HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում համայանքապետի թեկնածուները ընտրողներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը

Հոկտեմբերի 2-ի ընտրություններում Ախթալայում քաղաքապետի թեկնածու գրանցված Սուրեն Թամազյանը, Հայկազ Խաչիկյանը և Սասուն Վարդումյանը արդեն նախընտրական քարոզչության մեկնարկի մեջ են: Սասուն Վարդումյանը ՀԱԿ-ի անդամ է, սակայն քաղաքապետի թեկնածու է գրանցվել ինքնաառաջադրմամբ: «ՀԱԿ-ը իր ամբողջ ռեսուրսներով իմ կողքին է»,- հայտնեց Սասուն Վարդումյանը:  

Ս. Վարդումյանը որոշել է նախընտրական քարոզչության օրերին հանդիպումներ ունենալ Ախթալայի բոլոր թաղամասերի բնակիչների հետ: Նրա նախընտրական ծրագրի առաջին կետը վերաբերում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն: «Մենք այդ հարցով զրուցել ենք նաև ԱԺ մի շարք պատգամավորների հետ, որոնք խոսք են տվել անկախ իմ քաղաքապետ ընտրվելուց,  ԼՀԿ-ի հարցը բարձրացնել նախագահի, վարչապետի կամ ԱԺ-ի մակարդակով»,- հայտնեց Սասունը:

Սասուն Վարդումյանը

Վերջինիս ասելով` ԼՀԿ-ում աշխատողների վերջին աշխատավարձ վճարվել է  մայիս ամսին: «Եթե 2015թ.-ին արտադրության ծավալները ԼՀԿ-ում 1400 տոննա էր, հիմա 700 տոննա է: Այս հիմնարկը  հեռանկարներ չունի»,- ասում է թեկնածուն: Քաղաքապետ ընտրվելու դեպքում, այնուամենայնիվ, Ս. Վարդումյանը որոշել է սեփականատերերի հետ լծվել ընկերությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու գործին: Միաժամանակ համագործակցելու է այլ գործարարների հետ՝ Ախթալայում նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Ս. Վարդումյանի խոսքով` Ախթալայի Րաֆֆու փողոցի, Առափնյա և Երկաթուղային թաղամասերի բնակիչները իրեն բողոքել են քաղաքի անհամաչափ զարգանալուց, այդ թվում նաև թաղամասերի վատ աղբահանությունից և աղբարկղների բացակայությունից: Ընտրվելու դեպքում Ս.Վարդումյանը  խոստանում է այդ թաղամասերում  տեղադրել աղբարկղներ և բարելավել աղբահանության գործը:

«Ախթալայի բնապահպանական վճարներից 2015թ.-ին  ասֆալտապատվել է Սարահարթ թաղամասի հրապարակից  քաղաքապետարան գնացող ճանապարհահատվածը: Հիմա այս թաղամասի բնակիչը ինձ ասում է՝ ընկեր Սասուն, ինչպես հասկանալ, եթե իմ փողոցում չկա աղբահանություն, չկա լուսավորություն, չկա գազաֆիկացում և դուք  այնտեղ ասֆալտ եք անում: Մարդիկ ճիշտ են ասում: Մենք քաղաքապետ ընտրվելու դեպքում պետք է զբաղվենք այս խնդիրներով, որպեսզի Ախթալան տանենք դեպի համաչափ զարգացում»,- ասում է Ս․ Վարդումյանը:

«Այդ ճանապարհահատվածի ասֆալտապատումը  բնապահպանական նպատակ է ունեցել: Անբարեկարգ այդ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների բարձրացրած փոշին շնչում էի ճանապարհի վրա գտնվող  դպրոց, մանկապարտեզ հաճախող երեխաներն ու  առողջապահական կենտրոն գնացող հիվանդ մեր համաքաղաքացիները»,- իր հերթին բացատրեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

Նախընտրական իր ծրագրում Ս. Վարդումյանը նախատեսել է նաև լուծել Ախթալայի գերեզմանատան նոր տարածքի հատկացման և թիվ 2 դպրոց գնացող ճանապարհով երթևեկող ուսուցիչների և աշակերտների ճանապարհային անվտանգ երթևեկության խնդիրները: Դրա համար Ս. Վարդումյանը քաղաքապետ ընտրվելուց հետո Ախթալայի Բարիտ-Սվինեց միջհամայնքային ճանապարհին մայթեր է կառուցելու: Թեկնածուն կարևորեց նաև քաղաքապետարանի և բնակչության կապը: Ս.Վարդումյանը ընտրվելու դեպքում իրեն պարտավորեցնելու է 6 ամիսը մեկ  հաշվետվությամբ հանդես գալ բնակիչների առաջ:

Թեկնածուի  նախընտրական ծրագրում տեղ է գտել նաև Ախթալայի Սարահարթ թաղամասի զբոսայգու բարեկարգման խնդիրը: Բարիտ թաղամասի հացատան տարածքում մեկ ամիս առաջ քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը սկսել է կառուցել քաղաքի հանդիսությունների սրահ: Վերջինիս հետ կապված Ս. Վարդումյանը  հռետորական հարց ուղղեց Հ. Խաչիկյանին. «Պարոն Խաչիկյան, ինչու հենց հիմա՝ ընտրությունների շեմին որոշեցիք կառուցել այդ  հանդիսությունների սրահը»: Ս. Վարդումյանը այդ  շինարարությունը որակեց Հ. Խաչիկյանի նախընտրական փիառ:

«Ինչպես եք գնահատում գործող քաղաքապետի աշխատանքը» հարցին Ս․ Վարդումյանը պատասխանեց․ «Իմ վերաբերմունքը քաղաքապետի աշխատանքին տվել եմ ավագանու նիստերին՝ քվեարկություններով: Հ. Խաչիկյանի կողմից առաջարկվել են ծրագրեր, որ իսկապես կողմ եմ եղել: Բյուջեի հետ կապված, ասֆալտապատման խնդիրներում ավագանու նիստերին ես հանդես եմ եկել իմ առաջարկություններով: Դրանք ավագանու կողմից մերժվել են և ես դեմ եմ քվեարկել քաղաքապետի ներկայացված առաջարկությանը»,-պատասխանեց Ս. Վարդումյանը:

Հայկազ Խաչիկյանը

Գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը քաղաքապետի թեկնածու է գրանցվել Հանրապետական կուսակցության  առաջադրմամբ:

Իր ասելով` Հայկազ Խաչիկյանը քաղաքապետի այս ընտրությունների պատրաստվել է նախորդ՝ 2012թ.-ի ընտրությունից հետո՝ քաղաքապետի իր պաշտոնավարման հենց 1-ին օրերից: Նա ի սկզբանե նկատել է, որ Ախթալայի ԼՀԿ-ի հանքային պաշարները անսպառ չեն և իր նախընտրական ծրագրում առաջնահերթ խնդիր է համարել Ախթալայում ԼՀԿ-ին ալտերնատիվ աշխատատեղեր ստեղծելու գործը: Դրա համար Հ. Խաչիկյանը քաղաքում շահավետ պայմաններ է ստեղծվել նախկին պահածոների գործարանի բազայի վրա «Արմաշ» ընկերության կողմից ալրաղաց գործարան կառուցելու համար: «Ալրաղացը  50-60 աշխատատեղ է ապահովել»,- հայտնեց Հ. Խաչիկյանը:

Համայնքի բյուջեի 2013-2016թ.թ. եկամուտները քաղաքապետի կողմից ուղղվել են համայնքային ենթակառուցվածքների՝ այդ թվում 85 երեխաներ ընդգրկող քաղաքի  թվով 3 մանկապարտեզների, արվեստի դպրոցի, քաղաքապետարանի աշխատակազմի պահպանմանը և աղբահանության կազմակերպմանը: Բյուջեի 52 մլն դրամ սուբվենցիայի 3 մլն դրամ ներդրումով 2016թ.-ին ասֆալտապատվել է Ախթալայի Աբովյան փողոցից  դեպի քաղաքապետարան գնացող մոտ 640 .մ. ճանապարհահատվածը, 3 մլն դրամ ներդրումով ասֆալտապատվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող և Սարահարթ թաղամաս եկող փողոցները: «Փրկեք երեխաներին» կազմակերպության 4մլն դրամ ներդրումով այս տարի պուրակ է կառուցել առողջության կենտրոնի հարևանությամբ: «Առայժ պուրակի նախատեսված աշխատանքերի 90 տոկոսն է կատարված»,- հայտնեց Հ.Խաչիկյանը:  

Օգոստոսի 29-ին Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևան տարածքում շահագործվեց Ախթալայի  սոցիալական ձեռնարկությունների կենտրոնը, որտեղ  աշխատելու են 10 աշխատողներ: Հ.Խաչիկյանի խոսքով` առաջիկայում Ախթալայում կմեկնարկի «Միջազգային գյուղ» ծրագրի իրականացումը: Ֆրանսիացիները 1845-1920թ.թ.-ին շահագործել են Ախթալայի հանքերը: Նրանք այն ժամանակ Ախթալայում ֆրանսիական թաղամաս են կառուցել: Ախթալայում խորհրդային տարիներին ապրել են 18 ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև մեծ թվով ռուսներ, վրացիներ  և հույներ։  

Նախընտրական իր  ծրագրով Հ. Խաչիկյանը նախատեսել  է  ֆրանսիացիների աջակցությամբ վերականգնել Ախթալայի ֆրանսիական թաղամասը, ապա  մյուս՝ ռուսական, հունական, վրացական թաղամասերը: Առաջիկայում Լոռու մարզպետարանի և ֆրանսիայի Պակա շրջանի միջոցով Ախթալայում կկառուցվի  600 հազար ԱՄՆ դոլար նախահաշվային արժեքով  Ժակ Մորգանի անվան հնագիտական թանգարան: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 200 մլն. դրամ ներդրմամբ նախատեսված է Ախթալայի թիվ 2 դպրոցի  կապիտալ նորոգման աշխատանքերը: «Շինարարության վրա աշխատելու են միայն ախթալեցիները»,- վստահեցրեց քաղաքապետը: Այս ծրագրերի իրականացմամբ Ախթալայում ոչ միայն նոր աշխատատեղեր, այլ հաճելի միջավայր կստեղծվի հյուրանոցային բիզնեսի ներդրողների համար:

Հ. Խաչիկյանը  խոստովանեց, որ անցած տարիներին ապարդյուն են անցել Միքայել Արամյանցի տունը զբոսաշրջության կենտրոն դարձնելու իր բոլոր ջանքերը, քանի որ սեփականատեր Մ. Թաշճյանը այն վարկի դիմաց գրավադրել է Հայաստանի բանկերից մեկում:

Քաղաքապետի թեկնածու Սուրեն Թամազյանի հետ մեզ չհաջողվեց  զրուցել իր նախընտրական ծրագրերի մասին: Թեկնածուն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:    

Մեկնաբանություններ (4)

Ախթալեցի
Մատը մատին չտալ ասելով ինչ նկատի ունեք?? երևի են, որ դեռ 96թ-ին 1 ամսվա մեջ լուծեց խմելու ջրի հարցը, երբ Ախթալան ու շրջակա համայնքները շաբաթներով ջրի կարոտ էին; թե են, որ 7կմ երկաևությամբ ոռոգման ջրագիծ քաշեց 97թ-ին,որը մինչև էսօր գործումա;հաաա, երևվի եեեն մեկը, որ երկար տարիների ընթացքում ավիրված ու թալանված ֆաբրիկան Թամազյանի ջանքերով վերագործարկվեց, ընդ որում ի սկզբանե 100 աշխատատեղով, իր պաշտոնավարման տարիներին էտ թիվը հասավ մինչև 450, իսկ հիմա իջել է մինչև 70-80 աշխատատեղ(են ել առանց աշխատավարձի) ։ Դե հա, էտ ինչա որ՞՞)) մեկել Ախթալայից մինչև “Շամլուղի պովորոտ” ասֆալտապատումն էլ չմոռանանք․․․ եհ․․․ բա են աղբատար մեքենան որ մատին փաթաթան են արել)) ախր բոլորը գիտեն,որ էտ Թամազյաննա բերել ետ մեքենան մեեեծ դժվարություններով, ու ոչ բյուջեի միջոցներով; P.S. Տեր Հայրն ինչ կապ ուներ քաղաքապետի հետ?? ))
Գևորգ
Սուրիկ Թամազյանը ընտրվել է 4անգամ և աշխատել է 12 տարի:Այդ 12 տարվա մեջ ,գոնե 1-2 ծրագիր չի իրականացրել,որ կարող է մատնացույց անել:Ջրի խնդիրը լուծվել է 2013-ին ,իսկ մինչ այդ ջրամատակարարումը 4օրը մեկ էր:Ինչ վերաբերվում է Ախթալայի ԼՀկ վերագործարկմանը,ապա Սուրիկ Թամազյանը դրա հետ որևէ առնչությու չունի,ավելին նա 15 տարուց ավելի մուտք չի գործել ԼՀԿ տարածք,իսկ այսօր էլ այնտեղ աշխատում է մոտ 600 մարդ,և որևէ քաղաքապետից կախված չէ այս կամ այն ձեռնարկության գործունեեուեյունը:Աղբահանությունը Սուրիկի օրոք սահմանափակվել է աղբը այրելով և գարշահոտ տարածելով,իսկ մեքենան ձեռք է բերվել ամերիկյան ֆինանսավորմամբՍուրիկը ասելու բան ունենար բացճակատ կհանդիպեր ախթալեցիներին,այլ ոչ թե տնետուն ման կգար,որտեղ մի մասիցիրեն ուղղակի վռնդում :Իսկ ամենամեծ գնահատականը ժողովրդի քվեն է,որն էլ ցույց կտա,ով ինչի է արժանի
Անուշ Ավետյան
Շատ ճիշտ և դիպուկ է ասված, շատ լավ արածներն էլ չենք ասում, որովհետև հնարավոր չէ այդքան նշել,
=wxwvwu8d
սուրիկ թամազյանը ընդհանրապես ոչ անելիք ունի ոչ ասելիք, ինչ մնաց թե ծրագիր ներկայացնի և զանգին պատասխանի: նա բազմիցս եղել է քաղաքապետ բայց ոչ մի ախթալեցի,, ոչ մի բնակիչ չի տեսել նրա աշխատանքը: միայն իր համար է աշխատել և իր քրոջ ընտանիքի, ու իր մի երկու աշխատակազմի համար: նա բացարձականապես ոչինչ չի կատարել ախթալայի համար: ոչ մի մատը մատին չի տվել: հիմա որ ինչա դնում էլի իր թեկնածությունը, միգուցե վրեժ ունի մի քանի հոգուց լուծելու, ուրիշ ոչինչ: ինչ տեսելա ախթալայի բնակիչը այս քաղաքապետի ժամանակ է տեսել, ջրի հարցը լուծել է, և խմելու և ոռոգման, շենքերի տանիքներա վերանորոգել բազմաթիվ, մանկապարտեզները 3 տեղամասում էլ կան և շատ լավ սննդակարգով: սվինեցի մանկապարտեզը Խաչիկյանը վերանորոգեց և բացեց, գազի խնդիրը լուծեց, աղբահանություն աղբահան մեքենայով հանդերձ լուծեց, գիշերեյին լույսերի խնդիրը լուծեց, ախթալայում քանի տարիա խորովածի փառատոն է իրականանում, որի շնորհիվ և տուրիզմն է զարգանում և շատ հրաշալի միջոցառումներ են տեղի ունենում, ծնվածի և մահացածի ընտանիքին տեղ է հասնում այն գումարը որը չկար այն ժամանակ, բարիտ թաղամասում 5հարկանի շենքի տակ հիմնանորոգել է մեծ սրահ և ուրախությունների և տխրությունների համար իր ամեն պարագաներով և կահավորումներով հանդերձ : մի խոսքով ախթալայի աչքը լույսա եկել աշխատող մարդու աշխատասիրությունը պետք է էլ ավելի կրկնապատկվի , որովհետև նա դեռ անելիքներ ունի: և մանկապարտեզների և դպրոցների կոլեկտիվներին իր ուշադրությանն է արժանացնում թե մարտի ապրիլի և ուսուցչի տոների ժամանակ: Ախթալայի եկեղեցին իր միջամտությամբ ունեցավ տեր հայր: մի խոսքով ախթալեցոնց աչքին լույսա եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter