HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի բժշկական կենտրոնում նվազեցնելու են դեղապատ ստենտով իրականացվող ստենտավորման գները

«Գյումրի» բժշկական կենտրոնում մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել մոտ 300 հազար դրամի չափով: Եթե մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքը ներկայում կազմում է 1 մլն 500 հազար դրամ, ապա պաշտոնապես հայտարարված զեղչերից հետո հիվանդը վճարելու է 1 մլն 200 հազար դրամ: Ստենտավորման գների իջեցման առաջարկը եղել է առողջապահության նախարարի կողմից՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մարդիկ մեկնում են հարեւան Վրաստան, որտեղ ավելի էժան գնով են իրականացնում սրտի ինվազիվ միջամտությունը:

«Սա չի նշանակում, թե մենք մեր մոտ եկած հիվանդի համար նախկինում զեղչեր չենք արել,-ասում է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը,-միշտ էլ 150-200 հազար դրամի չափով զեղչել ենք ու հերիք չէ զեղչել ենք, միաժամանակ էլ համաձայնվել ենք, որ մաս-մաս կատարի վճարումը, որովհետեւ մարդն ասում է՝ գումար չունեմ: Պետական ծրագրով ոչ դեղապատ ստենտի տեղադրման դեպքում պետությունը բուժհաստատությանը փոխանցում է 700 հազար դրամ՝ տեղադրվում է 80 հազար դրամ արժեքով ոչ դեղապատ ստենտ: Դեղապատ մեկ ստենտի արժեքը  450 հազար դրամ է՝ տեղադրումն էլ հետն արդեն լինում է մեկ միլիոն ու կես: Հիմա որ գնալու ենք գների իջեցման՝ դիմել ենք ներկրող ընկերություններին, որ իրենք էլ իրենց հերթին գների իջեցում անեն»:

Կենտրոնի տնօրենի վստահեցմամբ, ներկրող ընկերությունները դեմ չեն վերանայել մատակարարվող դեղորայքի արժեքը, միայն թե պահանջում են այսուհետ կանխիկ վճարում: Գների իջեցման պարագայում կանխիկ վճարումը վերաբերում է նաեւ հիվանդատերերին: Եթե նախկինում պայմանագիր էին կնքում ու հիվանդը կարող էր մաս-մաս վճարել՝ գների իջեցումից հետո այդ տարբերակն այլեւս չի կիրառվելու:

«Ենթադրենք դարձավ 1 մլն 200 հազար՝ եկողն էլի ուզելու է զեղչ, բայց զեղչի տեղ չկա արդեն: Վրաստան գնում են ստենդավորման՝ պատճառաբանելով, թե էժան է, բայց էնտեղ միանգամից տալիս են չէ՞ գումարը, մեր մոտ հրաժարվում են: Երեկ օրինակ մեկը եկել, ասում է՝ ես փող չունեմ, կարող եմ 50 հազարով վճարեմ, այսինքն 1 մլն 100 հազարը ինձ պիտի վերադառնա երկու տարում: Ես դեպք ունեմ, որ մարդը երեք տարի առաջ վիրահատվել է՝ մինչեւ հիմա կենտրոնին պարտք է, ու ես դատական պրոցեսների մեջ եմ»,-նկատում է Արմեն Իսահակյանը:

Բժշկական կենտրոնի կուտակած 50 մլն դրամ պարտքի կեսը գոյացել է սրտի ինվազիվ միջամտության դիմաց հիվանդների չվճարած գումարների պատճառով: Հիվանդը պարտք է բուժկենտրոնին, կենտրոնն էլ՝ դեղորայք մատակարարող ընկերություններին:

Բժշկական կենտրոնը աշխատավարձի պարտք չունի, որն այս պահին առավել կարեւոր է: «Մեր գործընկերներին ենք պարտք, որ կազմում է 50 մլն դրամ,-նշում է կենտրոնի տնօրենը,-մեծ մասը ընթացիք պարտքեր են: Մենք դեկտեմբեր ամսից ենք գնումներ  կազմակերպում, բայց մեր ֆինանսավորումը սկսվում է փետրվարից, երկու ամսվա գնում ենք անում եւ չի կարող հիվանդանոցը պարտք չունենա: Առանց այդ էլ կենտրոնը 18 մլն դրամ պարտքով է սկսել, որ միավորված երեք հիվանդանոցների պարտքն էր: Մենք սկսել ենք մինուսով ու առանց եկամուտ ստանալու ծախսեր ենք արել, որոնք շատ անհրաժեշտ էին»:

«Գյումրի» բժշկական կենտրոնը 2012թ-ին շահագործման հանձնվեց՝ հագեցած մի շարք թանկարժեք բուժսարքավորումներով: Արմեն Իսահակյանը նշում է, որ միայն սրտի ինվազիվ միջամտության սարքն արժեր մեկ միլիոն դոլար, սակայն կաբինետն ամբողջովին պատրաստ չէր եւ հարկ եղավ կենտրոնի գործարկումից հետո եւս 5000 ամն դոլար ծախսել լիարժեք հագեցվածության համար:

«Կոնդիցիոներ չկար, թթվածնային համակարգ չկար դրած վիրահատարանում, 3000 դոլարանոց մի մոնիտոր էր պակասում եւ այլն: Անմտություն կլիներ դրանք ձեռք չբերելը՝ թեկուզ պարտքով, մեկ միլիոն դոլարանոց սարքը կար, եթե մենք էդ մի քանի հազարի ծախսը չանեինք՝ կաբինետը չէր գործելու: Մենք նախօրոք դա արեցինք, պարտքի տակ ընկանք, մինչեւ որ եկամուտ ստացանք՝ պարտքը փակեցինք, ու ես դա ասում եմ միայն մեկ կաբինետի մասով»:

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ շենքի պահպանման ծախսերն եւս բավական մեծ թիվ են կազմում: Չորս հարկանի շենքն արդեն իսկ մեկ անգամ վերանորոգվել է: Շենքի պահպանման համար տարեկան 100 մլն դրամ են հատկացնում: Կենտրոնը ֆինանսավորվում է պետբյուջեից, ինչպես մարզային մնացած բուժհաստատությունները, սակայն շատ ավելին է ծախսում՝ քան մյուսները: Որպես օրինակ, կենտրոնի տնօրենը բերում է սանհանգույցների մաքրումն ու պահպանումը:

«150 սանհանգույցը մաքրելու համար տրամադրվող գումարը արդեն թիվ է՝ չհաշված, թե հատկապես ամռանը քանի տոննա ջուր է օգտագործվում: Մերոնք էլ հետաքրքրիր ձեւ ունեն այն գործածելու՝ գարեջուրն ու կոկա-կոլան դնում են զուգարանի բաչոկի ջրի մեջ ու ջուրը քաշում են, որ սառեցնեն, պարզ է, որ գերածախս են տալիս, թեկուզ հենց մենակ ջրի մասով»,-նկատում է տնօրենը:

Գործունեության 3 տարիների ընթացքում կենտրոնում կրճատումներ չեն եղել, ընդհակառակը՝ 80 նոր բուժաշխատող են ընդունել աշխատանքի: Մարզի հիվանդանոցներն երբեւէ չեն ունեցել դիմածնոտային եւ կրծքի վիրաբույժ՝ այդ մասնագետներն այժմ առկա են բժշկական կենտրոնում: Կենտրոնում աշխատանքի անցած 2-րդ նեյրովիրաբույժը Սիրայից է տեղափոխվել Հայաստան եւ այժմ ընտանիքով ապրում է Գյումրիում: Կենտրոնն ունի համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետ, լապորոսկոպիայի մասնագետ, աշխատանքի է ընդունվել 2-րդ ինվազիվ սրտաբանը:

Առաջիկայում Սամարիթեր հիվանդանոցի դիալեզի բաժանմունքն եւս ամբողջությամբ կտեղափոխվի «Գյումրի» բժշկական կենտրոն: Նման ծրագիր եղել էր դեռեւս երեք տարի առաջ, սակայն Սամարիթերի տնօրենը չէր համաձայնվել: Արմեն Իսահակյանն ասում է, որ 4 տարի առաջ, որպես նոր կազմավորված բուժհիմնարկ, իրավունք էլ չուներ նման ծավալով բեռ վերցնելու եւ դեմ չի եղել, որ Սամարիթերը պահպանի բաժանմունքը:«Անձամբ ես եմ խնդրել Առողջապահության նախարարին, որ ժամանակ տվեք բաժանմունքը կամաց-կամաց տեղափոխելու,-նկատում է տնօրենը,- մենք հիմա  ունենք 7 սարք՝ սպասարկում ենք 38 հիվանդի, Սամարիթերում կա 15 սարքավորում՝ սպասարկում են 25 հիվանդի: Մեր մոտ իրականացնում են ռեանիմացիոն միջոցառումներ, որ բացակայում է մյուս հիվանդանոցում, իրենց հիվանդներին բերում են մեր մոտ, որ կատետր միացնեն: Էֆեկտիվության առումով, իհարկե ճիշտն արդեն միավորվելն է: Ասեմ, որ կրճատումներ էլի չեն լինի՝ մասնագետներ մեզ միշտ էլ պետք են: Հիմա արդեն Սամարիթերի տնօրենն էլ դեմ չէ, այնպես որ խոչընդոտներ չեն լինի, մարդիկ էլ կարող են համալիր բուժսպասարկում ստանալ մի տեղում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter