HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գործող գիտական լաբորատորիայի շենքն ու տարածքը կօտարեն ՀՀԿ-ական ձեռներեցին. Գյուղնախարարությունը դեմ չէ

Կառավարությունը մտադիր է օտարել Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործող գիտական լաբորատորիաներից մեկը եւ տալ քաղաքացի Վրեժ Դավթյանին: Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

38-ամյա Դավթյանը «Ջրվեժ 1» համատիրության նախագահ-կառավարիչն է, Նոր Նորք համայնքի ավագանու անդամ, հանրապետական: Նա Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններում ՀՀԿ ցուցակի 119 համարն էր:

Գործադիրը Ջրվեժի 13-րդ փողոց թիվ 58 հասցեում գտնվող 219.1 քմ մակերեսով լաբորատոր շենքը եւ դրա զբաղեցրած 0.097 հեկտար հողամասը հետ կվերցնի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ ուղղակի վաճառքի ձևով կօտարի Դավթյանին: Այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ը ունի շենքը եւ տարածքը անհատույց օգտագործելու պայմանագիր, ինչը կառավարությունը մտադիր է մեկամսյա ժամկետում լուծել:

«Ջրվեժ 1» համատիրության նախագահ-կառավարիչն այս ամենի դիմաց կվճարի 16,8 միլիոն դրամ, որը շենքի եւ հողամասի կադաստրային արժեքն է:

Գնորդը պարտավորվել է հինգ տարվա ընթացքում իրականացնել 5 միլիոն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ, ինչպես նաեւ իր միջոցների հաշվին վճարել գույքային իրա­վունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը: Գույքի վաճառքի գումարի 70 տոկոսը կուղղվի պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Շենքը եւ հողամասն օտարելու նախաձեռնությունը, հետաքրքիր է, հենց Վրեժ Դավթյանինն է: Նա դիմել է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն եւ խնդրել իրեն օտարել շենքն ու հողամասը: Եվ որ ամենաուշագրավն է` համատիրության նախագահը միաժամանակ ներկայացրել է նաեւ Գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը՝ օտարման վերաբերյալ:

ՊՈԱԿ-ի նախկին լաբորատորիաներից մեկը, որը օտարվել է տարիներ առաջ

Ջրվեժի «Յոլկուտ» թաղամասում գտանք լաբորատորիայի շենքը: Դուռը փակ էր, ներսում ոչ ոք չկար: Տարածքն անխնամ էր:

Չնայած նախարարության տված գրավոր համաձայնությանը, «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանը լաբորատորիայի շենքի եւ հողամասի օտարումից անտեղյակ է: «Հետք»-ի հետ զրույցում նա պնդեց, որ այդ մասին առաջինը մեզնից է լսում: Ըստ Ղուկասյանի՝ լաբորատորիայում հանրապետության համար բացառիկ կարեւոր ուսումնասիրություններ են իրականացվում: «Լաբորատորիայում բացառիկ գիտնականների խումբ է աշխատում, որոնք ուսումնասիրում են թունաքաիմիկատների ազդեցությունը հանրապետությունում մշակվող մշակաբույսերի գենոֆոնդի վրա եւ լուծում են տալիս, թե ո՛ր թունաքիմիկատը ո՛ր մշակաբույսին է անհրաժեշտ օգտագործել, ինչ քանակով, որպեսզի նրա գենոֆոնդի վրա մուտագեն ազդեցությունները մեղմվեն կամ վերանան: Ես չեմ տիրապետում օտարման ինֆորմացիային եւ եթե նման բան տեղի ունենա, ապա ոչ միայն ՊՈԱԿ-ը կտուժի, այլեւ՝ ողջ հանրապետությունը: Տարեցտարի ավելանում է հանրապետություն ներկրվող թունաքիմիկատների թիվը եւ պետք է գոնե փորձարկվի, թե դրանք ինչ ազդեցություն ունեն մշակաբույսերի եւ մասնավորապես մարդկանց առողջության վրա»,- ասաց Աբրահամյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը մի պահ կապ հաստատելով իր վերադասի՝ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, մեզ հայտնեց, որ հարցի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար ճիշտ կլինի դիմենք Պետգույքի կառավարման վարչություն:

Պետգույքի կառավարման վարչությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «Վարչությունը իրավասություն չունի օտարել որեւ գույք, եթե տվյալ պետական գերատեսչության առաջարկությունը կամ համաձայնությունը չկա»: Խոսքն այստեղ այն համաձայնության մասին է, որ Վրեժ Դավթյանի դիմելուց հետո, գրավոր կարգով տվել է Գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter