HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Անկյուն+3»-ը նորից եթերում է

Մայիսի 21-ին «Հայաստանի հեռահաղորդակցության կենտրոն» հանրապետական փակ բաժնետիրական ընկերության աշխատակից Դավիթ Մելքումյանը եկել է Ալավերդի քաղաք եւ միացրել մեկ օր առաջ իր իսկ ձեռքով անջատած «Անկյուն+3» հեռուստաընկերության հաղորդակը: «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանի հարցին` ինչու՞ եք հիմա էլ միացնում, Դ. Մելքումյանը պատասխանել է. «Ինձ ինչ ասել են, այն էլ կատարել եմ»: Իսկ մեր հավաստի տեղեկություններով Դ. Մելքումյանին նման հրահանգ տվել է Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը:

Լոռու մարզպետի արշավանքը

Մայիսի 20-ին «Հայաստանի հեռահաղորդակցության կենտրոն» հանրապետական փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ Դավիթ Մելքումյանը եւ Ա.Մանուկյանը անջատել են «Անկյուն+3» հեռուստաընկերության հաղորդակը։ Պաշտոնական պատճառաբանությամբ հեռուստաընկերությունը եթերազրկվել է «տեխնիկական որակ չապահովելու, պետական ծրագրեր չհեռարձակելու պատճառով»։ Անկյուն+3» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Հրաչյա Պապինյանը համոզված է, որ տեղի ունեցածը ունի քաղաքական դրդապատճառներ: Ընդհանրապես, Լոռու մարզպետին դուր չէր գալիս «Անկյուն+3»-ի աշխատաոճը: Հեռուստաընկերության աշխատակիցները չեն «ենթարկվում» մարզպետին: Մարզպետը խիստ դժգոհ էր հեռուստաընկերությամբ ընտրությունների լուսաբանման ընթացքից: Դրնաք չէին գոհացնում հատկապես պատգամավորության թեկնածու, Լոռու մարզպետի եղբայր Հովհաննես Քոչինյանին: Նրա մերձավորները պարբերաբար սպառնում էին հեռուստաընկերության աշխատակիցներին: Մեկ շաբաթ առաջ հարկային տեսչության աշխատակիցները «գործուղվեցին» հեռուստաընկերություն: Ստուգումներն առայսօր չեն ավարտվել: Մայիսի 18-ին «Անկյուն+3»-ը հրապարակել էր Հովհ.Քոչինյանի մրցակցի` պատգամավորության թեկնածու Համլետ Թամազյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, որում մարզային եւ տեղական իշխանությունները մեղադրվում էին մարդկանց սպառնալու եւ նախընտրական աշխատանքներն արգելելու փորձերի համար։

Մայիսի 19-ին ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչները դժգոհ էին մնացել «Անկյուն+3»-ի` ՀՀԿ առաջնորդների այցի լուսաբանումից: Լուրերի թողարկումից հետո հանրապետականները հեռուստաընկերության աշխատողներին սպառնացել են «հաշվեհարդար» տեսնել: Հեռուստաընկերության աշխատանքների դադարեցման դեմ առաջինը բողոքել են ալավերդցիները։ «Անկյուն+3»- ի խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ՝ առաջարկելով ի պաշտպանություն հեռուստակայանի հանրահավաք անցկացնել։ Ըստ մեր տեղեկությունների` ալավերդցիները բաց նամակ են հղել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լոռու մարզպետը ցայտնոտի մեջ է. նրա եղբայրն ամենայն հավանականությամբ պարտվում է, ուստի ստիպված էր գնալ նման քայլի:

«Հանրապետական հեռահաղորդակցման կենտրոն» ՓԲԸ տնօրենի տեղակալ Կուրբանյանը տեղյակ չէր, որ անջատվել է «Անկյուն+3»-ի հաղորդակը: Ըստ երեւույթին, սա մարզպետի ինքնագործունեությունն է եւ կարող է թանկ նստել նրա վրա: Մարտի 20-ին, ժամը 18-ին հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը հրավիրվել է Հանրապետական կուսակցության շտաբ` մարզպետ Քոչինյանի հետ հանդիպելու: Հ. Քոչինյանը Ս.Սիրադեղյանին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են անջատել հաղորդակը:

Ի դեպ, Հանրային հեռուտատեսությունը պայմանավորվածություն ունի «Անկյուն+3»-ի հետ` ընտրությունների օրը երկու ժամը մեկ ուղիղ հեռարձակմամբ ընտրությունների ընթացքը լուսաբանելու: Եվ հեռուստաընկերության եթերազրկման պարագայում Հանրային այս ծառայությունը, ամենայն հավանականությամբ, կմատուցի մարզպետ Քոչինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter