HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հերհերցիների՝ Վայքին միանալու ցանկությունը հաշվի չի առնվել

Երանուհի Սողոյան

Ասֆալտապատ ճանապարհի պարգեւած ուրախությունը կարճ է տեւում, երբ հերթական շրջադարձին չհասած, մեքենան դանդաղեցնում է ընթացքը՝ անակնկալ հայտնված փոսերի առատությունից խուսափելու համար: Դեպի Հերհեր տանող ընդամենը 800 մետր նոր, հարթ ճանապարհահատվածն է, մնացյալ 11 կմ-ը՝ քարուքանդ վիճակում, տեղ-տեղ խորհրդային տարիներից պահպանված ասֆալտի շերտով:

2014թ-ին, երբ կառավարությանն առաջարկ էր ներկայացվել ճանապարհի ամբողջական հիմնանորոգման համար՝ պատճառաբանվել էր, որ կառուցման օրվանից երբեւէ չի վերանորոգվել և գտնվում է վատթար վիճակում: Ճանապարհից օգտվում է նաև հարեւան Կարմրաշեն համայնքը: Երկու համայնքների 1600 բնակիչ զրկված է նորմալ երթեւեկության հնարավորությունից: 12 կմ ճանապարհի հիմնանորոգման համար պահանջվող գումարը 405 մլն դրամ էր: Առաջարկությունը չէր ընդունվել` ելնելով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթությունից:

Փոշոտ ու փոսառատ ճանապարհի տպավորությունները մեղմվում են Հերհերի արհեստական ջրամբարի գեղեցիկ տեսարաններով՝ հագեցած աշնանային գույներով: Շուտով երեւում է Հերհերի առաջին բնակելի տունը: 87-ամյա Սեդրակ Հունանյանը  «հյուր կընդունե՞ք» հարցին ի պատասխան ձեռքով է անում, թե՝ ներս համեցեք: Սեդրակ պապին կնոջ մահից հետո 14 տարի է մենակ է բնակվում: Չի դժգոհում, ասում է. «Տղաներս գալիս են շուտ-շուտ, թոռներս, գյուղում ախպոր տղերք ունեմ՝ իրենք են ամեն օր հանդիպում, ես եմ գնում՝ չեմ դժգոհում»: Պապի դժգոհությունը առաջիկայում սպասվող համայնքների խոշորացումից է: Հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են՝ Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն եւ Հերհեր համայնքները միանալու են՝ ձեւավորվելու է Ջերմուկ փունջը Ջերմուկ կենտրոնով: Չորս համայնքի բնակիչները համայնքապետ ու ավագանի են ընտրելու:

«Սա կարգ ու կանոն չի, գյուղը վերացնում են,-ասում է Սեդրակ պապը,- մեր գյուղը մոտ 400 տնտեսություն է եղել՝ էսօր քայքայվել է: Որ դուռը նայում ես՝ փակ, այգիներն անխնամ մնալով չորացել են: Որ խոշորանա՝ գյուղն ավելի է քանդվելու: Պետությունը թող վերեւները նոսրացնե, թող 130 պատգամավոր չպահեն՝ 50-ը պահեն՝ ահագին փող կխնայեն: Գյուղը, որ միացնեն ու գործ չարվի, էլի ընտանիքներ կգնան: Ասենք մի փոքր բողոք ունեմ՝ մի երկու տողանոց, գնամ հասնեմ Ջերմու՞կ: Գյուղում, որ գյուղապետը պետք է լինում, զանգում եմ, հանդիպում եմ, հետն անձամբ խոսում եմ: Գյուղացին գյուղացու համար ավելի շատ կմտածի: Կարելի էր, չէ՞, գյուղացու հետ մի հատ խորհրդակցել, հանդիպել, կարծիք հարցնել՝ ոչ մի բան էդ ուղղությամբ չի արվել: Կարող է վերեւներից մեկն էկած լինի, գյուղապետի հետ խոսացած լինի ու վերջ: Դրանով հարցն համարել են փակված ու մեզ միացնում են Ջերմուկին»:

Հերհերում Սեդրակ պապը միակը չէ, ով նման մտահոգություն ունի: Շրջում ենք գյուղում: Կեսօր է ու գյուղամիջյան ճանապարհների դատարկությունը մի բան է հուշում՝ մարդիկ այգիներում են: Աշխատանքային հագուստով, վարդերի փունջը ձեռքին տղամարդուց թույլտվություն եմ հարցնում լուսանկարելու: Լայն ժպիտը տարածվում է անծանոթի դեմքին: Հրավիրում է տուն՝ բացատրելով, որ ծառի հովին զրուցելու իմ առաջարկն այնքան էլ ճիշտ չէ՝ հերհերցին հայտնի է իր հյուրընկալությամբ: Զրուցում ենք՝ թեման համայնքի խնդիրներն են ու առաջիկայում սպասվող համայնքների խոշորացումը:

49-ամյա Առաքել Առաքելյանն ունի երեք զավակ ու 4 թոռ: Երկու դուստրն ամուսնացած են, տղան ծառայում է ազգային բանակում: Առաքելը Հերհերի միջնակարգ դպրոցում զինղեկ է աշխատում: Ասում է, ամեն առավոտ բարի լույսին աչքերը բացելուն պես Աստծուց երեք բան է խնդրում. «Որ էսօր էլ ջուր ունենաք՝ հարեւանի հետ ջրի համար չկռվենք, աշխատավարձը ժամանակին փոխանցեն, հարկադիրի դռները չհայտնվենք»:

Հերհերի մասին խոսում է որպես ծերացող գյուղի: «Կարելի է ասել, որ ծերերի գյուղ է: Երիտասարդներ կան, բայց քիչ են: Նոր ընտանիքներ կազմվում են, բայց հետո թողնում են գյուղն ու տեղափոխվում Երեւան, ՌԴ կամ արտասահման: 30-35 տարեկան տղաներ ունենք, որ նայում ես քեֆդ տալիս է, չեն ամուսնում: Ասում են լավ, ասենք պապայի կամ տատի թոշակով հլը սիգարեթս առնում եմ, երեխուս ո՞նց եմ պահելու, եթե ամուսնանամ: Մարդիկ լքում են գյուղերը գնում են քաղաք, որ ջուր, լույս, գազ, ժամանացի վայր ունենան»,-մտահոգվում է Առաքելը:

Խոշորացման ծրագրի նկատմամբ Առաքելը բացասական վերաբերմունք ունի: Բացատրում է, որ ամենակարեւոր հանգամանքը հաշվի չեն առել ծրագրի հեղինակները՝ Հերհերը ուղիղ գծով կապվող ճանապարհ չունի Ջերմուկի հետ:

«Մենք 51 կմ հեռու ենք Ջերմուկից ու էնտեղ հասնելու համար նախ պիտի գնանք Վայք, որ 18 կմ է հեռու մեզնից, հետո նոր Ջերմուկ: Եթե դու մեքենա չունես, ուրեմն նախ պիտի հարմարեցնես գործերդ էնպես դասավորես, որ գյուղից շաբաթը երեք անգամ գնացող տրանսպորտի գրաֆիկի հետ համընկնի: Վայք հասնելուց հետո էլ պիտի հաջողացնես տեղ գտնես Եղեգնաձոր-Ջերմուկ գազելի մեջ: Վարորդն է ու ասում է, ախպեր, տեղ չունեմ, չեմ տանում՝ մնում ես տաքսիների հույսին: Ստացվում է, որ մի պետական նշանակության թղթի համար բավական գումար պիտի ծախսես կենտրոն հասնելու համար»:

Առաքել Առաքելյանի համոզմամբ ճիշտ տարբերակը Հերհերի եւ հարեւան Կարմրաշենի համար Վայք քաղաքի հետ միավորվելն է: Նույն տեսակետն ունի նաեւ Հերհերի համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանն, ով առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում չի առաջադրել:

760 բնակիչ ունեցող Հերհերում ներկայում 36 տուն կողպված է: Գյուղը թեեւ գազիֆիկացված է, սակայն բնական գազից փաստացի օգտվում են միայն 7-8 ընտանիք: Մնացածը չունեն պահանջվող գումարները խողովակներ գնելու եւ կապույտ վառելիքը տուն հասցնելու: Առաքելն օրինակ հաշվարկ է արել, որ առնվազն երեք տարի պիտի չուտի, չխմի, վարկի պարտք չփակի, ստացած աշխատավարձը կուտակի, որ այդ հարցը լուծի: Գյուղի 99 տոկոսը շարունակում է ձմռանը տաքանալ ավանդական աթարով ու փայտով:

Համայնքապետն ասում է, որ իրենց ամենամեծ խնդիրը գյուղ մտնող անբարեկարգ ճանապարհն է: «Գյուղն հայտնի է իր ընկույզի, խնձորի ու ծիրանի այգիներով, բայց բերքը չենք կարողանում իրացնել՝ ֆուռերը հրաժարվում են գյուղ մտնել: Անցած տարի անձամբ ես պայմանավորվել էի մի  քանիսի հետ, որ պիտի գային խնձոր տանեին Արցախ: Մի ֆուռն անձամբ ես եմ մտցրել գյուղ, մյուսները ասֆալտած ճանապարհը հենց պրծավ՝ վարորդներից մեկը զանգեց, թե հետ ենք գնում,-պատմում է Անդրանիկ Աբրահամյանը,-տուրիզմն էլ էդ ճանապարհի պատճառով չի զարգանում: Վայոց ձորի պատմամշակութային հուշարձանների 40 տոկոսը Հերհերի վարչական տարածքում է, բայց չենք կարողանում տուրիստ բերել: Գյուղում հարմար տներ էլ չկան եվրոստանդարտներով վերանորոգված, որ եկողը գոնե մի քանի օր մնա»:

Համայնքապետի համոզմամբ Հերհերը մեծ պոտենցիալ ունի զբոսաշրջության զարգացման առումով: Զբոսաշրջիկին իրենք առաջարկում են այցելել 7-8-րդ դարերի կառույց սուրբ Սիոն վանքային համալիր, որ ներկայում կիսավեր է: Գյուղում տեղեկացանք, որ մենաստանին մեծ վնաս են հասցնում գանձ որոնողները, որ անխնա քանդում են հայ ճարատարպետության տեսանկյունից եզակի հորինվածք ունեցող կառույցը: Երկու եկեղեցուց եւ արդեն կիսաքանդ մատուռից կազմված մենաստանին քիչ վնաս չեն հասցնում նաեւ հավատացյալները՝ մոմերը վառելով եւ ամրացնելով շինության պատերին:

Տուրիստներին առաջարկվող տեսարժան վայրերից է նաեւ «Կապույտ» ամրոցը(8-14-րդ դարեր), գյուղի հարավում գտնվող սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը, սուրբ Գեւորգ (Չիքի վանք, 1297), գյուղամիջում գտնվող 19-րդ դարի կառույց սուրբ Գեւորգ եկեղեցին եւ այլն: «Խոշորացումը դրական կգնահատեինք, եթե տուրիզմի զարգացման ուղղությամբ հետագայում քայլեր արվեր,-ասում է Անդրանիկ Աբրահամյանը,-դրա համար նախ ճանապարհները պիտի կարգավորվեն, գյուղում ապրողի համար բերքի իրացման հարցը լուծվի, որ մարդն էլ եկամուտ ունենա, կարողանա տունը վերանորոգի՝ տուրիստ ընդունի»:

Ընդամենը 14 մլն բյուջե ունեցող համայնքում սեփական եկամուտների հաշվին խոշոր ծրագրեր հնարավոր չէ իրականացնել: Համայնքը չունի գիշերային լւսավորության ցանց, գյուղամիջյան ճանապարհները հողածածկ են հիմնականում: Համայնքապետ Անդրանիկ Աբրահամյանն ասում է, որ ինչ որ տեղ կարողանում են միայն ներդրումային ծրագրերին մասնակցել:

«ԻՖԱՏ-ի ծրագրով ավարտել ենք խմելու ջրի արտաքին ցանցի կառուցումը՝ շուրջ 13 կմ, 10 տոկոս համայնքային ներդրումն է՝ 16 մլն, ծրագիրը 350 մլն դրամ արժեր: Առայժմ 5 տոկոսն ենք տվել, 800 հազար դրամ էլ պատք ենք մնացել, երեւի չկարողանանք էլ տալ,-համայնքապետը ժպտում է,-փոքր համայնք լինելով դեռ կարողանում ենք ինչ որ բաներ անել: Վախենամ խոշորացումից հետո բյուջեի փողերն հիմնականում Ջերմուկի խնդիրների վրա ծախսվի»: Անդրանիկ Աբրահամյանն եւս համոզված է, որ խոշորացման ծրագիրը Հերհերի եւ Կարմրաշենի դեպքում արդյունավետ կլիներ, եթե ընդգրկվեին Վայքի փնջում: Վայքի հետ միավորվելու հարցը բարձարցրել է նաեւ Վայոց ձորի մարզպետը:

Հերհերցի 78-ամյա Օլգա Զատիկյանն եւս դեմ է խոշորացման ծրագրին: Ասում է առանց այդ էլ երիտասարդները գյուղի կյանքը չեն սիրում՝ անասուն պահել ու դաշտի աշխատանք չեն սիրում, հիմա էլ Ջերմուկի հետ միացնելով հավելյալ դժվարություններ են ստեղծում: «Հիմա մի դակումենտի համար, կարող է ինձ պետքը չի, էն ջահելին պետք է, դրա համար գնա հասնի Ջերմու՞կ, բա դրա համար ֆինանս է պետք,-տարակուսում է Օլգա տատը,-մեզ ասում են ուղիղ գծով ճամփա ենք սարքելու, բայց դա դաշտի միջի ոտի ճամփա է: Ասֆալտ չեն անելու, ձմեռն էլ մի 6 ամիս փակ է լինելու: Գոնե Վայքին միանայինք, էն ավելի մոտ է: Էն ոսկու սարն էլ մյուս կողմից: Վախենում եմ մեր մաքուր օդն ու ջուրը կեղտոտվի, մանավանդ որ գյուղիցն ներքեւ եկել քարերի վրա գծեր են քաշել, ասում են ոսկի են ման գալիս»:

Օլգա տատը խորհրդային տարիներին գյուղսովետի քարտուղար է եղել, ասում է՝ էն ժամանակ օրենք կար, հիմի անօրեն երկրում ենք ապրում, ով հասնում՝ իր գիտեցած օրենքն է բանեցնում, ժողովրդի կարծիքը հարցնող չկա:

Լուսանկարները և տեսանյութը՝ հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter