HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճակատագիրը ծանր փորձության է ենթարկել նախկին զինվորին, բայց վերջնականորեն երես չի թեքել

Մետաքսե Պետրոսյան 

«Առավոտյան ժամը վեցն էր, դեռ լույսը չէր բացվել։ Սնունդ էի տանում դիրքեր, երբ վրաս կրակահերթ բացվեց։ Վիրավորվեցի հինգ տեղից՝ գլխից, փայծաղից, աղիներից, երկու գնդակ էլ ողնաշարս ծակեց»,- պատմում է արդեն նախկին զինծառայող, քսանհինգամյա Սամվել Թադեւոսյանը։ Խոսելու ընթացքում նրա նյարդերը լարվում են, գլխի ցավն իրեն զգացնել է տալիս։ Նա երկու մատով սեղմում է մեկ՝ այս, մեկ այն՝ ցավող նյարդաթելի վրա, կարծես այդ կերպ մեղմելով ցավը։

Սամվելը Կոտայքի մարզի Գողթ գյուղից է, բանակ է զորակոչվել 2009 թ.-ին, ծառայել է ԼՂՀ-ի Մարտակերտի զորամասերից մեկում։ Ինչպես ինքն է ներկայացնում, կրակոցները եղել են իրենց դիրքերից։ Հետագա դատավարությամբ պարզվել է, որ իր վրա կրակել է իրենց զորամասի զինվորներից մեկը՝ մթի մեջ չկողմնորոշվելով եւ ենթադրելով, որ թշնամու կողմից արված դիվերսիա է։ Սամվելն ինքը դիտավորություն չի տեսնում կատարվածում: Ասում է, որ իրենք երբեք անձնական խնդիրներ չեն ունեցել, ընդահակառակը, նորմալ փոխհարաբերություններ են եղել։

Սամվել Թադեւոսյանը

Սամվելը վիրահատվել է 12 անգամ: Շուրջ երեք ամիս վերականգնողական բուժման կուրսից հետո նա կրկին կյանք է վերադարձել, բայց արդեն վեց տարի գամված է սայլակին։ Նրա մոտ ողերի բազմաբեկոր կոտրվածք է ախտորոշվել՝ ողնուղեղի ջնջխումներով, ողնաշարի հենաշարժիչ ապարատի ֆունկցիայի զգալի խանգարում, ԿՆՀ-ի ֆունկցիայի զգալի խանգարումներով՝ ստորին պարապլեգիա։ Ողնաշարը երկու տեղից խոցած գնդակները նրան զրկել են քայլելու հնարավորությունից, ձախ կողմը թույլ է, աղիները գործում են միայն կատետրի օգնությամբ։ Հայացքը փախցնելով երիտասարդը մի կերպ խոստովանում է, որ աղիների ու մեզի գործելու պահը չի զգում։

«Սա է պատճառը, որ Կարմիր Խաչում ինձ չեն վերցնում վերականգնողական թերապիա անցնելու համար»,- մեկնաբանում է Սամվելը։

Նա առաջին կարգի հաշմանդամ է եւ հաշվառված է Մուրացանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում։ «Տարվա մեջ մոտավորապես տասն անգամ գնում եմ ստուգումների, բայց որեւէ դրական տեղաշարժ չկա»,- ասում է նա։ Մշտապես նստակյաց վիճակը խաթարել է նաեւ երիկամների աշխատանքը  եւ քարեր են առաջանում։ Ամեն տարի փշրում են  քարերը, որ երիկամների ֆունկցիան կարգավորվի։

Սամվելի ծնողները

Սամվելի ծնողները՝ Սերյոժան ու Իվետան հետեւողական են իրենց որդու կորցրած առողջությունը վերականգնելու հարցում։ «Անցյալ տարի դիմեցի Առողջապահության նախարարություն՝ վերականգնողական բուժման կուրս անցնելու համար։ Նախարարությունից ուղարկեցին Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն, որտեղ գործում է նաեւ չափահասների վերականգնողական թերապիայի բաժին։ Այնտեղ մեր բոլոր տվյալները գրանցեցին, ասացին մեկ ամսվա ընթացքում ձեզ տեղյակ կպահենք։ Մեկ տարի է անցել, առայսօր ոչ մի լուր չկա»,- պատմում է Սերյոժան՝ Սամվելի հայրը։

Երիտասարդը պնդում է, որ ինքն զգում է վերջույթները, ցավեր ունի երկու ոտքերի շրջանում, ինչը բժիշկները դրական եւ հուսադրող են համարել: Դա նշան է, որ նա կրկին կքայլի։ Անհրաժեշտ է ողնաշարի վիրահատություն, որը Հայաստանում կազմակերպել հնարավոր չէ։ Մասնագետները ծնողներին ուղղորդել են, որ նման վիրահատությունները հաջողությամբ իրականացվում են Գերմանիայում, բայց ընտանիքի խիստ համեստ միջոցները հնարավորություն չեն տալիս սեփական միջոցներով կազմակերպել այն։

«Մենք իր թոշակը՝ 91 000 դրամ, գումարած մեր ընտանեկան բյուջեի մեծ մասը լրիվ ծախսում ենք իր դեղորայքի եւ այլ անհրաժեշտ հիգիենիկ միջոցների վրա»,- ասում է մայրը։ Ըստ նրա՝ ցավերը ժամանակի հետ գնալով ավելի ուժգնանում են եւ երիտասարդն այդ նոպաներից նաեւ ծանր հոգեկան սթրեսների է ենթարկվում, օրերով անկողնուց վեր կենալու ցանկություն չի ունենում։ Այդ վիճակն էլ նպաստում է, որ պառկելախոցեր առաջանան։ Ծնողները հուսահատ են որդու առողջությունը վերականգնելու հարցում։

«Անցյալ տարի Գերմանիա բուժման ուղարկելու խնդրանքով դիմել եմ Պաշտպանության նախարարություն: Ինձ պատասխանեցին, որ ճիշտ է` խորհրդարանն օրենքն ընդունել է, բայց պետբյուջեից դեռեւս գումար չի հատկացվել, պետք է սպասեք։ Երեք ամիս առաջ նորից գնացի՝ չընդունեցին պատճառաբանելով, որ համապատասխան բաժնի պետը տեղում չէ։ Խոստացան առաջիկայում պատասխանել դիմումիս, բայց մինչ հիմա ոչ մի պատասխան չեմ ստացել»,- ասում է հայրը։

Մինչեւ զորակոչվելը Սամվելը շինարարությունում է աշխատել, իսկ հիմա ողջ օրն անվասայլակով շրջում է տան ու բակի տարածքում։ Ժամանակը լցնում է երաժշտություն լսելով, համացանցով տարաբնույթ նյութեր դիտելով։ Մեր հարցին, թե ինչն է նրան առավել հետաքրքրում, պատասխանում է․ «Սիրում եմ ուրախ երգեր լսել, էդպես ցրվում եմ, մի քիչ մոռանում ցավերիս մասին»։

Իսկ ցավերը պարբերաբար են, սուր եւ տեւական, առանց ցավազրկողների հնարավոր չէ հաղթահարել վիճակը։ Նա առաջին կարգի հաշմանդամ է, բայց, ծնողների ասելով՝ անվճար ոչ մի դեղորայք չի ստանում, նույնիսկ ցավազրկողները։

Ճակատագիրը ծանր փորձության է ենթարկել նրան, բայց կարծես վերջնականորեն երես չի թեքել։ Ողնուղեղը վնասվել, բայց իսպառ գործելուց չի դադարել, նյարդաթելերը վնասված չեն։ Համառորեն դիմադրելով մաշող ցավերին` Սամվելը հույսը չի կորցնում, որ դեռ ոտքի է կանգնելու, քայլելու է։ Դա անիրատեսական չէ, եթե Կառավարությունն անտարբերություն չդրսեւորի երիտասարդի դեռեւս ողջ նյարդերը կյանքին կապելու հարցում։

լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

տեսանյութը` Հրանտ Գալստյանի

Մեկնաբանություններ (2)

Hovik
Լինելով վերականգնողական մասնագետ կուզեի տեղեկացնել որ ՀՀ տարածքում մեծահասակների վերականգնումը ` ֆիզիոթերապիա կամ կինեզիթերապիա և էրգոթերապին մեղմ ասած հետնընթաց են ապրել: Նույնիսկ վերը նշված կենտրոն այցելությունը չի երաշխավորի ընդհունակությունների մաքսիմալ վերագտնման և վերականգնման ինչպես նաև հնարավորինս ինքնուրույություն վերագտնելու կամ զարգացնելու հարցում: Որպես այս կարևոր հարցի լուծում Առողջապահության Նախարարուն նամակ էի հղել առաջարկելով իմ մի խումբ սփյուռքահայ կոլեգաների հետ գալ ՀՀ և կազմակերպել անվճար վերականգնում Ապրիլյան պատերազմի տուժած զինվորների համար: Սա մեր ծրագրի մի փոքր հատվածն էր որը հետագայում պետք է տարածվեր նաև քաղաքացիական շահառուների, այդ թվում միգուցե նաև Սամվելի վրա: Ի զարմանս մեզ առաջարկը մերժվեց ԱՆ-ի կողմից: Այսօր Ֆրանսիայում ակտիվորեն պայքարում ենք այս տմարդ իշխանության և նրա կամակատար չինովնիկների օր առաջ հեռացման ուղղությամբ. քանի որ միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխել մնացած մասնագետների արտահոսքը և իրականացնել նման ծրագրեր:
Դիտորդ
Գրեք խնդրեմ, Սամվելի հեռախոսահամարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter