HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վերնիսաժի տնօրենը ասեղնագործող վարպետներին կզիջի միայն սակագնի հարցում

Վերնիսաժում առեւտրի կազմակերպման փոփոխությունը շարունակում է դժգոհություններ հարուցել: «Հետք»-ին են դիմել ասեղնագործող ժողովրդական վարպետները, որոնք դժգոհ են Վերնիսաժի տնօրինության կողմից իրենց հատկացված տարածքից, այն է՝ առեւտրի կենտրոնի մուտքերն ու ելքերը: Նրանք տեղ են պահանջում Վերնիսաժի կենտրոնական հատվածում, բայց՝ այն սակագնով, որով վճարում էին նախկինում՝ Բյուզանդի փողոցում վաճառք իրականացնելիս:  

Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը դեռեւս շաբաթներ առաջ արգելեց Բյուզանդի փողոցում առեւտրի կազմակերպումը: Հնամաշ իրերի վաճառքով զբաղվողներին տարածք հատկացվեց Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ գործող տոնավաճառում, իսկ ասեղնագործ վարպետները պետք է կանգնեն Վերնիսաժի ներսում:

Ձեռագործ-ասեղնագործ վարպետներն ասում են, որ Վերնիսաժի ցանկացած փոփոխության դեպքում առաջին թիրախում են հայտնվում հենց իրենք: Նրանք դժգոհ են, որ ամեն 1 գծամետրի համար ստիպված են վճարել 1000 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն:

Նրանք նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հովիկ Աբրահամյանին, Վազգեն Մանուկյանին, Տարոն Մարգարյանին: Վարպետները նամակում նշել են իրենց բացառիկությունը՝ անհետացման վտանգից փրկում եւ նորովի են ներկայացնում հայկական ավանդական կարատեսակները: Նրանք գտնում են, որ հնամաշ իրեր վաճառողների եւ ժողվարպետների հավասարեցումը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Նրանք խնդրում են Վերնիսաժի բարեկարգման ընթացքում իրենց թույլ տալ առեւտուր իրականացնել Բյուզանդի փողոցում, մայթին, որտեղ հիմա ավտոմեքենաներ են կայանում, իսկ արդեն շինարարական աշխատանքներից հետո «արժանավայել, համապատասխան չափերով» տաղավարներ հատկացվեն առանց տեղի վարձի գների բարձրացման, ինչպես որ հավաստիացրել են պատասխանատու անձինք: Խոսքը գարնանը քաղաքապետարանի աշխատակիցների, Վերնիսաժի տնօրինության եւ մի մեծ խումբ վարպետների հետ համատեղ խորհրդակցության ժամանակ տրված խոստման մասին է:

Ժողովրդական վարպետները ՀԵՏՔ-ի հետ զրույցում ասացին, որ իրենք հիմնականում միայնակ, անապահով, խոցելի խավի ներկայացուցիչներ են, իրենց ապրուստը վաստակում են Վերնիսաժում, արժանապատիվ տեղ պետք է ունենան Վերնիսաժի հիմնական տարածքում, մինիմումը 3 գծամետր ու բանական սակագնով, որովհետեւ իրենց միջոցով մոռացումից եւ անհետացումից փրկում եւ աշխարհին ներկայացնում հայկական ավանդական կարատեսակները: «Այսօր Վերնիսաժում վաճառվում է ամեն ինչ՝ տնից բերված շուշեղեն, Սուրմալուից գնված թուրքական կտորեղեն, չինական ապրանք, զինվորական հագուստ: Իսկ ասեղնագործությունը պետք է տեղ ունենա ելքերի ու մուտքերի մո՞տ»,-ասում է Վարդիշաղ Կարապետյանը:

Վերնիսաժի տարածքը վարձակալական հիմունքներով տրված է «Հ. Նավասարդյան» ՍՊ ընկերությանը: Ընկերության հիմնադիր եւ տնօրեն Հարություն Նավասարդյանն ասում է, որ տարիներ շարունակ սփռոցներ ասեղնագործող ժողովրդական վարպետները առեւտուր իրականացնելով Բյուզանդի փողոցի վրա, հիմա հնարավորություն են ստացել իրենց աշխատանքները Վերնիսաժում ներկայացնելու, բայց մյուս կողմից պահանջում են մի բան, որ ճիշտ չէ. զբաղեցնել այն տեղերը, որոնք տարիներ շարունակ զբաղեցրել են այլ մարդիկ: «Էստեղ 2000 մարդ կա: Հիմա ցանկացած իրավիճակ կարող է մարդկանց սրտով չլինել: Ես շարժվում եմ ըստ այն չափանիշների, թե ինչպիսին պետք է լինի Վերնիսաժը, ես այնտեղ բիզնես եմ կազմակերպում արդեն ուղիղ 20 տարի, բարեկարգում ենք: Էդ 20 տարվա ընթացքում ամեն մեկն իր տեղն է ունեցել: Ասեղնագործող վարպետները կանգնել են մայթին, հիմա հատկացրել եմ այն տարածքները, որտեղ հնարավոր էր: Ես իրենց աշխատանքը շատ եմ հարգում, բայց ստեղծված իրավիճակում ոչինչ անել չեմ կարող, չնայած համամիտ չեմ, որ մուտքերն ու ելքերը առեւտրի համար հարմար չէ»,-ասում է Հարություն Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է տարածքի վարձակալության սակագնին, Վերնիսաժի տնօրենն ասաց, որ այն չի փոխվել. մայթին, հնամաշ հագուստի եւ ձեռագործ իրերի վաճառողները վճարում էին 100 դրամ 1 գծամետրի համար, իսկ ներսում՝ տաղավարներում առեւտուր իրականացնողները՝ 1000 դրամ: Հետեւաբար, ըստ Նավասարդյանի, տաղավարի հատկացման գինը պետք է տարածվեր նաեւ ժողովրդական վարպետների վրա: Սակայն, հաշվի առնելով նրանց դժգոհությունը, առեւտրի ծավալները, Հարություն Նավասարդյանը ասաց, որ որոշակի զեղչ կսահմանի ժողովրդական վարպետների համար: Իսկ թե որքան՝ դեռ չի որոշել:

Ըստ Երեւանի քաղաքապետարանից մեզ տրամադրած տեղեկատվության, Վերնիսաժի տարածքը «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ին վարձակալության է տրված մինչև 2040 թվականը, տարեկան 17 միլիոն 800 հազար դրամ վարձավճարով:

Խոսակցություններ կան, որ Վերնիսաժի տարածքում կառուցվող հանրային սննդի օբյեկտները, սրճարանները իրականում պատկանում են քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների: Երեւանի քաղաքապետարանից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կառուցապատումն իրականացնում է վարձակալը: Նույնը պնդեց նաեւ Հարություն Նավասարդյանը:

Նա հերքեց նաեւ Վերնիսաժի առեւտրականների այն պնդումները, որ նախկինում իրենցից գումար է հավաքվել տաղավարների պատրաստման համար: Նավասարդյանն ասում է, որ նախկինում, ինչպես հիմա, շինարարական աշխատանքներն իրականացրել է սեփական ֆինանսական միջոցներով:

Հարություն Նավասարդյանի խոսքով՝ Վերնիսաժը նոր տեսքով պատրաստ կլինի նոյեմբեր ամսին: Ինչպես նշել ենք ավելի վաղ, Վերնիսաժի տարածքում առևտրային գործընթացը տարածքի նշանակությանը համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով նախապատրաստվել եւ ավագանու քննարկման էր ներկայացվել որոշման նախագիծ, որով սահմանված է կենտրոնում առևտրային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պայմաններն ու սահմանափակումները: Որոշման նախագիծը մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել է հանրային քննարկման, սակայն այդ ողջ ընթացքում, որքան էլ զարմանալի է, հասարակական կառույցների կողմից առաջարկություններ եւ դիտողություններ չեն ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter