HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտաբոբիկ, մաշված հագուստով, բայց ուրախ ու համերաշխ. 7 երեխաներով ընտանիքը

Միշան պարսատիկն այս ու այն կողմ է շրջում: Ինքն է սարքել: Այս սեպտեմբերին 4-րդ դասարան կլինի: Դպրոց հաճախում է շաբաթներով բացակայելով: Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ, ժպիտը միանգամից կորում է, դարձյալ նայում է ձեռքի մեջ պահած պարսատիկին: «Կոշիկ չունենալու պատճառով»,- կողքից գլուխը գետնին խոնարհած՝ դժվարությամբ ասում է մայրը՝ Աննա Հովսեփյանը: Նրանք բնակվում են Արարատի մարզի Սուրենավան գյուղում:

Լիլիթն ու Սեյրանը

Տան շեմին 6-ամյա Լիլիթը գրկել է 2 ամսական եղբորը՝ Սեյրանին: Լիլիթի գրկում երեխան, կարծես, տիկնիկ լինի: Չնայած տարիքին՝ տան գործերի մի մասը Լիլիթն է անում՝ անկողինը հարդարում է, ինչպես ինքն է ասում, «ալվում» է, սեղանը սրբում է, Սեյրանչոյին պահում է՝ օրորում է, ման է տալիս: «Մամայիս օգնում եմ»,- շարունակում է նա: Քույրը՝ 3-ամյա Նինան, ավելացնում է՝ «ես էլ էմ գործ անում, չէ՞»: Լիլիթը գլխով է անում, թե հա, Նինան էլ կոշիկներն է դասավորում:

Նինան

7 երեխաներից Միշան, Վարդանն ու Լիլիթն են դպրոցական, Միշան ավագն է՝ 10 տարեկան: Երեխաները դպրոցից շատ են բացակայում կոշիկ-հագուստ չունենալու պատճառով: Աննան ասում է՝ կոշիկները չեն դիմանում, անընդհատ վազվզում են, չեն հասցնում նորը գնել: Հենց հագուստի պատճառով էլ այս տարի Սուսաննային դպրոց չեն ուղարկի: «Դե, համ էլ 5 տարեկան է Սուսին, ոչինչ, մի տարի տանը մնա, հետո…»,- ասում է 30-ամյա մայրը:

Լիլիթը, Սեյրանը, Միշան

Գյուղացիներից երբեմն հագուստ են տալիս երեխաներին, երբ իմանում են, որ դպրոցից շատ են բացակայել: Գյուղում մանկապարտեզ կա, վարիչն ասել է՝ վճար չի վերցնի, բայց երեխաներին չեն կարողանում ուղարկել մանկապարտեզ դարձյալ կոշիկ, հագուստ չունենալու պատճառով:

Միշան լսում է մեզ, երբեմն կցկտուր պատասխաններ կամ հարցեր տալիս, 8-ամյա Վարդանը ոչ մի բառ չի ասում, ծնողներն ասում են՝ տան ամաչկոտն է: «Տան չարաճճին էլ Հայկուշիկս է»,- բացատրում է Աննան՝ Սեյրանին գրկած:

Հայկուշիկը

Փոքրիկ աթոռին նստած հայրը՝ Խաչատուր Հովսեփյանը, 43 տարեկան է: Դեմքի կնճիռներն ավելի են մեծացնում նրա տարիքը: Խոսում է գլուխը կախ, անընդհատ ասում է, որ բողոքելու բան չունեն, դժվար բան չկա: Օրավարձով դաշտերում է աշխատում, երբեմն Միշային ու Վարդանին էլ է տանում իր հետ: Կաշվից դուրս է գալիս, բայց խնդիրները դարձյալ չեն մաղվում: Դրանք խիտ ամպերի պես կուտակվել են ընտանիքի գլխին:

4 տարի առաջ վարկ էր վերցրել, երկու կով առել: Մտածում էր ֆերմա ստեղծել, բայց կովերը մի տարի հետո դաբաղից սատկեցին: Վարկով նաև գումար էին վերցրել Աննայի ծնողների համար, որ ձմերուկ աճեցնեին: Բայց ամբողջ բերքը փչացավ, իսկ վարկի տոկոսները գնալով մեծացան: Տոկոսները մարելու համար Խաչիկն ասում է՝ ստիպված բանկերից գումարներ էր վերցնում:

Խաչատուրը

«Մեր բախտը չբերեց, հիմա էլ մտածում եմ մի բան անել, որ էս վիճակից դուրս գանք, բայց չի ստացվում: Եթե վարկս փակեմ, ամեն ինչ լավ կլինի»,- երեխաները հորն են նայում, հոր ճակատին կնճիռները դարսվում են:

Երեխաներին շատ բաներից են զրկել: Միշան ու Լիլիթն ասում են՝ ուզում են, որ դպրոց գնան, որովհետև այնտեղ ավելի շատ են կարողանում խաղալ: Երազանքների մասին ենք խոսում, լռում են: Հետո ասում են, որ ամեն տարի Ձմեռ պապին նամակ են գրում, բայց նամակները ճանապարհին կորչում են: Դրա համար էլ մտածում են այլևս նամակ չգրել Ձմեռ պապին:

Հայկուշիկը, Սուսաննան, Լիլիթը

Աննան ժպտում է, ծիծաղում է, փորձում է նոսրացնել իրենց առօրյա խնդիրները: Սրտնեղում է, որ 5 օրվա լվացքը մնացել է, տան դիմաց բլրակի է վերածվել: Օրերով ջուր չեն ունենում, նույնիսկ պատահում է, ըստ Աննայի, որ 2 շաբաթ չի լինում ջուր: Գյուղում պոմպ ունեցողներն են ունենում ջուր, իրենք պոմպ չունեն, հարևանների տներից են բերում մինչև ջուր տալը:

Մեր զրույցի ժամանակ Լիլիթը հարևան սենյակում օրորում է եղբորն ու երգում: Երեխաները հերթով գնում են երգում, որ եղբայրը քնի:

Աննան պատմում է, որ խանութներում սնունդը պարտքով են վերցնում, երբ երեխաների 60.000 դրամ նպաստը ստանում են (Սեյրանի գումարը դեռ չեն ստացել), փորձում են մարել պարտքը, բայց մեկ է՝ չի ստացվում, դարձյալ կուտակվում է:

«Տենց բան չկա, որ հացից պակաս մնան, կյանքի գնով էլ լինի, չենք թողնում, որ երեխաները սոված քնեն»,- ասում է 7 երեխաների մայրը: Ասում է՝ հա, գյուղում մարդիկ կան, որ ասում են՝ եթե ֆինանս չունեք, ինչի՞ եք էդքան երեխա ունենում: Չեմ ասում, թե ինչի են էդպիսի հարց տալիս, բայց երեխաները մեր հարստությունն են, Աստծո տված են: Հանկարծ չմտածեք, թե աղանդավոր ենք»,- ծիծաղում է Աննան:

Երեխաները տան լուսավոր կետերն են: Նրանք ցրում են խտացված հոգսերը, չեն դժգոհում, որ կարող են ոտաբոբիկ լինել, մաշված հագուստ հագնել, հակառակը՝ իրենց երազանքներն են կառուցում հյուրերի աչքից հեռու: Միշան փաստաբան է ուզում դառնալ: «Որ շատ փող աշխատեմ, կով կառնեմ, տանեմ դաշտերը պահեմ»,- ասում է 10-ամյա տղան: Լիլիթն ասում է. «Ես էլ անընդհատ երգեմ ամեն օր»:

6 երեխաները համերաշխ են, մայրն ասում է՝ մանկապարտեզ է, էլի: Ննջասենյակում գետնին են նստում, ոտքերով աստղ են կազմում ու գնդակ գլորում: Սենյակը լցվում է նրանց ձայնով, հետո երբ նկատում են, որ իրենց նկարում են, լռում են: Ծնողները լարված են ֆոտոխցիկի չխկչխկոցներից, մեր զրույցից: Ամեն ինչ փորձում են անել, որ չբողոքեն: Ասում են՝ մի ելք կգտնեն: Երեխաներից Հայկուշի ու Սեյրանի ծնվելուց պետությունը գումար է փոխանցել՝ երկուսի հաշվեհամարին մեկական միլիոն դրամ կա: Դիմել են, որ այդ գումարը փոխանցեն վարկը մարելու համար, բայց մերժել են: «Աննա, կոֆե չես դնո՞ւմ»,- Խաչիկը դիմում է կնոջը: Ասում ենք՝ պետք չէ, գնում ենք, Խաչիկը թե՝ «ոնց կլինի էդպես»:

Սուսաննան ու Լիլիթը

Աննան սրճեփով սուրճը դնում է սեղանին: Մեծ սեղանին ձմերուկ է կտրում: Մի մասը տալիս է փոքրերին: Նրանք արագ տանում են բակ: «Կներեք, քաղցր բան էլ չունենք»,- ասում է Աննան: Հայկուշիկը, շալվարի մի փողքը փաթաթված ոտքին, ներս է մտնում քաղցրից կպչուն ձեռքերով: Բոլորս ժպտում ենք:

Երեխաները խմբվել են սեղանի շուրջ: «Միշան էնքան համով կոֆե է դնում»,- մայրը նայում է տղային: Հետո հիշում են, թե երբ կով էին պահում, ինչ լավ էր երեխաների համար: Մայրը պատմում է, որ կով կթելիս Միշան կանգնում էր կովի մոտ ու ասում՝ «էդ փրփուրով կաթից մի բաժակ խմեմ, մամ»: Մինչ այդ երեխաները երգում են մեզ համար: Սենյակը, որտեղ դեղին լույսն ավելի շատ ընդգծում է պատերի սևությունը, լցվում է ջերմությամբ: Խաչիկն անընդհատ մտքերի մեջ է, երեխաներին նայելիս ժպտում է, Հայկուշիկին գրկում:

Սուսաննան

Երեխաներից փոքրերը մնում են տանը, մյուսները դուրս են գալիս մեզ ճանապարհելու:

Սուրենավանում Հովսեփյանների ընտանիքը ճանաչված է որպես շատ երեխա ունեցող: Ճանապարհին համագյուղացիներից մեկն է հանդիպում մեզ, երբ իմանում է, որ Խաչիկենց տնից ենք գալիս, ասում է. «Դե ասա՝ հնարավորություն չունեք, խի՞ եք էդքան բերում»: Ես չեմ պատասխանում, բայց Երևան գալու ճանապարհին մտածում եմ, թե ինչու են հաճախ այդ հարցը տալիս: Խաչիկը որևէ մեկից չի բողոքում, որևէ մեկից օգնության ակնկալիք չունի, ասում է՝ նեղությունը ժամանակավոր է, իրեն ուժ են տալիս իր երեխաները:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (3)

Liana Balyan
Փաստաբանները իրականցրեցին Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմանդամ ընտանիքին աջակցելու դրամահավաքը և փաստաբանների սրտացավ վերաբերմունքի շնորհիվ անչափահաս 7 երեխա այլևս զրկված չեն կաթ և կաթնամթերք ունենալու անհրաժեշտությունից: 05.09.2016թ. ընտանքին փաստաբանների կողմից նվիրաբերվեց մեկ կով, որը շուտով` փետրվարին նաև հորթուկ կունենա...
Արմենակ Եղիայեան
Յովիկ Աբրահամեանն ու տիկին Նաղդալեանը ինչպէ՞ս հանգիստ կը խժռեն իրենց հասոյթները, երբ այսպիսի աղքատներ կան Հայաստանի մէջ:
Ananun
Եթե ինչ-որ մեկը ժամանակ ու եռանդ ունենա, դրամահավաք, երեխեքի համար պարագաների հավաք սկսի, մեծ արձագանք կստանա էս պատմությունը: Ես համակարգել չեմ կարող, բայց կմիանամ անպայման

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter