HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողները պնդում են, որ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից

Վերջին մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքի Խորենացի, Տիգրան Մեծ փողոցներում ծավալված բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ բռնության են ենթարկվել մի քանի լրագրողներ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական գործունեությունը: Նրանցից միայն մեկն է դիմել ոստիկանություն, մյուսները նշում են, թե հավատ և վստահություն չունեն այդ իսկ պատճառով չեն դիմել:

Հիշեցնենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորումը, որի կազմում կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի «մարտական և քաղաքական պայքարի ընկերներն» են, հայտարարել են Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մասին: Հունիսի 17-ին գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պատանդ վերցնելով մի քանի ոստիկանի: Դրանից հետո ծավալվեցին բողոքի ակցիաներ, ինչի ժամանակ ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ:

Ոստիկանը հարվածել և բաժին է տարել 4news.am-ի լրագրողին

Հուլիսի 17-ին՝ ժամը 12-00-ի սահմաններում, 4news.am լրատվամիջոցի լրագրող Արթուր Հայրապետյանը Օպերայի մոտակայքում նկատել է, թե ոստիկաններն ինչպես են տարեց տղամարդու թևերը ոլորելով քարշ տալիս: Լրագրողի ասելով՝ պահը բաց չթողնելու համար սկսել է նկարել ձեռքի բջջային հեռախոսով:

Լրագրողի վկայականը եղել է Արթուրի մոտ: Երբ տարեց տղամարդուն տղեափոխել են պարեկային ծառայության մեքենա, լրագրողը մոտեցել է ոստիկաններից մեկին, հարցրել, թե ինչ է կատարվում, ինչու են քաղաքացուն բաժին տանում: Ոստիկանը սկզբում ասել է, թե չի պարտավորվում պատասխանել լրագրողի հարցին:

«Կուտակված ոստիկանների միջից մի գազազած ոստիկան կարմրած աչքերով հարձակվեց ինձ վրա ու սկսեց ոտքերով ինձ հարվածել և ձեռքիցս խլեց բջջայինը, որով նկարահանում էի: Ես միայն հասցրեցի ասել, թե ինչու ես հարվածում: Թոկից փախած ոստիկանը, առանց ամաչելու, նայում էր աչքերիս մեջ, հայհոյում ու շարունակում ոտքերով հարվածներ հասցնել ու անամոթաբար ստելով ասում, թե չի հարվածում, բայց միաժամանակ շարունակում էր հարվածները: Այդ ոստիկանը չէր հանգստանում, շարունակում էր հարվածել, այս անգամ արդեն բռունցքներով: Չեմ հիշում արդեն՝ ինչպես եմ հայտնվել ոստիականական պարեկային ծառայության մեքենայի մեջ, ակնոցս արդեն թռել էր հարվածների ընթացքում: Ոստիկանության պարեկային ծառայության մեքենայի պատուհանը բաց էր, պատուհանից այդ նույն ոստիկանը հայհոյելով շարունակում էր պատուհանից ներս խուժել և բռունցքներով հարվածում էր դեմքիս»,-պատմում է Արթուր Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ իրեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ պահել են 40 րոպե: Այնուհետև բաժնի ղեկավարներից մեկը ներողություն է խնդրել լրագրողից:

«Ասացի, որ այդ ներողությունը չի մեղմացնում ոստիկանի անօրինական, առանց հինավորումների ինձ այստեղ բերելը և դաժանաբար ծեծի ենթարկելը: Բաժնում փորձում էին ինձ համոզել, որ այդ օրը ոստիկանները շատ նյարդայնացած են, որովհետև իրենց ընկերոջը սպանել են, իրենց լեզվով ասած՝ ահաբեկիչները: Ինձ տեղափոխող հիշետակներից մեկը բաժնում ստեց իր ընկերոջ նման, թե ինձ Օպերայի բակում ոչ մեկ չի հարվածել: Բաժնում ակնհայտ երևում էր դեմքիս, ոտքերիս ու մեջքիս հասցրած կապտուկները»,-ասում է լրագրողը:

Այժմ Արթուրը հատուկ ծրագրով փորձում է վերականգնել տեսանյութը, որը բջջային հեռախոսից ջնջել են ոստիկանները:

Հարցին, թե դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն, Արթուր Հայրապետյանը պատասխանեց, թե մեր երկրում չի հավատում իրավական համակարգին, ինչպես որ մյուս համակարգերին, ուստի ոչ մեկի չի դիմել:

«Միայն խմբագրությունը՝ 4news.am-ը նամակ է ուղարկել ոստիկանապետին՝ հորդորելով պատժել այդ ոստիկանին: Դեռ նամակի պատասխանը չենք ստացել»,-ավելացրեց Ա. Հայրապետյանը:

Հարվածել և խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանը «Հետքին» պատմեց, որ հուլիսի 18-ի ցերեկվա ժամերին ոստիկանները Խորենացի փողոցից առանց որևէ պատճառաբանության բերման են ենթարկել հարակից պուրակի ծառերի տակ, խոտերին նստած քաղաքացիներին:

Երբ բերման ենթարկելու ոստիկանների գործողություններն ավարտվել են, Արտակը մի քանի գործընկերների հետ մոտեցել է ոստիկանների գործողությունները ղեկավարող ոստիկանին, որպեսզի հետաքրքրվի, թե ինչն է պատճառը, որ քաղաքացիներին բերման են ենթարկում:

Արտակի խոսքերով՝ հրաման տված ոստիկանն այդ ժամանակ գտնվում էր ոստիկանական «պատի» հետևում և այնտեղից է պատասխանել հարցերին: Երբ լրագրողը հերթական անգամ ղեկավար ոստիկանին հարց է ուղղել, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում, պատ կազմած ոստիկաններից մեկը բռնել է Արտակի բարձրախոսը ու ինչ-որ բան ասել:

«Փորձեցի ազատել միկրոֆոնը, հետ քաշել: Այդ պահին նա ձեռքով հարվածեց իմ փորին»,-ասում է Արտակ Համբարձումյանը:

Լրագրողը դիմել է ոստիկանի ղեկավարին, սակայն վերջինս, ականատես չլինելով միջադեպին, անմիջապես պատասխանել է, թե նման բան չի եղել: Հետո Արտակը նկատել է, որ իրեն հարվածող ոստիականը հաջորդող օրերին շարունակել է նույն տեղում կատարել իր ծառայությունը:

Միջադեպը պատկերող տեսանյութը հրապարակելուց հետո ոստիկանության պաշտոնյաներից մեկը զանգահարել է Արտակ Համբարձումյանին ու ասել, թե  ոստիկանները հրամանատար են կորցրել, նեղված են, լարված: Լրագրողին «ընկերական» փորձել են համոզել, որ իրավիճակը կարելի է հասկանալ:

«Ես նման բացատրություններն անհիմն եմ համարում: Հարվածի փաստը կար, խոչընդոտվել էր իմ մասնագիտական գործունեությունը, ինչն օրենքով արգելված արարքներ են»,-ասում է Արտակ Համբարձումյանը:

Լրագրողն ասաց, որ անիմաստ է համարում դեպքի համար ոստիկանություն դիմելը՝ պատճառաբանելով, որ տեսանյութը հրապարակված է, ամեն ինչ ակնհայտ երևում է, և եթե ոստիկանությունները ցանկություն ունեն, կարող են քայլեր ձեռնարկել:

«Տեսել եմ, որ հարվածող ոստիկանը մյուս օրերին շարունակել է տեղում աշխատել, այսինքն՝ ոստիկանության համար լրագրողին հարվածելը խնդիր չէ, ուրեմն իրենց դիմելն էլ անիմաստ է»,-ավելացնում է Արտակ Համբարձումյանը:

Ոստիկանները ջնջել են լրագրողի նկարած կադրերը

Lragir.am կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանն էլ պատմեց, որ հուլիսի 19-ին «Սարի թաղում» ոստիկանները խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությունը: Թեև լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն կիրառել, սակայն վերցրել են իր երկրորդ տեսախցիկը, ջնջել տեսանյութերը: Թեհմինեն ասաց, որ ջնջված կադրերի որոշ մասը գործընկերների օգնությամբ վերականգնվել է:

Ինչպես վերը նշված լրագրողները, այնպես էլ Թեհմինե Ենոքյանը «իմաստ չի գտնում» դիմել ոստիկանություն:

Ծեծել և ձեռքից վերցրել են iravaban.net-ի լրագրողի չիպը

Հուլիսի 21-ի գիշերը ժամը 03։00-ից 03։25-ի սահմանում Տիգրան Մեծի պողոտայի «Հայէկոնոմբանկի» մոտ ծեծի է ենթարկվել iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը: Գևորգը «Հետքին» պատմել էր, որ դեպքի վայրում էր հայտնվել Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով:

Լրագրողը կարծում է, որ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, քանի որ որևէ ակտիվիստ վերջին իրադարձությունների ժամանակ չի սպառնացել լրագրողներին: «Ինչպես ինձ ծեծողներին, այնպես էլ այնտեղ հավաքված մի քանի անձանց, չեմ տեսել մինչ այս տեղի ունեցած ակցիաների ժամանակ։ Այդ մարդիկ պահանջում էին իրանց դեմքը չնկարել ու ասում էին, որ լուսանկարչական ապարատի չիպը իրենց տամ: Ես վստահեցնում էի, որ իրենց դեմքը չեմ նկարել, բայց չէին բավարարվում պատասխաններով: Երբ գցեցին գետնին, տպավորություն էր, որ նպատակ ունեին ինձ լուրջ վնաս տալ, որովհետև ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում իմ ասածներին, որ չիպը պատրաստ եմ տալ, շարունակում էին խփել»,-պատմում էր Գևորգ Թոսունյանը:

Ի վերջո լրագրողի ձեռքից չիպը վերցրել են, դրանից հետո հանգիստ թողել: Գևորգն ասում է, որ իրեն ծեծողները հստակ գիտեին, որ լրագրողի են ծեծում, քանի որ ներկայացել է որպես լրագրող, ցույց տվել վկայական, սակայն որևէ մեկն ուշադրություն չի դարձրել իր խոսքերին:

Դեպքի օրը Գևորգ Թոսունյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գևորգն ասաց, որ  փորձագետը արձանագրել է երեք վնասվածք: «Փորձագետն ասաց, որ դրանք հավանական է եղել են բութ գործիքի, ոտքի կամ ձեռքի հարվածի հետևանքով»,-նշում է լրագրողը:

Մեկ հաղորդում և նշանակված ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ լրագրողի նկատմամբ իրականացված բռնության, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել միայն iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը: Իսկ մամուլի հրապարակումների հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն:

Ոստիկանները չգտնվեցին բարձունքում, կատարեցին քաղաքական պատվեր

Փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է, որ լրագրողերն են հիմնականում այն սուբյեկտը, որոնց միջոցով հասարակությանը տեղեկատվություն է տրամադրվում՝ ցույցի կամ ոստիկանական որոշակի գործողությունների վերաբերյալ: Քանի որ այս օրերին մեծամասամբ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, վերջիններս չեն ցանկանում, որպեսզի ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը դառնա հանրության սեփականությունը:

«Բացի այն, որ ոստիկանները խոչընդոտելով լրագրողների աշխատանքը, նրանց ձեռքից վերցնելով տեսանկարահանող սարքերը՝ ոչնչացնում են դեպքերի վերաբերյալ ապացույցները, այլև վախ սերմանելու նպատակ են հետապնդում:  Ոստիկանական մտածողության տեսանկյունից բռնության ենթարկելը նպատակ է հետապնդում վախ սերմանել, որպեսզի հնարավորինս նրանք հեռու մնան բռնության գործողությունների կիզակետից»,-ասում է փաստաբան Նորիկյանը:

Հենց այդ տեսանկյունից Նորայր Նորիկյանը նշեց, որ ոստիկանության բռնի գործողությունները լրագրողների նկատմամբ հետապնդում են երեք նպատակ.

  1. վախի սերմանում,
  2. տեղեկատվական հոսքերի սահմանափակում, որպեսզի հասարակությունը չտեսնի ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները,
  3. ապացույցների վերացում:

Փաստաբանի խոսքերով՝ այս ամենն անդրադառնալու է նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վրա: Միջազգային հանրության աչքերում մենք դիտվելու ենք մի երկիր, որ տարիներ շարունակ խոսվում է բարեփոխումների մասին, բայց գործնական առումով ոչ մի դրական տեղաշարժ չկա ոստիկանության դերի և բնույթի մեջ:

«Անկեղծ ասած՝ ինքս էլ մեծ հիասթափություն եմ ապրում, երբ տարիներ շարունակ քարոզել են ոստիկանության բարեփոխումները, բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ՝ այս ամենը վաղ թե ուշ Մարդու իրավունքնրի եվրոպական դատարանում, միջազգային զեկույցներում քննարկվելու  է, որ Հայաստանի ոստիկանությունը չգտնվեց իր բարձրության վրա, չցուցաբերեց օրինակարգություն և տուրք տվեց ընդամենը քաղաքական կոնյուկտուրայի արդյունքում ձևավորված հերթական պատվերի կատարմանը»,-ասում է Նորայր Նորիկյանը:

Նշենք, որ այս օրերին լրագրողների դեմ կիրառված բռնությունները, վերջիններիս մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը քննադատել են նաև լրագրողական կազմակերպությունները՝ ոստիկանությունից պահանջելով բացահայտել կատարվածը և պատժել մեղավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter