհրաժեշտ տեղեկատվությունն ուղղակի ջնջվում է սերվերից»,- ասում է պրն Չիլինգարյանը:

Հավաքագրված տվյալները, ըստ նրա, միայն ոստիկանությանն են հասանելի, որեւէ այլ մարմին չի կարող մուտք ունենալ դրանց: Իսկ երրորդ անձանց այդ տվյալները կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում՝ նախաքննության մարմիններին կամ դատարանին, որոնք քրեադատավարական օրենսգրքով նախատեսված կարգով կարող են որոշում կայացնել եւ որպես իրեղեն ապացույց վերցնել տեսանյութերը:

Նման մի դեպք մեզ պատմեց Երեւանի դեղատներից մեկի աշխատակիցը: Այդ դեղատանն իրականացվում է տեսահսկում, որի հավաքագրած տվյալները տեխնիկական սարքը հնարավորություն է տալիս պահպանել երկու շաբաթ: Մի անգամ քննչական մարմնի որոշմամբ իրենց կատարած տեսագրությունն առգրավվել է եւ կցվել սպանության մի գործի նյութերի: Դեղատան ունեցած տեսանյութում գործով կասկածյալի ցուցումով նրա ընկերը սպանությունը կատարելուց առաջ բժշկական ձեռնոց էր գնել դեղատնից:

Ինչպես եւ որքան ժամանակ են պահպանվում տեսահսկմամբ ձեռք բերված տվյալները

«Մենք ունենք դատական գործեր, որոնցով դրդել ենք, որպեսզի դատարանը պարտավորեցնի այս մարմիններին ներկայացնել իրենց կողմից կատարված  տեսալուսանկարահանումը: Ստացել ենք պատասխան, որ այդ նյութերը չեն պահպանվել: Նյութերն իրենք իրե՞նց չեն պահպանվել, թե՞ ինչ-որ մեկը դա ոչնչացրել է, չկա որեւէ կարգավորում: Կարող ենք աներկբա ասել, որ այս միջամտությունը ճանապարհատրանսպորտային իրավահարաբերություններում սահմանված չէ, նախատեսված չէ օրենքով: Հետեւաբար, այս միջամտությունը հակաօրինական, հակասահմանադրական է: Այս սարքերի տեղադրման կարգը, պայմանները, ձայնագրած նյութերի պահպանումը, ոչնչացումը նախատեսված չէ օրենքով, ուրեմն հակասում է մեր իրավունքներին»,- ասում է իրավաբան Արտակ Զեյնալյանը:

ՃՈ իրավաբանական բաժնի պետը նշում է, տեսանկարահանումների պահպանման եւ ոչնչացման կարգը սահմանված է ՃՈ համապատասխան ստորաբաժանումների գործառութային պարտականություններով: Եվ այդ տվյալները հասանելի են միայն այն ստորաբաժանմանը, որն իր գործառութային պարտականություններով լիազորվել է իրականացնել նման գործողություններ: Ոչնչացման կարգը հետեւյալն է՝ ուղղակի հեռացվում է սերվերից: Դրա համար նույնպես պատասխանատու են այն մարդիկ, ովքեր լիազորված են այդ գործառութային պարտականություններն իրականացնել:

«Փաստաթղթերի պահպանման արխիվային ժամկետներ կան, որոնք հաշվարկվում են որոշակի ժամկետից սկսած՝ օրինակ՝ փաստաթուղթը կազմելու օրվանից, կամ վարույթը ավարտելու օրվանից սկսած: Մեր դեպքում՝ վարույթը ավարտելուց հետո՝ որոշման ընդունմամբ, կամ որոշման բեկանմամբ: Ավարտի պահից սկսած որոշ ժամանակ պահվում է, առավելագույնը՝ մեկ տարի, որից հետո սահմանված կարգով ոչնչացվում է, այսինքն՝ կազմվում է համապատասխան փաստաթուղթ ոչնչացման մասին»,- ասում է պրն Չիլինգարյանը:

Պրն Զեյնալյանի խոսքով՝ շարժանկարը փաստաթուղթ չէ, եւ դրա վրա չեն կարող տարածվել փաստաթղթերի պահպանման ՀՀ օրենսդրությամբ սահմանված արխիվային ժամկետները: Չիլինգարյանը հակադարձում է. «Մեր օրենսդրությունը սահմանում է, որ փաստաթուղթ է համարվում ցանկացած կրիչի վրա տեղեկատվության պահպանումը: Ինչ տարբերություն՝ տեղեկատվությունը պահպանվում է թղթի, լազերային սկավառակի, թե կոշտ սկավառակի վրա»:

Նա առանձնացնում է մի կարեւոր հանգամանք, որ տեսանկարահանելուց հետո այդ տեղեկատվությունը հասանելի է բացառապես այն անձին, ում շահերին առնչվում է: «Քանի որ մենք տեսանկարահանում իրականացնում ենք երթեւեկելի մասում, մեր տեսանյութերում մոտ հարյուր տոկոսով արձանագրում ենք միայն տրանսպորտային միջոցներ, իսկ վարչական ակտում ապանձնավորում ենք, որպեսզի լուսանկարում կամ տեսանյութում մեքենայում եղած անձինք չերեւան եւ տրամադրում ենք անհատական ծածկագիր: Մենք բոլոր միջոցները կիրառել ենք, որպեսզի յուրաքանչյուր մարդ ունենա հնարավորություն տեղեկատվություն ունենալ միայն իր տրանսպորտային միջոցով տեղի ունեցած իրավախախտման մասին»,- ասում է ՃՈ իրավաբանական բաժնի պետը:

«Հնարավո՞ր է, որ դատարանում վերացվի ապանձնավորումը» հարցին պատասխանում է՝ միայն դատարանի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter