HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ արձագանքը «Հետք»-ի հրապարակումներին․ ի՞նչ է փոխվել

Դեռևս այս տարվա փետրվարից «Հետք»-ը սկսել է ուսումնասիրել սննդամթերքի շուկան՝ պարբերաբար նյութեր հրապարակելով արձանագրված խախտումների վերաբերյալ՝ սկսած մակնշումից, կեղծված սննդամթերքից մինչև վտանգավոր մանրէների հայտնաբերում: Հոդվածների մի մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է՝ խոստանալով ուսումնասիրություններ կատարել և դրանց արդյունքների մասին տեղյակ պահել :

Մինչ օրս մենք տեղեկատվություն  էինք ստացել միայն նրբերշիկների վերաբերյալ (երեկ), այդ պատճառով հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ ՝ պարզելու, թե ուսումնասիրության որ փուլում են մեր հրապարակումները:

«Կեղծված սննդամթերք»՝ հայերեն սխալ մակնշմամբ. փոփոխվել են միայն 3-ը

Այս հոդվածում «Հետք»-ն ուսումնասիրել էր ներկրվող մի քանի սննդամթերքի հայերեն մակնշումները և պարզել, որ դրանք ոչ միայն չեն համապատասխանում արտադրողի կողմից ներկայացվածին, այլև որոշ ապրանքատեսակներում կան ավելորդ կամ փոփոխված բաղադրատարրեր։ Սա ՄՄ ՏԿ022/2011 տեխնիկական կանոնակարգի խախտում է։

Ի պատասխան մեր հարցմանը` ՍԱՊԾ-ն նշում է, որ շոկոլադ ներկրողներին համապատասխան գրություններ են ուղարկվել՝ խախտումները վերացնելու մասին, և «տնտեսվարողները սահմանված ժամկետում Ծառայությանը տեղեկացրել են մակնշման խախտումների վերացման մասին և ներկայացրել են մակնշման փոփոխված տարբերակները»:

Օրերս մենք շրջել ենք խանութներով ՝ պարզելու՝ շուկայում ներկայումս վաճառվող նույն ապրանքների մակնշումները փոփոխված են, թե ոչ։

Ուկրաինական «Roshen» ընկերության «Эсмеральда» թխվածքաբլիթների մակնշումը (ներմուծող՝ «Մեգաֆուդ» ՍՊԸ) մասնակի փոփոխված է․ավելացված է  «պալմայի» և մեկ այլ յուղ (որը մակնշման կիսատ/կտրած լինելու պատճառով չի երևում, ինչը ևս խախտում է), ինչպես նաև շտկված են սննդային հավելումների թվերը ( ինչը դարձյալ մակնշման կիսատ/կտրած լինելու պատճատով չի երևում)։ Սակայն բաղադրատարրերի հերթականությունը նորից խախտված էր, սխալ էր նշված թխվածքաբլիթի կալորիականությունը, «31% շոկոլադե ջնարակ»-ն էլ դարձել էր 27,3 %:

                                     Առաջ                                                                     Հիմա

Գերմանական «Toffifee» կոնֆետների ներկրողը՝ «Կոնվեկտ» ՓԲԸ-ն, բարեխղճորեն փոփոխել էր հայերեն մակնշումը ՝ այն դարձնելով համարժեք արտադրողի կողմից ներկայացված օրիգինալ մակնշմանը։

                                      Առաջ                                                                       Հիմա

Մակնշումը փոփոխել էր նաև «Անդակո» ՍՊԸ-ն՝ գերմանական «LEIBNIZ» և «LEIBNIZ դայթ» (դիետիկ) թխվածքաբլիթների մեջ՝ պահելով արտադրողի կողմից ներկայացված ապրանքների հերթականությունը:

                                       Առաջ                                                                     Հիմա

                               Առաջ                                                                                  Հիմա

«Վենդա» ՍՊԸ-ի կողմից ներկրվող իսպանական Gullon  ընկերության «Chip Choco Diet» թխվածքաբլիթների, «Մաստեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկրվող «Kухмастер» ընկերության «Վարսակի թխվածքաբլիթներ»-ի մակնշումներն ինչպես խախտումով կային, այդպես էլ մնացել են։

 «Sandora» բնական հյութի(ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ),  «Ritter Sport» (Ներմուծող՝ «Պոլիտան»  ՍՊԸ), նուշով և կակաոյի փաթիլով «Alpen Gold» (ներմուծող՝ «Մարսերալ» ՍՊԸ), մակնշումները  ամբողջությամբ կամ մասնակի փակցված էին օրիգինալ մակնշման վրա, «Alpen Gold»-ի նաև դժվարընթեռնելի էր, ինչպես նախկինում։

«Տարեկանի հաց` առանց տարեկանի ալյուրի»հաց արտադրողները համաձայն չէին հրապարկման մեջ արված բացահայտումների հետ

Այս հրապարկման մեջ մենք ուսումնասիրել էինք տեղական արտադրության տարեկանի և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից պատրաստված հացատեսակաները և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում տարեկանի ալյուր։

Այս դեպքի առումով ՍԱՊԾ-ն ևս խոստացավ դիտարկումներ իրականացնել ։

Արդյունքում ՍԱՊԾ-ն կազմակերպել է հանդիպումներ հաց արտադրողների հետ, «քննարկել «Հետք»-ի բացահայտումները», իսկ «հաց արտադրողները չեն համաձայնել հրապարկման արդյունքներին»։

Ծառայությունը հաց արտադրողների մոտ ուսումնասիրել է նաև տարեկան ալյուրի առկայությունը և օգտագործումը,  «օգտագործվող քանակությունների և տարեկանի հացի արտադրությունում դրա նորմատիվ փաստաթղթով սահմանված քանակությունների համապատասխանությունը արտադրությունում փաստացի օգտագործվող բաղադրիչներին» և խախտումներ չի հայտնաբերել։

ՍԱՊԾ-ն նաև կատարել է հացերի  հսկիչ գնումորի լաբորատոր փորձաքննության արդյունքները «կտրամադրվեն ավելի ուշ, քանի որ դիտարկման ընթացքը կասեցվում է մինչև լաբորատոր փորձաքննության ավարտը»։

Նրբերշիկներ. հայտնաբերվել և ոչնչացվել է միայն մեկ արտադրողի նրբերշիկ

Նրբերշիկների փորձաքննության հրապարակման վերաբերյալ ՍԱՊԾ-ն ևս արձագանքեց՝  խոստանալով «գնալ ահազանգի հետևից», բայց մինչ այդ նրանք պետք է  պարզեին անհամապատասխանություններն ու  փորձաքննության արդյունքների հավաստիությունը:

«Հետքը» ծառայության խնդրանքով ներկայացրել էր նրբերշիկների գնման վայրը («Երևան Սիթի»), ինչից հետո՝ սեպտեմբերի 22-ին նշված վաճառքի կետերից  «հայտնաբերվել է միայն  ներկրված 2 տեսակի նրբերշիկ»՝  կանադական «Ֆարմ» ընկերությա «Maplelodge» հավի նրբերշիկ՝ 179 տուփ և բրազիլական «Royal» նրբերշիկ՝ 48 տուփ: Երկուսի պահպանման պայմանները (-18օ C), ըստ ՍԱՊԾ-ի, խախտվել էին. առաջինը պահվում էր -9 օ C, երկրորդը՝ -14 օ C պայմաններում: 
Այս առումով՝ «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի 2 խանութներին (Մաշտոցի 5, Կոմիտասի 60/2) տվել է «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր:

Կատարվել է նաև վերընշված նրբերշիկների նմուշառում և փորձաքննություն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ում: 2016թ. սեպտեմբերի 30-ի փորձարկման արձանագրության համաձայն՝ «Maplelodge» հավի նրբերշիկը համապատասխանում է, իսկ բրազիլական «Royal» նրբերշիկը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին  («Royal» նրբերշիկի 48 տուփը ոչնչացվել է):

Ինչ վերաբերում է հոդվածում  նշված տեղական արտադրության նրբերշիկներին, ապա ՍԱՊԾ-ն «հրապարակման մեջ նշված» նրբերշիկներ չի հայտնաբերել: Արտադրողները գրավոր տեղեկացվել են «Հետք»-ի հրապարակման արդյունքների մասին, ինչին ի պատասխան նրանք նշել են, որ  «արտադրված քանակությունն ամբողջությամբ վաճառվել է»: Արձանագրված խախտումների համար ոչ մի արտադրող պատասխանատվություն չի կրել։

Հրապարակման մեջ նշված տեսակների նրբերշիկ արտադրող տեղական կազմակերպություններում ՍԱՊԾ-ն ուսումնասիրել է արտադրական գործընթացը և պահպանման պայմանները,  ինչի արդյունքում խախտումներ ևս չեն հայտնաբերվել: Արտադրված խմբաքանակից կատարվել է նմուշառում և ներկայացվել փորձաքննության: Դրանք այժմ լաբորատոր փորձաքննության փուլում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter