HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բուռն սիրային պատմություններ Գյումրու դրամատիկականի բեմում. 151-րդ թատերաշրջանը բացված է

Երանուհի Սողոյան

Բեմում կոկիկ, հավաք ու ավելորդություններից զուրկ մի բնակարան է(նկարիչ՝ Անտոն Քեշիշյան-հեղ.): Տանտերը՝ ֆրանսերենի նախկին դասախոս, թոշակառու Ամադեյ Ռուսոն(դերակատար՝ Հովհաննես Հովհաննիսյան-հեղ.) կնոջ մահից հետո միայնակ տղամարդու կյանք է վարում՝ խաղաղ, ոչ մի բանով աչքի չընկնող: Երեկոն սովորաբար անցկացնում է տնային բույսի եւ կնոջ նկարի հետ զրուցելով: Թվում է, թե ոչ մի բան կամ ոչ մեկն ի զորու չէ խախտելու  ծերունու հաստատած սովորությունները:

Եվ ահա, անձրեւոտ մի երեկո, Ամադեյ Ռուսոյի խաղաղ կյանքն ավարտվում է, ամեն ինչ շուռ է գալիս գլխիվայր: Եթե միայն իմանար Ամադեյը, թե ինչպես է արմատապես փոխելու իր կյանքը բնակարան ներխուժած հմայիչ անծանոթուհին՝ հավանաբար կանտեսեր դռանն իջնող բռունցքների անխնա հարվածներն ու ձեւացնելով, թե տանը ոչ ոք չկա՝ կգնար քնելու:

Ամադեյի տուն ներխուժած Էմմին (դերասանուհի Քրիստինե Զիրոյան) «գիշերային թիթեռնիկ է»: Աղջիկը փախչելով կավատ Փոլի հետապնդումից՝ փորձում է թաքնվել Ամադեյի բնակարանում: Հենց այդ պահից սկսած բեմի վրա իրադարձություները սկսում են զարգանալ խելահեղ արագությամբ: Ամադեյի ու Էմմիի «խելահեղ պատմությունն» իր շրջապտույտի մեջ է առնում նաեւ այլ մարդկանց ու բախտորոշ դառնում նրանց ճակատագրերում՝ ընդհուպ մինչեւ մահ:

Գյումրու դրամատիկական թատրոնի 151-րդ թատերաշրջանը «Խելահեղ պատմություն» պիեսով բացելու միտքը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանինն է: Ալեն Ռեյնո Ֆուրտոնի «Մսյե Ամադեյ» պիեսը որոշակի փոփոխության է ենթարկվել, վերջաբանն էլ մի փոքր հայկականացվել է: Իհարկե ներկայացման մեջ նաեւ ներմուծված հատվածներ կան, որոնք բացակայում են հեղինակի մոտ:  Լյուդվիգ Հարությունյանի փոխանցմամբ՝ պիեսում արված փոփոխություններն արվել են հաշվի առնելով գյումրեցի հանդիսատեսի որակական պահանջները:

«Թատերաշրջանների բացումը մշտապես ընդունված է եղել անել դասական, լուրջ, շատ դեպքերում դրամատիկ գործերով: Վերջին տարիներին մենք փորձել ենք կոտրել այդ կարծրատիպն ավելի թեթեւ ժանրի պիեսների ընտրությամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Գյումրիում հանդիսատեսը միատարր չէ: Հավատացեք, որ այս ներկայացումն էլ, ինչպես իմ կողմից բեմադրված «Առնետները», «Սեր, ժազ, սատանա» ներկայացումները՝ ունենալու է իր կոնկրետ հանդիսատեսը: Սա նորմալ երեւույթ է, ինչպես քննադատությունները, որ սովորաբար հնչում են նմանատիպ գործեր բեմ հանելուց հետո,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը,-սա մենք չենք արել, որ պարզապես հանդիսատես բերենք թատրոն, միայն այն բանի համար, որ բեմում կիսամերկ աղջիկներ են լինելու: Համոզված եմ, որ շատերը չեն հավանի ներկայացումը, բայց շատերն էլ իհարկե կհավանեն:  Կարեւորն այն է, որ ներկայացումն ունի դաստիարակչական բնույթ՝ մանկավարժն, ում կյանքը խաթարվում է թեթեւ վարքի տեր աղջիկների հայտնվելով՝ նրանց դարձի է բերում, վերադարձնում բնականոն կյանք»:

Եթե ֆրանսիացի դրամատուրգի պիեսում թեթեւաբարո վարքի տեր 20-ամյա Էմմին կյանքի ճիշտ ուղին ընտրելուց հետո ամուսնանում է իրեն պատսպարած 60-ամյա Ամադեյ Ռուսոյի հետ, ապա ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի ներկայացման մեջ աղջիկը պարզապես հեռանում է՝ ընտրելով կյանքի ի՛ր ուղին: «Զգացմունք Էմմիի կողմից իհարկե կա եւ դա ներկայացման ընթացքում էլ է երեւում՝ աղջկա վերափոխվելուն զուգընթաց, բայց ես ուզեցի այլ վերջաբան ունենալ, ավելի մոտ մեր՝ հայկական մտածողությանը,-բացատրում է Լյուդվի Հարությունյանը,-դե չէր կարող 20 տարեկան աղջիկն ամուսնանալ ծերունու հետ մեր իրականության մեջ: Ես ուզեցի ազատ ընտրության հնարավորություն տալ գլխավոր հերոսներին»:

151-րդ թատերաշրջանի բացումն այս անգամ նշանավորվեց երկու ներկայացումով: Անգլիացի դրամատուրգ Հարոլդ Պիտերի «Սիրեկաններ» պիեսի հիման վրա Մհեր Մկրտչյան փոքր բեմում «Սիրային պատմություններ» դուետ ներկայացման առաջնախաղը կայացավ հոկտեմբերի 7-ին: Երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի 3-րդ աշխատանքն է սա, որ հավակնում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք «Դուետ» թատերական միջազգային, ինչպես նաեւ «Նորարարական ռեժիսորներ» փառատոնին: Նկարչական եւ զգեստների ձեւավորումը վստահվել էր Լուսինե Խաչատրյանին, ամուսիններին մարմնավորում էին դերասաններ Տիգրան Գաբոյանն ու Դիաննա Մացոյանը:

Ամուսնական զույգերի մոտ սիրային վառ զգացողությունների մարման եւ կենցաղային սովորությունների հաստատման ֆոնին առաջացող սառնության մասին է ներկայացումը: Խնդիրներ, որ ծագում են գրեթե բոլոր երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներում: Սառան եւ Ռիչարդը զգում են, որ օր-օրի ամուսնական կյանք սողոսկող տաղտուկը սպանում է նախաամուսնական շրջանում ունեցած զգացմունքները: Փրկիչ միտքն առաջինը ծագում է կնոջ գլխում՝ իսկ ինչ կլինի, եթե իրենցից յուրաքանչյուրը որոշի սիրեկան պահել, միայն թե՝ երեւակայական: Եվ այսպես նրանց կյանքում հայտնվում են Մաքսն ու Մերին:

Խաղը սկզբում շատ հրապուրիչ է: Սառա-Մերի, Ռիչարդ-Մաքս զույգերը որոշ ժամանակ խաղաղ գոյակցում են նույն հարկի տակ, սակայն երկվության այս տարօրինակ կենսակերպն առաջինը սկսում է անհանգստացնել ամուսնուն: Ռիչարդը որոշում է ընդվզել կնոջ մտահղացման դեմ՝ հասկանալով, որ տարալուծվելով իրենց իսկ կողմից հորինած կերպարների մեջ՝ կորցնում են սեփական ես-ը: Ամուսինները որոշում են իրենք վերափոխվեն՝ հանուն ընտանեկան սիրո ու ջերմ մթնոլորտի պահպանման:

Բուռն սիրային պատմություններով 151-րդ թատերաշրջանի մեկնարկն ազդարարած թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը գյումրեցի հանդիսատեսին էլ ավելի հետաքրքիր տարի են խոստանում՝ լի թատերական նախագծերով, փառատոններով, ամանորյա ներկայացումներով: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ներկայությունը թատրոնում առիթ էր, որ երեւանյան մեկ նախագիծ արդեն իսկ տեղափոխվի Գյումրի: Հոկտեմբերի 21-22-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի բեմում կմեկնարկի միջազգային թատերական մի նախագիծ՝ արված Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի մոտիվներով՝ մասնակցությամբ 6 երկրներից ժամանած դերասանների:

«Տարածքը տեսնելուց հետո, առանց երկմտելու որոշեցի նախագիծը Երեւանից տեղափոխել Գյումրի,-պարզաբանում է Հակոբ Ղազանչյանը,-հիմնականում պլաստիկայի վրա հիմնված ներկայացում է լինելու, որն ավելի շահեկան կդիտվի ամֆիթատրոնի նմանություն ունեցող ամրոցի բեմում: Նախագծի մասին շուրջ մեկ տարի հայտարարություն կար համացանցում եւ ընտրվել են առավելագույնս առաջատար դերասաններ: Նախագծին կմասնակցի նաեւ Գյումրու թատրոնից դերասան Խաչիկ(Ռազմիկ) Բադալյանը»:

Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter