HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ճանաչվում են որպես տուժող, քաղաքացիները` ոչ

Քրեական գործերը հարուցվում են ընտրովի

Թեպետ վերջին օրերին համացանցում, մամուլի հրապարակումներում բազմաթիվ վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր կան քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների մասին, այդուհանդերձ որևէ քրեական գործ հարուցված չէ: Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքերը ուսումնասիրվում են, որոշ դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ:

ՄԻՊ գրասենյակը «Հետք»-ին ներկայացրեց, որ հուլիսի 17-20- ը ընկած ժամանակահատվածում ՄԻՊ թեժ գծով ստացվել է շուրջ 8 տասնյակ ահազանգ, որից մոտ 60-ը վերաբերել է բերման ենթարկելուն, մնացած 20 ահազանգով քաղաքացիները հայտնել են նաև բռնությունների մասին:  

«Հետք»-ը նույնպես անդրադարձել է քաղաքացիների ու փաստաբանների ահազանգերին:

Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների գործունեությունը` բռնություն կիրառելով շատերի նկատմամբ

Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի գործերով ՄԻՊ-ը դիմել է ՀՔԾ

Լրագրողը կարծում է, որ իրեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ են ծեծել

Միքայել Նազարյանն արդեն 30 ժամ է՝ գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժանմունքում

Ֆելիքս Հայրապետյանը ցույց տվեց ձեռքերի վնասվածքները

«Հարցրեցի՝ ինչի համար եք բերման ենթարկում, ոչ մի բացատրություն չտվեցին»

Միքայել Նազարյան. «Ոստիկանները վերադարձան ու հարձակվեցին մեզ վրա»

Փաստաբանին թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության զորքերի շենք

Մարալիկի ոստիկանապետը սպառնացել է Մնացական Ալեքսանյանին

Քաղաքացին 12 ժամ ոստիկանության բաժանմունքում է. փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան

Վաղինակ Շուշանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել

«Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ»,-գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն` իր ֆեյսբուքյան էջում` չմանրամասնելով սակայն, թե որ դեպքերի մասին է խոսքը:

Փոխարենը հուլիսի 20-ին ու 21-ին ՀՀ ոստիկանության պատրաստած նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու (ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մաս), զանգվածային անկարգություններ կատարելու (ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մաս) հատկանիշներով: Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ։ Ոստիկանության 6 ծառայող ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր  դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար: Սակայն ոստիկանությունը չի նշել, թե քանի քաղաքացի է ազատ արձակվել: Նշված չէ նաև ձերբակալվածների թիվը: Ոստիկանությունից պարզապես տեղեկացնում են, որ հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Նշվել է, որ ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ:

Արա Կարագյոզյանը

Ըստ փաստաբան Արա Կարագյոզյանի` ինչպես միշտ` գործ ունենք ընտրովի արդարադատության, խտրականության հետ: Նա նշեց, որ մամուլը, համացանցը լի են հրապարակումներով, որոնք ինքնին հանցագործությունների մասին հաղորդումներ են, թե ինչպես են վերջին մի քանի օրերին քաղաքացիներին բերման ենթարկում ոստիկանական բաժիններ, բերման ենթարկելիս ծեծում, ապօրինի, առանց կարգավիճակների պահում բաժիններում: «Ունենք դեպք, երբ քաղաքացուն, օրինակ, 20 ժամ ապօրինի պահել են ոստիկանական բաժնում, փաստաբանների մուտքը պաշտպանյալների մոտ խոչընդոտել են, որոնք քրեորեն պատժելի արարքներ են, սակայն որևէ գործ չի հարուցվում»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Կարագյոզյանը: 

Նորայր Նորիկյանը

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն, դուրս են ՀՀ սահմանադրության և օրենսդրության շրջանակներից. մասնավորապես՝ կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 26-րդ, 39-րդ, 40-րդ, 44-րդ հոդվածների, «Հավաքների ազատության մասին», «Ոստիկանության մասին», ՀՀ քրեական օրենսգրքի և մի շարք այլ իրավանորմերի բազմաթիվ հոդվածների պահանջներ: «Պարզապես մեկ անգամ ևս հավաստվում է, որ մեր երկրում գոյություն չունի օրենք և օրինականություն»,- կարծիք է հայտնել փաստաբան Նորիկյանը:

Հարություն Հարությունյանը

Փաստաբան Հարություն Հարությունյանը նույնպես նկատում է օրենքի կիրառման կողմնակալ դրսևորումներ. «Կրկին անգամ ականատես ենք դառնում օրենքի կիրառման կողմնակալ դրսևորումների: Համացանցից մեզ հասած նյութերի համաձայն, առկա են բազմաթիվ բողոքներ ոստիկանական ծառայողների դեմ` իրենց լիազարոթյունների շրջանակներից դուրս կատարված որոշակի վարքագծի վերաբերյալ, բայց առ այսօր որևէ տեղեկություն չունենք, որևէ քրեական գործ հարուցվել է, թե ոչ»:  

Փաստաբան Նորայր Նորիկյանի լուսանկարը` իր ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter