ՀՀ-Արցախ ճանապարհին, անկախությանը սպասելիս
Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում երկու նոր խանութ է կառուցվում, իսկ գործող խանութներից մեկի սեփականատերը տարածքը մեծացնում է:
Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու հիմնանորոգումը Արցախի հյուսիսային հատվածի գյուղերում աշխուժություն է առաջացրել: Մայրուղու ընդամենը մի քանի կիլոմետրն է, որ ասֆալտապատված չէ՝ տասը կիլոմետրից էլ պակաս:
Երեւանից Ստեփանակերտ տանող ճանապարհը Վարդենիս-Մարտակերտով՝ ուղիղ 6 կիլոմետրով կարճ է, քան Վայոց Ձորի եւ Սյունիքի ճանապարհներով: Վարդենիս-Մարտակերտը, սակայն, մեկ առավելություն ունի. ավելի հարմարավետ է, ոլորաններն ավելի քիչ են: Եվ պատահական չէ, որ Գուգլի քարտեզը նշված հինգ կիլոմետրի տարբերությունից բացի, նշում է նաեւ կես ժամվա տարբերություն:
«Դա բոլորիս քրտունքն ա»
Դեռ մայրուղու հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված չէ, սակայն երթեւեկությունը համեմատաբար ծանրաբեռնված է: Հատկապես Հայաստանի հյուսիսային մարզերի բնակիչները Ստեփանակերտ հասնելու համար ստիպված չեն կտրել-անցնել երկրի կենտրոնական եւ հարավային շրջանները:
Գետավանցիները «Հետքի» հետ զրույցում ասում են, որ ասես հայտնվել են մոլորակի կենտրոնում: Արեւիկ Դանիելյանն ավելի քան 20 տարի գործող խանութի տարածքը մեծացնում է՝ հաշվի առնելով ճանապարհի վերանորոգումն ու բնակչության հնարավոր տեղաշարժը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով: «Մինչեւ ճանապարհի վերանորոգումը, էս կողմով շարժը մեծ չէր: Հիմա դեռ ճանապարհի շինարարությունը չի ավարտվել, բայց տարբերությունը զգում ենք: Էս ճանապարհով մեկուկես ժամում մտնում են Հայաստան: Մենակ թե խաղաղություն լինի, մեր ժողովուրդը դուրս չգա, ջահելությունը մնա Ղարաբաղում… Որ խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի»,-ասում է գետավանցի ձեռներեցը:
Արեւիկ Դանիելյանի խանութը |
Գետավանցի Վահրամ Սարգսյանը ընկերոջ համար նոր խանութ է կառուցում: «Շարժը շատացել է: Էն ժամանակ, որ ճանապարհները բարեկարգ չէին, զինվորների ծնողները իրենց երեխաներին տեսակցության էին գալիս Բերձորով: Մեր գյուղով արդեն Հայաստանից շատ են գնում-գալիս: Դա հերիք ա, որ գյուղում ամեն մի մարդ իր ապրանքը ծախի, ապրի: Մեկը պոպոք ա ծախում, մեկը հոն ա ծախում: Էս ժամերին, տեսեք, գյուղամիջում շատ մարդ չեք տեսնի: Օրվա առաջին կեսին բոլորը գնում են անտառից միրգ ու բանջար հավաքելու, երեկոյան էս ճանապարհի վրա ծախում: Եթե առաջ էս ճանապարհով անցնում էր 10 ավտո, հիմա անցնում ա 60-ը: Եթե նախկինում խանութներում առեւտրի 60 տոկոսը նիսյա էր, հիմա 70 տոկոսը փողով ա՝ շնորհիվ անցորդների: Ժողովուրդը տեսնում է, որ կառավարությունը մեր հոգսը քաշում ա, մենք էլ պետությանը նվիրված հա՛մ աշխատում ենք, հա՛մ ծառայում ենք»,-ասում է Վահրամը:
Վահրամ Սրագսյանը |
Նրա համար նույնպես ամենակարեւորը խաղաղության ու հրադադարի պահպանումն է: «Մենք փախնելու տեղ չունենք, մենք գնալու տեղ չունենք: Մեր գյուղն էստեղ ա, մենք ծնվել ենք էստեղ, մեր երեխան ծնվել ա էստեղ: Ամեն մեկն իր գործը գտնում, ապրում ա, ուղղակի մնում ա, որ պետության ուշադրությունը շարունակվի: Հիմա որ նստում ենք մեր մեքենայի ղեկին ու գնում ենք էս ճանապարհով, հարյուր անգամ օրհնում ենք կառավարությանն էլ, ֆինանսավորողին էլ: Իմ երեխաս էլ ա ֆինանսավորում: Մարաթոնի ժամանակ երեխայիս գումար եմ տալիս, որ նվիրաբերի: Դա սաղիս քրտունքն ա, սաղիս չարչարանքն ու ներդրումն ա: Ուղղակի մեր սփյուռքահայերը ավելի մեծ ներդրում ունեն»,-ասում է:
«Էնպիսի հարված տալ, որ չոքեչոք խնդրեն…»
«Խաղաղություն» եւ «պատերազմ» բառերը Արցախում ընկալվում են որպես հոմանիշներ: Այստեղ հաճախ են քննարկում, թե հաջորդ հնարավոր լայնածավալ գործողությունների դեպքում ինչպես է պետք պատժել հակառակորդին, որպեսզի նա ֆիզիկապես չկարողանա անգամ գրադ կայաններով հարվածել հայկական որեւէ բնակավայրի:
Շուշիի կենտրոնական Ղազանչեցոց փողոցում գտնվող պուրակը հաճախ նման քննարկումների վայր է դառնում: Երեք շուշեցի ակտիվորեն քննարկում են ներքին քաղաքական հարցեր, արտաքին քաղաքական իրադարձություններ:
Պուտինը… Սերժը… դաշնակները… երկիրը… Սասնա ծռերը… Ոչ շատ հեռու կանգնած՝ լսում եմ տղամարդկանց խոսակցությունը: Հարցնում եմ ղարաբաղյան կոնֆլիկտի՝ իրենց համար ընդունելի տարբերակը:
«Կոնֆլիկտին մենակ մի լուծում կա. ղարաբաղյան ոչ մի թիզ հող դրանց ձեռքը չպիտի մնա՝ առաջինը: Երկրորդը. Ադրբեջանը կրկին որ սկսեց, դրանց էնպիսի օրն ա հարկավոր քցել, որ ինքը չոքեչոք գա, խնդրի՝ ես ձեր անկախությունը ճանաչում եմ, մենակ թե դադարեցրեք: Եթե սկսեցին, էնպիսի հարված պետք ա տալ, ինչպես 94 թվին Ալիեւը չոքեչոք խնդրել ա Ելցինին, որ՝ շատ եմ խնդրում, հայերին կանգնեցրու... Դրանք ասում են՝ հողերս հետ տվեք, 15 տարի հետո Ղարաբաղի կարգավիճակը կորոշենք: Թուրքը 94 թվի պայմանագիրը խախտել ա, դրանց ոչ մի անգամ վստահել պետք չի»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Բաքվի ջարդերի ժամանակ Հայաստան տեղափոխված, այժմ շուշիաբնակ Վլադիմիր Ամիրջանյանը:
Աջից առաջինը Վլադիմիր Ամիրջանյանն է |
Նա գտնում է, որ Ադրբեջանի միլիարդների դեմ պայքարել կարողանալու համար պետք է Հայաստանի եւ ԼՂ հանրապետություններում խիստ պայքար լինի կոռուպցիայի դեմ, ժողովրդի մոտ մեծ վստահություն ձեւավորվի իշխանությունների նկատմամբ, եւ ամենակարեւորը՝ «մինչեւ վերջին կոպեկները ծախսել սպառազինության վրա»:
Գլխավոր լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել