HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեղադրվում են մոտ 12.000 դրամի սնունդ և կոսմետիկա գողանալու փորձի մեջ

Արմինեն և նրա ընկերուհի Լուսինեն (անունները փոխված են) մեղադրվում են Էջմիածին քաղաքում գործող «Ալինա» սուպերմարկետից գողության եղանակով գաղտնի 11.895 ՀՀ դրամ ընդհանուր արժողության սնունդ և կոսմետիկ պարագաներ հափշտակելու փորձի համար:

Ըստ մեղադրանքի՝ Արմինեն այս տարվա հունիսի 16-ին ժամը 12:00-ից 12:30 ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Լուսինեի հետ նախնական համաձայնությամբ էջմիածին քաղաքում գործող «Ալինա մարկետ» ՍՊԸ-ին պատկանող խանութից փորձել են գողության եղանակով գաղտնի հափշտակել 11.895 ՀՀ դրամ ընդհանուր արժողության սնունդ և կոսմետիկ պարագաներ: Սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Արմինեն 4.005 ՀՀ դրամի սնունդն ու կոսմետիկ պարագաներն իր պայուսակում թաքցնելով՝ գաղտնի հափշտակել ու հեռացել է խանութից, իսկ Լուսինեն պայուսակում թաքցնելով՝ փորձել է հափշտակել, սակայն սուպերմարկետի տնօրեն Նորայր Իսագուլյանը դրամարկղից դուրս գալիս հայտնաբերել է գողության փաստը:

Արմինեին և Լուսինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու հանցափորձ):

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Արթուր Ադամյան: Կանանց նկատմամբ ընտրվել է «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Մեկ այլ իրականություն

Մոտ 12 հազար դրամի սնունդ կամ կոսմետիկ միջոցներ ենթադրյալ հափշտակողներն այսօր կանգնած են դատարանի առջև: Նրանց նկատմամբ օրենքը գործում է: Սակայն, պատասխանատվության չեն ենթարկվում միլիոնների հասնող պետական միջոցները յուրացնողներն ու վատնողները:

Մասնավորապես՝ ՀՀ վերահսկիչ պալատն իր 2015թ. տարեկան զեկույցում արձանագրել է, որ ինչպես առողջապահության նախարարության կենտրոնացված գնումներում, այնպես էլ առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններում արձանագրվել են գնվող դեղերի ձեռք բերման նկատմամբ մատակարարման արժեքների կրկնակի և ավելի անգամ գերազանցման փաստեր: 

Օրինակ՝ 2014թ. նախարարության կողմից ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին ացետատ» 0.1մգ/5մլ դեղը՝ 1 դեղահատը 5789 դրամ արժեքով: Դեղի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 27 միլիոն 75 հազար դրամ: Այն դեպքում, երբ նշված դեղը Հայաստան է ներմուծվել 2720 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը նախարարության գնման գնից ավելի քան կրկնակի ցածր է:

Նույն դեղը 2015թ. 5000 հատ ձեռք է բերվել 5267 դրամով, մինչդեռ Հայաստան է ներմուծվել 3000 դրամով կամ գնման գնից 75% ցածր գնով:

Նույն կերպ Վանաձորի պոլիկլինիկան 2015թ. «Դեքսամեթազոն» 0,1 տոկոս դեղը գնել է 350 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 120 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ պոլիկլինիկայի գնման գնից գրեթե եռակի ցածր գնով:

Նման օրինակները բազմաթիվ են, կրում են գրեթե համատարած բնույթ: Սակայն, պետական միջոցները վատնելու, փոշիացնելու մեղադրանքով պատասխանատուները չեն կանգնում դատարանի առաջ: Լավագույն դեպքում հեռացվում են պաշտոնից և որոշ ժամանակ անց նշանակվում ավելի բարձր պաշտոնում:

 

Մեկնաբանություններ (1)

Մերուժան
Դա է դառը իրականությունը:Լավ կյանքից չի գալիս ընդամենը 12հ.դրամի,այն էլ սննդի գողությունը:Չնայած գողությունը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել:Իսկ քանի դեռ օրենքը հավասար չէ բոլորի համար,էս երկիրը երկիր չի դառնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter