HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ռաֆայել Հովհաննիսյան՝ ապրիլյան քառօրյա պատերազմում ոչնչացրել է թշնամու երեք տանկ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու 3 տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանը համաձայնվում է հանդիպել մեկ պայմանով՝ չպետք է հարցեր հնչեն պատերազմի թեմայով: Մարդկայնորեն իհարկե շնորհակալ եմ տղայից, որ կրկին չեմ հուզվելու այդ օրերի խրոնիկան լսելուց, իսկ որպես լրագրող հասկանում եմ, որ նյութում բաց տեղ է լինելու՝ չլրացված, ինչպես այն 94 ընտանիքներում, որտեղ տղաները չվերադարձան:

Հանդիպում ենք Մուշ թաղամասում գտնվող շենքերից մեկի բակում: 20-ամյա երիտասարդի դեմքին տարիքին ոչ բնորոշ լրջություն ու թախիծ կա: Խոսելիս զուսպ է՝ անգամ ժպիտն է մի տեսակ մեղավոր՝ ինքը կա, ապրում է, վերադարձել է, իսկ զինակից ընկերներից շատերն այդպես էլ կմնան, որպես հուշ՝ երիտասարդ, խնդուն, կյանքով լեցուն ու կյանքը դեռ չվայելած տղեկների կերպարով:

Ռաֆայելի 5 հոգանոց ընտանիքը ժամանակավորապես ապրում է Գյումրիում՝ պապիկի տանը: Տղան ծնվել, մեծացել է Ախուրյանում, որտեղ երկու սենյակից բաղկացած ժամանակվոր տնակ ունեն, որը հիմնական բնակարան չի համարվում: Ռաֆայելի հարազատները ջերմությամբ են դիմավորում եւ անմիջապես էլ լքում հյուրասենյակը՝ մայրը թաքուն նկատում է. «Այլապես չի խոսի»:

Կապույտ, թախծոտ աչքեր ունի Ռաֆայելը, որ հառել է դեմքիս ու սպասում է իր համար «չարաբաստիկ» հարցերին: Զրույցն ինչ որ կերպ սկսելու համար՝ երկու տարի հետ եմ գնում: Զորակոչվել է 2014թ-ի հուլիսի 10-ին: Հինգ ամիս Լուսակերտում է ծառայել, հետո Մատաղիսի զորամասում, այնուհետեւ Թալիշում: Ասում է Թալիշի զորամաս է տեղափոխվել, որովհետեւ սերժանտի պակաս կար:

Ռաֆայելը ավարտել է Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանը՝ փայտի փորագրիչ մասնագիտությամբ: Իսկ բանակում արդեն տեղ չկար արվեստին՝ Լուսակերտում ծառայելիս հմտացավ զինվորական մի շատ կարեւոր մասնագիտության մեջ՝ դառնալով հակատանկային հրետանավոր:

Ապրիլի 2-ի լուսաբացն երեւի ամենածանրն է եղել տղայի կյանքում: Միայն ֆիլմերից ու գրքերից պատերազմի մասին ունեցած պատկերացումներն անմիջապես հօդս են ցնդել, երբ հայտնաբերել են թշնամու 14 տանկի շարժն իրենց ուղղությամբ՝ իրական, ոչ գրքային, առանց ֆիլմային էֆեկտների: Սա Ռաֆայելը չի պատմում, սա ես պատկերացնում եմ նրա պատերազմ տեսած կապույտ աչքերին նայելով:

Ռաֆայելի խոսքը զուրկ է զգացմունքայնությունից: Զինվորին հատուկ հստակությամբ է հարցերիս պատասխանում՝ կես ժամում ֆագոտով երեք տանկ է խփել, ժամը 10:30-ից մինչեւ ժամը 11-ի սահմաններում, երեք տանկ նույն ժամանակահատվածում ոչնչացրել է երեք պոստ այն կողմ գտնվող մեկ այլ գյումրեցի, իր ընկերը՝ Շուլի Հակոբյանը: Եվս երկու տանկ խփել են տանկիստները, մեկը՝ դիրքերից ոչնչացրել են նռնականետով՝ 14-ից 9-ը ու թշնամին նահանջել է:

«Կրակելը մինչեւ էդ միայն վարժասարքով էր եղել,-ասում է Ռաֆայելը,-էդ օրը հարկ եղավ զենքն իրապես կիրառելու»: Կատարած հերոսության համար Ռաֆայել Հովհաննիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Զոհված զինակից տղաներից գրեթե չենք խոսում, միայն թվարկում է, որ ճանաչել է Հրաչ Գալստյանին, Վիկտոր Յուզխովիչին եւ Մերուժան Ստեփանյանին: Նրանք զոհվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում՝ կատարելով իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: «Շուլի Հակոբյանի հետ եմ մտերիմ»,-վերջապես ժպիտը զարդարում է քչախոս զրուցակցիս դեմքը:

Մայիսի 23-ին 20-ամյակը նշել են դիրքերում: Հարցնում եմ՝ ինչպե՞ս: Պատասխանում է. «Ինժեներական աշխատանքներ էինք անում՝ ծնունդի ժամանակ չկար, ապրիլ ու մայիս ամիսներին անընդհատ պոստերում ենք եղել, ի՞նչ ծնունդ նշելու ժամանակ էր»: Շփոթվելու հերթն իմն է՝ մտածում եմ իզուր էլ հարցրեցի, որովհետեւ տղայի պատասխանի մեջ տխուր նոտաներն ավելի շատ էին: Ծննդյան օրը հարազատներն են զանգել ու տոնակատարության պատրանքը դրանով էլ ավարտվել է:

Ծառայելու ընթացքում Ռաֆայելն արգելել էր ծնողներին գալ Արցախ՝ տեսակցության: Երկու անգամ ինքն է արձակուրդ եկել: Առաջին արձակուրդը Լուսակերտի զորամասից էր՝ 2014 թ-ի դեկտեմբերին, հաջորդը՝ 2015թ-ի մարտին՝ թոքաբորբով հիվանդանալուց եւ հոսպիտալում բուժվելուց հետո: 20 օրով Ռաֆայելին տուն էին ուղարկել՝ մայրական խնամքը վայելելու: Ծնողներն այլեւս տղային չէին տեսել՝ մինչեւ զորացրվելը, մինչեւ 2016թ-ի հուլիսի 15-ը: Անգամ պարգեւատրման լուրը հեռուստատեսությամբ են իմացել: «Դե գային, ի՞նչ անեին»,-կարճ-կոնկրետ պարզաբանում է զրուցակիցս:

Ապագայում սովորելու, աշխատելու մտքեր ունի, բայց դեռ չի կողմնորոշվում, առայժմ ոչինչ չի ուզում անել՝ հոգում հարաբերական անդորր է, որի կարիքն առավել է զգում: Հրաժեշտի պահին հաջողվում է կրկին տեսնել Ռաֆայելի ժպիտը, երբ դրսից մանկական աշխուժությամբ հյուրասենյակ է խուժում 7-ամյա քույրը ու վազելով տեղավորվում բազկաթոռին՝ առանց ուշադրություն դարձնելու անծանոթ հյուրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter