HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Աշխարհի քանդակագործները Շուշիում խաղաղություն են կերտում

Ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, Արցախ են ժամանել քանդակագործներ աշխարհի մի քանի երկրներից՝ մասնակցելու «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումին։ Ժամանակին Փարիզի Ժյուլիան ակադեմիայի պրոֆեսորներից մեկի այն հարցին, թե քանդակագործական որ դպրոցում է սովորել Գյուրջյանը, նա պատասխանել է․ «Իմ դպրոցը մինչեւ այսօր եղել է Շուշվա փողոցների ցեխը, բացի այդ դպրոցից ուրիշ դպրոցում չեմ եղել»։

Այս օրերին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի հարակից պուրակում, աշխարհի մի քանի խոշոր պետությունների դրոշներ են՝ գույները երկինք բարձրացած փոշով ծածկված։ Պուրակի մի քանի անկյուններում երիտասարդ ու փորձառու քանդակագործներ են՝ յուրաքանչյուրը քարի մի հսկայական կտորի առաջ կքած չափչփում, գծագրում ու կերտում է։

Քրեյգ Աշերը  Քրեյգ Աշերը աշխատելիս

Չինացի քանդակագործ Մանջուն Գաոն Արցախը բնութագրում է մեկ բառով․ դրախտ։ Իսկ ամերիկացի Քրեյգ Աշերն ասում է, որ բառերը բավական չեն Արցախը նկարագրելու համար։ «Շատ պոետիկ եւ գեղեցիկ վայր է, բայց ցավում եմ, որ պատերազմի մեջ է գտնվում»,-ասում է Քրեյգը։

Նյու-Յորքում ծնված Քրեյգը քանդակում է խաղաղությունը խորհրդանշող ստեղծագործություն եւ ակնկալում է, որ քանդակը դիտողներին խաղաղություն ու ներդաշնակություն կբերի։ Ամերիկացի քանդակագործն ասում է, որ մինչեւ Արցախ այցելելը չգիտեր, թե որն է լինելու իր առաքելությունը, կամ ավելի ճիշտ՝ սիմպոզիումին մասնակցությունը կդառնա՞ր առաքելություն, թե՞ ոչ։ «Շատ մեծ պատիվ է ինձ համար՝ մասնակցել սիմպոզիումին, որը Արցախի ժոովրդի կարեւոր մասն է կազմում։ Սիմպոզիումն այն չէ միայն, որը ես քանդակելու եմ, նաեւ այն միտքն է, որ իմ մշակույթը Արցախի մշակույթի մի մասն է դառնում։ Ես միայն պատիվ եմ զգում դրանից»,-ասում է Քրեյգ Աշերը։

Նա ասում է, որ արցախցիներն ազատ են, պարզապես աշխարհը պետք է ճանաչի այդ ազատության իրավունքը։ «Այստեղ գալուց հետո հասկացա, որ այս ժողովրդի խնդիրը ընդամենը ստատուսն է՝ ճանաչման հարցը։ Մնացած ամեն ինչ արցախցիներն ունեն»,-նշում է Քրեյգը։

Մանջուն Գաոյի նվերը թանգարանին

Մանջուն Գաոյի աշխատանքները գտնվում են Չինաստանի տարբեր նահանգների ցուցասրահներում եւ անձնական հավաքածուներում, որոնցից մեկն էլ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանն է։ Մանջունն այն նվիրել է թանգարանին։

Չին քանդակագործը Արցախի երկնքի տակ քանդակում է խաղաղություն եւ մշակույթ խորհրդանշող աշխատանք։ Նա դեռ չգիտի, թե ինչ անուն կունենա ստեղծագործությունը, քանի որ սիմպոզիումի քսան օրերի ընթացքում նոր գաղափարներ են գալիս, նոր դետալներ է ավելացնում։ «Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ յուրովի պատկերացնի քանդակի խորհուրդը։ Բայց կան հիմնական դետալներ՝ ամպեր եւ գմբեթ։ Գմբեթը հառնում է դեպի երկինք եւ դեպի լույս»,-ասում է Մանջունը։

Ազատությունը խորհրդանշող քանդակ ստեղծելու գաղափարը չինացի քանդակագործի գլխում ծնվել է Արցախում։ «Մինչեւ Արցախ ժամանելը, ես Հայաստանի եւ ԼՂՀ-ի մասին տեղեկություն չունեի, մի քիչ տեղեկացել եմ համացանցից։ Իսկ երբ եկա, Արցախի գործած տպավորությունը հուշեց ստեղծել այսպիսի քանդակ»,-ասում է։

Չինացի երիտասարդ քանդակագործը տեղյակ է, որ Արցախ այցելելը նշանակում է զրկվել Ադրբեջան մուտք գործելու իրավունքից։ Դա նրան չի անհանգստացնում։ Ավելին, նա ասում է, որ արհեստականորեն գծված սահմանները խախտելու համար է եկել ԼՂՀ։ «Մինչ գալս այդ մասին գիտեի։ Ուրախ եմ, այստեղ եմ։ Արցախը տեսնելու համար արժեր «սեւ ցուցակ» մտնել»,-ծիծաղում է Մանջունը։

Մանջուն Գաոն

Միհրան Հակոբյանը ծնվել է Ստեփանակերտում, Արցախի ազգային-ազատագրական շարժման մասնակից, քանդակագործ, ԼՂՀ ժողովրդական նկարիչ Արմեն Հակոբյանի (զոհվել է 1990թ․) որդին է։ Այժմ ապրում եւ ստեղծագործում է Լեհաստանում։ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Լեհաստանի Սլուբիե քաղաքում տեղի է ունեցել Միհրանի Վիքիպեդիայի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Դա Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում։

Միհրան Հակոբյանը քանդակում է անհաղթ արցախցու կերպարը

«Սիմպոզիումի իմաստն այն է, որ հեղինակը քանդակը ստեղծելիս պահի տակ որոշումներ կայացնի։ Քարը ինձ ինչ հուշում է, դա էլ անում եմ։ Ես այժմ քանդակում եմ տղամարդու ֆիգուր, որը կիսածածկված է քարով, կամ հակառակը՝ կիսով չափ դուրս է եկել քարից, բայց նաեւ կառչել է քարից ու քարն է պահում։ Կարծում եմ, որ աշխատանքը կանվանակոչեմ «Անհաղթը»,-իր ընթացիկ աշխատանքն է մեկնաբանում երիտասարդ քանդակագործը»։ Քանդակի հերոսը ազգային պատկանելություն ունի՞՝ հարցնում եմ։ «Ես որոշել էի, որ ավելի հանգիստ, գեղեցիկ, պուրակային քանդակ անեմ, միգուցե՝ կանացի կերպար, բայց գտնվելով այստեղ, ծանոթանալով մարդկանց տրամադրություններին, փոխեցի միտքս։ Աշխատանքս նվիրում եմ անհաղթ ժողովրդին՝ արցախցիներին»,-պատասխանում է Միհրանը։

«Հակոբ Գյուրջյան» քանդակագործության առաջին սիմպոզիում Միհրան Հակոբյանը մարմարից կերտել է «Սկիզբ» քանդակը, որը տեղադրված է Ստեփանակերտում։

 «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումը մեկնարկել է օգոստոսի 10-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը։  Այդ օրը տեղի կունենա պուրակի բացումը։ Սիմպոզիումը կազմակերպվել է նաեւ 2011, 2012 եւ 2014 թվականներին։ Այդ տարիներին Շուշի են այցելել Իտալիայի տարբեր գեղարվեստի ակադեմիաների մոտ երկու տասնյակ պրոֆեսորներ, քանդակագործներ Բելգիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայի, Հնդկաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Հայաստանից եւ Արցախից։ Կերտվել է 42 քանդակ, որոնք ցուցադրության են ներկայացված Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի պուրակում եւ տեղադրված են քաղաքի տարբեր վայրերում, Ստեփանակերտում ու Կաշենում։

Նախորդ սիմպոզիումներին արդյունքում ծնվել է Շուշիի քանդակների պուրակը, որը Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը համարում է թանգարան բաց երկնքի տակ։ Այս մի սիմպոզիումից հետո, ինչպես «Հետքի» հետ զրույցում նշեց թանգարանի վարիչ Դոնարա Հարությունյանը, օտարերկրյա մասնակիցները ճամփորդելու են Հայաստանում եւ Վրաստանում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter