HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական անպաշտպանություն

«Կրեդիտ-Երեւան» բանկի առողջացման ծրագիրը ֆիկցիա է

ՀՀ Կենտրոնական բանկը 2001թ.-ի դեկտեմբերի 19-ի թիվ 90 որոշմամբ «Կրեդիտ-Երեւան» բանկին անվճարունակ է ճանաչեց: Կենտրոնական բանկը (ԿԲ) եւ «Կրեդիտ-Երեւան» բանկի բաժնետերերից Լեւոն Մարկոսը բանկը առողջացնելու ծրագիր են մշակում: Լ. Մարկոսն համաձայնում է ԿԲ-ի օժանդակությամբ առողջացնել բանկը: 2002թ. հունվարի 9-ին ԿԲ-ը խորհրդի նիստ է գումարում, որտեղ որոշվում է. բանկի առողջացման ամբողջ ընթացքում բանկի լիակատար սեփականատեր ճանաչել Լեւոն Մարկոսին եւ առողջացման ծրագրի ավարտից հետո` 2003թ. դեկտեմբերին նրան հանձնել առողջ բանկ:

Լեւոն Մարկոսի ու Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, Լ. Մարկոսը 3,6 մլն. դոլար է ներդնում իբրեւ բանկի կանոնադրական կապիտալ, ինչպես նաեւ լրացուցիչ գումարներ է փոխանցում բանկ, ֆինանսական գործառույթներ իրականացնելու նպատակով:

Լ. Մարկոսը պարտավորվում է մինչեւ 2002թ. օգոստոսի 1-ը «Կրեդիտ Երեւան» բանկին փոխանցել եւս 5,6 մլն. դոլար: ԿԲ-ը պարտավորվում է` այն ձեռնարկությունները, որոնք ժամկետանց պարտավորություններ ունեն բանկի նկատմամբ, մասնավորապես, «Ագրինեքսը» (Էջմիածնի ջերմոցները), «Ինտերմոթոր Արմենիան» պետք է դատական կարգով անցնեն բանկի սեփականությանը:

Սակայն, ԿԲ-ը, որ առողջացման ծրագրից սկսած` իր իսկ որոշումներով եւ պայմանագրով պարտավորվել էր ապահովել պարտքի մարումը, միանգամայն հակառակն է անում: ԿԲ-ի գիտությամբ «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի 75 % բաժնետոմսերը (1% բաժնետոմսի անվանական արժեքը 60 հազար ԱՄՆ դոլար է) տրվել են «Ռեյնոսա Հոլդինգ Լիմիթեդ» կիպրական ընկերությանը (Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի ֆիրման է), որը հայց է ներկայացրել «Ինտերմոթոր Երեւան» ՍՊԸ-ի դեմ` 1,35 մլն. դոլար գումարի բռնագանձման պահանջով եւ դատարանից խնդրել է բռնագանձումը տարածել Մերսեդես ֆիրմայի «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վրա:

«Ինտերմոթոր Երեւան» ՍՊԸ-ն հանդիսացել է «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի 75% բաժնետոմսերի սեփականատերը: «Ինտերմոթոր Երեւանը»  «Ռեյնոսա Հոլդինգ Լիմիթեդ» կիպրական ընկերությունից 1 տարի ժամկետով 1մլն դոլար վարկ է վերցրել, որի դիմաց գրավ է դրել «Ինտերմոթոր Արմենիայի» 51% բաժնետոմսերը:

2002թ. հունվարին տեսնելով, որ բանկն անցնում է Լ. Մարկոսին` «Ռեյնոսա Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը դիմել է տնտեսական դատարան «Ինտերմոթոր Երեւան» ՍՊԸ-ից 1,5 մլն դոլար բռագանձելու պահանջով:

«Ինտերմոթոր Երեւան» ՍՊԸ-ն, (գրանցված էր «Կրեդիտ-Երեւան» բանկի տնօրեն Մարտին Հովհաննիսյանի քրոջ անունով) Ռեյնոսայի հետ կնքում է հաշտության համաձայնություն, որի համաձայն «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75%-ը սեփականության իրավունքով տրվել են Ռեյնոսային: Ստացվում է, որ 4 մլն. 500 հազար ԱՄՆ դոլար անվանական արժեքով բաժնետոմսերը տրվել են «Ռեյնոսա Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը 1,35 մլն.դոլարի դիմաց:

Արդյունքում «Կրեդիտ Երեւան» բանկը կորցրել է 6 մլն ԱՄՆ դոլարը վերականգնելու իր հուսալի միջոցը: ԿԲ-ը նույն անտարբերությունը դրսեւորել է նաեւ «Ագրինեքս» ՓԲԸ-ի նկատմամբ, որն առայսօր չի դարձել բանկի սեփականությունը, այլ ԿԲ-ի թողտվությամբ տրվել է վարձակալության, որի դիմաց 1 տարի է արդեն վարձակալող կազմակերպությունը վճարում չի կատարել «Կրեդիտ-Երեւան» բանկին:

Այսպիսով, 2002թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի պարտքը «Կրդիտ Երեւան» բանկին կազմել է 6 մլն. 414 հազ. 707 դոլար: «Ագրինեքս» ՓԲԸ-ի պարտքը կազմել է 4 մլն. 921 հազ. 266 դոլար, եւս 8-10 պարտապաններ վարկային պարտավորություններ ունեին բանկի նկատմամբ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 մլն. 818 հազ. 409 դոլար: ԿԲ-ի 01թ. դեկտեմբերի 19-ի որոշման համաձայն, դրանք պետք է անցնեին բանկի սեփականությանը: Սակայն, ստացվում է, որ ԿԲ-ը «Կրեդիտ Երեւան» բանկի առողջացմանն ուղղված իր պարտավորությունները չի կատարել:

2002թ. սեպտեմբերի 18-ին Լ. Մարկոսը դիմել է ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանին` մտահոգություն հայտնելով հիմնական պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, որի հետեւանքով «Կրեդիտ Երեւան»-ին, ըստ էության Լ. Մարկոսին, պատճառել է ավելի քան 11 մլն. դոլարի վնաս:

ԿԲ-ի նախագահը 02թ. սեպտեմբերի 23-ին Լ. Մարկոսի գրությանը պատասխանել է. «Բազալտ Ջրվեժ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ դատարանի վճռով ճանաչվել է Բանկի սեփականության իրավունքը»: Հայտնել է նաեւ, որ մյուս ընկերությունները բանկին փոխանցելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Միաժամանակ «Կրեդիտ-Երեւան» բանկ ՍՊԸ-ի առողջացման ծրագրի իրագործումը պայմանավորել է Լ. Մարկոսի կողմից 5,6 մլն. ԱՄՆ դոլարի փոխանցումով բանկ:

«ԿԲ-ն իր կասկածելի գործողություններով 11 մլն դոլարի մուտքը Բանկ իրականացնելու փոխարեն, դրանց վերականգնումը դարձրել է անհնարին եւ միաժամանկ 5,6 մլն. դոլարի պահանջ է ներկայացրել Լ. Մարկոսի նկատմամբ: Առանց ԿԲ-ի պարտավորությունների կատարման անգամ այդ գումարը Բանկի համար դրական արդյունք չէր կարող տալ, իսկ Մարկոսն ուղղակի կկորցներ այդ գումարը, արդեն իսկ բանկում ունեցած բաժնեմասի հետ»,- ասում են Լ. Մարկոսի ներկացուցիչները:

Տեսնելով ԿԲ-ի անգործությունը Լեւոն Մարկոսը որոշում է այլեւս գումար չփոխանցել բանկ` մինչեւ երաշխիքներ չստանա ԿԲ-ից: Իրավաբանները վերլուծելով առողջացման ծրագրի «իրագործման» ընթացքը նշում են, թե ԿԲ-ին ուղղված Լ. Մարկոսի գրությունը փաստում է, որ Լ. Մարկոսը 5,6 մլն. դոլար բանկ մուտք անելու իր պարտավորությունը պայմանավորում է ԿԲ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք ԿԲ-ը ոչ միայն չի կատարել, այլեւ միտումնավոր գործողություններով դրանց կատարումը դարձրել է անհնարին: «Քանի որ բանկի առողջացումը եւ Լ. Մարկոսի ստանձնած պարտավորության կատարումը պայմանվորված է ԿԲ-ի պարտավորությունների կատարմամբ, ապա Լ. Մարկոսի հրաժարումն իր պարտավորության կատարումից օրինաչափ է»,- գնահատում են իրավաբանները:

2002թ.-ին ԿԲ-ի հետ բանակցություններ վարելու համար Լ. Մարկոսը Հայաստան է գործուղում Վալենտինա Լիտվինենկո անունով մեկին` նրան տալով միայն իր անունից բանակցելու լիազորություն: Սակայն, վերջինս պայմանագիր է կնքում ԿԲ-ի հետ պարտավորվելով, որ Լ. Մարկոսը 2002թ. սեպտեմբերի 19-ից ոչ ուշ բանկ կփոխանցի 5,6 մլն. դոլար:

ԿԲ-ն էլ իր հերթին պայմանագրով պարտավորվում է վերականգնել «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ի բանկի հանդեպ ունեցած մոտ 6 մլն. ԱՄՆ դոլարի պարտքը: Սակայն ԿԲ-ը կրկին խախտել է պայմանագիրը եւ առ այսօր չի վերականգնել «Ինտերմոթոր Արմենիայի» պարտքը, առայսօր «Ագրինեքսի» գույքը չի անցել բանկի սեփականությանը (մեր տեղեկություններով դատախազությունը քրեկան գործ է հարուցել «Ագրինեքսի» նկատմամբ): Միաժամանակ, ԿԲ-ը հայց է հարուցել Լ. Մարկոսի դեմª 5,6 մլն դոլար բռնագանձելու պահանջով:

շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter