HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ՆԳ նախարարի առանձնատան պահակը մահացել է անհայտ հանգամանքներում

Հուլիսի 17-ի գիշերը Ռոբերտ Շաքարյանի դիակը հայտնվեց Ստեփանակերտի մորգում: Մեր աղբյուրը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում հայտնեց, որ գիշերը ժամը 2-ին ոստիկանության աշխատողները ահազանգ են ստացել եւ մեկնել ԼՂՀ ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի քաղաքի կենտրոնում գտնվող նորակառույց առանձնատունը: Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները դեռ ավարտված չէին եւ Երեւանից շինարարների մի խումբ այնտեղ դեռ աշխատում էր: Ռոբերտ Շաքարյանը Իսագուլովի տան պահակն էր: Նույն օրը մորգում Ռ.Շաքարյանի կնոջը` Գալյային հայտնել են, որ ամուսինը մահացել է սրտի կաթվածից: Գալյա Շաքարյանը բուժքույր է եւ աշխատում է հիվանդանոցում:

Մորգում հարազատները դիակը տեղաշարժելու ժամանակ նկատել են, որ գլխի հետեւի ոսկորները ջարդված են եւ դուրս ցցված, իսկ շորերը ամբողջովին արյունոտ: Նրանք բնականաբար չեն հավատացել, որ Ռ.Շաքարյանը մահացել է սրտի կաթվածից: Մորգում գտնվող հարազատների վկայությամբ Ռ. Շաքարյանի մարմնի տարբեր մասերում կային նաեւ բազմաթիվ կապտուկներ: Իսկ քաղաքում այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Շաքարյանին ծեծելով են սպանել: Մահվանից հինգ օր անց հարազատների բազում դիմումներից հետո տվեցին մահվան պատճառը արձանագրած փաստաթուղթը, ըստ որի Ռ.Շաքարյանը մահացել է ալկոհոլային թունավորումից:

Հարազատները, իհարկե, չեն հավատում, որ Ռ. Շաքարյանի մահվան պատճառը ոգելից խմիչքն է եղել: Սակայն նրանք վախենում են բողոքել: Կնոջ հետ հանդիպելու մեր բոլոր ջանքերը ապարդյուն էին: Ռ. Շաքարյանի բարեկամները, որոնց հետ հանդիպել էի մի քանի անգամ, փոխանցեցին կնոջ ասածները` ինքը որդի ունի եւ վախենում է նրա համար: Քաղաքում խոսում են նաեւ, որ այս դեպքից հետո Ա. Իսագուլովի որդին մեկնել է Ստեփանակերտից: Մի բան հստակ է, քանի ԼՂՀ ՆԳ նախարարը Ա. Իսագուլովն է, Ռ. Շաքարյանի մահվան իրական պատճառների մասին որեւէ բան չի պարզվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter