HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դու լռելու իրավունք ունես՝ անազատության մեջ հայտնվելով

Մեր քաղաքացիներից, թերևս, քչերն են տեղեկացված՝ Աստված ոչ անի, անազատության մեջ հայտնվելով, ունեն լռելու իրավունք:

Ամերիկյան ֆիլմերում հաճախ ենք լսում. «Դուք կարող եք պահպանել լռություն, քանի որ այն, ինչ կասեք, կարող է օգտագործվել Ձեր դեմ դատարանում» նախադասությունը:

Լռելու իրավունքը կամ Միրանդայի կանոնը արդար դատաքննության անկյունաքարերից մեկն է, երբ ազատությունից զրկված քաղաքացին կարող է իր ու իր մերձավոր հարազատների վերաբերյալ որևէ տվյալ չհայտնել:

Միրանդայի կանոն անվանումը առաջ է եկել 1966-ին ԱՄՆ-ում, «Միրանդան ընդդեմ Արիզոնայի» գործով, երբ ամերիկյան դատարանը սահմանեց՝ անազատության մեջ գտնվողի հայտնած ցանկացած ինֆորմացիա չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի դեռ նրան չեն բացատրվել իր իրավունքները: Այս իրավունքը չի սահմանափակում պարզապես անձին տեղեկացնելով իր իրավունքի մասին, այլ պետք է պարզաբանի՝ այն, ինչ անձը կասի, կարող է օգտագործվել նրա դեմ դատարանում։ Այս գործից հետո մեկ մյուսի հետևից աշխարհի տարբեր երկրներ օրենքով ամրագրեցին քաղաքացու՝ լռելու իրավունքը: 

Այս իրավունքի նպատակը ազատությունից զրկված քաղաքացու նկատմամբ  ճնշումների կամ պարտադրանքի բացառումն է, անմեղության կանխավարկածի բաղադրատարրերից մեկը, քանի որ անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, այլ պետությունը պետք է ապացուցի, որ վերջինը մեղավոր է:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայում մեղադրյալի՝ իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը դիտվում են որպես արդար դատաքննության իրավունքի և անմեղության կանախավարկածի բաղադրիչներ (6–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասեր)։

Մեր երկրի նախկին Սահմանադրությամբ, հոդված 22-ը նախատեսում էր` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Սակայն 2015 թ-ի դեկտեմբերի 5-ի սահմանադրական փոփոխություններով, ի թիվս մարդու այլ իրավունքների, սահմանափակվել է նաև լռելու իրավունքը: Այսպես` Սահմանադրության հոդված 65-ն ասում է. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»:

Հարցական է մնում, թե ինչպես և ով պետք է չափի ու որոշի՝ որն է ողջամիտ ենթադրելիության սահմանը:

Լռելու իրավունքի սահմանափակման ու դրա հետևանքների վերաբերյալ մի շարք  հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով դիմեցի փաստաբաններին:

Արմինե Ֆանյանը

Փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի կարծքիով, ողջամտության շեմը պետք է գնահատի ցուցմունք չտալու իմունիտետից օգտվողը, քանի որ այլ պայմաններում այդ իրավունքը կլիներ պատրանքային: «Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է, այնուամենայնիվ, լսեր այդ ցուցմունքը, որպեսզի գծեր ողջամտության սահմանը»,- նկատեց փաստաբան Ֆանյանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ այդ իրավունքը սահմանափակելու մեխանիզմ չի էլ գտնի, քանի որ ակնկալվելիք ցուցմունքի բովանդակությունն այդպես էլ չի իմանա:

Փաստաբաններից Երվանդ Վարոսյանը «Հետքին» փոխանցեց, որ Լռելու իրավունքի սահմանափակման հարցը ևս փաստաբանների կողմից բարձրացվել է Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ, երբ շատ փաստաբաններ հրապարակավ դեմ էին արտահայտվում նախագծին: Վարոսյանը սահմանադրական այս նորմի փոփոխությունից հետո արդեն երկու քրեական գործերի հետ առնչություն է ունեցել. քրեական գործեր են հարուցվել ցուցմունքից հրաժարվելու համար, սակայն գործերը  կարճվել են, քանի որ ակնհայտ փաստեր են եղել, որ ցուցմունք տալուց հրաժարված անձինք նույն քրեական գործերով եղել են փաստացի կասկածյալներ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամներից Գարիկ Մալխասյանն էլ «Հետքին» հայտնեց, որ դեռ նման խնդիր չի ունեցել: Վերջերս մի դեպքով անձը հրաժարվել է ցուցմունք տալուց' պատճառաբանությամբ որ իր կարծիքով իր կողմից ցուցմունք տալու դեպքով հնարավոր է, որ իր դեմ օգտագործի, քանի որ եղել է դեպքի վայրում։ Նորմալ ընդունել են:

Փաստաբան Նորայր Նորիկնյանն էլ ասաց, որ նման նախադեպ չի ուենցել, բայցևայնպես չի պատկերացնում, թե ինչպես կարող է աշխատել սահմանադրության այս սահմանափակումը:

Երվանդ Վարոսյան

Փաստաբան Վարոսյանը գտնում է, որ այս սահմանափակումը ընտրովի արդարադատության դրսևորում կարող է ունենալ. «Ցավոք, ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ անորոշ ձևակերպումների պարագայում գործելու է պատասխանատվության կանխավարկածը, և իրավակիրառ պետական մարմիններն օգտագործելու են սա որպես մահակ` ընտրովի պատասխանատվության ենթարկելով այն անձանց, ում ցանկանան»:

Լիպարիտ Սիմոնյան

Լիպարիտ Սիմոնյանն էլ պարզաբանեց, որ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն, ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Այսինքն՝ անձն իրեն վերաբերող որևէ հանգամանքի մասին իրավունք ունի ցուցմունք չտալ՝ սկսած իր անուն- ազգանունից, վերջացրած՝ իր վերաբերյալ տեսածի ու լսածի մասին»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը:

Լուսինե Սահակյանի կարծիքով էլ, որպեսզի անձը ողջամտի կամ ընդհանրապես կարողանա ենթադրություններ անել, պետք է ծանոթ լինի գործին: «Առանց ծանոթ լինելու, ելակետային որևէ տվյալ չունենալով` ինչպես պետք է ենթադրություն անես»:

Ինչ վերաբերում է փոփոխված Սահմանադրությանը 65-րդ հոդվածին, ապա փաստաբան Սիմոնյանը մտահոգություն ունի՝ սովորական քաղաքացին ինչպես կարող է կանխատեսել, թե «իր որ գործողությունները կամ անգործությունը՝ ողջամտորեն կամ չգիտեմ ոնց կարող են կամ չեն կարող օգտագործվել իր դեմ: Մի հատ էլ մինչև հարցաքննվելը պիտի իրավաբանական կրթություն ստանա, դիպլոմ վերցնի, մի 2 տարի էլ դատախազ աշխատի, որ ողջամտորեն կանխատեսի: Դե՛, թող մի 8 տարի սպասեն, նոր հարցաքննեն»,- նկատում է փաստաբան Սիմոնյանը:

Փաստաբանները նշում էին, որ հարյուրավոր արձանագրություններ կարող են ցույց տալ, երբ քաղաքացիների իրավունքները պատշաճ չեն պարզաբանվել: Հաճախ բլանկները դնում են քաղաացու դիմաց ու ասում, թե որտեղ պիտի ստորագրեն: Ցավոք, կա նաև քաղաքացիների ցածր իրավագիտակցության խնդիր, ինչից էլ շատ դեպքերում օգտվում է իրավապահները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter