HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս»-ը չի վերազինում Ալավերդու պղնձաձուլական գործարանը. վթարի պատճառով այն չի աշխատում

Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն 5-րդ օրն է՝ չի աշխատում: Կոշաբերդ սարի գագաթի գործարանի ծխնելույզն ամեն օրվա պես իր թունավոր արտանետումներով վիշապի նման չի ժայթքում՝ հուլիսի 15-ին, ժամը 04:20–ի սահմաններում տեղի ունեցած արտադրական վթարի պատճառով: Վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ (այրվածքներ) են ստացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության 5-րդ կարգի հալող բանվոր Սերգեյ Բադալյանը և 4-րդ կարգի բովախառնուրդ բեռնող Աշոտ Հովհաննիսյանը: «Վալեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Սերգեյ Բադալյանը ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ, որոնք ընդգրկում են մարմնի մակերեսի մինչև քսան տոկոսը: Նա հոսպիտալացվել է: Ներկայումս բուժում է ստանում «Ալավերդի բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքում: 

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն Ալավերդու պղնձաձուլական գործարանը ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու մասին ընդհանրապես չի ուզում լսել: Գործարանի տեխնիկական ներկա վիճակը նրան չի խանգարում անհրաժեշտ քանակի պղինձ ստանալու համար: Գործարանի արտանետումներից կամ արտադրական վթարներից բնակչության դժգոհության դեպքում նա դիմում է շանտաժի, թե կփակի գործարանը: Մինչդեռ մի առիթով ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանն ասել է. «Մենք զուտ լեռնահանքային ասպարեզում շանսեր ունենք առաջ գնալու: Եթե խոսենք Թումանյանի տարածաշրջանի մասին, ապա ես գտնում եմ՝ Թեղուտը աշխատեցնելուց հետո լուրջ ապագա ունենք, և դա կլինի մեր շրջանի համար մի շատ կարևոր հիմք, որի հիման վրա կարելի է զարգացնել ծանր արդյունաբերությունը: Պղնձաձուլության ոլորտում մենք պետք է նոր գործընկերներ ներգրավենք, ունենանք ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի մեծ արտադրություն և դառնանք ավելի մրցունակ»:

Այսօր մենք այցելեցինք վթարից տուժած Սերգեյ Բադալյանին: Վթարից լրիվ այրված էին նրա երկու ձեռքերն ու ամբողջ դեմքը: Նրան կերակրում էին հարազատները: Սերգեյը հազիվ էր խոսում: Նա խնդրեց այրված տեսքով չլուսանկարել իրեն: Ասաց, որ առողջանալուց հետո նորից աշխատելու է մետալուրգիական արտադրամասում: Սերգեյն ասաց, որ վթարն արտադրամասում իր համար անակնկալ է տեղի ունեցել: Հարազատներից տեղեկացանք նաև, որ նրա բուժման ծախսերը հոգում է ընկերությունը: Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Կոմիտաս Մարտիրոսյանը հայտնեց, որ Սերգեյին բուժող բժիշկը վիրահատության է: Կոմիտաս Մարտիրոսյանը Սերգեյի առողջական վիճակը գնահատեց բավարար: «Ալավերդիում այրվածքների մասնագետ բժիշկ չկա: Մի փոքր լավանալուց հետո որդուս կտեղափոխենք մայրաքաղաք՝մասնագիտական հիվանդանոց»,- ասաց տուժողի հայրը՝ Վարուժան Բադալյանը:

Մետալուրգիական արտադրամասը

Արտադրական վթարից մյուս տուժող Աշոտ Հովհաննիսյանը ստացել է եղջերաթաղանթի և շաղկապենու (կոնյուկտիվա) երկրորդ կարգի այրվածքներ: Նրան ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն: Ըստ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տրամադրած նախնական տեղեկատվության՝ վթարից անմիջապես հետո տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ալավերդու բաժնում մեզ հայտնեցին, որ հուլիսի 15-ի պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամսում տեղի ունեցած արտադրական վթարի հետ կապված քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Վալլեքս»-ի մամուլի ծառայությունից նաև մեզ գրավոր պատասխանել են, որ մինչև դեպքի առթիվ ուսումնասիրության (քննության) ավարտը մեզ այլ տեղեկատվություն տրամադրել չեն կարող: Ներկայումս վթարի հետևանքով ձուլող վառարանի փլված պատը վերանորոգվում է: Արտադրական ծանր այս վթարը եզակի չէ պղնձաձուլական գործարանում: Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 11-ին մետալուրգիական արտադրամասում կեսգիշերին ուժեղ պայթունով ընթացած արտադրական վթարը մեծ խուճապ էր առաջացրել Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի 2-րդ զանգվածի, Սպանդարյան, Զորավար Անդրանիկի և այլ թաղամասերի բնակչության մոտ: Արտադրական ծանր վթարների դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը որևէ բացատրություն չի տալիս բնակչությանը և Ալավերդու քաղաքապետարանին: Արտադրական վթարների հետևանքով պարբերաբար մեծ արտանետումներ են ուղղվում Ալավերդու մթնոլորտ, որից քաղաքի փողոցներում քայլելը դառնում է անհնարին: Ինչպես մյուս, այնպես էլ հուլիսի 15-ի արտադրական վթարի պատճառները ընկերությունը թաքցնում է: Ալավերդու աշխատանքային շուկայում թելադրողը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պղնձաձուլական գործարանի կյանքի համար վտանգավոր աշխատատեղերում աշխատող բանվորներին վճարում է 80-100 դրամ աշխատավարձ: «Մեր ժողովուրդը շա՜տ մեղք է , շատ, բա ի՞նչ անեն, գնան տանը սովից մեռնե՞ն: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի էստեղ աշխատող մարդկանց հետ, երբ փակվի գործարանը»,- ասաց գործարանի բանվորներից մեկը, ով աշխատանքից չզրկվելու պատճառով խնդրեց չհրապարակել իր անունը: Ալավերդիում պղնձաձուլական գործարանին այլընտրանքային աշխատատեղեր ստեղծելու խնդիրը չի քննարկվում: Իր նախընտրական քարոզչության օրերին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը խոստացել էր Ալավերդիում ստեղծել 400 աշխատատեղով կարի արտադրամաս: Ալավերդցիները դեռ սպասում են քաղաքապետի խոստացած կարի արտադրամասի շահագործմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter