HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին 10 տարիներին Երևանում տեղադրված արձանները

Վերջին 10 տարիներին Երևանում տեղադրվել է 29 արձան:

Երևանի քաղաքապետարանի` «Հետք»-ին փոխանցած հուշարձանների ցանկը ներառում է 2005թ-ից մինչև 2016-ի առաջին եռամսյակը տեղադրված արձանների անունները: Ըստ այդ ցուցակի` 2005 և 2006 թվականներին մայրաքաղաքում հուշարձան չի տեղադրվել։

Երեւանում առավել շատ տեղադրվում են հուշարձաններ, կիսանդրիներ և արձաններ։ Երևանյան արձանների «գլխավոր հերոսները» գրականության, այնուհետև՝ արվեստի, ռազմական ոլորտի գործիչներն են ու բարեգործները։ 2009 թվականին տեղադրված «Արմենուհի» քանդակից բացի, վերջին 10 տարիներին տեղադրված մյուս բոլոր արձանները մարմնավորել են արական սեռի գործիչներին։ Դրանց մեծամասամբ կարելի է հանդիպել Կենտրոն համայնքում։

ինֆոգրաֆիկան՝ Piktochart.com

Որքան վճարեցինք և ինչ կունենանք

Պարզվում է՝ վերը նշված գրեթե բոլոր արձանները տեղադրվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսավորմամբ. այսինքն՝ ոչ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին։ Ըստ Երևանի քաղաքապետարանի` 29 հուշարձաններից միայն մեկը` Համազասպ Բաբաջանյանի արձանն է տեղադրվել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ:

Պաշտպանության նախարարությունից «Հետք»-ի հարցմանը պատասխանեցին, որ Համազասպ Բաբաջանյանի արձանի պատրաստման և տեղադրման արժեքը կազմել է 20 մլն 21 620 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Մինչև 2018 թվականը մայրաքաղաքում դեռ կտեղադրվեն 3 հուշարձաններ՝ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմերճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մաշտոցի այգում, 1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված «Արարատ» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը, բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Լևոն Թոքմաջյան.«Քանդակում կարևորը արտահայտչականությունն է, որ մի անգամ նայելուց հետո էլի ցանկանաս նայես, ու ամեն անգամ նայելով՝ նոր բան հայտնաբերես»

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, դիտարկելով վերջին տասը տարիներին տեղադրված արձանները, նշում է՝ որակական առումով առանձապես ուրախացնելու բան չկա։ Կարծում է՝ Երևանում տեղադրվող արձանները քաղաքական ուղղվածություն ունեն։ Հատկապես դրա վառ արտահայտում է համարում 2016 թվականին տեղադրված Գարեգին Նժդեհ ու Համազասպ Բաբաջանյան արձանները։ 

«Նայում եմ Գարեգին Նժդեհի արձանին, այնտեղ Նժդեհ չեմ տեսնում։ Նժդեհի արձանը հասարակությունն էլ միանշանակ չընդունեց, քանզի Նժդեհն իր էությամբ շատ էմոցիոնալ, կռվող, պայքարող կերպար է, սակայն տեղադրված արձանում մենք տեսնում ենք հռետորի կեցվածքով անձի։ Քանդակում կարևորը արտահայտչականությունն է, որ մի անգամ նայելուց հետո էլի ցանկանաս նայես ու ամեն անգամ նայելով՝ նոր բան հայտնաբերես։ Սակայն տեղադրված վերջին գործերում այս ամենը ես չեմ զգում»։

Թոքմաջյանի համար քանդակագործությունում արվեստն ու արհեստը պետք է փոխկապակցված լինեն, և, ըստ նրա, արձանի որակը որքան էլ «բարձր» լինի, դրա որակը կպայմանավորվի բովանդակությունից:

Քանդակագործը արվեստում երեք սկզբունք է կարևորում՝ զգացումը, կենդանի արտահայտությունն ու սերը, և եթե դրանք քանդակում բացակայում են, կարծում է, այն որքան էլ որակով արվի, կենդանություն չի ունենան։

Երևանյան արձաններում Թոքմաջյանը տեսնում է միայն վարպետություն, սակայն արձանագրում է՝ դրանցում բացակայում է գաղափարական և զգացմունքային տարրը։ Ցանկանում է, որ Երևանում ավելի շատ տեղադրվեն սիմվոլիկ, գաղափարական, ոչ քաղաքականացված արձաններ, հատկապես՝ կյանքը, սերը, կնոջ գեղեցկությունը գովաբանող, պոետական, անկախության և ազատության համար պայքարող արձաններ:

Նկարչի համար Հայաստանում վերջին ժամանակներում և՛ երաժշտությունում, և՛ գրականությունում և՛ կինոյում փրփուրային, արտաքին էֆեկտներ են մատուցվում, կարծում է՝ ամեն ինչ շոուի, ցուցադրության է վերածվել. «Դրա համար քանդակին մեկ անգամ նայելուց հետո էլ չես ցանկանում նայել։ Նման բան պետք է չլինի։ Իսկ դա չլինելու համար երկրի իրավիճակը պետք է շատ կայուն լինի։ Հայաստանում այսօր տեսնում ենք՝ ամեն ինչ քաղաքական է դարձել. որ հեռուստաալիքը միացնում ես, քաղաքականություն է։ Այդ պայմաններում արվեստը չի զարգանա»։

Կնոջ կերպաներով քանդակների բացակայությունը Թոքմաջյանը պայմանավորում է պատվերների բացակայությամբ։ Իր օրինակը դիտարկելով` նշում է՝ չեմ կարող հսկայական մի քար վերցնել, ամիսներ շարունակ դրա վրա աշխատել և վերջում մտածել՝ սա ինչ անեմ: «Հավանաբար կնոջ կերպարով արձաններն այսօր ո´չ «վերևներին», ո´չ «ներքևներին» չեն հետաքրքրում»,- կատակում է քանդակագործը:

Լուսանկարն ու տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter