HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լեհաստան-Հայաստան ծանր մրցավեճ՝ Վարշավայում. վիճակագրությունն ու իրավիճակը մեր օգտին չէ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը: Խաղը տեղի կունենա Վարշավայի «Ազգային» մարզադաշտում: Խաղը կսպասարկի Սլովակիայի մրցավարական անձնակազմը՝ Իվան Կրուժլյակի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Մարտին Բալկոն եւ Թոմաշ Մոկոշը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Պետեր Կրալովիչը:

Ընտրական 5-րդ խմբում ընդգրկված մեր թիմը վատագույն ցուցանիշն ունի այս պահին. Վարուժան Սուքիասյանի սաները մեկնարկային 2 խաղում պարտվել են՝ ընդունելով 6 գնդակ, սակայն չեն կարողացել խփել նույնիսկ մեկը: Հայաստանը խմբի հետնապահն է: 4-ական միավոր ունեն Մոնտենեգրոն, Ռումինիան ու Լեհաստանը, 3՝ Դանիան, 1՝ Ղազախստանը:

Ինչպես հայտնի է, դեռ ամբողջությամբ չի ապաքինվել Հենրիխ Մխիթարյանը, որն այս շրջափուլում չի մասնակցել ազգային թիմի ոչ մի հանդիպման: Ռումինիայի հետ ամսի 8-ին կայացած խաղից առաջ՝ մարզման ժամանակ, վնասվածք ստացավ Գեղամ Ղադիմյանը, որը նույնպես չի մեկնել Վարշավա: Սուքիասյանը մեկնելուց առաջ հրավիրել է «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանին: Քանի որ վերջին հանդիպմանը կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, նա էլ բաց կթողնի այսօրվա մրցավեճը: Այսպիսով՝ հավաքականը Վարշավա է մեկնել 22 ֆուտբոլիստով.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով, «Շիրակ»                       
Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վահագն Մինասյան, «Ալաշկերտ»
Անդրանիկ Ոսկանյան «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»                            

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան, «Շիրակ»
Զավեն Բադոյան, «Բանանց»

Հարձակվողներ 

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Վարդան Պողոսյան, «Փյունիկ»
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Հայաստանի հավաքականը երեկ է ժամանել Վարշավա: Կայացել է նաեւ Վ. Սուքիասյանի եւ կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նախախաղային ասուլիսը:

-Հնարավոր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո, եւ ինչպիսի՞ն է իրավիճակը հավաքականում՝ հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

-Հավաքականն այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է, նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Խաղից առաջ մենք ունեցանք լուրջ կորուստ: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին՝ 11-մետրանոց եւ հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձությունները այդպես կընթանան, այնպես որ, կարծում եմ, վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

-Պարտությունից հետո թիմում ի՞նչ տրամադրություն է, եւ արդյո՞ք զգացվում է Մխիթարյանի բացակայությունը նաեւ հանդերձարանում (հարց Դավիթ Մանոյանին)։

-Թիմում նորմալ տրամադրություն է, փորձում ենք մոռանալ այդ խաղը որքան հնարավոր է շուտ: Լավ է, որ հաջորդ խաղը արդեն վաղն է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար թե խաղադաշտում, թե հանդերձարանում, ու նրա բացակայությունը զգացվում է:

-Ինչպե՞ս եք գնահատում Լեհաստանի հավաքականը, որո՞նք են թիմի ուժեղ եւ թույլ կողմերը, ի՞նչ խաղ կլինի վաղը (հարց Վարուժան Սուքիասյանին եւ Դավիթ Մանոյանին)։

-(Վարուժան Սուքիսյան)  Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը: Լեհաստանը խմբի ֆավորիտներից մեկն է: Ուժեղ հավաքականի հետ ենք խաղալու եւ, կարծում եմ, կնտրենք ճիշտ մարտավարություն:

-(Դավիթ Մանոյան)  Գաղտնիք չէ, որ Լեհաստանի հավաքականը աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաեւ այն պատճառով, որ ձեր հավաքականում խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ բացի Լեւանդովսկուց թիմում հավաքված են շատ փորձառու ու արագ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում:

-2007 թ. Հայաստան-Լեհաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով: Վաղվա խաղից առաջ, արդյո՞ք հիշում եք այդ պատմական խաղի մասին (հարց Դավիթ Մանոյանին)։

-Իհարկե, հիշում ենք այդ խաղը: Ես այդ խաղին տրիբունայից էի հետեւում, բայց երկու հավաքականներն էլ այժմ ուրիշ կազմերով են, եւ չեմ կարծում, որ այդ խաղը ինչ-որ կապ ունի վաղվա խաղի հետ:

-Լեհաստանի հավաքականում նույնպես կան կորուստներԿկարողանա՞ք օգտագործել այդ հանգամանքը (հարց Դավիթ Մանոյանին)։

-Մեր մարզիչը ավելի լավ է ուսումնասիրել հակառակորդին եւ կասի մեզ՝ ինչպես ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները: Լեհաստանի հավաքականում շատ վտանգավոր են եզրային ֆուտբոլիստները: Մեր թիմը վնասվաքների պատճառով շատ է տուժել, 5-6 ֆուտբոլիստներ բացակայում են, կարող է Լեհաստանի վրա էլ դա ազդի:

-Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացող չտեսանք խաղադաշտում: Կասե՞ք՝ ում մասին էր խոսքը։

-Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարիներ Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, նամավանդ երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերգտնել իրենց խաղը, եւ այդ ֆուտբոլիստը դաշտում չերեւաց:

-Պատրաստվելով այս խաղին՝ Լեհաստանի հավաքականի ո՞ր խաղերն եք վերլուծել, եւ կա՞ մեր խմբում հավաքական, որին կուզենայիք նմանվեիք։

-Ընդհանրապես, մարզիչը ընտրում է մարտավարություն՝ ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնք իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան։ Ելնելով դրանից՝ ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է, երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեն: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնկացությամբ հանդիպումներ, այդ թվում՝ Եվրոպայի առաջնության ելույթները: Ես լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին, եւ տեսնենք, թե տղաները ոնց կկարողանան կատարել առաջադրանքները:

-Ո՞ր թիմերն են մեր խմբի ֆավորիտները

-Եռյակի մասին խոսենք, առաջին հերթին դա Լեհաստանն է եւ Դանիան, այնուհետեւ՝ Ռումինիան: Ես կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չհաղթեցիք Դանիային: Լավ ֆուտբոլ ցույց տվեց նաեւ Մոնտենեգրոն:

-Ռումինիայի խաղից հետո հրավիրվեց Ռուսլան Կորյանը: Ինչո՞ւ հրավիրվեց Կորյանը, եւ երկրորդը՝ Դանիայի հետ խաղում խաղացինք հինգ պաշտպանով, Ռումինիայի հետ՝ չորս: Արդյոք պետք է կրկին սպասել փոփոխություններ պաշտպանական գծում

-Ինչպես տեսնում եք, որոշ հարցերի մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով՝ հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը:

-Ինչպես երեւում է, ծանր սրտով եք եկել Լեհաստան եւ շատ հուզված եք երեւում:

-Հուզված էի, դա մեկ օրում անցնում է, տեսնենք՝ տղաները ոնց կաշխատեն դաշտում:

-Եթե վաղը պարտվենք, կարո՞ղ ենք համարել, որ ընտական մրցաշարը ձախողված է, թե՞ եթե բոլոր ֆուտբոլիստները շարք վերադառնան, հնարավոր կլինի շտկել իրավիճակը։

-Եկեք լավ տրամադրվենք վաղվա խաղի նկատմամբ: Դեռ ոչինչ կորած չէ։ Եթե հիշում եք ԱՄՆ-ում կայացած հանդիպումները, մենք ամբողջական կազմով խաղացինք: Չմոռանանք նաեւ, որ առաջին երեք խաղերում շատ ծանր մրցակիցներ են, իմ նշած եռյակի թիմերն են:

-Ընտրական փուլից առաջ ի՞նչ առաջադրանք էր դրված Ձեր առջեւ, ու արդյոք այն փոխվել է, թե ոչ, եւ երկրորդը՝ նախորդ ասուլիսի ժամանակ Դուք ասեցիք, որ հրավիրել էիք Յուրա Մովսիսյանին, եւ նա չէր եկելՓորձե՞լ եք կրկին կանչել:

-Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ցույց տալ, դա նաեւ ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը եւ մարզական բախտը մեր կողմը չէր: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել, եւ պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանվորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:

Լեհաստան-Հայաստան հանդիպումը 6-րդը կլինի պատմության մեջ: Առաջին խաղը ընկերական էր եւ կայացել է 1999-ի մարտի 3-ին Վարշավայում: 1-0 հաշվով հաղթել են դաշտի տերերը: Աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում մեր թիմը 2001-ի մարտի 28-ին նախ պարտվեց 0-4 հաշվով, իսկ նույն տարվա հունիսի 6-ին 1-1 խաղաց Երեւանում: Մեր թիմից աչքի ընկավ Արթուր Պետրոսյանը: Վերջին երկու հանդիպումները կայացել են նշվածներից ուղիղ 6 տարի անց՝ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: 2007-ի մարտի 28-ին Կելցեում մեր թիմը պարտվեց 0-1 հաշվով, իսկ հունիսի 6-ին Երեւանում մերոնք հաղթեցին նույն հաշվով: Տուգանային հարվածով աչքի ընկավ Համլետ Վ. Մխիթարյանը: Այսինքն՝ մեր վիճակագրությունն այսպիսին է՝ 1-ական հաղթանակ ու ոչ-ոքի, 3 պարտություն, գոլերը՝ 2-7:  

Լուսանկարը՝ ffa.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter