HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ագրոբիզնեսի ծրագրերը` տարիներ անց. CARD-ի հատկացրած արեւային ջրատաքացուցիչը՝ գյուղապետի բաղնիքում

Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում 2005 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի CARD հիմնադրամի աջակցությամբ ստեղծված պանրի գործարանն այսօր հանդիսանում է համայնքի ղեկավարի տունը: Իսկ հիմնադրամի տրամադրած սարքավորումների մի մասն օգտագործվում է գյուղապետի ընտանիքի կողմից՝ այլ նպատակներով:

Բերդաշենի գյուղապետ Համբարձում Ախցխեցյանը 2005-ին համայնքի ղեկավարի տեղակալն էր: Նա պատմում է, որ ոչխարի պանրի արտադրամաս հիմնելու նպատակով 2 միլիոն դրամի չափով դրամաշնորհ էր ստացել CARD-ից, որը, ի դեպ, գյուղական համայնքներում ագրոբիզնեսի զարգացման ծրագրերին աջակցում է գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովման համար: Ըստ գյուղապետի՝ պանրի արտադրությունը տեւեց ընդամենը մեկ տարի: Դրանից որոշ ժամանակ հետո Ախցխեցյանի ընտանիքը տեղափոխվել է CARD-ի միջոցներով վերանորոգված շինություն, իսկ արդեն նախկին տանը բնակվում է գյուղապետի որդու ընտանիքը:

Արտադրամասում, Բերդաշենի գյուղապետի խոսքով, ավելի քան 3 միլիոն դրամի չափով ներդրում էլ ինքն է կատարել: Սակայն գործերը ձախողվել են, քանի որ արտադրված պանրի իրացման խնդիր է առաջացել:

«Ես էն ժամանակ 200 հատից ավել ոչխար ունեի: Օրական 60-70 լիտր կաթ գնում էի համագյուղացիներից, իսկ մնացածը իմ սեփական ոչխարներինն էր: Ծրագիրը չստացվեց, ոչխարներս ծախեցի, որպեսզի մարդկանց ունեցած պարտքերը մարեմ»,-«Հետք»-ի հետ զրույցում պատմում է Բերդաշենի գյուղապետը:

Իրացման խնդիրն էլ, ըստ Ախցխեցյանի, այն պատճառով էր, որ Հայաստանում «էդ ժամանակ ոչխարի պանիր չէին ուտում»:

Այժմ CARD-ի հատկացրած արեւային ջրատաքացուցիչը Ախցխեցյանների ընտանիքն օգտագործում է խիստ կենցաղային նպատակով: «Բաղնիքին տաք ջուր է տալիս, լողանում ենք»,-ասում է գյուղապետը:

Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքի գյուղապետ Վահրամ Սաղաթելյանն իր հերթին է CARD-ի աջակցությամբ կաթի ընդունման կետ ստեղծել գյուղում, եւ այստեղ նույնպես չի հաջողվել երկարաժամկետ գործունեություն ծավալել:

Սաղաթելյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, որ 2008 թվականին կնոջ եւ իր ընկերների հիմնադրած «Մեղրաշատ» ՍՊԸ-ն հիմնադրամից 3,8 միլիոն դրամի չափով վարկ է վերցրել եւ հիմնել կաթի սառնարանային տնտեսություն, մեղրաշատցիներից եւ հարակից գյուղերի բնակիչներից կաթ մթերել եւ ամեն լիտրը 5-10 դրամի տարբերությամբ հանձնել արտադրող ընկերություններին:  

Ընկերության գործունեությունը ընդամենը երեք տարի է տեւել: Չորրորդ տարում ընկերությունը լուծարվել է աշխատանքները շարունակելու անհնարինության պատճառով: Գործունեության կասեցումը այս դեպքում այլ պատճառներ է ունեցել. վերամշակող ընկերությունները ուղղակի մի օր հրաժարվել են կաթ վերցնել «Մեղրաշատ» ՍՊԸ-ից:  

«Այն ժամանակ կաթ մթերելը ահավոր դժվար էր: Մենք էն ժամանակ մարզպետի մակարդակով միջնորդում էինք, որ կաթ մթերեն: Արտադրողները պայմանագիր չէին կնքում, համագործակցությունն առանց պայմանագրի էր: Հիմա է, որ իրենք են կաթ խնդրում: Նման պայմաններում ներդրումներ արեցինք, համայնքում կիսակառույց շենք ունեինք, սարքեցի, շինեցի, մեքենա ձեռք բերեցինք,  Նովոսիբիրսկից անալիզատոր բերեցինք, «Աշտարակ կաթը» օգնեց պոմպերով, խողովակներով... Հրաշալի աշխատում էր: Օրական հասցնում էինք մինչեւ 3800 լիտր կաթ հավաքել գյուղացիներից: «Աշտարակ կաթ» ընկերությունը հրաժարվեց կաթ վերցնել, պայմանավորվեցինք մեկ այլ ընկերության հետ, որի հետ համագործակցությունը չստացվեց»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը:

Նա պատմում է, որ 6800 լիտր կաթ ստիպված էին թափել: Քանի որ CARD-ի տրամադրած 3,8 միլիոն դրամ արժողությամբ կաթի սառեցման արգենտինական ագրեգատի արժեքի մի մասն էին հասցրել վճարել՝ 1,3 միլիոն դրամը, հիմնադրամը սարքը հետ է վերցրել եւ փոխանցել մեկ այլ ընկերության:

«Մեքենաս, անալիզատորս վաճառեցինք, ժողովրդի պարտքը փակեցինք ու վերջացրինք»,-պատմում է Մեղրաշատի գյուղապետը: Նա ասում է, որ եթե հիմա համայնքում նման կետ լինի, արտադրողներն իրենք կխնդրեն, կգան պայմանագիր կկնքեն, որպեսզի կաթ հավաքեն:

Սաղաթելյանի խոսքով՝ կաթի ընդունման կետի գոյությունը աշխուժացրել էր Մեղրաշատի եւ հարեւան գյուղերի անասնաբուծությունը, գյուղերում անասնագլխաքանակն ավելացել էր: Այն թվականներին միայն Մեղրաշատում մոտ 1600 գլուխ անասուն է եղել, իսկ հիմա խոշոր եղջերավորների թիվը մոտ 1100 է:

Կաթի ընդունման արդեն նախկին կետը այժմ գործում է որպես համայնքի բուժկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter