HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնի բացմանը երեկ մշակույթի նախարարությունից ոչ ոք Ալավերդի չէր ժամանել

Երեկ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան, Ալավերդիում մեկնարկեց «Թատերական Լոռի» 23 -րդ միջազգային փառատոնը: Փառատոնը նվիրված էր Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձին: Փառատոնին Հայաստանից մասնակցում են Երևանի Հակոբ Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, ինչպես նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական և Ալավերդու քաղաքային թատրոնները:

Թատերական խմբեր են մասնակցելու նաև Թբիլիսիից, Ճապոնիայից և Ռուսաստանի Դաշնությունից: Երեկ փառատոնի բացման հանդիսության ժամանակ նշվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 90 և նրա անունը կրող թատրոնի հիմնադրման 35-ամյակը: 

լուս.` Վահե Աղամյանի

Ալավերդիում «Թատերական Լոռի» փառատոնի մեկնարկը ողջունեցին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, թատերագետ և արվեստաբան, անցած բոլոր տարիներին  փառատոնի ժյուրի նախագահ Հայկազ Երանոսյանը, ալավերդցի Վալերի Պարանյանը և ուրիշներ: Հանդիսավոր արարողությունից հետո  Հենրիկ Մալյանի  անվան կինոդերասանի թատրոնը ներկայացրեց Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզոլոգիան» ներկայացումը:

լուս.` Վահե Աղամյանի

Թատերասեր ալավերդցիներին ողջունեց Հենրիկ Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը: Փառատոնի բացման  հանդիսությանը մշակույթի նախարարությունից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում: «Հետքի» հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը փառատոնը համարեց կարևոր երևույթ. «Փառատոնը կարևոր առիթ է, որպեսզի տարածաշրջանի բնակչությունը առնչվի պրոֆեսիոնալ թատրոնի հետ:  Դերասաններին, որոնց շատերին թատերասերները հեռուստատեսությամբ են տեսել, ընդ որում նրանց կտեսնի բազմազանության մեջ, որովհետև գալիս են տարբեր վայրերից, ներկայացնում են տարբեր ժանրեր, տարբեր տեսակի թատրոններ: Եվ ինչու չէ, ուրախ եմ, որ «Թատերական Լոռի» փառատոնը միջազգային է դարձել: Այդ առումով պահանջվում է որպեսզի տարեցտարի շատ ավելի լրջությամբ մոտենանք այս երևույթի նկատմամբ»,-հայտնեց Հ. Ղազանչյանը: Նա  փառատոնի միջազգայնացման  գործում առանձնահատուկ նշեց փառատոնի կազմակերպիչների դերը: «Նրանք անսահման աշխատասիրությամբ ու եռանդով ուզում են պահել, զարգացնել և  միջազգայնացնել փառատոնը»,- ասաց Հ. Ղազանչյանը:

«Թատերական Լոռի» փառատոնի հետ կաված «Հետքը» իր հարցերն է ուղղել փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանին:

-Ինչ կասեք փառատոնի  կազմակերպական աշխատանքերի մասին

- Մենք միշտ մտածել ենք «Թատերական Լոռի» փառատոնի գաղափարի զարգացման մասին: Հիմա եթե փառատոնի պատմությունը նայում ենք, Ակներ գյուղում ծնված փառատոնին 1-ին անգամ 4 գյուղական թատրոնների խմբեր են մասնակցել: Ես նույնպես մասնակցել եմ` Հագվի գյուղի փոքր թատերախմբով: Երկու տարի հետո փառատոնը հասցվեց Ալավերդի ու դարձավ Հայաստանի ժողովրդական թատրոնների փառատոն: Մի քանի տարի հետո այն դարձավ համամիութենական փառատոն: Այդ ժամանակ փառատոնին մասնակցելու էին գալիս խորհրդային միության հանրապետություններից: Փառատոնը չի ընդհատվել անգամ անցյալ դարի 90-ականների դժվարին ժամանակներում: Այն  2006 թվականից պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն էր, իսկ արդեն 2008 թվականից անց ենք կացրել որպես միջազգային փառատոն: Հետագայում գնալով միջազգային թատերախմբերի քանակը ավելացավ: Այդ ժամանակ մտածեցինք, այսքան թատրոնները բերել, հասցնել Հայաստան և միայն Ալավերդիում ներկայացնել, ճիշտ չի լինի և մենք մտածեցինք փառատոնը ընդարձակելու մասին: Փառատոնում ընդգրկեցինք Ալավերդի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան և Նոյեմբերյան քաղաքները: Այսուհանդերձ , ինչպես նկատում եք, փառատոնի օջախը Ալավերդին է, ժյուրին այստեղ է աշխատում, բացման և փակման արարողությունները Ալավերդիում են կատարվում:  Բոլոր թատրոնները իրենց ներկայացումները գրեթե անխտիր  առաջին հերթին Ալավերդիում են խաղում, ապա,  եթե թատերական խմբերը ցանկություն են հայտնում, առաջարկում ենք խաղալ մարզի այլ քաղաքներում: Այս տարի Սպիտակում և  Ստեփանավանում` 2, Վանաձորում՝ 4  և մեկ  ներկայացում  լինելու է Նոյեմբերյանում: Այսինքն, այնպես չէ, որ փառատոնը անց է կացվում միայն Ալավերդիում: Հետագա փառատոների համար կամաց-կամաց նախապատրաստում ենք Ալավերդու դահլիճները: Այս տարի քաղաքապետարանի օգնությամբ բավականին մեծ աշխատանք արեցինք Ս./Սարահարթ թաղամասի մշակույթի պալատում: Եթե մենք կարողանանք կապիտալ նորոգել և տեխնիկական պայմաններ ստեղծել, այսուհետ փառատոնը կտեղափոխվի այդ շենք: Այս տարի փառատոնին հրավիրված էր և մեծ սիրով ցանկանում էր գալ Ալավերդի Թբիլիսի Կ.Մարջանաշվիլու անվան թատրոնը՝ մի հրաշալի ներկայացումով: Ցավոք, նորից տեխնիկական պայմանների պատճառով մենք չկարողացանք նրանց ընդունել:  

- Ինչ աջակցություն են ապահովվել փառատոնին  մասնակցող համայնքները:

- Որոշակի աջակցություն կա: Ընդգրկված համայնքներում անվճար և անհատույց դահլիճներ են տրամադրվում: Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, Նոյեմբերյանում ներկայացումներ տալու դեպքում թատերական խմբերի սննդի հարցը տեղում է լուծվում: Նախորդ տարի ավելի մեծ աջակցություններ է եղել, հիմա այս տարի, գիտեք, տնտեսական ճգնաժամ էր, որոշակի խնդիրներ բոլոր համայնքներում կար: Փառատոնի նախապատրաստական աշխատանքերի ժամանակ  Վանաձորում նախընտրական կրքեր էին: Սակայն վերջին պահին դահլիճները, հրավիրատոմսերը, փառատոնի մասին բնակիչներին տեղեկացնելը կարգավորվեց: Մենք միշտ աշխատել ենք ֆինանսական հարցերում փառատոնի ժամանակ տեղական համայնքերին նեղություն չտալ: Անցյալ տարի դրամաշնորհների տեսքով ֆինանսները դրսից ենք հայթայթել: Փառատոնի ժամանակ մենք նպատակ ունենք խթանել զբոսաշրջության զարգացմանը: Այս փառատոնին 100-ից ավելի պատվիրակների ենք սպասում: Վստահ եմ, որ նրանց մեծ մասը 1-ին անգամ են լինելու Հայաստանում: Օրինակ գալիս է Վախթանգովի անվան ռուսական պետական դրամատիկական, Ճապոնիայի Սայտամա քաղաքի ԻՏՈ-ԳՈՒՄԻ թատրոնները: Փառատոնը, վստահ եմ, մարդկանց մեջ լավ վերաբերմունք է ստեղծելու Հայաստանի նկատմամբ: Բացի այդ մարդիկ մարզի համայնքերում, մասնավորապես Ալավերդու հյուրանոցներում, խանութներում գումարներ են  ծախսում: Ինչ-որ չափով փառատոնը Ալավերդիում խթանում է բիզնեսի զարգացմանը: Փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորը Ալավերդու քաղաքապետարնն էր, ապա մշակույթի  նախարարությունը: Կա ֆինանսական աջակցություն նաև Լոռու մարզպետարանի կողմից:

- Փառատոնի բացմանը մշակույթի նախարարությունից ներկայացուցիչ չէր մասնակցում, ինչով կբացատրեք դա:

- Ես զարմացած եմ, որովհետև նախնական պայմանավորվածությամբ մենք փառատոնի ծրագիրն ուղարկել էինք նախարարություն և սպասում էինք: Ինձ ոչ ուղղակիորեն տեղեկացրել են, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը պետք է մասնակցեր փառատոնի բացմանը: Գոնե ժամանակակից արվեստի վարչության ներկայացուցիչները կլինեին, սակայն մասնակցություն չեղավ: Ես դեռևս որևէ բացատրություն չունեմ:

- «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում ինչ հոբելյարներ պետք է նշվեն:

- Փառատոնի շրջանակներում հանդիսույթներ են լինելու ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի և ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյակների առթիվ: «Թատերական Լոռի» փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Առաջին լուսանկարը` Վահե Աղամյանի

Մեկնաբանություններ (4)

Гагик Шахбазян
Очень не удачный кадр, который не долго займёт этот пост!!
Անահիտ
Ապրեն բոլոր կազմակերպիչները
Մերի
շատ լավա
Давит
Ещё долго будем вспоминать как Асмик Степановна тут привела в порядок , не то что этот армен который кроме своего ПР не о чем не думает, он даже не смог в радио удержать то что его наследники оставили, ещё бы в культуре он что то сделал. Карапетян скоро сам поймёт что это просто пустое место в МК, и его надо обратно в америку отправить откуда и он приехал !!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter