HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

10 հազար հեկտարը վտանգի տակ

Ջիլիզա գյուղը Վրաստանի սահմանագլխին է: Այս հատվածում ուրիշ հայկական բնակավայր չկա: Գյուղ հասնելու համար պետք է անցնես Ալավերդուց Ջիլիզա անտառների միջով ձգվող 28 կմ դժվարանցանելի ճանապարհը: Մեքենան ճանապարհը հաղթահարում է 2.5 կես ժամում: Ձմեռը ճանապարհը փակվում է: Գյուղ հիմնականում գալիս են «Վիլիս» եւ, եթե ճանապարհը չոր է, «Նիվա» մակնիշի մեքենաներով:

Շաբաթը երկու անգամ գյուղացիներից մեկի ռուսական «Ուրալ» մակնիշի ռազմական մեքենան, որի թափքը հարմարեցված է մարդկանց տեղափոխելու համար, գնում է Ալավերդի եւ ետ գալիս: Քաղաքակրթության հետքերը զգացնել են տալիս միայն ճանապարհի եզրերին կտրտված հսկա ծառերի բները: Փայտի գործ անողները անտառի տարբեր հատվածներում ճանապարհներ են բացել, ու հեռվից երեւում են նոսրացող անտառի բացատները: Այստեղ ոչ ոք փայտ կտրողի ձեռքը չի բռնում: Փայտը տանում են երկու ուղղություններով` Վրաստան եւ Հայաստան: Անտառի ականջ ծակող լռությունը ճանապարհի տարբեր հատվածներում խախտում էին «Դրուժբայի» ձայները: Անտառը գլխատվում է...

Խորհրդային տարիներին Ջիլիզա տանող ճանապարհն անցնում էր Վրաստանի հանրապետությունով` Սադախլու ադրբեջանաբնակ գյուղով: 1988-ից հետո անհնար դարձավ անցնել այդ ճանապարհով: Հայկական կառավարությունը 1990-91 թթ կառուցեց Ջիլիզա-Ալավերդի ավտոճանապարհը: Չնայած տարբեր ժամանակահատվածներում այն մասնակիորեն վերանորոգվել է, սակայն հողե ճանապարհը անձրեւից հետո անանցանելի է դառնում:

Հեռախոսակապ չկա: Միակ կապը գյուղապետի տանը դրված վրացական համարներով բջջային հեռախոսն է: Ջիլիզա գյուղից Վրաստանի հեռախոսահամարներով մարդիկ զանգում են Հայաստանի տարբեր բնակավայրեր եւ հակառակը: Հայաստանից Ջիլիզա հեռախոսակապը Վրաստանով է:

«Գյուղում օրական երկու ժամ էլեկտրաէներգիա է լինում: Վրաստանից ենք ստանում: Խորհրդային տարիներին էլ այդպես է եղել»,- պատմում է գյուղապետ Մհեր Վարդանյանը:

«Եթե մեր գյուղապետը Մհերը չլինի, երկու օր էլ չենք մնա, կգնանք այստեղից: Ամեն ինչով ընդառաջում է: Մեր հույսը գյուղապետն է, հիվանդ լինի` մեքենան տրամադրում է, գիշերվա երեքին էլ գնանք, նրա կինը` գյուղի բուժքույրը, առանց դժգոհելու գալիս է: Ամառը թոռներս այստեղ են լինում: Ձմեռը մենակ ենք լինում, ճանապարհները փակվում են, թոռներս չեն գալիս, հեռախոս չկա, լույս չկա»,- անասուներին տեղավորելով պատմում է Գոհար Մատինյանը:

Մեկ տարի առաջ Ջիլիզա են այցելել Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միության» ներկայացուցիչներ Միքայել Բասմաջյանը, Նադյա Սարաֆյանը, Ֆրանկ Բլեջյանը: Նրանք այցելել են բոլոր ընտանիքներին, ծանոթացել նրանց կենսապայմաններին, որից հետո յոթ անապահով ընտանիքների համար գնել են մեկական կով եւ մեկ տոննա խոտ: Կազմակերպությունը 10 անապահով ընտանիքների մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 5 եվրոյի չափով թոշակ է տալիս: Հունահայերը վճարել են նաեւ դպրոցի մեկ տարվա դասագրքերի արժեքը` 135 հազար դրամ, գնել են 180 դոլարի ապակի, 25 աթոռ: Ջիլիզայում տեղակայված սահմանապահ ուղեկալի համար գնել են հեռուստացույց: «Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրով Ջիլիզայում կառուցվում է 7 կիլոմետրանոց ջրագիծ: 90 հազարանոց այդ ծրագիրը ֆինանսավորում են երեք կազմակերպություններ` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամը 40 հազար 500-ական դոլար են հատկացրել, 9 հազար դոլարի ներդրում կատարել է Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միությունը»: Նման ծրագրեր իրականացնելիս համայնքը պետք է ներդնի ծրագրի արժեքի 10 տոկոսը: Հաշվի առնելով, որ Ջիլիզայի գյուղացիները նման հնարավորություն չունեն, նրա փոխարեն ներդրումը կատարել է վերոնշյալ կազմակերպությունը: Այս միությունը պատրաստ է ներդրում կատարել, եթե կառավարությունը որոշի ճանապարհ կառուցել եւ էլեկտրականություն անցկացնել»- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը:

Գյուղապետը հույս ունի, որ կառավարության բյուջեում կներառվեն իրենց ծրագրերը, քանի որ այն քննարկվել է թե մարզպետարանում, թե կառավարությունում: Նշենք, որ անցյալ տարի այն այդպես էլ բյուջեով չի նախատեսվել:

Գյուղում նոր տներ չեն կառուցում: Գյուղացիները ավելի շատ մտածում են այստեղից մեկնելու մասին: Վերջին չորս տարիներին երեք երիտասարդ ընտանիք լքել է գյուղը` մեկը Հունաստան, երկուսը Ռուսաստան: «Հունաստան եմ գնում,- ասում է Մկրտիչ Սարգսյանը,- գնում եմ, որ ըստ պահանջի ապրեմ, այստեղ ինչքան աշխատում, տանջվում եմ, եթե դրա կեսը այնտեղ անեմ, ինձ հերիք է լավ ապրելու համար»: Նրա բարեկամներն արդեն մի քանի տարի է Հունաստանում են եւ իրեն էլ հրավիրել են: «Իսկ Ջիլիզա՞ն»,- հարցնում եմ: «Հա, իմ հայրենիքն է, իմ երկիրն է, բայց չեմ կարողանում ապրել, ի՞նչ անեմ: Ջահելությունը լրիվ մեջքահան է եղել հողի վրա, էն էլ մի տարի կարկուտն է փչացնում, մի տարի անձրեւը, էս տարի ցորեն չունենք: Եթե ջահելությունը հնարավորություն ունենա, կգնա գյուղից»,- շարունակում է Մկրտիչը:

1987 թվականից գյուղապետ Մհեր Վարդանյանը համոզված է, որ իշխանությունները մի օր կհասկանան Ջիլիզայի կարեւորությունը: «Էստեղ հարցը միայն 75 ընտանիքի լավ ու վատ ապրելու մեջ չէ, եթե մարդիկ այստեղից հեռանան, ապա կկորցնենք 10 հազար հա տարածություն: Համոզված եմ` եթե բնակավայր չունենանք, այս տարածքը դժվար է լինելու պահել: Ջիլիզան միակ գյուղն է սահմանի այս հատվածում, որ կարող է պահել էդ 10 հազար հեկտարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter