HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սերժ Սարգսյանի չկատարած խոստումն անօգուտ պտտվում է մարզպետարանի ծրագրերում

Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում, որը կազմվել է 2013 թվականին, տեղ է գտել Սերժ Սարգսյանի՝ ավելի քան հինգ տարի առաջ տրված խոստումներից մեկը, որը մինչ օրս չի իրականացվել:

Փաստաթղթում նշված է, որ 2016 թվականին 130 միլիոն դրամ կհատկացվի Մեղրաշատ-Բյուրակն 3 կիլոմետրանոց, ինչպես նաեւ 240 միլիոն դրամ՝ Ողջի-Մեղրաշատ 5 կիլոմետրանոց ճանապարհների հիմնանորոգումների համար:

Նշված երկու ճանապարհներն էլ առ այսօր դժվարանցանելի են, անմխիթար վիճակում, իսկ հիմնանորոգումների մասին որեւէ խոսք չկա:

Մեղրաշատի գյուղապետ Վահրամ Սաղաթելյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Սերժ Սարգսյանն իրեն նշված ճանապարհները նորոգելու խոստում է տվել դեռ 2011 թվականին:

«Ես 2011 թվականին նամակով դիմել եմ նախագահին եւ խնդրել վերանորոգել ճանապարհները: Նախագահն ինձ պատասխանեց, որ 2012 թվականի ծրագրում նախատեսված է: Մինչեւ հիմա ճանապարհը չի վերանորոգվել: Ու ամեն տարի դիմել եմ մարզպետարան: Թուրքիայի սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա ենք ապրում: Մեր դաշտերը գյուղացիները անցաթղթով են մտնում, որովհետեւ պետական սահմանին կիպ տարածք է: Բա նորմալ ճանապարհ չունենա՞նք»,-ասում է Մեղրաշատի գյուղապետը:

Շիրակի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նշված է նաեւ, որ Մարզային զարգացման աջակցության ծրագրով շահագործման է հանձնվել կաթի ընդունման կետ Ախուրյան, Ջրառատ, Ջրափի, Մեղրաշատ, Պեմզաշեն համայնքներում։

Շիրակի մարզպետարանից «Հետքին» տրամադրած տեղեկանքի համաձայն՝ կաթի ընդունման 2 գործող կետ կա միայն Արեւշատ եւ Արեգնադեմ համայնքներում, եւս 4 չգործող կետեր՝ Բերդաշեն, Մեղրաշատ, Ջրափի եւ Արթիկ համայնքներում: Ախուրյանում, Ջրառատում եւ Պեմզաշենում, ըստ Շիրակի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության, կաթի մթերման գործող կամ չգործող կետ գոյություն չունի: Իսկ Մեղրաշատում դեռեւս 2008 թվականին CARD ԱՄՆ գյուղդեպարտամենտի վարկային միջոցներով ստեղծված կաթի ընդունման կետը գործել է ընդամենը 3 տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter