HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թայլանդական բոքսի գյումրեցի ներկայացուցիչները

Սեղմված բռունցքներ, պրկված մկաններ, կենտրոնացած հայացք ու հակառակորդին հաղթելու վճռականություն: Դեմ դիմաց կանգնած տղաների կեցվածքում բացակայում է ագրեսիան՝ միմիայն սպորտային հնարքների ցուցադրում, որն իր մեջ ընդգրկում է թայլանդական բոքսի բոլոր հնարավոր տարրերը: Մուայ թայը (Muay thai) կամ թայլանդական բոքսն առաջացել է հնագույն թայլանդական մուայ բորան մարտարվեստից: «Մուայ» նշանակում է ազատների մենամարտ կամ ազատ մարտ:

Արեւելյան այս մարտարվեստը շատ հաճախ կոչում են նաեւ 8 վերջավորությունների մարտ, քանի որ ժամանակակից մարտաձեւում թույլատրվում է հարվածել բռունցքով, կրունկով, սրունքով, ծնկով, արմունկով: Իր հայրենիքում մուայ թայը մասսայականություն վայելել է 16-րդ դարում, իսկ համաշխարհային ճանաչում ունեցել միան 20-րդ դարի երկրորդ կեսին:

Հայաստանում մուայ թայով սկսել են զբաղվել 1990թ-ից: Գյումրիում այս մարտարվեստի առաջին ակումբը հիմնվել է ընդամեն 4 տարի առաջ՝ 2012 թ-ին: Հիմնադիրը 26-ամյա Հակոբ Պետոյանն է: Ասում է՝ ապագա զինվորներ ենք պատրաստում: «Մուայ թայով զբաղվելու համար մեծ աշխատասիրություն ու համառություն է պահանջվում, որ կես ճանապարհից չթողնես սկսածդ,- ասում է Հակոբը,- մարդու մեջ կարգապահություն ու ենթարկվելու կարողություն է դաստիարակում»:

Հակոբ Պետոյանը

Արեւելյան մարտարվեստի գաղտնիքներին Հակոբը ծանոթացել է վաղ մանկական տարիքում: Մինչեւ մուայ թայով զբաղվելը 9 տարեկանից քինգ բոքսինգով է զբաղվել: Հետո կտրուկ որոշում է կայացրել թողնել այն. բացատրում է. «Քինգ բոքսինգն ինչ որ տեղ նման է մուայ թային, ուղղակի մեջը կանոներ կան հարվածային, որ չեն թույլատրվում, օրինակ արմունկով, ծնկով հարվածները: Հետո քինգ բոքսինգի մեջ տեխնիկան ավելի երկրորդական է՝ ի տարբերություն մուայ թայի: Քինգ բոքսինգի մեջ եթե դու պասիվ աշխատես, բայց միավորով առաջ լինես, թեկուզ հակառակորդդ ավելի ակտիվ լինի, մեկ է՝ հաղթանակը կտան պասիվ աշխատողին: Իսկ մուայ թայի մեջ նշանակություն չունի՝ դու կարող ես «ակտիվ աշխատող» լինես, թեկուզ մեկ միավոր պակաս ունենաս՝ ակտիվության շնորհիվ հաղթանակը քոնն է»:

Հենց ակտիվ էությունն էլ տղային ստիպել է թողնել քինգ բոքսինգը: Մտերիմներն ասում են, որ ինչ-որ տեղ դերակատարություն են ունեցել նաեւ մրցումների ժամանակ մրցավարների կայացրած ոչ այնքան արդար վճիռները: Այդ մասին Հակոբը գերադասում է չխոսել՝ դրա փոխարեն փայլող աչքերով պատմում է մուայ թայի «Գյումրու կովկասյան գայլեր» ակումբի հիմնադրման պատմությունը:

Մուայ թայի հայաստանյան ֆեդերացիայի Գյումրու մասնաճյուղում 50 ակտիվ բռնցքամարտիկներ կան, իսկ ընդհանրապես անցած 4 տարիների ընթացքում 250-300 սան են ունեցել՝ այդ թվում եւ աղջիկներ, որոնք տարբեր պատճառներով չեն շարունակել մարտարվեստի ուղին: Գյումրու ֆեդերացիան իր առանձին տարածքը չունի: Վերջին երկու տարին պարապմունքներն անցկացնում են Գյումրու «Հայորդաց տան» մարզական դահլիճներից մեկում: Սա մեծ աջակցություն ու ներդրում է համարում Հակոբը ակումբի գործունեության զարգացման գործում:

20-ամյա Կարեն Սարգսյանն ակումբի հնաբնակներից է: Նախքան բանակ զորակոչվելը երկու տարի պարապել է մուայ թայով, Հայաստանի մուայ թայի 2012թ-ի առաջնությունում հասցրել է անգամ հաղթող ճանաչվել: Ասում է, թե մարտարվեստով զբաղվելու առավելությունները զգացել է հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Կարենը ծառայել է Մարտակերտի հրետանային գնդում՝ որպես հրետանավոր, զորացրվել հուլիսի 4-ին:

«Հրետանավոր լինելուց պիտի ֆիզիկապես ուժեղ լինես, որ կարողանաս արկերը վերցնես լիցքավորես: էդ առումով իմ առավելությունը շատերի նկատմամբ ակնհայտ էր,- ասում է Կարենը,- զորավարժությունների, ճիշտ է, մասնակցել էի ծառայության ընթացքում, կրակել էինք մի երկու արկ, բայց չէր եղել, որ 50 արկ կրակենք մեկ ուղղության վրա»:

Բանակից զորացրվելուց անմիջապես հետո առաջին գործը եղել է մուայ թայի պարապմունքները վերականգնելը: Ասում է՝ համ հոգեբանական աջակցություն էր, համ սթրեսից դուրս գալու միջոց, հանգստությունը վերագտնելու, պատերազմի թողած ազդեցությունը մեղմելու ձեւ: «Ցանկանում եմ մրցումների մասնակցել ու լավ արդյունքներ գրանցել, նաեւ մտադիր եմ մարզչական գործունեությամբ զբաղվել, բայց փոքրերի խմբի հետ եմ պարապելու, դեռ այնքան հասունացած չեմ, որ մեծերի խումբ ունենամ»,- ժպտալով ամփոփում է քչախոս զրուցակիցս:

Իսկ ահա 24-ամյա Հովհաննես Ղազարյանն արդեն վեց ամիս է՝ զբաղվում է մարզչական գործունեությամբ: Հովհաննեսն Ամասիայի նախկին տարածաշրջանի Բյուրակն գյուղից է: Հենց այնտեղ էլ ստեղծել է մասնաճյուղը, որտեղ 20 երեխա է հաճախում: «Գյուղապետարանում ազատ սենյակներից մեկն են տրամադրել, որ պարապենք: Պայմաններն իդիալական չեն, բայց մենք գոհ ենք, որ տեղ կա, որտեղ երեխաները գալիս են, մարզվում են, փողոցներում չեն թափառում, մարմինն ու ոգին են կոփում:- ասում է Հովհաննեսը,- Կոնկրետ ես սպորտով զբաղվել եմ 14 տարեկանից՝ սկզբում ձեռնամարտ, հետո՝ բոքս: Մուայ թայով շուտվանից եմ ուզեցել պարապել, բայց որ Գյումրիում չկար, ոնց որ էդ տարիներին մնում էր երազանք: Բանակում (ծառայել է Մարտակերտում-հեղ.) ծանոթացա մի տղայի հետ, որ Մոսկվայի հայ էր, բայց եկել էր, որ ծառայեր հայրենիքում: Ինքը մուայ թայի Մոսկվայի առաջնության չեմպիոն էր: Բանակում հրամանատարությունը հնարավորություն էր տվել, որ պարապմունքները շարունակի, հենց իր միջոցով եմ արել առաջին քայլերս՝ երեք ամիս պարապել եմ»:

Զորացրվելուց հետո Հովհաննեսն իր առջեւ խնդիր էր դրել կատարելագործել բանակում մուայ թայից ստացած գիտելիքները: Չորս տարի բնակվել է ՌԴ Պոդոլսկ քաղաքում, որտեղ երազանքն իրականություն է դարձել: Մասնակցել է Պոդոլսկի եւ Մոսկվայի բաց առաջնություններին ու հաղթող ճանաչվել: Հայրենիք վերադառնալուց հետո մարզումները շարունակել է «Գյումրու կովկասյան գայլեր» ակումբում:

Հովհաննես Նավասարդյանը

Զրույցին մի փոքր ուշացումով միանում է 19-ամյա Հովհաննես Նավասարդյանը: Բոլորից տարբերվող արտաքինով՝ մարմինը պատած տարատեսակ դաջվածքներով երիտասարդին մարզիչ Սարգիս Պետոյանը համարում է ակումբի խոստումնալից սաներից մեկը: Հովհաննեսը 17 տարեկանից տիրապետում է դաջվածք անողի մասնագիտությանը: Մեկ այլ նախասիրություն էլ ունի՝ մոտոցիկլ է վարում. «Բայկն իմ էության մի մասն է»,- կարճ ներկայացնում է Հովհաննեսը:

Մուայ թայով սկսել է զբաղվել 15 տարեկանից: Հակոբ Պետոյանն ասում է, որ Հովհաննես Նավասարդյանը խառնվածքով «ակտիվ աշխատող» է: Ինքը՝ Հովհաննեսն ակումբն համարում է իր տունը. «Մուայ թայն իմ ընտանիքն է, իմ երկրորդ տունը: Ես ինչ որ սովորել եմ, ինչ կյանքի ուղի որ ընտրել եմ՝ սաղ մուայ թայի շնորհիվ է, իմ մարզիչների շնորհիվ է: Էն որ ես հիմի դաջվածքով եմ զբաղվում, էլի էս մարտարվեստի շնորհիվ է, ռիսկ է տվել ինձ, որ փորձեմ»,- ասում է Հովհաննեսը:

Ինչպես ցանկացած մարտարվեստ, մուայ թայն էլ ունի իր Պատվո կոդեքսը, ասում է Հակոբ Պետոյանն, ու ցանկացած մարտիկ ընդունելով այն՝ սկսում է կյանքում էլ կիրառել: «Օրինակ, ըստ մուայ թայի օրենսգրքի, յուրաքանչյուր մարտիկ պարտավոր է հարգել իր երկիրն ու օրենքները, պիտի լինի առատաձեռն, ազնվություն եւ խոնհարություն ցուցաբերի, պիտի հնազանդ լինի իր ուսուցչին եւ հավատարիմ լինի սեփական ազգին,- նկատում է Հակոբը,- մուայ թայով զբաղվողն երբեք չի պարծենում իր ուժով, ինչպես մնացած մարտարվեստները՝ մուայ թայն էլ ինքնապաշտպանության համար է: Թայլանդում այս մարտարվեստն ի սկզբանե ունեցել է ռազմական նշանակություն, հետագայում է իրան տրվել սպորտային ուղղվածություն: Մուայ թայի աշխարհի ֆեդերացիայի նախագահը թայլանդական բանակի գեներալ է»:

Մուայ թայը օլիմպիական մարզաձեւերի ցանկում ընդգրկված չէ: Այս սպորտաձեւից անցկացվում են միջազգային եւ աշխարհի առաջնություններ: 2017թ-ի մարտին Թայլանդում սպասվում է մուայ թայի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցելու հրավեր ունի նաեւ Հայաստանի ֆեդերացիան: Քանի որ մուայ թայը ավանդական սպորտաձեւ չի համարվում եւ չկա պետական ուշադրություն, ապա այս մարտարվեստով զբաղվողները միջազգային ու աշխարհի մրցումներին մասնակցելու համար պիտի կարողանան հովանավոր գտնել: Հակոբի փոխանցմամբ ամենաքիչը 2000 դոլար է հարկավոր մարզիկին Հայաստանից դուրս նման մրցումների մասնակցելու համար:

Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter