HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչքան է «տարել» Գ. Ստեփանյանը

2002-ի հունիսի 13-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացավ «Արդշինբանկի» «Կենտրոն» մասնաճյուղի կառավարիչ Գագիկ Ստեփանյանը: Փետրվարից նա գտնվում էր հետախուզման մեջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Գ. Ստեփանյանը վախճանվել է քաղցկեղից:

Դեռեւս 2002-ի փետրվարի վերջին, նրա անհետացմանը զուգընթաց, տարածվեցին լուրեր, որ նա իր հետ տարել է «Արդշինբանկի» 3 մլն դոլարը: Այսօր արդեն կարելի է պնդել, որ Գ. Ստեփանյանը իր հետ ոչ մի կոպեկ էլ չի տարել: Այդ գումարները նրա մոտ չէին ի սկզբանե:

Մեր տվյալներով, Մոսկվայում նա պարտք էր վերցրել իր ծանոթներից. մի անգամ` հինգ հարյուր դոլար, երկրորդ անգամ` երեք հարյուր: Այսինքն, Երեւանից հեռանալուց մի երկու ամիս հետո նրա մոտ այլեւս փող չկար. նա «ծախսել» էր իր հետ «տարած» երեք մլն դոլարը: Փաստորեն, Գ. Ստեփանյանի «մահով» ամեն ինչ ընկավ իր տեղը: Չկա «հափշտակողը», հետեւաբար` նրա «տարած» փողերի համար, ավելի ճիշտ` բանկից անհետացած փողերի համար, որեւէ մեկը պատասխան չի կարող տալ: Դատաքննության ավարտից հետո այդպես էլ եղավ. 3 մլն դոլարի մասին արդեն ոչ ոք չի խոսում:

Ո՞վ է Գագիկ Ստեփանյանը: Նա ծնվել է Ախալքալաքում, «Արդշինբանկի» խոշոր բաժնետերերից էր: Նրա բաժնեմասը 13% էր` մոտ 169 մլն դրամ: 1991-ից մինչեւ 1993-ի նոյեմբերը, երբ Գ. Ստեփանյանը «Արդշինբանկի» կառավարիչն էր, սանկտպետերբուրգցի Ալեքսանդր Վարդանովը նրա առաջին տեղակալն էր:

Նրանք մտերիմներ էին, Գագիկն իր թեկնածուականը պաշտպանել է Լենինգրադի Ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում, որտեղ դասախոսում էր Ա. Վարդանովը: 1995-ից 1997-ը Գ. Ստեփանյանը «Ագրոբանկում» վարչության պետ էր, 1997-ից 2002-ը «Արդշինբանկի» «Կենտրոն» մասնաճյուղի տնօրենն էր: Ծանոթներից գրեթե ոչ մեկը Գագիկին վատ չի բնութագրում: Մեծ աջակցություն է ցույց տվել արվեստագետներին, ազատամարտիկներին, ուսանողներին:

Բացի բանկի բաժնեմասից, Գ. Ստեփանյանն ուներ սեփական բիզնես. Ապարանում` անասնապահական ֆերմա, «Առագաստ» սրճարանի 40 տոկոսը (նրա աղջկա անունով), Օպերայի մոտ դեռեւս անավարտ մի օբյեկտի վրա ներդրել էր մեծ գումարներ:

Ի՞նչն էր պատճառը, որ բավականին մեծ կարողությունների տեր Գ. Ստեփանյանը պիտի վերցներ այդ գումարները, թողներ ընտանիքը եւ հեռանար: ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 27-ից նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում: Սակայն նրա գտնվելու վայրի մասին Հայաստանում գիտեին շատերը, այդ թվում` իրավապահները: Մոսկվայում նրա հետ հանդիպումներ էին ունենում տարբեր գործարարներ:

Մեր տեղեկություններով, փախուստից հետո նա մի քանի անգամ Մոսկվայում հանդիպել է ԿԲ-ի վերահսկողության դեպարտամենտի պետ, «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Արտաշես Դավթյանին: Թե ինչ էին խոսել-պայմանավորվել նրանք, անհայտ է: Այսօր Ա.Դավթյանը կալանավորված է, եւ քննություն է ընթանում:

Թե կալանված Ա.Դավթյանն ինչ է պատմել այդ մասին իրավապահներին, առայժմ նույնպես անհայտ է: Գ.Ստեփանյանի փախուստից հետո, կարճ ժամանակահատվածում, «Առագաստ» սրճարանի 40 տոկոսը, Օպերայի մոտի անավարտ օբյեկտի նրա մասը, առեղծվածային պայմաններում (ըստ ամենայնի` պարտքի դիմաց), անցավ այժմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ինչպե՞ս եւ որտե՞ղ են կատարվել այս գործարքները: Ո՞ր նոտարականում են դրանք վավերացվել եւ ի՞նչ պայմաններում:

Մեր ունեցած տվյալներով, Գ. Ստեփանյանի որդուն առեւանգել են, ինչին էլ հաջորդել են այս գործարքները: Իրավապահները, իհարկե, տեղյակ էին այս առեւանգման մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել:

Գ. Ստեփանյանի կողմից չարաշահումներ թույլ տալու առնչությամբ Երեւանի Կենտրոն համայնքի դատախազությունում քրեական գործ է հարուցվել` «Արդշինբանկի» նախագահ Լեւոն Ֆարմանյանի 2002թ. փետրվարի 26-ին տված դիմումի եւ նյութերի հիման վրա: Լ. Ֆարմանյանի ցուցմունքների համաձայն, 2002թ. փետրվարի 23-ին Գ. Ստեփանյանն իրեն հայտնել է, որ նախորդ օրը խոշոր վարկ է ձեւակերպել «Ատլասի» ՍՊԸ-ի անունով:

Ըստ Լ. Ֆարմանյանի, իր հարցին` ի՞նչ նպատակով է նման ձեւակերպում արել Գ.Ստեփանյանը, պատասխանել է, որ այլ ելք չի ունեցել, քանի որ մինչ այդ այլ կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից գումարներ է ընդունել` նրանց հանձնելով համապատասխան փաստաթղթեր, որտեղ երեւում էր, որ նրանց ավանդները պատշաճ կարգով հաշվառվել են:

Սակայն իրականում հաշվապահական հաշվառման փաստաթղթերում եւ բանկի հաշվեկշռում դրանք չեն արտացոլվել: Ըստ Լ. Ֆարմանյանի, «Գագիկ Ստեփանյանը չի կարողացել բացատրել եւ ոչինչ չի ասել, թե ինչ է արել այդ խոշոր գումարը»:

Հաջորդ օրը` փետրվարի 24-ին, «Կենտրոն» մասնաճյուղում իրականացվել է նախնական ուսումնասիրություն: Պարզվել է, իրոք, 22.02.2002թ. կազմված հաշվեկշռում արտացոլված է «Ատլասի» ՍՊԸ-ի անունով 3.150.000 ԱՄՆ դոլարի վարկ:

Լ. Ֆարմանյանը հանձնարարել է ետձեւակերպումներ կատարել, միաժամանակ տեղի ունեցածի մասին գրավոր տեղյակ է պահել գլխավոր դատախազին: Լ. Ֆարմանյանը փետրվարի 24-ից հետո Գ. Ստեփանյանին այլեւս չի տեսել:

Փետրվարի 27-ին գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Մեկ օր անց Գ. Ստեփանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այժմ արդեն կարճված քրեական գործում առկա նյութերով, 1997 թվականից սկսած` Գ. Ստեփանյանը խոշոր չափերի չարաշահումներ է թույլ տվել:

Ըստ մեղադրականի, Գ.Ստեփանյանի «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերն աճել են վերջին տարիներին նրա կատարած յուրացումների արդյունքում: Գ. Ստեփանյանը Մոսկվայից 12 էջանոց գրություն է ուղարկել Կենտրոնական բանկ, որն այժմ կցված է քրգործին:

Գրությունում նա խոստովանել է, որ յուրացումներ կատարել է, բայց դրանց մի մասը տվել է «Արդշինբանկի» նախագահ Լ. Ֆարմանյանին: Այստեղ նշենք մի շատ կարեւոր հանգամանքի մասին. ԿԲ-ին ուղարկած նամակի մեջ Գ. Ստեփանյանը նշել էր, որ «Արդշինբանկի» իր հասցրած վնասը կազմում է 5,5 մլն դոլար: Հիշենք, որ փետրվարի 27-ին «Արդշինբանկի» եւ «Ադանայի» միաձուլումից հետո ԿԲ-ն բանկին տվեց հենց 5,5 մլն համակարգային վարկ:

Ինչպե՞ս է ԿԲ-ն հաշվարկել այս 5,5 մլն դոլարը, երբ մեր ունեցած հավաստի տեղեկություններով` այն ժամանակ «Արդշինբանկի» նախագահ Լ. Ֆարմանյանն ավանդատուներին հասցրած վնասը հաշվարկել էր 2,7 մլն դոլար: Իսկ ամենակարեւորը, որ կարիք ունի լուրջ քննության, այն է, թե նամակն արդյո՞ք գրել է Գ. Ստեփանյանը, նրա ձեռագի՞րն է, թե՞ ոչ:

Ինչքան մեզ հայտնի է, այն փորձաքննության չի ենթարկվել: Ի դեպ, նամակն անստորագիր էր: Նամակի վրա կա ԿԲ-ի մուտքի շտամպը: Եթե նամակը գրել է Գ. Ստեփանյանը, ապա ինչպե՞ս է այն հասել ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչու՞ այդ նամակը Գագիկը չի ուղարկել դատախազություն, որը նրան «փնտրում» էր: Հնարավոր է, որ նամակի հեղինակն իսկապես Գ. Ստեփանյանը չէ: Չի բացառվում նաեւ, որ այդ նամակը գրել է Գ. Ստեփանյանը` փախուստից առաջ, կամ նրան Մոսկվայում ստիպել են գրել:

Ստեփանյանի մահը իսկապես կասկածելի է: Մահվանից մի քանի օր առաջ նրան Մոսկվայում հանդիպել էին տարբեր գործարարներ: Կյանքի վերջին օրերին Գ. Ստեփանյանի կողքին է եղել կինը: Թաղման օրը ամուսնու ընկերներից մեկին նա ասել է, որ մահն արագացրել են արհեստականորեն «պունկցիա» անելով:

Գ. Ստեփանյանի փախուստից հետո շրջանառվում էր մի վարկած եւս, ըստ որի, նրան ստիպել են հեռանալ Հայաստանից: Արձանագրենք, որ նրա անհետանալուց հետո դուրս է գրվել 3 մլն դոլար, որն, իբր, նա տարել է իր հետ: 2002թ. փետրվար ամսին նման չափի կանխիկ դրամ դուրս չի եկել «Արդշինբանկից»:

Գագիկի անհետանալուց հետո պարզվել է, որ դրամարկղում 50 հազար դոլարի պակասորդ է եղել: Ահա այն գումարի չափը, որը «վերցրել» եւ «փախուստի» է դիմել Գագիկ Ստեփանյանը:

շարունակելի...

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter