HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հիվանդանոցում երեխաներ են մահանում

Արփինե Հարությունյան
Էդիկ Բաղդասարյան

«2001 թ. մայիսին Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գրանցվել է մինչեւ մեկ տարեկան 9 երեխայի մահ: Այդ մասին տեղյակ եմ պահել Աշոցքի տարածաշրջանի իրավապահ մարմիններին, այնուհետեւ՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին, ազգային անվտանգության մարզային կառույցներին եւ ՀՀ գլխավոր դատախազին: Դիմումներս մնացել են անպատասխան»,- հայտնեց Աշոցքի տարածքային հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի (ՀՀՀԿ) գլխավոր բժիշկ Նինա Վարդանյանը: Նա 35 տարի աշխատում է որպես պետական սանիտարական բժիշկ: 2000թ. հունիսի 1-ից նրա ղեկավարած կենտրոնը ստուգումներ է անցկացրել տարածաշրջանի առողջապահական հիմնարկներում: Ինչպես Ն. Վարդանյանն է պատմում, «հայտնաբերվել են համաճարակային հիվանդություններ (կապույտ հազ, պոլիոմիելիտ, կարմրուկ, սիֆիլիս), կասկածելի մահվան դեպքեր, երեխաների վրա անհայտ վակցինաների փորձարկում, հաշվետվությունների կեղծում: 2001թ. առաջին 5 ամիսներին Աշոցքում 10 երեխա է մահացել:

Մինչեւ մեկ տարեկան 9 երեխա մահացել է «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում»: Առողջապահության նախարարության (ԱՆ) տվյալներով՝ 2001թ. առաջին 8 ամիսներին հիվանդանոցում գրանցվել է 6 մանկական մահ: «2001թ. առաջին 8 ամիսների ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում գրանցվել է 11 մանկական մահ»,- նշված է նախարարության մեզ տրամադրած գրությունում: Ն.Վարդանյանի վկայությամբ՝ իրենց կենտրոնի աշխատակիցները հիվանդանոցում գրանցել են շատ ուրիշ անօրինություններ: Այս ամենն արձանագրելուց հետո առողջապահության վարչության հրահանգով կենտրոնին արգելել են հետագա ստուգումները: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռ.Խաչատրյանը մեր հարցմանը պատասխանել է, որ 2001 թ. մայիսին Աշոցքի տարածաշրջանում մինչեւ մեկ տարեկան երկու երեխա է մահացել: Նա նշել է մահացածների տվյալները: Մեր ձեռքի տակ են նաեւ ՀՀ վիճակագրության եւ պետական ռեգիստրի Աշոցքի տարածքային վարչության պետ Հ. Գրիգորյանի ներկայացրած տվյալները: Ըստ որոնց, 2001թ. մայիսին Աշոցքում գրանցվել է մինչեւ մեկ տարեկան երեխաների մահվան 9 դեպք: Պետական այս կառույցների ղեկավարներից ով է ստում, պարզ չէ: 

Երեխաների մահվան համար պատասխանատու են կոնկրետ մարդիկ, որովհետեւ շատերը մահացել են «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում որոշակի ժամանակահատվածում: Այսինքն՝ ինչ-որ բան այնպես չի եղել այդ հիվանդանոցում: Հիվանդանոցը հիմնադրվել է 1992թ. եւ Հովհաննես Պողոս Բ-ի նվիրատվությունն է Աշոցքի բնակչությանը: 1996թ. «Տիրամայր Նարեկի» ենթակայության տակ են անցել տարածաշրջանի բոլոր բուժկանխարգելիչ հաստատությունները: 1998թ. հայտնաբերվել է, որ հիվանդանոցի հիվանդներն ու բուժանձնակազմը սնվել են պարազիտներով վարակված մսով: Փաստերը հաստատվելուց հետո խոհարարը ենթարկվել է դրամական տույժի: Ըստ Ն.Վարդանյանի, «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ երեխաների վրա անհայտ սերիայի վակցինաներ են փորձարկել: Օգտագործել են նաեւ ժամկետանց պատվաստանյութեր: 

ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը բացառում է, որ նման դեպքեր լինեն «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում: «Այս հիվանդանոցը իդեալական պայմաններ է ապահովում հիվանդների համար»,- ասում է Կ.Սարիբեկյանը: Հեռախոսով երեխաների մահվան փաստերի վերաբերյալ մեր հարցերին «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Նինա Վարդանյանը հոգեկան հիվանդ է: 3-4 տարի է խանգարում է մեր նորմալ աշխատանքներին: Նախագահի աշխատակազմից եկել, ստուգել են, եւ որեւէ փաստ չի հաստատվել»: 

Մենք կարողացել ենք գտնել վերոհիշյալ ժամանակահատվածում այդ հիվանդանոցում մահացած երեխաների տվյալները, լինել նրանցից մի քանիսի ընտանիքներում: Ծնողների պատմություններից ակնհայտ էր, որ երեխաները մահացել են բժիշկների անփութության պատճառով: Փաստերը հիմք ընդունելով՝ Նինա Վարդանյանը 2001 թ. հուլիսին դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Անհիմն պատճառաբանություններով 3 անգամ դատական նիստերը չեն կայացել: Դատական վերջին նիստի ժամանակ պարզվել է, որ Ն. Վարդանյանն ազատված է աշխատանքից: Նա այլեւս չէր կարող իր ղեկավարած կենտրոնի շահերը դատարանում պաշտպանել: «Մարզային կենտրոնի ղեկավարը ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի մեր կենտրոնում կատարվել էին կառուցվածքային փոփոխություններ. ես հեռացված էի աշխատանքից: Բայց մինչեւ օրս էլ ես աշխատում եմ»,- ասում է Ն. Վարդանյանը: Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները հայցը մերժել են: Իսկ վճռաբեկ դատարանը չի ընդունում հայցը՝ պատճառաբանելով, թե բողոքի բովանդակությունը «ոչ հարմար» ձեւով է ներկայացված: 

Ն.Վարդանյանը ՀՀ գլխավոր դատախազին գրած դիմումի մեջ մանրամասն նկարագրել է տարածաշրջանի առողջապահական հիմնարկներում տիրող վիճակը, ներկայացրել իրավախախտումների բազում փաստեր: Դատախազությունը, սակայն, որեւէ քայլ չի արել: 

Ահա այդ դիմումի մեջ բարձրացված հարցերից մի քանիսը. «Ինչպե՞ս է անհայտ սերիայով պատվաստանյութ ներկրվել տարածաշրջանի առողջապահական համակարգ։ Ինչպե՞ս են երեխաների վրա գաղտնի փորձարկումներ կատարվել: Ինչպե՞ս է հնարավոր 4 դոզայով՝ 19 երեխայի, 19 դոզայով՝ 29 երեխաների պատվաստումներ կատարել։ Այն դեպքում, երբ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է 1 դոզա, այն էլ երբ մեծ քանակով ժամկետային վակցինաներ են խոտանվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter