Մեծ այրումցի Արամ Գիգոլյան. «Ուզում ենք պարզել՝ մեզ էշի տեղ են դնում, թե չէ»
Լոռու մարզպետարանը կառավարության սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2015թ.-ի աշնանացանին կգ-ը 160 դրամով ցորենի անորակ սերմացու է հատկացրել Մեծ Այրումի հողօգտագործողներին: Սերմացուն վաճառվել է գյուղապետարանի միջոցով: Հողօգտագործողները պնդում են, որ անորակ սերմացուի պատճառով կիսով չափ ընկել է իրենց այս տարվա ցորենի բերքատվությունը: Նրանք ենթադրում են, որ գյուղապետ Սահակ Նազարյանը աշնանացանին խաբեությամբ այրումցիներին վաճառել է ոչ թե մարզպետարանից ուղարկված, այլ իր արտադրած ցորենի անորակ սերմացուն:
Գյուղի 450 հա վարելահողերից Սահակ Նազարյանը մշակում է մոտ 100 հա –ը: «Հետքը» պարզել է, որ մինչ հողօգտագործողներին հատկացնելը, ցորենի սերմացուն գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և մարզպետարանի կողմից լաբորատոր հետազոտության չի ենթարկվել:
գյուղապետարանից վերցրած սերմացով աշնանացան է արել իր 2 հա վարելահողի զգալի մասում: Գարնանը նրա արտը չի ծլել: «Ես իմ երեխաների բերանից կտրել եմ, տանջվել եմ, դիզվառելիք եմ առել, վար եմ արել, ցանքս եմ արել: Մենակ 60 հազար դրամի դեղ եմ փչել: Գնանք տեսեք, եթե Մեծ Այրումում մի հատ լավ արտ կա, դա գյուղապետինն է, կամ նրա եղբոր»,-պատմեց Գրիշան: Գյուղապետ Սահակ Նազարյանը գյուղում չէր, ասացին Լատվիայում է: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանից տեղեկացանք, որ 2015թ.-ի աշնանացանին Մեծ Այրումին հատկացվել է 39տ 800կգ ցորենի առաջին վերարտադրության ցորենի սերմ:
«Դա պիտակավորված, Ռուսաստանից բերված ցորենով լցոնված, բերանը կարված պարկերով սերմացու է եղել»,- բացատրեց Ա. Շահվերդյանը:
«Անձամբ ինձ և իմ հարևաններին գյուղապետարանից տրվել է բերանը թելով կապված պարկերով և առանց պիտակավորման ցորենի սերմացու»,-պնդեց Գրիշա Գրիգորյանը: Ա. Շահվերդյանը հատկացված սերմացու ցորենի որակն ու քանակը , նաև արտադրող ֆերմերի անունը ճշտելու համար խորհուրդ տվեց դիմել գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մարիկյանին. «Ես չգիտեմ Լոռու մարզպետարանը Մեծ Այրումի գյուղացիներին որտեղից է ցորենի սերմացու տվել: Կարող եմ ասել, որ 2015թ.-ին Մեծ Այրումից միայն գյուղապետ Սահակ Նազարյանն է եղել իմ շահառուն: Ես նրան հատկացրել եմ Ռուսաստանից բերված 12տ առաջին վերարտադրության ցորենի սերմացու՝ իր դաշտերում ցանելու համար: Դուք պետք է ճշտեք, թե որ ֆերմերից է գյուղապետը ստացել գյուղացիների սերմացու ցորենը»,-բացատրեց Արթուր Մարիկյանը:
Գրիշա Գրիգորյանի ասելով՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված 1-ին վերարտադրության, պիտակավորված ցորենի սերմը 2015թ.-ին աշնանացան են արել միայն գյուղապետ Սահակ Նազարյանն ու իր եղբայրը: Որպես ապացույց Գրիշան հիշեց, որ աշնանացանից հետո գյուղապետի և նրա եղբոր դաշտերում սփռված է եղել 1-ին վերարտադրության սերմի պարկերի պիտակները: Զայրացած հողագործը հավաքել է պիտակների մի մասը, որն էլ մեզ ցույց տվեց: «Մեզ աշնանացանի համար գյուղապետարանից զիբիլ են տվել»,-դժգոհեց Գրիշան: Այրումցիները նկատել են, որ Սահակ Նազարյանը իրեն տանը աղտահանած սերմացու ցորենն է գյուղապետարանում գյուղացիներին վաճառել: Գրիշան գյուղապետին խնդրել է հանձնաժողով կանչել և պարզել սերմացուի որակն ու չծլելու պատճառները: Սահակ Նազարյանը ականջի հետևն է գցել նրա պահանջը:
«Ես գարնանը՝ ապրիլ ամսին իմ դաշտը նորից վարել ու գնացել եմ Ղարաբաղ՝ ապրիլյան կռիվներին»,-պատմեց Գրիշան: Որդին՝ Հրանտը, Ղարաբաղից հոր հեռախոսային ցուցումով, չծլած ցորենի դաշտում արևածաղիկ է ցանել: Գրիշան հավատացած է, որ գյուղապետ Սահակ Նազարյանը աշնանացանին ինչպես իրեն, այնպես էլ մյուս հողագործներին հիմարացրել է: «Գյուղացիների մեծ մասը խաբվել են, բայց հետս չեն կանգնում: Ես իմ իրավունքի տերն եմ: Հիմա ես աշնանը վերցրած սերմացուի համար 90 հազար դրամ պետք է մուծեմ գյուղապետարանին: Ինչի՞ համար մուծեմ, եթե գյուղապետն է խաբելու համար ինձ տալիք»,-բացատրում է Գ. Գրիգորյանը:
«Վատ է եղել նաև իմ արտերը: Պատճառը իմ կարծիքով սերմն է: Ես 550 կգ սերմ եմ աշնանը վերցրել գյուղապետարանից, համարյա 2 հա-ի վրա եմ ցանել: Իմ 1 հա արտի միջին բերքատվությունը նախորդ տարիներին 3 տոննա է եղել, բայց հիմա 2 հա-ից եմ 3 տոննա ցորեն վերցրել: Բանից պարզվում է, որակյալ սերմի փոխարեն, անորակ սերմ է հասնում գյուղացուն»,-դժգոհեց Արամ Գիգոլյանը: Արամը նույնպես ենթադրում է, որ Ս. Նազարյանը իր սեփական անորակ սերմացուն է վաճառել գյուղացիներին: «Մեզ հետաքրքրող հարցը այն է, թե մարզպետարանից մեզ հասանելիք սերմը սա է, թե չէ: Ուզում ենք պարզել մեզ էշի տեղ են դնում, թե չէ»,-ասաց Արամը:
Էռնեստ Ղահրամանյանը նույնպես աշնանացան է արել գյուղապետարանից վերցրած սերմացուով. «Ես հալա ստացած չեմ իմ ցորենի բերքը, բայց միջակ է երևում: Երևի հա-ից 1,5 տ ցորեն կստանամ: Նախորդ տարի հա-ից 6 տոննա ցորեն եմ ստացել: Դե գիտեք ինչ կա, սերմից ա կախված, փողից ա կախված, գլխավորը՝ եղանակից է»,-բացատրեց Էռնեստը: Մեծ Այրումի գյուղապետարանում ցորենի սերամացու են առաջարկել նաև երիտասարդ ֆերմեր Վազգեն Սարաջյանին: Վազգենը 57 հա հող է մշակում: Վազգենի խոսքերով, նա վերջին երկու տարիներին նկատել է, որ գյուղապետարանից այրումցիներին անորակ սերմացու է տրվում: Գյուղացիների մի մասն էլ ցորենի սերամացուի որակից էդքան էլ չեն հասկանում, վերցնում են անորակ սերմը: Վազգենը գյուղապետին առաջարկել է ցորենի սերմը տանել լաբորատորիա: Գյուղապետը չի համաձայնել:
«Նա արդեն հասկացել է, որ ես այդ սերմացուն չեմ վերցնի, որովհետև ես հասկանում եմ սերմացուից: Ու էնենց չի, որ պետք է տանեմ 50 հա-ի վրա ցորեն ցանեմ ու հետո քաշվեմ»,-ասաց նա: Վազգենը մարզպետարանի աջակցությամբ 2014թ.-ին 2-րդ վերարտադրության սերմացու է վերցրել Սպիտակի Լեռնանց գյուղից: Հա-ից 6 տոննա ցորեն է ստացել: Դրանից պահել է նաև իր աշնանացանի սերմացուն: Կարկուտի պատճառով նա այս տարի հա-ից 3 տոննա ցորեն է ստացել:
Գարնանը դուրս չի եկել նաև այրումցի Վարդան Խաչատրյանի ցորենի արտը: Հեռախոսով նա խնդրեց նկարել նաև իր դաշտերը:
«Ով է Մեծ Այրումին հատկացված 2015թ.-ի աշնանացան ցորենի սերմ արտադրող ֆերմերը»,- հարցրինք Լատվիայից վերադարձած Սահակ Նազարյանին: «Ես Մեծ Այրումի 2015թ.-ին աշնանացանի համար 12 տոննա ցորենի սերմացու ստացել եմ մարզպետարանից: Կարգն այսպես է, էլիտար սերմացուն տալիս են ֆերմերին, նա առաջին վերարտադրության ցորեն է ստանում, որը հանձնում է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին: Վերջինս այդ սերմացուն հանձնում է մարզպետարանին, մարզպետարանն էլ 1-ին վերարտադրության ցորենը հանձնում է գյուղապետարանին, որն էլ մենք բաշխել ենք գյուղացիներին: Կոնկրետ մեր գյուղում էլիտար սերմացուն սերմնարտադրության համար հատկացվել է ֆերմեր Էմմա Վարդումյանին»,-հայտնեց Ս. Նազարյանը: «Ո՞վ Էմմա Վարդումյանը»,-հարցրի: «Դե հմի, այրումցի է»,- պատասխանեց գյուղապետը:
Գրիշա Գրիգորյանը հայտնեց, որ Էմմա Վարդումյանը գյուղապետ Սահակ Նազարյանի մայրն է: Այսուհանդերձ գյուղապետը խոստովանեց, որ մարզպետարանի կողմից Մեծ Այրումին հատկացված 39 տ. 800 կգ ցորենի սերմացուի 27.8 տ եղել է իր արտադրած ցորենի սերմացուն, 12 տ ստացել է մարզպետարանից, որն էլ աշնանացան են արել ինքն ու եղբայրը: Սահակի բացատրելով գյուղացիների ցորենի բերքատվությունը ընկել է ոչ թե ցորենի սերմացուի, այլ կարկտահարության և արտերի վատ մշակության պատճառով: Գյուղապետը, սակայն չբացատրեց, թե այդ դեպքում կարկուտը ինչպես է շրջանցել իր 100հա-ից ավելի դաշտերի բերքը: Այրումցի հողօգտագործողներն մարզպետարանից հանձնաժողով են պահանջում աշնանացանին իրենց տրված անորակ սերմացուի խնդիրը ուսումնասիրելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանն էլ ասում է, թե արդեն ուշ է, հողագործները աշնանացանից առաջ պետք է պարզեին սերմացու ցորենի որակը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել