HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Բոբ Դիլըն. «Կարող եք ինձ ճոճաձողի մարմնամարզիկ համարել»

«Բանաստեղծ լինելու համար ամենևին էլ պարտադիր չէ անընդհատ ինչ-որ բան գրել,- մի առիթով ասել է Բոբ Դիլընը,- որոշ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում աշխատում են բենզալցակայաններում, բայց նրանք բանաստեղծներ են»:

54 տարի առաջ՝ 1962թ., նա թողարկեց իր դեբյուտային ալբոմը, որը կրում էր «Bob Dylan» անունը: Այստեղ ընդգրկված էին երաժշտի տարբեր կատարումներ, որոնք ֆոլկ, բլյուզ, նաև գոսպել ոճերում ստանդարտ երգերի քավըրներ էին: 13 երգերից միայն երկուսն էին նրա հեղինակային գործերը՝  «Song to Woody» և «Talkin’ New York»: Այս ալբոմից հետո նա, այսպես ասած, պաշտոնապես «կնքվեց» Բոբ Դիլըն բեմական անվամբ և սկսեց իր համաշխարհային փառքի ճանապարհը՝ դառնալով լեգենդ, պաշտամունք, հեղինակավոր երգահան-բանաստեղծ, նկարիչ և դերասան, երաժշտության աշխարհում ամենաազդեցիկ անուններից մեկը մինչ օրս: Նրա լավագույն երգերից շատերը դարձել են ազատության, անկախության, քաղաքացիական իրավունքների համար պայքարի ու հակապատերազմական շարժման հիմներ:

Հոկտեմբերի 13-ին Ստոկհոլմում Նոբելյան մրցանակաբաշխության խորհուրդը հայտարարեց գրական ոլորտում այս տարվա մրցանակակրի անունը, որից հետո համացանցը ողողվեց բազմաթիվ հակասական կարծիքների, քնարկումների, շնորհավորանքների և դժգոհությունների հեղեղով: Նա Ռոբերտ Ալեն Ցիմերմանն էր, նույն ինքը՝ կես դարից էլ ավել երաժշտության կուռք հանդիսացող Բոբ Դիլընը: Գրականության ասպարեզում այս հեղինակավոր մրցանակը նրան է շնորհվում «ամերիկյան երգարվեստը բանաստեղծական նոր արտահայտչամիջոցներով հարստացնելու համար»: 

Այս հայտարարությունն անակնկալ էր ոչ միայն գրականության ասպարեզի ներկայացուցիչների համար, այլև Դիլընի երկրպագուների: Թեմային անդրադարձան ամենահեղինակավոր պարբերականներն ու մեդիադաշտի տարբեր ասպարեզներ, որոնք և՛ արժևորում, և՛ վիճարկում էին շվեդական ակադեմիայի անակնկալ որոշումը՝ ամենևին չնսեմացնելով Դիլըն-երևույթի դերը, ազդեցությունը  համաշխարհային ժամանակակից մշակույթում:

Իսկ երաժշտության գիտակները ֆեյսբուքյան լայնածավալ տիրույթում սկսեցին քննարկել մրցանակաբաշխության նոր սկզբունքը՝ համեմատություններ տանելով հենց հայտարարության կոնտեքստում. իսկ այդ դեպքում ինչու՞ ոչ Ռոջեր Ուոթերս, անխոս՝ Ջիմ Մորիսոն, ոմանք առավելություններ փաստեցին Օկուջավայի, Վիսոցկու և այլ անվանի անունների համար: Նույնիսկ համեմատության մեջ դրվեց ողջ ֆրանսիական շանսոնը՝ նշելով Ժակ Բրելի, Ժորժ Բրասենսի ու Շարլ Ազնավուրի անունները, որոնց երգարվեստում պոեզիան երաժշտությունից մեկ քայլ առաջ է, և դա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Եթե երաժշտության մեջ պեզիա պիտի փնտրենք, ապա ես անպայման ավելացնելու եմ Լեոնարդ Քոհենի անունը. այս արտիստին ճանաչողները գիտեն նրա բանաստեղծության արժեքն ու երգերի տեքստային առավելությունը երաժշտության մեջ: Նա պոետ է, գրող և դա փաստում են ոչ միայն երգերը, այլև գրքերը, բանաստեղծական ժողովածուները:

Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը հանդես եկավ նաև իրենց որոշումը հիմնավորող հավելյալ հայտարարությամբ:

Ինչևէ, Նոբելյան մրցանակաբաշխության խորհուրդը գրող-թեկնածուների մեջ որոշել և ընտրել է Բ. Դիլընին և այսուհետ տասնամյակներ շարունակ երաժշտության կուռք և ուսուցիչ համարվող այս անունը պետք է փնտրենք նաև համաշխարհային գրողների շարքում: Հիշենք նաև, որ նա ունի արձակ գործեր ևս, որոնցից ամենահաճախ հիշատակվածը 1971թ. հրատարակված «Տարանտուլ» վեպն է: Մինչդեռ շատերը նրան երաժշտից հետո համարում են նախ՝ նկարիչ, հետո նոր բանաստեղծ, դերասան:

Նկարիչ, դերասան և երգիչ Բոբ Դիլընը

Իսկ ի՞նչ է կարծում այս ամենի մասին ինքը՝ Դիլընը, առայժմ հայտնի չէ: Ավելի ճիշտ՝ այնքան էլ հստակ չէ: Նա համերգային շրջագայության մեջ է և շարունակում է իր առաքելությունը՝ աշխարհն ալեկոծած իր մրցանակի հանդեպ լուռ, զուսպ և, կարծես թե, անվրդով: Օրեր առաջ Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ նա որևէ ակնարկ անգամ չի արել այդ առիթով: Համացանցը փոթորկած հայտարարությունից հետո շվեդական թագավորական ակադեմիայի ներկայացուցիչները երկար ժամանակ չէին կարողանում կապ հաստատել արտիստի հետ և անձամբ զրուցել. պատճառը՝ Դիլընը քնած է, որովհետև արթնանալուց հետո համերգ ունի…

Պոետ, թե՞ երաժիշտ, այս հարցը նրան շատ անգամ են տվել: Վերանայելով երգչի, այսուհետ նաև պոետի հին ու նոր հարցազրույցները, վստահաբար կարող ենք ասել, որ նա իրեն միշտ էլ երաժիշտ է համարել: Իսկ մի առիթով նույնիսկ ասել է. «Ես ինձ պոետ չեմ համարում, որովհետև այդ բառն ինձ դուր չի գալիս-պոետ: Կարող եք ինձ մարմնամարզիկ համարել՝ ճոճաձողի վրա»:

Մի առիթով էլ ասել է, որ երբ դիտում է լուրերի թողարկումները, հասկանում է, որ աշխարհը ղեկավարում են մարդիկ, ովքեր երբեք երաժշտություն չեն լսում:

Poets.com կայքը, մեջբերելով արտիստի 60-ականների ասուլիսներից մեկը, նշում է, որ նա բազմիցս տրվող «պոետ, թե՞ երգիչ» հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Կարծում եմ, որ ես ավելի շատ երգի և պարի մարդ եմ»:

Այնուամենայնիվ, որքան վիճելի են արվեստի տարբեր բնագավառների հատման ու անջատման կետերը, նույնքան էլ քննարկելի են դրանց համապատասխան մրցանակաբաշխությունների սահմանները: Իսկ Դիլընն, ինչ խոսք, այս առումով ամենասահմանախախտներից մեկն է: Միևնույն ժամանակ անհերքելի է այն փաստը, որ նա մեծ բանաստեղծ է ու … մի խոսքով՝ արվեստագետ՝ բառի ամենամեծ իմաստով:

Գրականության ասպարեզում նոբելյան մրցանակը առաջին ակնառու նվաճումը չէ այս արտիստի կյանքում: 2008թ. նա ամերիկյան ամենահեղինակավոր՝ Պուլիցերյան մրցանակի հատուկ պարգևի արժանացավ՝ « ամերիկյան մշակույթում և փոփ երաժշտության մեջ ունեցած իր մեծ ազդեցության համար, որը նշանավորվեց պոետական բացառիկ ուժով օժտված բանաստեղծություններով»:

աջից՝ Բոբ Դիլընի որդին՝ Ջեսի Դիլընը ստանում է Պուլիցերյան հատուկ պարգևը մրցանակաբաշխության խորհրդի համանախագահ Ռիչարդ Օփելից

Բ. Դիլընը նաև վեց գրքի հեղինակ է: Բոստոնի և Օքսֆորդի համալսարանների պրոֆեսոր, գրաքննադատ, գրականագետ Քրիստոֆեր Ռիքսը իր «Dylan՚s Visions of Sin» գրքում բանաստեղծ Դիլընին հավասար տեղ է հատկացնում Ջ. Քիթսի, Ա. Թենիսոնի և Թ. Էլիոթի կողքին: Բացի այդ՝ հայտարարում է, որ նա ևս արժանի է նույնանման խորը ուսումնասիրություն-վերլուծության, ինչպես նշված մեծանուն գրողները:

Մեկ այլ մասնագետ՝ բրիտանացի պոետ, նովելիստ և կենսագիր Էնդրյու Մոշընն էլ պնդում է, որ Դիլընի բանաստեղծությունները կամ երգի տեքստերը պետք է ներառվեն դպրոցական դասագրքերում: 

Իսկ Դիլընն առայժմ ճամփորդում է, նվագում և երգում: 1988թ-ից մեկնարկած նրա «Never Ending Tour» (Անվերջանալի հյուրախաղեր) նախագիծը շարունակում է ոտքի տակն առնել աշխարհի հին ու նոր, մեծ ու փոքր երկրները: Եվ մինչ նրա արվեստի երկրպագուները վիճում են, թե ով է ավելի մեծ՝ Դիլըն- երաժի՞շտը, թե՞ Դիլըն- պոետը, նա նույն հանգստությամբ, անվրդով ու թվում է, թե այս ամենին անտարբեր դիրքորոշմամբ հիշեցնում է, որ բոլոր տեսակի մրցույթներից, պարգևներից, մեդալներից հեռու՝ ինքը «խոսնակ է», ով հանդես է գալիս բոլորիս անունից: «I’m the spokesman for a generation» ,- ասում է նա և մեկ անգամ ևս հուշում` երաժշտություն լսել:

Մեկնաբանություններ (1)

Նաիրա Հայրապետյան
էս էլ Քոհենի արձագանքն է՝ «Դիլընին Նոբելյան մրցանակ տալը նույնն է, ինչ ամենաբարձրը լինելու համար Էվերեստ լեռանը մեդալ տալը » https://www.theguardian.com/music/2016/oct/14/leonard-cohen-giving-nobel-to-bob-dylan-like-pinning-medal-on-everest?CMP=fb_gu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter