HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ծագող արևի տունը

Երաժշտագետներին, երգիչներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են երգերի ճակատագրով ու էությամբ, մինչ օրս չի հաջողվել հստակ պատասխան գտնել աշխարհի ամենագեղեցիկ և ամենահայտնի երգերից մեկի համար՝ որտեղի՞ց է եկել, ու՞մ հետ և ինչպե՞ս:

«The House of the Rising Sun», ոմանց համար էլ՝ «Rising Sun Blues». ոչ դեռևս չի հաջողվել ստույգ ճշտել, թե երբ և որտեղ է ծնվել այս երգը, ով է հեղինակն ու ում անունից է այն գրվել: Ծագող արևի տան ծագումն այդպես էլ անհայտ է մնում՝ չնայած բազմաթիվ ուսումնասիրությունների և առաջարկվող տարբերակների, որոնք որքան հնարավոր, նույնքան էլ հակասական են: Ոմանք վստահ են, որ երգը ներկայացվում է կնոջ անունից, իսկ ոմանք առավել քան համոզված են, որ հերոսը տղամարդ է: Ուսումնասիրողներից շատերը փաստում են, որ այն ամերիկյան ժողովրդական երգ է, որի արմատները գալիս են 16-րդ դարի խորքերից, ոմանք էլ պնդում են, որ այն, այնուամենայնիվ, հին անգլիական բալադ է… և այսպես շարունակ: Հայտնի է միայն, (տեքստից է հասկանալի), որ երգում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում և որ կյանքն այնտեղ այնքան էլ ուրախ չէ: Առավել քան հետաքրքիր և մոլորեցնելու չափ տարբեր են նաև տեքստի վերլուծությունները: Ու այս բազմաթիվ պատկերավոր մեկնաբանությունների մեջ այդպես էլ հստակ չես կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է վերջապես գտնվում ծագող արևի այդ առասպելական տունը, իրակա՞ն է այն, թե՞ փոխաբերական գոյությամբ խորհրդանիշ, որն իր հերթին բազմաթիվ նոր մեկնաբանությունների և երևակայական թռիչքների հնարավորություն է տալիս՝ հասարակաց տնից մինչև «Rising Sun» անվանումով հյուրանոց, գարեջրի, գինու, գեղեցկուհիներով շրջապատված ու ծխի մեջ կորած խաղատուն-պանդոկ և, վերջապես, բանտ, որտեղից էլ երգը գրել է հայտնի ու անհայտ հեղինակը:

Ոչինչ այնքան էլ պարզ չէ և ոչ էլ վերջնականապես բացահայտված: «The House of the Rising Sun»-ի առեղծվածային պատմությունը մնում է թողնել ոչ այնքան ուսումնասիրողների, որքան այդ «տան դուռը բացող» երաժիշտների ուսերին: Ուրեմն՝ յուրաքանչյուրս ընդունենք այն տարբերակը, որն ավելի համոզիչ և մոտ կլինի ամեն մեկիս պատկերացումներին, և ում ավելի ճիշտ կհաջողվի փոխանցել նրա պատմությունը՝ յուրաքանչյուրիս երաժշտական ընկալմանը համահունչ: Իսկ այն ճանապարհը, որը վերապահված էր այս երգին անցնել սկսած 1960-ականներից, կարծես թե հիմնականում ստվերել է ծագումնաբանական այս խառնաշփոթը՝ նախապատվությունը տալով ծագող արևի գեղեցկության և վտանգավոր գայթակղության տանող հմայքին:

Իրականում այս երգի հանդեպ նման արձագանքի և արդեն 52 տարի ապրող փառքի համար երաժշտասերները շարունակում են ծափահարել անգլիական «The Animals» խմբին և նրա բլյուզային ու թավշե վոկալով հայտնի ֆրոնտմենին՝ Էրիկ Բըրդընին:

«The Animals» -ի կատարումը երգին համաշխարհային ճանաչում և, ինչպես տարիներ անց պարզվեց, երկարակեցություն շնորհեց՝ բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկի դրոշմանիշով: «The House of the Rising Sun»-ը 1964 թվականին զբաղեցնում էր ոչ միայն բրիտանական, այլև ամերիկյան, կանադական հիթային բարձրագույն հորիզոնականները: Այս խմբի ձայնագրությունից և՛ առաջ, և՛ հետո էլ հնչել են բազմաթիվ կատարումներ, որոնցից ոչ մեկը, սակայն, այդպես էլ չթուլացրեց բըրդընյան մեկնաբանության փայլը: Դա չհաջողվեց նույնիսկ ո՛չ Բոբ Դիլընին, ո՛չ էլ Նինա Սիմոնին:

«The House of the Rising Sun»-ի մասին մեզ հասած առաջին, ամենահին ձայնագրությունը պատկանում է 1933թ., թեպետ 1928թ. վերաբերող գրառումներ ևս կան: Քլերենս Թոմ Էշլի անվամբ հայտնի մի երաժշտի կատարմամբ է առաջին պահպանված ձայնագրությունը մեզ հասել՝ «Rising Sun Blues» վերնագրով և «ապալաչյան երաժշտությանը» բնորոշ մոտիվներով: Նա երգը լսել և սովորել էր իր պապից, ում, իր հերթին, հավանաբար փոխանցվել էր  ծնողներից:

Ասում են, որ «The House of the Rising Sun»-ը 20-րդ դարասկզբին շատ տարածված երգ էր հանքագործ բանվորների շրջանում:

1934թ. հայտնվեց նաև «The Callahan Brothers» դուետի տարբերակը, իսկ 1938-ին, Է. Քլերենսի կատարման ազդեցությամբ, երգը ձայնագրվեց մեկ այլ երաժշտի՝ ամերիկյան քանթրի ոճում հայտնի Ռոյ Էկաֆի կատարմամբ: Սակայն ուսումնասիրությունները վկայակոչում են այլ անուններ ևս, որոնց ձայնագրությունների բացակայությունն է թերևս խանգարում դրանց փաստացի լինելը: Ըստ որոշ տեղեկությունների՝ երգը դարձյալ «Rising Sun Blues»  վերնագրով ձայնագրվել էր դեռևս 1927, ապա 1928թթ՝ տարբեր երաժիշտների կատարմամբ:

«The House of the Rising Sun»-ի ամենահայտնի ուսումնասիրությունը և գրառումը արվել է 1937թ, հայտնի ֆոլկլորիստ, երաժշտագետ, բանագետ  և բլյուզ երգերի հավաքագրող Ալան Լոմաքսի կողմից: Երաժշտասերները թերևս նրա աշխատանքին են պարտական այս երգի հետագա ճակատագրի համար, որովհետև, միգուցե, եթե չլիներ նա, երգն այն հետաքրքրությունն ու վերածնունդը չէր ունենա, ինչպես եղավ նրա հսկայածավալ հանրագիտարանային աշխատանքից հետո: Լոմաքսն այն կարծիքին էր, որ երգը անգլիական արմատներ ունի. մեղեդին թույլ է տալիս ենթադրել, որ ստեղծվել է 17-րդ դարաշրջանում: Ըստ նրա՝ « Rising Sun- ծագող արև» արտահայտությունը հանդիպում է անգլիական ժողովրդական մի քանի երգերում ևս, որտեղ հիշատակվում է որպես պոռնկատան անուն. բացի այդ՝ Լոմաքսը տեղեկացնում է, որ նույն անվամբ անգլիական փաբի է հանդիպել: 1937թ. ժողովրդական երգերի հետքերով արված իր բանահավաքչական աշխատանքների ընթացքում նա շրջում էր տարբեր գյուղերում և երգեր գրառում: Եվ ահա Կենտուկի նահանգում նա հանդիպեց «Rising Sun»-ին և նրա պահապաններին: Նրանք հասարակ գյուղացիներ էին, տարբեր զբաղմունքների տեր մարդիկ, որոնց այս երգն էլ փոխանցվել էր անհայտ ժամանակներից՝ փոխանցվել բերնեբերան, երգելով, տեղ-տեղ փոփոխված և տվյալ միջավայրին ու մարդկային խառնվածքին բնորոշ ելևէջումներով: Կենտուկիի շրջանի բնակիչներից մեկի տանն էլ տանտիրոջ դստեր՝ 16-ամյա Գիորջիա Թըրների կատարմամբ նա ձայնագրեց երգը, որը կոչվեց «Rising Sun Blues»:

Լոմաքսը հետագայում ձայնագրեց երգի ևս երկու տարբերակ՝ միմյանցից տարբեր կատարումներով, սակայն երբ հավաքված ֆոլկ երգերի ընտրանին հրատարակեց, որպես «Rising Sun»-ի տեքստի հեղինակ նշեց Գիորջիա Թըրներին: («Our Singing Country: Folk Songs and Ballads», 1941թ., էջ 368)

Իհարկե լոմաքսյան վերլուծությունը ևս տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հարցականի առջև է կանգնում. դրանցից մեկի համաձայն՝ երգի անգլիական արմատները կտրուկ տեղափոխվում են Ֆրանսիա, որտեղից էլ, իբր, Ամերիկա տեղափոխված ֆրանսիացիները իրենց հետ տարել են դեպի հեռավոր այդ մայրցամաքի տարբեր շրջաններ: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ այդպես է կոչվել Օռլանում գտնվող հասարակաց մի տուն, որի տիրուհին թարգմանաբար նույն անունը կրող մի ֆրանսուհի էր:

1940-60-ական թթ. «Rising Sun»-ը կատարվել և ձայնագրվել է բազմաթիվ երաժիշտների կողմից: Այն երբեմն կրում էր «The Rising Sun Blues», «In New Orleans», «Le pénitencier»,  «New Orleans» անունները: Դրանցում հաճախ փոխվում էին նաև տեքստի բառերը, մասամբ՝ բովանդակությունը:

1961թ. վերջին երգը «The House of the Risin’ Sun» խորագրով ձայնագրեց Բոբ Դիլընը` ընդգրկելով այն իր դեբյուտային ալբոմի կազմում, իսկ մեկ տարի անց՝ իր տարբերակը հնչեցրեց անկրկնելի Նինա Սիմոնը: Նրանց հետևել է համաշխարհային ճանաչում ունեցած աստղային մի հսկա շարք՝ Ջոնի Հոլիդեյ, Ջիմի Հենդրիքս, Դոլի Փարթոն, Դեմիս Ռուսոս, Ջոան Բայիզ, Շինեիդ Օ’ Քոնըր, «Bon Jovi», «Muse»… շարքն անվերջ հնարավոր է շարունակել:

Սակայն, ոչ ոք իր կատարման փայլով կամ առանձնահատկությամբ այդպես էլ չկարողացավ գոնե հավասարվել «The Animals» խմբին: Նրանց «The House of the Rising Sun»-ը, թեև լսարանում հայտնվեց Դիլընի ձայնագրությունից երկու տարի անց, բայց իր շուրջը ստեղծած փոթորկալից հաջողության ու երգի հանդեպ ջերմ զգացողությունների շնորհիվ այնպես ստվերեց այս ազդեցիկ երաժշտի կատարումը, որ շատերը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա անվերապահորեն հավատում են, որ Դիլընի կատարումը «The Animals»-ի քավըրն էր և ոչ թե հակառակը: Ինքը՝ Դիլընն էլ խոստովանել է, որ այս տարբերակը ուղղակի ցնցել է իրեն:

Երգի գործիքավորումը և Էրիկ Բըրդընի խորքային ու հզոր ձայնը իսկապես երգի գլխավոր առանձնահատկությունն են. առաջին իսկ հնչյուններն արդեն տեղում լարում ու շղթայված են պահում ունկնդրի լսողությունը, որն այդպես էլ մնում է մինչև վերջ: Այս կատարումը համարվում է առաջին ֆոլկ-ռոք հիթը համաշխարհային երաժշտության պատմության մեջ:

Եղե՞լ է ծագող արևի տունը Օռլեանում, թե՞ ոչ, գինու ու ծխախոտի թանձր տրամադրության մեջ խեղդված հասարակաց տուն էր, թե՞ ճաղերի հետևում փակված պատ, իրական կառու՞յց էր այն, թե՞ երևակայական տարածք, դա արդեն կարևոր չէ: Մասնագետները դեռ փորփրում են և հյուսում նորանոր ենթադրություններ, սակայն ինձ համար, իբրև ունկնդրի, մեկ բան հստակ է ու անհերքելի այս ողջ պատմության մեջ. ծագող արևի տունը մեզ շրջապատող աշխարհն է, որտեղ ամեն բացվող օրվա ու արևի լույսի հետ ծնվում և խորտակվում են բազում ճակատագրեր: Դրանցից մեկն էլ բաժին է հասել մեր մեջ շարունակաբար ապրող հերոսին կամ հերոսուհուն: «The House of the Rising Sun»-ը երգ- ճշմարտություն է՝ մեր կյանքի մասին, մեզ հետ ապրող այն մարդու, որն այլևս ունակ չէ իր՝ արդեն կործանման եզրին հասած ուղին շտկել, բայց, ի տարբերություն շատերի,  ձգտում է պայքարել՝ թույլ չտալու, որ այն կրկնվի նաև ուրիշների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter