HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այն, ինչ ունեմ այս կյանքում, պարտական եմ այս հող ու ջրին»,- ասում է խնձորեսկցի Ժորա Ալեքսանյանը

Առավոտից խառն եմ: Գյուղ պիտի գնամ: Մի քանի անգամ դատարկում եմ պայուսակիս պարունակությունն ու անհանգստանում. հանկարծ գրիչը քչություն չանի, գրածս հարցերը չմոռանամ: Լրացուցիչ ստուգում եմ դիկտոֆոնի, ֆոտոապարատի մարտկոցները:

Չեմ պայմանավորվել, հույսս Սևադան է, Սևին: Նա եւ ես ազգականներ ենք, բայց համարյա միշտ վիճում ենք, որովհետև հաճախ եմ նրան մեղադրում, թե ոնց է, որ ամեն խալխի հրավիրում է իր տան հանդիսություններին, բայց ինձ` անտեսում: Դրա համար Սևին շատ վստահ պատասխան ունի` հարազատները հրավերքի չեն սպասում: Բացատրություններս էլ անիմաստ են.  նա թքած ունի իմ արդարացումների վրա, որովհետև, իր կարծիքով,  կապ չունի,  թե որտեղ ես ապրում. «Հի՞նչ մարդ ես, «վեր գոնե օրումեջ  զիրավչես հընցընում գյուղավ» (այցի գալիս հեղ): Սևիի համար տարածությունն ու ժամանակն  անկարևոր են: «Մըտքիդ տեղ ինի»,-ասում է ամեն անգամ ու թվարկում մարդկանց անուններ, ովքեր ինձ նման հեռու են ապրում գյուղից, բայց  մասնակից են գյուղի առօրյային, «փեշերը թափ չեն տըվալ, քինացալ ծննդավայրից»:

Մտածում եմ`էս անգամ կսիրաշահեմ  Սևիին, կասեմ, որ այդ մարդկանցից մեկի մասին  գրելու համար եմ եկել: Գյուղ չհասած` հավաքում եմ նրա հեռախոսհամարը: Իզուր եմ բղավում, հեռախոսի մեջ լսվող ձայնը խլանում է քիչ այն կողմ աշխատող տրակտորի հռնդյունի մեջ: Դաշտի սպիտակաթև երիցուկները չգիտեմ` ամռան տապի՞ց էին ուշաթափվել, թե՞ երկաթե հսկայի ձայնից վախեցած` երերում էին: «Անխիղճ»,-առաջին միտքը, որ ծագում է գխումս տրակտորիստի մասին: Զայրույթս կրկնապատկվում է, երբ նկատում եմ, թե ինչպես է ճանապարհի եզրերին լցրած հողը ցաքուցրիվ անում: Մինչ կհասկանայի նրա անկանոն երթևեկը, նկատում եմ, որ սպիտակ գույնի մի ավտոմեքենա շատ դանդաղ ընթացքով վեր ու վար է անում տրակտորի հետևից: Հանդիմանանք արտահայտող իմացածս բոլոր մակդիրները մի վայրկյանում մտաբերելով` հասնում եմ ճեմող մեքենային.

-Հը, ի՞նչ կա,- լսում եմ ղեկին նստած մարդու ձայնը, հարցնում է և առանց պատասխանիս սպասելու շարունակում,–ճանապարհն ենք սարքում, դժվարանցանելի է, խճապատել ենք, մի քանի տոննա հող, ավազ բերել, տրակտորը  լցնում է, ես էլ հետևից մեքենան քշում եմ, որ հողը պնդի: «Բա  մինչև ե±րբ..», -զայրութս միանգամից տեղի է տալիս: «Մինչև ճաշի ժամը, տղերքի համար հաց եմ բերել,-ասում է և մեքենայի սրահում շարված սննդի տոպրակների  կողքին տեղ բացում ինձ համար,- գնանք, մի կտոր հաց ուտենք»:

Բա Սևի՞ն, տրակտո՞րը, անհանգստանալս, դիկտաֆոնս, բլոկնոտիս հարցերը….միանգամից շարվում են մտքիս մեջ:

Ո՛չ հարցերիս, ո՛չ էլ զարմացած հայացքիս ուշադրություն դարձնող չկա: Չեմ էլ հասցնում բացատրել, որ հենց նրան հանդիպելու համար եմ գյուղ եկել: Մեքենան ընթացքի մեջ՝ մեզ են միանում նաև տրակտորիստն ու ինքնաթափի վարորդը:  «Քանի± օրում կպրծնենք», -հարցնում է ղեկին նստածը: «Հազիվ էրկու,-անվրդով ձայնով պատասխանում է տրակտորիստը»: «Երեք կիլոմետր ճանապարհը երկու օրում կավարտե՞ք»,- փորձում եմ զրույցին խառնվել:

«Եթե նկատի ունենանք ճանապարհի կարևորությունը, երկու օրն էլ շատ է: Մի կողմից գյուղի գերեզմանատունը, մյուս կողմից, հատկապես տարվա այս եղանակին և հեղեղների պատճառով դժվարանցանելի դարձած դաշտամիջյան ճանապարհների կարևորությունը, օր առաջ պիտի ավարտենք»,-ղեկին նստած մարդը չգիտեմ ի±նձ է բացատրում, թե ինքն իրեն է մտմտում:

Մի քանի ոլորան անց մեր առջև բացվում է հեքիաթային մի պատկեր. անդնդախոր ձորի հանդիպակաց պռնկին  երևում է նոր Խնձորեսկը: Հեռվից նայողին թվում է, թե գյուղի տները գլուխները հենել են ամպերին, ինչն այդ պահին ինձ ավելի շատ հիշեցնում է մեր հին տան օճորքից կախված հացի տախտակը` միշտ ցանկալի, անհաս` քանի տատս չոր լավաշ թրջելու հրահանգ չէր տվել:

Խաղողի որթի նման ձորից կախվել են հին Խնձորեսկի քարայրները, որոնց մուտքի քարերը եզրագծվում են ակացիայի պսակներով: Հեռվում սուրբ Թադևոս եկեղեցին է, ավելի մոտ` սբ. Հռիփսիմեն, ձորի մյուս զառիթափին`Անապատի եկեղեցու բակում Մխիթար Սպարապետի գերեզմանը, որի հարևանությամբ 1895թ. կառուցված դպրոցի շենքից մնացած պատերը: Ավելի խորքում գյուղի նշանավոր Ինը մանուկի աղբյուրն է, որի կարկաչի արձագանքը դեռ մնացել է քարանձավներում:

«Ամեն անգամ այստեղ լինելիս մտովի փորձում եմ մանկությունիցս մի պատառ հիշել: Աչքս չի կշտանում էս քարերից: Ամեն մեկը պատմություն ունի, որոնք լսելու համար կարող է և այստեղ ծնված չլինես: Թամար մորս ու հորս` Հայկի ներկայությունն եմ շարունակ զգում և գրեթե ամեն օր գալիս եմ այստեղ, կամրջի վրայով անցնում, հասնում այն քարանձավը, որտեղ մանկությունս է անցել և հենց այդ զգացողությունն է նաև, որ երբեք չեմ մտածել  Խնձորեսկից շատ հեռու ապրելու մասին»,-ասում է ցածր ձայնով:

Մտքովս չէր անցել, որ նա կարող է ռոմանտիկ մարդ լինել, բայց նաև տեսնում եմ, որ չի երևակայում, իր պատմությունն է պատմում.«Տեսնու՞մ ես այս կամուրջը, իմ նախաձեռնությամբ ենք կառուցել»,- ասում է և ձեռքը մեկնում դեպի  Հին Խնձորեսկի երկու պռունկը միացնող ճոճվող կամուրջը, որն ասես ձորի մանյակը լինի:

Հին եւ նոր կամուրջները

Բայց ախր ես էն 24 էջանոց բլոկնոտիս մեջ սրա մասին հարց ունեի, գոնե դիկտոֆոնս միացնեի,-անցնում է մտքովս, բայց անճարակի նման շարունակում եմ տեղս կանգնած մնալ: Ո՞նց գլխի չէի ընկել, որ բարեկարգվող ճանապարհը նաև կամուրջ է հասնում:

Վերջապես, ծանոթ մի ձայն խելքս գլուխս է հավաքում՝ Սևին է: «Եկա՞լ ես»,- չարախնդու՞մ է, թե՞ ինձ է թվում, և հրավիրում մոտակա քարանձավ, որտեղ սեղանի վրա տարբեր ուտեստներ են: Ես խորոված մոխրաթաթախ կարտոֆիլ եմ նախընտրում: Նկատում եմ, որ Սևին աչքի պոչով տնտղում է իրերս` դիկտոֆոն, ֆոտոապարատ, տարբեր գույնի գրիչներ: Վերջը չի համբերում. «Թվանքով խի՞ ես եկել»: Հասկանում եմ հանդիմանանքը` գործ չունենայիր, չէիր գա: Ինքն ուրիշ է, արդեն չորս տարի է՝ կնոջ հետ այստեղ` ճոճվող կամրջի հարևանությամբ է ապրում, քարանձավ-սրճարանում սուրճ է հյուրասիրում կամուրջ այցելողներին, իսկ որ ամենակարևորն է՝ հետաքրքվողներին պատմում է Խնձորեսկի պատմությունը, այդ պատմության տարբեր էջերը միացնող կամրջի կառուցման նախապատմությունը, որի առաջին էջերը գրվել, գծագրվել են նախաձեռնողի` Ժորա Ալեքսանյանի սիգարետի տուփի վրա:

Հետո, երբ մտահղացման մասին Ժորան պատմել է գյուղի ամենահմուտ եռակցողին` Բոզունց Սեյրանին, վերջինս սկզբում շվարել է, թե գուցե մարդը խնդիրներ ունի, հետո, հասկանալով, որ մտադրությունը լուրջ է, միանգամից հայտարարել է, թե` «պան իլավ, ինքը պատասխան չի տալու»: Զրույցին մասնակից Սևադան՝ նույն Սևին, ով ավելի լավ է ճանաչել նախաձեռնության հեղինակին, միանգամից հարցրել է, թե` երբ են սկսում: Ամիսներ հետո, սակայն, Սևադան պիտի խոստովանի, որ եթե այն ժամանակ մտածեին, որ նույն այդ կամրջով օրական մինչև երկու հազար երթևեկող է լինելու, ինքը խելքը հացի հետ չէր կերել, որ համաձայնվեր մասնակցել կառուցմանը: «Մեզ թվում էր՝ ոտքի ճամփա ենք սարքում, որ դեպի ձորի մյուս ափը գնալու կածան լինի»,-կասի նա:

Ժորան գիտեր, որ գյուղից դուրս Խուռուհատ կոչվող հանդամասում 50 մետր երկարությամբ ճոպան կա. մտածում էր, որ կհերիքեր, բայց մեծ եղավ հիսաթափությունը, երբ պարզվեց, որ ինչ-որ մեկն ավելի շուտ էր իրենից առաջ տարել այն: Ու քանի որ իր որոշումից հետ կանգնողներից չի, սկսվում են փնտրտուքները, և շատ շուտով արդեն մի քանի անգամ ավելի երկար չափով ճոպան է ձեռք բերում: Գիտեր, որ չեն կարող տեխնիկայի վրա հույս դնել,  օրեր շարունակ չափումներ էին անում, շատ հարցեր տեղում էին ծագում և շատ լուծումներ գտնվում ընթացքում: Որքան էլ երևակայական էր թվում կամրջի կառուցումը, միևնույն է՝ տղաներն օր-օրի ավելի ու ավելի էին ինքնավստահ դառնում, որ իրենց ձեռքից բան չի պրծնի:

«Աշխարհում երևի միակ կամուրջն է, որ առանց նախագծի է կառուցվել, չնայած բոլոր մանրուքները հաշվի են առնվել, ինչպես, օրինակ, հաշվարկվել է անգամ, թե կամրջի մի ծայրում ոտքի ծանրության ալիքը որքան ժամանակ հետո կհասնի մյուս եզր»,- ասում է Ժորան և շարունակում պատմել, որ աշնանն ավարտել են բետոնապատման աշխատանքները, հարմարեցված մի արհեստանոցում ձմռանը կամրջի դետալները եռակցել, իսկ եղանակները տաքանալուն պես ձոր  տեղափոխել մոտ 14 տոննա կշռով կամրջի «մետաղական  հանդերձանքը»: Միակ բեռնափոխադրամիջոցը Կևուն Վաչոյի էշն էր, հետո խորհրդային մի «Վիլիս» ավտոմեքենա  գտան, որի թափքը հարմարեցրին ամբողջական կտորները տեղափոխելու համար:

Ափսոսում է, որ լուսանկարները չեն պահպանվել, իսկ տեսագրվելու մտահղացմանն ընդդիմացել է «սվարչիկ» Սերոժը՝ ասելով, թե մի թող տեսնեն վերջը կդատվե՞ն, թե՞ չէ:

2012թ. հունիսի 9-ից` կամրջի բացման հանդիսավոր արարողությունից հետո Խնձորեսկի պատմության մեջ նոր շրջան է սկսվել. Ճոճվող կամուրջը, որն ունի 160 մ երկարություն և 63 մ առավելագույն բարձրություն, միաժամանակ կամրջի վրա կարող է կանգնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ, կարճ ժամանակում ընդգրկվել է ոչ միայն տեղական, այլև արտերկրյա զբոսաշրջային երթուղիների ցանկում, և չորս տարվա ընթացքում կամուրջ  այցելողների թիվն  արդեն անցնում է երկու միլիոնը: Ճոճվող կամրջի կառուցումը, սակայն,  անհարթ չի անցել: Նախ՝ ըստ էության կառույցի համար նախապես թույլտվություն էր անհրաժեշտ, փորձարկումից առաջ`համապատասխան մասնագիտական փորձաքննություն: Բացի այդ, որպես ՀՀ մշակույթի նախարարության «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածք՝ նախապես  պատշաճ չի իրազեկվել կառուցման մասին:

Կամրջի  կառուցման նախաձեռնող, հովանավոր Ժորա Ալեքսանյանը չի թաքցնում, որ սկզբում այդ ամենի մասին անգամ չեն մտածել, որովհետև խանդավառված էր ճոճվող կամուրջը ոչ միայն հին ու նոր գյուղը, այլև Խնձորեսկն աշխարհին կապելու գաղափարով: Հիմա արդեն իրավական դաշտում շատ հարցեր կարգավորվել են, այդ նպատակով հիմնադրվել է «Խնձորեսկ» բարեգործական հիմնադրամ, որի անունից դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը`58 հա զբաղեցնող Հին Խնձորեսկի տարածքում անհատույց օգտագործման կամ վարձակալական հիմունքներով հանգստի գոտի կառուցելու թույլատրություն ստանալու համար, ինչը հնարավորություն կտա մրցութային հիմունքներով  ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա ներդրումներ ներգրավել, որը նաև, ըստ Ժորա Ալեքսանյանի, կարող է զգալի օգուտ բերել ոչ միայն Խնձորեսկ, այլև շրջակա համայնքներին, մեծ թվով աշխատատեղեր ստեղծել: Այսօր արդեն կամրջի և հարակից սննդի կետերում երկու տասնյակից ավելի մարդ է աշխատում:

Ժորայի կարծիքով՝ 55 միլիոն դրամը, որն իր անձնական միջոցներից ծախսվել է Ճոճվող կամրջի կառուցման համար, կարող է մեկնարկային ներդրում հանդիսանալ Հին Խնձորեսկ բացօթյա քարե հուշարձանն աշխարհի տարբեր երկրներին գրավիչ դարձնելու, դրանով նաև տարբեր ենթակառուցվածքներ հիմնադրելու, զբոսաշրջության զարգացման միջոցով մարդկանց կյանքը բարելավելու համար: Ինքը վստահ է, որ դրանք օդում արտասանված բառեր չեն, և արդեն տեսանելի է այն ապագան, երբ  Ճոճվող կամուրջը որպես յուրօրինակ կառույց կարևոր խթան է հանդիսանալու տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար` նաև  իր նպաստը բերելով մարդկանց բարեկեցության ապահովմանը:

Սեւադան եւ իր կինը

90-ականների սկզբին, երբ Արցախյան պատերազմի տարիներին սահմանամերձ Գորիսում հացի խնդիր կար, տարբեր առիթներով ինքը հաճախ էր  բարձրաձայնում, որ  տարեկան մոտ 45 հազար տոննա հացահատիկ արտադրող տարածաշրջանում անհրաժեշտ է ալյուրի արտադրություն կազմակերպել: Այն ժամանակ էլ շատերը թերահավատ էին վերաբերում նրա ասածներին, մինչև որ նախաձեռնեց և  յուրաքանչյուր մանրագծիկ հաշվի առնելով (քանի որ պետք է այնպիսի տարածք ընտրվեր, որտեղ թշնամու արկերը չէին հասնի), շուտով շահագործման հանձնվեց օրական 20-25 տոննա արտադրողականությամբ ալրաղացը, որն էականորեն լուծեց հացի խնդիրը թե՛ բնակչության և թե՛ բանակի համար:

Այս մասին, սակայն, Ժորան չի պատմում, ավելին՝ սաստում է Սևադային դա հիշեցնելու համար՝ ասելով, թե  մարդուն տված հացը աչքը չեն խոթի և իր համար դժվար է հիշել այն ժամանակները, երբ Խնձորեսկի լավագույն տղերքը կռվում էին ճակատում, իսկ նրանց երեխաները կտրոնով էին հաց առնում: «Անգամ այդ պայմաններում մեծացած սերունդը հետագայում չի լքել գյուղը, և Խնձորեսկը եզակի է այն առումով, որտեղից արտագնա աշխատանքի գրեթե չեն մեկնում»,- ասում է Ժորան: Ըստ նրա՝ չեն էլ  գնա, եթե գյուղում զբաղվածություն ունենան, և Ճոճվող կամուրջը, բացի այն, որ պատմական ժառանգությունը պահպանելու միջոց է, զբոսաշրջությունը խթանելու ձև, նպատակ ունի նաև սոցիալական ազդեցություն ունենալ, այնպես, որ շղթայական ռեակցիայի նման մյուսները ևս մտածեն իրենց գաղափարներով մարդկանց կյանքը փոխելու մասին: Ամբողջ զրույցի ընթացքում Սևադան կամուրջ այցելող հյուրերին սուրճ հյուրասիրելու հետ նաև անընդհատ հիշեցնում է, որ կարող են գրառումներ կատարել հուշամատյանում: Եվ թեպետ ոչ մի օտար լեզու չգիտի, այնուամենայնիվ, տետրը պարզում է ինձ. «Ա~, մի տես հինչեր են է կիրալ….,»: «Երևի մարդկանց հիացական դեմքերից է հասկանում, զգում»,- գյուտ եմ անում մտքիս մեջ:

«Երբեմն հանդիմանում են, թե փողը ծախսելու ձևը չգիտեմ, որոշ մարդիկ էլ զարմանում են, որ մուտքն անվճար է, չեմ էլ փորձում և չեմ կարող նրանց բացատրել, որ այն, ինչ ունեմ այս կյանքում, դրա համար պարտական եմ այս հող ու ջրին, որ իմ տվածը ստացածիս հազիվ մանրադրամն է»,- ասում է Ժորան, և  դանդաղ քայլերով սկսում ենք բարձրանալ կամուրջ բերող փայտե աստիճաններով:

Մեկնաբանություններ (1)

Սիրարփի Առուստամյան
Ուրախություն և հպարտություն եմ զգում` կարդալով այս կամրջի պատմությունը: Հիրավի դեռ հույս կա, որ մի օր Հայաստանը ոտքի կկանգնի, եթե դեռ այստեղ նման մարդիկ են ապրում: Հարգելի Հետք, խնդրում եմ նման նյութեր մի քիչ շատ տպագրեք, որ կարդացողները իմ նման ուրախանան և ոգևորվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter