HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու անդամը «սպառնացել է»՝ մինչեւ նպաստ չտաք, չեմ ստորագրի

Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղում որոշում են կայացրել` չեն մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին, որովհետեւ իրենց միայն ընտրությունից-ընտրություն են հիշում:

«Խնածախից անգամ բանակ չեն տանում, գյուղի տեղը գիտե՞ն, որ զորակոչ անեն»,- կատակում է Լիպարիտ Մարտիրոսյանը: Մեկ ուրիշը հավելում է, որ տարիներ շարունակ բողոքում են գյուղի ճանապարհների անմխիթար վիճակից, բայց լսող չկա: Ընտրությունների ժամանակ  խոստանում են, որ գոնե գյուղի կենտրոնում գտնվող կամրջին կից հենապատ կկառուցեն, բայց դեռ քվեաթերթիկները չհաշված՝ մոռանում են: «Թողես՝ մանկապարտեզի շենքը նորոգեն, վերջին տարիներին մի քանի անգամ բարեկարգել են, ամեն անգամ գլխառադ են անում»,- դժգոհում է Սարվանը, ով մանկապարտեզում է աշխատում ու նաեւ լրագրողիս չի հավատում, որ իրենց գյուղին մտաբերել են ու նախ զննում է վկայականս:

«Հաստատ, եղած ճանապարհն էլ քարուքանդ ենք անելու, որ Խնածախ եկող չլինի, գալիս են որ ի՞նչ, մեր ո՞ր դարդին են դարման անում, ո՞ր խնդիրը լուծում»,- ասում է Արամայիս Դավթյանը եւ շարունակում, որ գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից վերջին տարիներին գրեթե ոչ մեկը չի լուծվել: «Գյուղապետի ձեռքին վայ թե բան չկա, վերեւների համար էլ մենք գոյություն չունենք: Եթե կարաս, գրի, թող էն Ծառուկյանը մի անգամ էլ մեր գյուղ գա, գուցե մի ճար անի, խի մենք հայ չե՞նք, բա էս վերաբերմունքի համա՞ր ենք կռվել»,- ասում է Լիպարիտ Մարտիրոսյանը ու խոստանում՝ «լավությանդ տակից դուրս կգամ»:

Վերջին տարիներին համայնքում սոցիալական որեւէ խնդիր չլուծվելու փաստը հաստատում է նաեւ համայնքի ղեկավար Կարո Թավադյանը՝ ասելով նաեւ, որ որոշ չափով բարելավվել է ջրամատակարարումը: Նրա խոսքով` խնածախցիների դժգոհության հիմնական պատճառը գյուղի գազիֆիկացումն է, որովհետեւ ըստ տեղացիների՝ նախորդ ընտրություններին եկան, մի քանի հարյուր մետր գազի խողովակներ բերեցին՝ հավաստիացնելով, որ շուտով գյուղը գազ կունենա, բայց հետո նորից ուրիշները եկան, տարան: Համայնքապետը նաեւ պատմում է, որ վերջերս Սյունիքի մարզպետարանից էին զանգել՝ ասելով, որ գազիֆիկացման համար համայնքը մոտ 30 մլն ներդրում պիտի կատարի, ինչը, նրա կարծիքով, անհնար է: «Հենա էդ փողով մինչեւ կյանքներիս վերջը գազի բալոն կառնենք, կապրենք»,- ասում է Արամայիսը:

Այն, որ տարեկան 5 մլն 600 հազար դրամ եկամուտ ունեցող համայնքային բյուջեով իսկապես հնարավոր չէ գազիֆիկացման համար այդպիսի ներդրում ապահովել, իսկ գյուղացիները ֆինանսական միջոցներ չունեն, ակնհայտ է: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ընդամենը 20 երեխա ունեցող մանկապարտեզի երկհարկանի շենքը վերջին տարիներին մի քանի անգամ նորոգվել, որի համար նաեւ համայնքային բյուջեից է ներդրում կատարվել, կամ արդյո՞ք հույժ անհրաժեշտություն էր տարեկան 300 հազար դրամ ծախսել դպրոցական միջոցառումների` այբուբենի տոնի կամ վերջին զանգի կազմակերպման համար:

Անհասկանալի է նաեւ, որ եթե համայնքը չի կարողանում սեփական միջոցներով գյուղում գոնե մեկ սոցիալական խնդիր լուծել, ինչու՞ է ուռճացված համայնքային իշխանության աշխատակազմը: Ընդամենը 867 մշտական բնակիչ ունեցող համայնքային իշխանության համար շռայլություն չէ՞, արդյոք, տարեկան 8 մլն 900 հազար դրամ աշխատավարձ վճարել աշխատակազմի 11 անդամներին (առանց սոցվճարների), որոնցից մեկը համայնքի ղեկավարի տեղակալն է, մյուսը` օգնականը: Երկու հավաքարարի, ջրկարգավորողի ու մշակույթի տան տնօրենի հաստիքներն իսկապե՞ս անհրաժեշտ են, մանավանդ, որ ինչպես աշխատակազմի քարտուղարն է վկայում, մշակութային միջոցառումներ գրեթե չեն լինում:

Համայնքապետարանի շենք բնակիչները հազիվ թե այցելեն, որ մի քանի քառակուսի մետր տարածքը «պլպլացնելու» կարիք լինի, որովհետեւ ոչ իշխանությունների գործունեության մասին որեւէ տեղեկություն կա, ոչ ավագանու նիստերի որոշումներ, անգամ գրավոր դիմումներ չեն ստացվում: «Չէ, նամակների համար առանձին մատյան չեմ պահում, ավագանիների որոշումների արձանագրություններն էլ մինչեւ ավագանու անդամներին ստորագրել եմ տալիս, ժամանակ է անցնում, էլ ե՞րբ կախեմ»,- ասում է աշխատակազմի քարտուղար Փայլակ Արզումանյանը եւ շարունակում, որ ավագանու անդամները, եթե անգամ մասնակցում էլ են նիստին, հրաժարվում են ստորագրել: Ավագանիներից մեկը, օրինակ, վերջերս «սպառնացել է»` մինչեւ նպաստ չտաք, չեմ ստորագրի:

Այն, որ համայնքային իշխանության գործունեությունը ներկայացնող փաստաթղթավարությունն անփույթ է կատարվում՝ ՏԻՄ օրենքով նախատեսված աշխատակազմի քարտուղարի պարտականություններին ոչ համապատասխան, արձանագրվել է նաեւ այս տարվա հուլիսին Սյունիքի մարզպետարանի իրականացրած վարչական հսկողության արդյունքում կազմված ակտում. «Միջոցներ ձեռնարկել աշխատակազմում կատարողական կարգապահության բարձրացման ուղղությամբ, քննարկել աշխատակազմի քարտուղարին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը»:

Համայնքային իշխանության ղեկավարն այս առթիվ նշում է, որ առայժմ բանավոր նկատողություն է ստացել քարտուղարը, եւ թերությունները, որոնք կապված են օրենքով սահմանված ընթացակարգերն ապահովելու հետ, կվերացվեն: Դժվարանում եմ կիսել համայնքապետի լավատեսությունը, մանավանդ, որ ստուգումից  գրեթե 5 ամիս անց անգամ կոնկրետ, ավագանու գործունեության հետ կապված փաստաթղթերը կանոնակարգված չէին, բացակայում էր օրենքով պահանջվող տեղեկատվության հրապարակայնությունը:

Հետաքրքրականն այն է, որ աշխատակազմի քարտուղարը չի ժխտում իր պահպանությանը հանձնված թղթավարության անփութությունը: Պատկերը նույնն է նաեւ համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման հարցում. ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հողի հարկի գծով բյուջեի մուտքերը կատարվել են 65, իսկ հողի վարձակալության գծով` 45 %-ով: Եվ միայն վարչական ստուգումներից հետո են այդ ցուցանիշները բարելավվել:

Ըստ վերոնշյալ ստուգման արդյունքների՝ թերություններ են արձանագրվել նաեւ գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի վարձակալության մրցույթների կազմակերպման գործում: Այս առումով աշխատակազմի քարտուղարը նշում է, որ մրցույթներից առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն են տարածում, բայց մնացած գործընթացներն, ըստ էության, տեղում ձեւական բնույթ են կրում, եւ միշտ չէ, որ աճուրդի դրված բոլոր հողատարածքները վարձակալվում են:

Անցած տարի 7 հա-ից ավելի հողատարածք ունեցող ֆերմերներին Կառավարության տրամադրած հացահատիկից 2,2 տոննա առաջին վերարտադրության հացահատիկի սերմացու է ստացել նաեւ աշխատակազմի քարտուղարը` կնքված պայմանագրի համաձայն կրկնակի չափով հետ վերադարձման պայմանով: Ընթացիկ տարում, սակայն, որոշվել է ստացված բերքից 4,2 տոննան 1 կիլոգրամը 160 դրամով իրացնել գյուղի ֆերմերների շրջանում: Սակայն, ինչպես նշում է համայնքի ղեկավարը, ֆերմերների մի մասը դժգոհել է սերմացուի որակից, 3 տոննա ներկրվել է Ներքին Խնձորեսկ գյուղից: Որպեսզի գյուղում դժգոհություններ չլինեն, ըստ համայնքապետի՝ որոշվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 14-ական կգ ցորեն: «Էդ տվել են, որ երեւի ծաղկամաններում ցանենք»,- ասում է խնածախցի Արմիկը, եւ նրա կատակին զայրույթով արձագանքում են մյուսները:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ասելով՝ վերջին 4 տարում Խնածախը լքել է 200 մարդ: Խնածախցի Մարտուն Ղազարյանը, ով դեռեւս չի լքել գյուղը, վերջերս նամակ էր գրել ՀՀ վարչապետին՝ խնդրելով որպես տարեց մարդու վերադարձնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդը: Եւ ստացել էր «ուսուցանող» պատասխան այն մասին, որ նախ՝ նշված «ավանդները չեն վերադարձվում, այլ պետությունը որոշակի փոխհատուցում է տրամադրում, եւ քանի որ Մ. Ղազարյանը 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաընթացքում չի հանդիսացել անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ, ուստի ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք չունի»:

ՀՀ Կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի որոշմամբ՝ մարզային ծրագրերի իրականացման համար Սյունիքին հատկացվել է 720 մլն դրամ, եւ արդեն իսկ առանձնացվել են մարզի առաջնահերթ լուծում պահանջող 18 խնդիրները, որից 14-ը վերաբերում է քաղաքային համայնքներին: Սահմանամերձ Խնածախի բազմաթիվ խնդիրներն այս անգամ եւս չեն կարեւորվել:

«Մեզ որ տեր լիներ, իշխանություն, չէինք խաբվի. վերջերս  բժիշկներ եկան մեր գյուղ, ով դիմեց՝ 12 հազարական դրամ վերցրին, իբր ստուգելու համար, հետն էլ 42 հազար դրամ` ինչ-որ դեղի համար, որը ցանկացողները ստացան ավելի ուշ, խոպան էին, էլի, եկել»,- զայրացած նկատեց գյուղամիջում կանգնած երիտասարդներից մեկը եւ վերահաստատեց համագյուղացիների որոշումը. «Մեր գյուղը ոտք դնող չլինի ընտրություններին, եթե ուզում եք, գյուղապետին էլ տարեք, ձեռին մենակ մի պեչատ ա...»:                           

Մեկնաբանություններ (3)

David
Bayc es gitem vor ayntex HOP zoramas e karucvel, vorov ashxatatex e bacvel, ev es anunner chem talis, bayc es gitem vor Xnatsax gyuxin mets ushadrutyun en dardznum haytni zinvorakan ev petakan gortsichner, ayntex nor kencaxi tun ka, ev an@ndhat ajakcum en, chi kareli aydqan boxoqel,namanavand Xnatsax@ sahmanajin gyux e LXH-i ev HH-i aranqum, ushadrutyun@ arandznahatuk e:
Aram
Սակայն անհասկանալի է, թե ինչու է ընդամենը 20 երեխա ունեցող մանկապարտեզի երկհարկանի շենքը վերջին տարիներին մի քանի անգամ նորոգվել, որի համար նաեւ համայնքային բյուջեից է ներդրում կատարվել,...hargeli lragrox,hamaynqapeteri apashnorhutyan tipik orinak e ays,arajarkum em harcy usumnasirel ev mi hodvac el ayd masin grel;ognutyan hamar karox eq dimel HJD Gorisi ..MEC SOS..komite...
Ամալյա
Իհարկե, շատ ծանր է գյուղական համայնքների վիճակը: Բոլոր կարիքներին անդրադառնալու ճար չունի ոչ համայնքը, ոչ էլ պետությունը: Այդ պարագայում մեկ այլ աղբյուրից ցանկացած օժանդակությունն պետք է որ նշանակություն ունենա: Զարմանալին այն է, որ խնածախցիները չեն էլ հիշում այն մասին, որ Խնածախում ներկա պահին ընթացքի մեջ է 95 միլիոն դրամ արժեքով դպրոցի հիմնանորոգման ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: Ի դեպ, համայնքի կողմից պարտադիր ներդրումն էլ իրենք չեն տվել, այլ հայթայթվել է սփյուռքահայ բարերարների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter