HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական վարչության պետի տեղակալները ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանից հարուստ են

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի գումարային միջոցները զիջում են նրա չորս տեղեկալներից երեքի հայտարարագրած ֆինանսները: Բացի այդ, Արթուր Օսիկյանը, 2009 թ-ի սեպտեմբերից նշանակվելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2014-ից ստանձնելով Քրեակատարողական վարչության պետի պաշտոնը` հայտարարագրված դրամական միջոցների ոչ թե աճ է արձանագրել, այլ հակառակը՝ նրա գումարները նվազել են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրում ուսումնասիրելով արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պաշտոնյաների հայտարարագրերը՝ պարզեցինք, որ Արթուր Օսիկյանը 2012-ին ունեցել է 34.500.000 դրամ և 20.000 ԱՄՆ դոլար, իսկ ահա 2015-ին նա հայտարարագրել է 15.000.000 դրամ և 12.000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ նրա միջոցները ՔԿՎ պետ դառնալով նվազել են:

Արթուր Օսիկյանի դրամական միջոցները և եկամուտը 2012թ-ին

Արթուր Օսիկյանի դրամական միջոցները և եկամուտը 2015թ-ին

Դրամանական միջոցների առատությամբ աչքի չի ընկնում նաև Արթուր Օսիկյանի կինը՝ Ադրինե Սողոմոնյանը: Միակ խոշոր գործարքը նրա հայտարարագրում 2014-ին վաճառած բնակարանն է՝ 43.442.000 դրամով: Հետևաբար, 2014-ի հայտարարագրում 45 մլն դրամ ենք տեսնում: Բացի այդ, 2015-ին ՔԿՎ պետի կինը օտարել է երկու հողամաս՝ 4.500.000 և 900.000 դրամով:

Ադրինե Սողոմոնյանի դրամական միջոցները և եկամուտը 2014թ-ին

Ադրինե Սողոմոնյանի դրամական միջոցները և եկամուտը 2015թ-ին

Փոխարենը՝ բավականին խոշոր դրամական միջոցներ են հայտարարագրել ՔԿՎ պետի երեք տեղակալները՝ արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը, գնդապետներ՝ Վարուժան Մելքոնյանն ու Արսեն Համբարձումյանը: Միլիոններ են հայտարարագրել նաև վերջին երկու տեղակալների կանայք:

Ռաֆայել Հովհաննիսյանի դրամական միջոցները և եկամուտը 2015թ-ին

Այսպես՝ Ռաֆայել Հովհաննիսյանը ՔԿՎ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2005 թ․-ից, 2009-ից նշանակվել է ՔԿՎ պետի առաջին տեղակալ, 2011-ին ՀՀ նախագահի հրամանով նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Հայտարարագրերից այն տպավորությունն է, որ ՔԿՎ պետի առաջին տեղակալի աշխատավարձը պետի աշխատավարձից բարձր է:

Այսպես՝ Ռաֆայել Հովհաննիսյանը 2015-ին հայտարարագրել է 80.000.000 դրամ, իսկ Արթուր Օսիկյանը՝ 15.000.000 դրամ: Փոխարենը՝ Ռաֆայել Հովհաննիսյանի կինն ու երեք երեխաները գրեթե գումար չեն հայտարարագրել: 

Արսեն Համբարձումյանի դրամական միջոցները և եկամուտները 2015թ-ին

Պակաս հարստություն չի հայտարարագրել նաև ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, որը 2014-ին է նշանակվել ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ: 2015 թ-ի հայտարարագրում նրա եկամուտները կազմում են 200.000 եվրո և 50.000 ԱՄՆ դոլար: Նրա կինը՝ Լուսինե Հարությունյանը, նույնպես հայտարարագրել է 50.000 ԱՄՆ դոլար:

Լուսինե Հարությունյանի դրամական միջոցները և եկամուտը 2015թ-ին

Արթուր Օսիկյանի մյուս տեղակալը՝ Վարուժան Մելքոնյանը, ՔԿ համակարգի հնաբնակներից է, ինչպես Ռաֆայել Հովհաննիսյանը: Գնդապետ Մելքոնյանը ՔԿՎ պետի տեղակալ է աշխատել նաև 2001-2005 թվերին: 2009-ից դարձյալ նշանակվել է նույն պաշտոնին: Հայտարարագրերից պարզ է դառնում, որ Վարուժան Մելքոնյանը նույնպես իր անմիջական ղեկավարից հարուստ է:

Վարուժան Մելքոնյանի փոխառությունները, դրամական միջոցները և եկամուտը 2014թ-ին

Վարուժան Մելքոնյանի փոխառությունները, դրամական միջոցները և եկամուտը 2015թ-ին

Այսպես՝ 2014-ի սկզբում Վարուժան Մելքոնյանը հայտարարագրել է ավելի քան 76.000.000 դրամ: Երկու տարվա հայտարարագրերում նշված է, որ Վարուժան Մելքոնյանը փոխառություններ է տալիս միլիոնավոր դրամներ:

Մարգարիտ Մելքոնյանը Վարուժան Մելքոնյանի կինն է: Նա նույնպես հայտարարագրել է միլիոնավոր դրամներ՝ 29.320.000 դրամ:

Մարգարիտ Մելքոնյանի դրամական միջոցները և եկամուտները 2014թ-ին

Արթուր Օսիկյանի՝ ամենահամեստ գումարների տեր տեղակալը Մանվել Հարությունյանն է, որի ներկայացրած հայտարարգրում գրեթե բոլոր տողերի դիմաց նշված է՝ «տվյալներ չկան» և միայն աշխատավարձի տողն է, որտեղ արձանագրված է համապատասխան գումար:

Չնչին գումարներ են հայտարարագրել նաև Մանվել Հարությունյանի հետ փոխկապակցված անձինք` ծնողները, կինն ու երեխաները:


Մանվել Հարությունյանի եկամուտը 2015թ-ին

Առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների ստացած եկամուտներն ու հայտարարագրած դրամական միջոցները գրեթե միշտ տարբերվում են. հայտարարագրած միջոցները հիմնականում մի քանի անգամ բարձր են ստացած եկամուտներից:   

Լուսանկարում` Արթուր Օսիկյանը (աջ կողմում) և Ռաֆայել Հովհաննիսյանը, Արսեն Համբարձումյանը, Վարուժան Մելքոնյանն ու Մանվել Հարությունյանը (ձախ կողմում)

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Հայտարարագրերի վերլուծությունը ոչինչ չտվող աշխատանք է, քանի դեռ ծախսերը չեն երևում, եկամուտները ցույց տալն անիմաստ է: Ստից համակարգ է, դուք էլ մանրամասն վերլուծում եք, որպես ինչ չեմ հասկանում????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter