HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բուժման ծախսերի համար ընտանիքը միակ կեցավայր վագոն-տնակը հանել է վաճառքի

Դիլիջանի Շամախյան թաղամասի բնակիչ Մհեր Բադալյանը ողնաշարի լուրջ առողջական խնդիրների պատճառով արդեն ավելի քան կես տարի է` դարձել է անաշխատունակ, ինչի հետևանքով նրա ընտանիքը մնացել է 35 հազար դրամ նպաստի հույսին:

Մհերը, ըստ նախնական հետազոտությունների, երեք ճողվածք ունի ողնաշարի վրա: Ավելի խորքային հետազոտության եւ բուժման ֆինանսական բացակայության պատճառով երեք երեխաների հայրը վաճառքի է հանել վագոն-տնակը, որտեղ բնակվում է ընտանիքը:

«Ես աշխատել եմ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունում, հետո՝ տարբեր շինարարություններում: Մի անգամ ծնկումս շատ ուժեղ ծակեց, մտածեցի՝ լուրջ բան չկա: Էդպես ծակոցներով գործի էի գնում: Մի օր էլ թեւերս ընկած բերել-գցել են տուն: Ախպերս շտապօգնություն զանգեց, բժշկուհին ասաց՝ գնա ստուգման: Գնացի «Տավուշ» բժշկական կենտրոն, բժիշկներն ասացին՝ ծնկիդ ոսկորները մաշում են: Գնացի Երեւան, ասացին՝ դա ծունկդ չի, ողնաշարդ է, խփում ա ծնկիդ: Եկանք ուղեգիր վերցրինք, գնացինք Երեւան, մինչեւ գիշեր թափառեցինք, վազվզեցինք, ոչ մի տեղ հնարավոր չեղավ հետազոտություն անցնել»,- պատմում է Մհերը:

Տեղամասային ամբուլատորիայից տրամադրած բժշկական ուղեգիրը, որը պետք է իրական հնարավորություն տար մագնիսառեզոնանսային հետազոտություն անցնել եւ պատկերացում կազմել ողնաշարի վիճակի վերաբերյալ, մայրաքաղաքային բժշկական կենտրոնների համար ոչ մի նշանակություն չի ունեցել: Մհերը դիմել է բոլոր հնարավոր բժշկական կենտրոններ, սակայն բոլոր տեղերում պատասխանել են, որ անվճար հետազոտությունների սահմանը տարվա համար սպառվել է, եւ հետազոտվել հնարավոր է միայն վճարովի:

«Ուլտրաիմիջինգ» կենտրոնում նրան հերթագրել են` հետազոտության օր նշելով 2017թ. հունվարի 23-ից հետո ընկած ժամանակահատվածը: Արդեն քանի ամիս է՝ Մհեր Բադալյանը ձեռնափայտի օգնությամբ է քայլում, այն էլ՝ մեծ դժվարությամբ, ընտանիքը գոյատեւում է պարտքերով:

- Հացի փող չունենք: Էրեխուց դպրոցում ռուսերենի տետր են ուզել, չեմ կարողանում առնել: Կինս գնաց միջազգային դպրոցում 4 օր փորձաշրջան անցավ, որ մի գործ ունենա, ասացին՝ կկանչենք, մինչեւ հիմա չեն զանգել: Դրանից հետո մի հյուրանոցից առաջարկեցին՝ հինգ օր փորձաշրջան անցնի, էլ չթողեցի: Ես՝ էս վիճակում, Հերմինեն՝ առանց աշխատանք… Անցած տարի էրեխես հիվանդանոց էր ընկել, խնամելու փող չունեինք, «Նուռ» քարտ վերցրինք, ընկանք տոկոսների տակ…

«Մեր թաղամասի խանութին ահագին փող ենք պարտք: Շատ դժվար ա: Էրեխեքը քաղցրավենիքի կարոտ են: Այ տենց վիճակ ա»,-պատմում է Հերմինեն:

«Ես ինչ եմ ուզում՝ էնքան ա լավանամ: Մինչեւ ե՞րբ կարան ինձ օգնեն, ո՞վ ա պարտավոր օգնի: Գոնե մի բարի մարդ լինի, հիմա ձեռք մեկնի, բուժվեմ, կարենամ աշխատեմ, ընտանիքս պահեմ: Ձմեռ ա գալիս, փայտ չունենք: 35 հազար դրամ նպաստ ենք ստանում ու եռամսյակը մեկ էլ՝ 30 հազար դրամ, եկեղեցու հովանավորի կողմից: Դպրոցական էրեխեքիս իսկի տետր, կոշիկ չենք կարողանում առնել: Էլ ինչ գլուխդ ցավացնեմ, էնա տենում ես, էլի…»,- սրտնեղած պատմում է Մհերը:

Մհերի ավագ դուստրը՝ Միլենան, որոշել է՝ դառնալու է հռչակավոր պարուհի: Իննամյա Միշան սովորում է երրորդ դասարանում, եւ երազանքն է՝ զինվորական դառնալ: Նույն երազանքն ունի նաեւ նրա հնգամյա քույր Մերին:

Երազանքը՝ երազանք, բայց ահա վագոն-տնակի վաճառքի «հայտարարությունը» տրված է՝ դրա վրա սպիտակ կավիճով արված «Վաճառվում է» գրության տեսքով: Տնակի վաճառքի դեպքում Բադալյանները ստիպված կլինեն հինգ հոգով տեղավորվել Մհերի՝ հարեւանությամբ ապրող եղբոր տան փոքր սենյակներից մեկում:

Մեկնաբանություններ (5)

Ararat
093 43 40 32, 099 81 23 90, Հերմինե,ընտանիքի մայրն է:
Անահիտ
Հեբախոսահամար ով կասի
Գագիկ Աղբալյան
Անի ջան, իրենք պատմեցին, որ երբ իրենք Երեւանում էին, կարծեմ թե դստեր հիվանդության ժամանակ, իրենց օգնող է եղել: Բայց կոնկրետ չասացին՝ ով է: Նյութի մեջ դա էդ ձեւով ներկայացնելը նպատակահարմար չէր:
ԱՆԻ ԿԱՂԻՆՅԱՆ
իմ ընկերներից մեկը ԱՄՆ-ից իրանց գումարա ուղղարկել, ես իրանց ինչով կարողացել եմ օգնել եմ, նույնիսկ Երևանում բժշկին այցելելուց առաջ մեր տանն են մնացել, բայց դրա մասին ոչ մի խոսք, հետաքրքիր են մարդիկ հիշում է, որ եկեղեցին օգնել է, բայց որ մարդիկ են օգնում չեն հիշում, ես ու իմ ընկերը մեր խղճի համար ենք օգնել ու չենք ափսոսում: ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՄՀԵՐԻՆ...
SATIK
Knoj tvyalnern kaseq?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter