HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ցողամարգցիները դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող մոդելին եւ մտադիր են բոյկոտել ՏԻՄ ընտրությունները

Համայնքների խոշորացման  կառավարության ընդունած օրենսդրական փաթեթով այս տարվա փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյան, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթեւ համայնքային փնջերում անցկացվեց ՏԻՄ ընտրություններ: Երեք մարզերում սկսված համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկից 8 ամիս անց նախատեսվում է իրականացնել եւս 13 ծրագիր:

Առաջիկայում համայնքների խոշորացում է նախատեսված Շիրակի, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզերում: Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի նախկին տարածաշրջաններում հոկտեմբերի 2-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, ձեւավորվելու է 4 փունջ՝ Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Արփի կենտրոններով:

Աշոցքի նախկին տարածաշրջանի Ցողամարգ համայնքի բնակիչները համաձայն չեն Թորոսգյուղ կենտրոնով Սարապատ փնջի ձեւավորման կառավարության հաստատած նախագծին: Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղյանի համոզմամբ կենտրոնը սխալ է ընտրված եւ Թորոսգյուղը չի համապատասխանում ներկայացված չափորոշիչներին: Խոշորացվող համայնքները, որպես կանոն, պետք է միավորվեն համեմատաբար խոշոր համայնքի շուրջ:

Նոր համայնքի կենտրոնը պետք է ունենա առնվազն 3000  բնակիչ: Սակայն առաջիկայում ձեւավորվող փնջերում այս պայմանը չի ապահովվում: Սարապատ փնջում միավորվող համայնքներից ամենամեծ բնակչությունն ունի Ցողամարգ համայնքը՝ 612 մարդ, ամենասակավաթիվ համայնքը Լեռնագյուղն է՝ 34 մարդ, որպես կենտրոն ընտրված Թորոսգյուղում վիճակագրական վարչության տվյալներով ապրում է 322 մարդ, Սարապատի բնակիչների թիվը չի անցնում 111-ից:

Ցողամարգցի Սամվել Ուրիշանյանն ասում է, թե փնջի ձեւավորման եւ կենտրոնի ընտրության, ինչպես նաեւ ղեկավարի ընտրության հարցում խառն է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մատը:

«Խոսակցություններ կան, որ կենտրոնն ընտրել են Թորոսգյուղը, որովհետեւ Աշոտ Աղաբաբյանի ծննդավայրն է, նաեւ խոսում են, որ խոշորացված համայնքների ղեկավար է դառնալու Գոգհովիտի համայնքապետ Արտուշ Մանուկյանը: Հիմի մենք էն տպավորությունն ունենք, որ էս փնջի ձեւավորումը, կենտրոնի ընտրության հարցում երկու-երեք գյուղապետ են շահագրգիռ՝ Թորոսգյուղի, Գոգհովիտի ու Լեռնագյուղի»,-նկատում է Սամվել Ուրիշանյանը:

Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղյանը չհերքելով համագյուղացու փոխանցած տեղեկատվությունը՝ բացատրում է, որ սկզբնական շրջանում, երբ խոսք է գնացել համայնքների խոշորացումից՝ նախատեսված է եղել Շիրակի մարզի հյուսիսային հատվածում ունենալ երկու փունջ՝ Ամասիա եւ Աշոցք կենտրոններով:

«Այսինքն պիտի վերականգնվեին նախկին շրջկենտրոններն իրենց գյուղերով: Բայց էնպես եղավ, որ Ամասիայի ենթաշրջանի Արփա լճի մոտ գտնվող 9 գյուղերըն ուզեցին առաձին փունջ ձեւավորել՝ պատճառաբանելով, որ կտրված են շրջկենտրոնից ու ձեռնտուն դա է: Իրենց ցանկությունը բավարարվեց ու անմիջապես էլ որոշվեց, որ Աշոցքն էլ բաժանեն երկու փնջի: Ինձ զանգել է Գոգհովիտի գյուղապետն ու ասել է, որ ներքեւի գյուղերը պլյուս Ձորի գյուղերը համաձայն են առանձին փնջի ձեւավորմանն ու միայն ես եմ մնացել, որ մարզպետին ուղարկվելիք թղթի տակ չեմ ստորագրել: Էդ ժամանակ դեռ կենտրոնի պահով հստակեցում չկար ու ես համաձայնվեցի: Ինձ ասին, որ գրել են Թորոսգյուղ, բայց դա հետո հնարավոր է փոխվի»,-ասում է Գնել Բարսեղյանը:

Համայնքապետերի ստորագրած այդ «չարաբաստիկ թուղթն» էլ հենց հիմք է ծառայել, որ մերժվի Տարածքային նախարարություն ցողամարգցիների ուղարկած բողոք-նամակը: Վերջիններս առաջ քաշելով մի շարք փաստարկներ՝ նշել են, որ դեմ են Թորոսգյուղ կենտրոնով փնջի ձեւավորմանը եւ առաջարկել իրենց տարբերակը՝ որպես համայնքային կենտրոն ընտրել Ցողամարգը: Փոխնախարար Վաչե Տերտերյանից Ցողամարգ հասած պատասխանում մատնացույց է արվել հենց 15 գյուղապետերի, այդ թվում եւ Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղանի ստորագրած համաձայնագիրը:

«Չափից ավելի արագ է եղել՝ քննարկում, հանրային լսում չի եղել, ժողովրդի կարծիք չեն հարցրել, կոնկրետ համայնքապետերով գնացել ենք, ներկայացրել են, բայց ես նորից եմ ասում՝ մենք մանրամասներին տեղեկացված չենք, չգիտենք, թե կոնկրետ ինչ է լինելու: Մեր մոտ  էլ է անորոշություն՝ չգիտենք ինչ օգուտ ենք կամ վնաս ենք ստանալու, կամ էս խոշորացման հեռահար նպատակները որն է,-նկատում է համայնքապետը,-մենք միշտ մտածել ենք, որ պիլոտային է, կարող է եւ շարունակություն չունենա, կամ էլ մի քանի տարի անց երբ պարզ կլինի էն երեք մարզերի արդյունքները՝ նոր կանդրադառնան մեզ»:

Գնել Բարսեղյանը ընդամենը 1,5 տարի է ինչ ղեկավարում է Ցողամարգ համայնքը: Երիտասարդ համայնքապետն այս ընթացքում հասցրել է բավական ծրագրեր իրականացնել գյուղում, թեպետ մեծ բյուջե չունեն՝ 12 մլն դրամ է, որից սեփական եկամուտները՝ 4մլն 200 հազար դրամ: Ակտիվորեն մասնակցում են ներդրումային ծարգրերին:

Ներկայում ընթանում է 3 կմ խմելու ջրագծի կառուցման, աշխատանքներնը, որ իրականացնում են «Կարիտաս»-ի հետ համատեղ: Ծրագրի արժեքը 17 մլն դրամ է, որի 10 տոկոսը համայնքի ներդրումն է: Նոր ջրագծի կառուցումով վերջնականապես լուծվոմ է ողջ գյուղի անխափան ջրամատակարարման հարցը:

Այս տարի մայիսին վերանորոգել եւ շահագործման են հանձնել գյուղի հանդիսությունների սրահը:

Աշխատանքներին աջակցել է «Կանայք հանուն զարգացման» հկ-ն: Ծրագրի արժեքը՝ 1,7 մլն դրամ է:  Համայնքապետն ասում է, որ «Կանայք հանուն զարգացման» հկ-ի շնորհիվ իրենք գյուղում ունեն արհեստավարժ դերձակ եւ վարսավիր, որոնց ծառայություններից օգտվում են նաեւ հարեւան համայնքների բնակիչները:

Ցողամարգում գործող միջնակարգ դպրոցը նախատեսված է 460 աշակերտի համար, ներկայում հաճախում են 70 երեխա:

Գյուղում կա բուժամբուլատորիա, երկու մեծ խանութ, փոստային ծառայություն: Գիշերային լուսավորության ցանցը մոտ 15 կետ է եւ մտադրություն կա ավելացնել թիվը՝ հասցնելով 35-ի: Աշխատանքներն իրականացնելու են սեփական եկամուտների հաշվին՝ կծախսեն մոտավորապես 100 հազար դրամ: Գնել Բարսեղյանը նշում է, որ կարողանում են նաեւ հաջողությամբ մասնակցել փոքր դրամաշնորհային ծրագրերի ու ներկայում 235 հազար դրամի ծրագիր են շահել:

«Ասելիքս ի՞նչ է, որ եթե պիտի էդ 15 գյուղը դիտարկեին ու կենտրոն ընտրեին՝ ամենահարմարը Ցողամարգն է, թե իր դիրքով, թե ենթակառուցվածքներով, թե հետագա զարգացման հնարավորություններով,-ասում է համայնքապետը,-մեր գյուղում, եթե ասենք կառավարությունն ուզենա մի 6 հատ 9 հարկանի շենք կառուցի՝ տեղ կա: Պարոն Լոքյանն եկել մտել է մենակ Թորոսգյուղ ու թողել գնացել է: Էդքանով համարվել է, որ ճիշտ ընտրություն է կատարվել` առանց նայելու մյուս համայնքների հնարավորությունները»: 

Ցողամարգի բնակիչ Դերենիկ Միրաքյանը պատմում է, որ 1960-ականներին երեք անգամ փորձ է արվել միացնելու Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջաններն ու ստանալ մեկ համայնք, սակայն ձախողվել է: Ի վերջո ընդունվել է խելամիտ որոշում եւ մինչեւ անկախացումը պահպանվել տարանջատված ձեւաչափը:

«Առաջվա էդ մարդիկ հո հիմար չէին, վերջի վերջո փորձ կատարեցին, գտան ամենաօպտիմալ տարբերակը: Հըմի իմ կարծիքով, եթե ես պիտի գործ ունենամ կենտրոնի հետ, թող դա լինի նախկին շրջկենտրոնը, որտեղ ամեն ինչ կա ու պետք չէ նոր հեծանիվ հորինել, նոր ծախսեր անել: Հիմի մի հատ պիտի գնանք Թորոս, հետո հետ գանք գնանք Աշոցք, հետո Գյումրի: Ինչի՞ են վռազում, թող էն Գորիս, Դիլիջան պիլոտային ծրագիրը մի հատ մարսեն, տեսնեն ինչ կստացվի, մարդիկ գոհ կլինեն, թե չէ, նոր անցնեն մյուսներին: Ինձ թվում է գումարի հոտ են առել, կազմակերպել են էս սխալ գործը: Անկախությունն օր եղավ, Լեւոն Տեր-Պետրոսյանը սխալ սեփականաշնորհում իրականացրեց, ավիրեց տնտեսությունները, նույն ձեւով հիմի էս մարդիկ են շարունակում: Մեզի փորձարկվող կռիսների տեղ են դրել,»,- դժգոհում է Դերենիկ Միրաքյանը:

Ցողամարգի ամբուլատորիան

Ցողամարգցիները պատրաստվում են դիմել նաեւ երկրի նախագահին: Միայն թե այս անգամ առաջարկում են նաեւ դիտարկել Աշոցքի նախկին շրջանի վերականգնումը՝ Աշոցք կենտրոնով: «Ես վստահ եմ, որ այդ տարբերակին կհամաձայնվեն բոլոր գյուղապետերը,մանավանդ որ նման խոսակցություններ կան-ասում է Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղյանը,-էնտեղ եւ մեծ հիվանդանոց կա, եւ բանկ, ոստիկանություն, նոտար, գազալցակայան եւ այլն: Ինչ որ մեզ պետք է ու հարկ չկա սպասելու 5-10 տարի՝ ինչ է թե էդ ամենը պիտի ստեղծվի Թորոսգյուղում մի հատ համայնքային կենտրոն կառուցելով: Գումարների անտեղի վատնում կլինի»: 

Սամվել Ուրիշանյանն էլ հայտարարում է, որ եթե իրենց բողոքի ձայնն այս անգամ էլ լսելի չդառանա, իրենք կհրաժարվեն ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց. «Վերջի վայրանտը չենք մասնակցում, չենք գնում ընտրությունների, չենք միանում էդ փնջին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter