HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վեց անչափահաս երեխաների մայրը երազում է մի տուն ունենալ, որ անձրևը չթափվի երեխաների գլխին

Արթուր Սոխակյանին հանդիպեցինք Օձունի մշակույթի պալատի շենքի մոտ: Նիհար ու բարձրահասակ, 40-ն անց տղամարդ է Արթուրը: Դեմքին չարչարված մարդու կնիք կա: Գյուղամիջյան մի քանի ոլորապտույտ ճանապարհ անցնելուց հետո, Արթուրի ցուցումով մեր ավտոմեքենան մտավ նեղ ու անբարեկարգ գյուղական մի փողոց: Հարյուր մետր էլ չանցած՝ փողոցի եզրին, հացի մեծ կտորները ձեռքներին՝ 4-5 տարեկան երկու երեխաների տեսանք: Մեքենան կանգնեց: «Տղաներս են՝ Գոռը և Էրիկը»,- ներկայացրեց Արթուրը:

Արտաքինից հնամաշ տան բակում մի քանի հավ էր վազվզում: Տունը գտնվում է Օձունի «Կենդանարար» գեղատեսիլ հանդամասի լանջերի փեշին: Տան ձախակողմյան շինությունները կիսաքանդ են, թվում է՝ տան կարկատած առաստաղը ուր որ է՝ կթափվի: «Մոտիկ տղաներ են էս տան տերերը, տվել են, ասել են՝ թե կարող ես, սարքի՝ մեջին ապրի: Ես էլ մի 5 տարի առաջ եկել եմ վերանորոգել, ընտանիքս քաշել եմ մեջը»,- պատմեց Արթուրը: Տունը հազիվ 15-20 քմ մակերեսով մեկ սենյակ է, որն աչքի է ընկնում մահճակալների առատությամբ: Նեղ, հազիվ 5 քմ պատշգամբը որպես խոհանոց է ծառայում, այստեղ նույնպես մեկ մահճակալ է տեղավորված:

«Անասուն չունեմ, մի 20 հավ ունեմ: Էս տան տիրոջ տնամերձն եմ մշակում, մի 500-600 մետր հող է: Լոբի, կարտոֆիլ, վարունգ, պոմիդոր եմ ցանել: Ընտանիքս հիմնականում 60 հազար դրամ նպաստով եմ պահում: Ի՞նչ ասեմ իմ ապրելակերպի մասին, քարշ ենք գալիս, զոռի շնչում ենք: Հիմնական աշխատանք չունեմ, որ աշխատեմ»,- դժգոհեց Արթուրը:

Նա 5 տղա ու մեկ աղջիկ ունի: «Հինգ տղաս էլ հայրենիքի զինվորներ են լինելու: Մեծս՝ Վարդանը, 17 տարեկան է, հիմա աշխատում է անտառում, փայտ է գլորում, որ փող տան, յոլա գնանք: Օրը մի 1000-2000 դրամ փող է տուն բերում: Առավոտը շուտ՝ ժամը 8-ին, գնում է աշխատանքի: Միջնեկս Համոն է: 9-րդ դասարանում է սովորում, էսա դասից կգա: Համոն դպրոցից տուն է գալիս, հետո գյուղում պտտվում է, մի գործ է գտնում, աշխատում է՝ բախչա փորելու, խոտի-մոտի գործ է անում: Տարոնը՝ 3-րդ տղաս, 8-րդ դասարանում է սովորում: Տարոնից հետո 4-րդը Անիս է՝ հիմա նա էլ է դպրոցում: Անին 2-րդ դասարանում է սովորում: Հետո Գոռն ու Էրիկն են»,- երեխաներին ներկայացրեց Արթուրը:

Էրիկը և Գոռը Տարոնը
Անին Համոն

Իր ասելով՝ 5 ամիս 50 հազար դրամ աշխատավարձով օձունցի Բարսեղ Այվազյանի հորթերն ու կովերն է պահել: Ստացած աշխատավարձը Արթուրի համար քիչ է եղել: Ընտանիքը պահելու համար Ռուսաստանում էլ է աշխատել: «Տեսա էնտեղի դրությունն էլ վատացավ, բրախեցի, եկա: Մոսկվա էի»,- պատմեց նա: Ասաց, որ 2 հատ 3 ամսական գոճի է վերցրել: «Դե նոր տարուն մեկը կմորթենք, կուտենք, մեկն էլ կծախեմ՝ տան կարիքներին կանեմ: Երեխանց համար շոր ա, կոշիկ ա, ալյուր ա, բան ա կառնեմ, կարտոշկա կանենք: Հացի համար ցորեն եմ առնում, ջաղացը տանում»,- գոճիների հետ կապված իր նախատեսած ծախսերի մասին ասաց նա:

Արթուրի խոսքով՝ հիմա Օձունում փայտ կոտրելու սեզոնն է. «Էլի օրական 2-3 մետր փետ ենք ջարդում՝ մի 3-4 հազար դրամ աշխատում եմ»: Համոն ու Տարոնը դասերից հետո և շաբաթ-կիրակի օրերին գնում են փողով գյուղացիների փայտը կոտրում: «Տարին երկու անգամ հիվանդանոցում բուժում եմ ստանում, ներվային համակարգս խանգարված է: Արյունս թանձրանում է: Այս ամսվա կեսերին հիվանդանոց գնալուս ժամանակն է: Ատամովս բռնած՝ զոռի յոլա ենք գնում»,- խոստովանեց Արթուրը:

Արթուրը

Տարոնը ուշադիր լսում էր հոր և իմ զրույցը: «Որ հայրիկս դռանը գործ է անում, իրեն եմ օգնում, մայրիկիս էլ օգնում եմ տան գործերում, տունն ավլում եմ: Մաման խմորը անում է, ես հաց եմ թխում: Լավ չեմ սովորում, բայց մի կերպ գլուխ եմ հանում»,- պատմեց նա: Տարոնն ասաց, որ երազում է համակարգիչ ու տուն ունենալու մասին: Անին էլ պատմեց, որ Գոռին ու Էրիկին չի թողնում «գնան ուրիշների դռները»: «Անկարգություններ են անում, պահանջում եմ, որ մեր բակում խաղան, դպրոցում էլ լավ եմ սովորում»,- ասաց նա:

«Եթե ձյունը նստեց, մենք աշխատանք չունենք: Էդ ժամանակ նպաստով ենք յոլա գնում: Ես անառողջ, ամուսինս անառողջ: Իմ թոքերն է հիվանդ, անցյալ տարի էլ եմ գնացել Վանաձորում մեկ ամիս պառկել, թոքերիս մեջ ջուր է հավաքվում: Մեկ էլ 6-7 տարի առաջ եմ բուժվել, անցյալ տարի դուրս գցեց, էս տարի էլ ունեմ բողոքներ: Գոռիկս է հիվանդ, ամբողջ մարմինը դուրս է տալիս, տարին երկու անգամ դուրս է գցում: Տանում ենք Վանաձոր բժշկի, ասում են՝ հերպես է»,- պատմեց Արթուրի կինը՝ Մարինեն:

Մարինեն

Չնայած հիվանդությանը՝ Մարինեն հանգիստ չի նստում: «Համոն ու Տարոնը հետս մոշի են գալիս: Դժվար կյանքում երեխաներս են ինձ ուժ տալիս: Հանուն իմ երեխաների ես ուժեղ եմ, կամ ու կմնամ: Եթե տուն ունենամ, կյանքն ինձ համար դժվար չի: Սննդի համար չեմ բողոքում, խանութներից վերցնում եմ: Ինչ հասցնում եմ՝ գումարը տալիս եմ, ինչ էլ չեմ հասցնում՝ չեմ տալիս, խանութպանները հարմարվում են: Իմ երազանքն այն է, որ գոնե մի տուն ունենանք, էնքան անձրևը չթափվի երեխաներիս գլխին, մենք մեր ուժերով կնորոգենք»,- ասաց Մարինեն: Վերջինիս ասելով՝ ձմեռվա կարտոֆիլը արդեն ապահովել են, պահածոներ է արել, ալյուրը կա, երկու խոզ են պահում, հավ եւ ճուտ ունեն: Գյուղապետ Արսեն Տիտանյանը օգնել է՝ արդեն տանը ջուր կա: Մարինեի հորեղբոր տղայի երաշխավորությամբ ապառիկ լվացքի մեքենա են վերցրել, սակայն բնակարանը գազիֆիկացված չէ:

Մինչ մայրը զրուցում էր ինձ հետ, փոքրիկ Տարոնը գոռաց. «Համոն եկավ, կարոտել եմ»: Նա վազելով ընկավ մեծ եղբոր գիրկը: Համոն գեղեցիկ ու կոկիկ էր հագնված: Ասաց՝ հագի կաշվե բաճկոնը սեփական աշխատանքով է գնել: «Գնում եմ, ուրիշների համար խոտ եմ բարձում, փայտ եմ ջարդում, ուրիշների դաշտն եմ մշակում ու էդպես աշխատում եմ: Ինչով կարողանում եմ, մեր ընտանիքին օգնում եմ: Դեռ չեմ որոշել դպրոցն ավարտելուց հետո ինչ մասնագիտություն կընտրեմ»,- ասաց նա:

Համոն դպրոցում ամենաշատը ֆիզկուլտուրան է սիրում: Որոշել է դպրոցն ավարտելուց հետո նախ գնալ զինվորական ծառայության: «Փոքր եղբայրդ՝ Տարոնը, երազում է համակարգիչ ունենալ, դու ի՞նչ ես երազում»,- հարցրի:

«Տարոնը երազում է, ուրեմն անպայման  համակարգիչ կունենա: Դրա ժամանակն էլ կգա: Ես անպայման իմ աշխատանքով Տարոնի համար կգնեմ համակարգիչ»,- խոստացավ Համոն:

Արթուրի մեծ տղային՝ Վարդանին մեզ չհաջողվեց հանդիպել: Նրա հետևից անտառ չգնացինք, գիտեմ, որ փայտահատները լրագրող նկատելիս թաքնվում են: Օձունում ասացին, որ հորը և իր ընտանիքին նեցուկ դարձած 17-ամյա Վարդանը եղբոր՝ Համոյի նման լուրջ մարդ է: Մարինեն վստահ է, որ մեկ տարի հետո, երբ Վարդանը զորակոչվի բանակ, անձնազոհությամբ կծառայի հայրենիքին: Նրանից մեկ տարի հետո ծառայության կգնա Համոն, ապա՝ Տարոնը: Հետո՝ Էրիկն ու Գոռը: Իսկ մինչ այդ Մարինեն երազում է մի տուն ունենան, որ անձրևը չթափվի երեխաների գլխին:

Մեկնաբանություններ (2)

Oձնեցի
Հարգելի Սլավ Հայաստանում հազարավոր աղքատ ընտանիքներ կան ուրեմն գյուղապետեր չկան?Շատ անտեղին գրառում եք կատարել:Երեվի չեկ ել կարդացել ու քանի որ խոսքի ազատություն է ուզեցել եք մի բան գրեք: Նյութը կարդացեք ու կհասկանաք որ գյողում Գյուղապետ էլ կա,որ կանգնած է նրանց կողքին,բարի ու օգնող մարդիկ ել կան:Դուք ձեզանից ասեք տենանք մի բանով օգնած կաք այսպիսի ընտանիքի: Իմիջիայլոց նյութը արդեն արձագանք է ստացել ու շնորհիվ հարգելի Լարիսա Փարեմուզյանի հաջորդ հոդվածը կգրվի ընտանիքի նոր տանը....
Սլավ
Ու ես տանջված տառապած էրեխեքն են գնում ու գնալու մեր հայրենիքը պաշպանելու,բա էս գյուղում գյուղապետ չկա,ունեւոր մարդիկ չկան,եւ վերջապես խիղճ ունեցող մարդիկ,որ ինչոր բանով օգնեն ընտանիքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter