HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդավանցիներն իշխանության որևէ խոստման այլևս չեն հավատում

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղը սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Այստեղ հիմնականում ապրում են Ադրբեջանի Վարդաշենի շրջանի Ճալեթ գյուղից բռնագաղթածներն ու Կուտկաշենի և  Խանլարի շրջաններից տեղահանվածները: Դեբեդավանում, գյուղացիների ասելով, 200 տնտեսություն է ապրում: Զեյնալ Բաբաջանյանն ասում է, որ  Դեբեդավանը 25 տարվա խնդիրներ ունի:

«Էս 25 տարի է՝  ոչ խմելու ջուր ունենք, ոչ ոռոգման ջուր և  ոչ մանկապարտեզ»,- հայտնեց  Զեյնալը:

«Գյուղացիները դաշտի գործով են զբաղվում: Ինչքան ապրում ենք, էս  25 տարի է՝ եկող գյուղապետն ասում է ջուրը քաշելու եմ»,- հավելեց Ավանես  Դարգյանը:

«Սեմուշկա, կուկուռուզ ենք ցանում, այգիներից էլ  խաղող և ուրիշ մրգեր ստանում: Մեր առաջնահերթ խնդիրը խմելու ջուրն ա: Բա որ էդ չլինի, էս անապատումը ի՞նչ անենք:  Ամեն ընտրության  որ թեկնածուն մտնում ա գեղը, սաղ խոստում են տալիս, ով գալիս է՝ ասում է՝ ջուր եմ քաշելու: Ուրա՞:  Մեր դարդ ու ցավը դա ա»,- նեղսրտեց Ավանեսը:

«Եթե էդ ոռոգման ու խմելու ջրի հարցը մին լուծեն, դրանից հետո Դեբեդավանում արխեին մարդն իրեն համար կապրի»,- բացատրեց Զեյնալը:

«9 սմ խողովակով 700 մ տնամերձս ջրելու մեկ ժամվա համար 2000 դրամ փող են ուզում, ոնց կլինի սենց: Դավլենի չունի էդ ջուրը: «Հայջրմուղկոյուղին» 2000 դրամ փող ա ուզում՝ 500 դրամի փոխարեն, կարամ ապացուցեմ էլ: Իրա ուզած փողը չես տալի  կամ մի բանից դժգոհում ես,  ջուրը կորավ: Մեզ վրա ջուրը թանկ ծախում ա, բայց ջուրը հլեն հե գնում է Վրաստան»,- պատմեց Ավանես Դարգյանը:

«Դեբեդավանը 600 բնակիչ ունի, բայց գյուղում ջուր խմելու էս մի աղբյուրն ա»,-հայտնեց աղբյուրից ջուր կրող մի երիտասարդ տղամարդ: 

Դեբեդավանը 800 հա հող ունի: Բագրատաշենից դեպի Դեբեդավան գնացող ճանապարհաեզրի պապակած դաշտերը չորից խանձված էին:  

Դեբեդավանի այլևս նախկին գյուղապետ Վ. Դամիչյանը գյուղի հիմնախնդիրները լուծելու փոխարեն,  համայնքի  հազիվ 13 մլն դրամ բյուջեն ծառայեցրել է  գյուղապերանի աշխատակազմի և իր աշխատավարձի բարձրացմանը:

Համայնքի  ավագանին էլ գյուղապետի առաջարկություններն առանց ծանր ու թեթև անելու 2015թ.-ի դեկտեմբերի 21-ի  21-Ա  որոշումով գյուղապետ Վանյա Դամիրչյանի ամսական աշխատավարձը սահմանվել է 220 000 դրամ:

Ավագանու նույն օրվա թիվ 22-Ա որոշումով գյուղապետարանի անգործության մատնված աշխատողներից աշխատակազմի քարտուղարի աշխատավարձը  սահմանել է 120 000 դրամ,  առաջատար մասնագետի աշխատավարձը՝ 119 հազար դրամ, 1-ին կարգի մասնագետինը՝ 100 հազար դրամ, պարետի և հավաքարարի աշխատավարձը՝ 88  հազարական  դրամ: 

Ամենազավեշտալին Դեբեդավանի ավագանու նույն օրը ընդունած  24-Ն  որոշումն է, ըստ որի  գյուղապետարանի իրավասության շրջանակներում տրվող /հաստատվող   փաստաթղթերի համար մատուցած ծառայությունների դիմաց/ սահմանել է գյուղացիների փոխհատուցման վճարներ:

Այսպես,  համայնքի բնակիչ համարվող  անձանց աշխատավարձի և  աշխատանքային հարաբերությունների հետ կապված ՝ այլ վճարներ ստանալու, նպաստներ և կենսաթոշակներ, գյուղացիների բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը հաստատելու  համար սահմանվել է  1000 դրամ, գյուղացիներին տրվող յուրաքանչյուր տեղեկանքի համար 200 դրամ, հողերի չափագրման աշխատանքերի համար՝ 1000 դրամ, համայնքի բնակիչ համարվող  անձանց  տրվող յուրաքանչյուր բնութագրի և  երաշխագրի համար՝ 500 դրամ:

Դեբեդավանցիները ասում են, որ իշխանության որևէ խոստման այլևս չեն հավատում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter