HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ապարանի քաղաքապետը՝ իր առանձնատան եւ 4,5 հեկտար հողամասի մասին

Ապարան համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանը թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է համատեղ սեփականությամբ 1 շենք-շինություն Ապարանում եւ երեք հողամաս՝ մոտ 4,8 հեկտար ընդհանուր մակերեսով։

«Հետք»-ի հետ զրույցում Գոռ Աբրահամյանը պարզաբանեց, որ հայտարարագրած շենք-շինությունը երկհարկանի առանձնատուն է՝ 308 քմ մակերեսով, որտեղ էլ Ապարանի քաղաքապետը բնակվում է։ «2007 թվականին վաճառել եմ ինձ պատկանող երեք բնակարանները եւ բարեկամիցս գնել այդ առանձնատունը, որովհետեւ, այսպես ասած, սեփական տուն շատ եմ սիրում։ Առանձնատունը, սակայն, մինչեւ հիմա իմ անունով ձեւակերպած չէ։ Բարեկամս բնակվում է Ռուսաստանում, խնդիրներ ունի եւ չի կարողանում Հայաստան գալ։ Չգիտեմ էլ՝ շինության ճակատագիրն ինչպիսին կլինի»,-ասաց Աբրահամյանը։

Նա Ապարան համայնքի ղեկավարն է 2005 թվականի նոյեմբերից։ Աբրահամյանը պնդում է, որ բիզնես չունի եւ ապրում է 170 հազար դրամ աշխատավարձով։ «Կինս ուսուցչուհի է, 100 հազար դրամ էլ նա է ստանում, էդպես ապրում ենք։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, ես բիզնես չունեմ»,-ասաց նա։ Ապարանի հանրապետական քաղաքապետն արդեն 1 տարի է՝ չի կարողանում աշխատանք գտնել իր երեք որդիներից մեկի համար, ով երկար տարիներ արտերկրում բնակվելուց հետո վերադարձել է Հայաստան եւ հիմա աշխատանք չի գտնում։

Գոռ Աբրահամյանի հայտարարագրած երեք հողամասերից մեկը՝ 4,45 հեկտար մակերեսով, որ գտնվում է Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում` քաղաքապետի ծննդավայրում, գյուղատնտեսական նշանակության է։ Սակայն քաղաքապետը դրանից չի օգտվում, եւ հողամասը երկար տարիներ անմշակ է։ Աբրահամյանն ասաց, որ հողամասն իր ընտանիքին հատկացվել է 1991 թվականին։ 1991-1996 թվականներին, ինչպես կարդում ենք պաշտոնական կենսագրության մեջ, Գոռ Աբրահամյանը եղել է Ապարանի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը։ Նա ասում է, որ երբեւէ հողամասի մշակությամբ չի զբաղվել։ «Էդ հողում ոչ վարել եմ, ոչ ցանել, ոչ էլ դրա ժամանակն ունեմ»,-«Հետք-ի հետ զրույցում նշեց Ապարանի քաղաքապետը։

Աբրահամյանը թիվ 14 ԸԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում գրառել է նաեւ 750 հազար դրամի չափով դրամական միջոցներ եւ 2,6 միլիոն դրամի չափով տարեկան եկամուտ՝ ստացված աշխատավարձից։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter