HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Չվերանորոգված և վթարավտանգ կամուրջների քաղաքը. Վանաձոր

Մարինե Մադաթյան

Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում եմ: Այս փողոցում է տեղակայված Վանաձորի տնակային ավանը, որտեղ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են մետաղյա տնակներում («դոմիկ»): Նոր քաղաքապետի ընտրության հաջորդ օրն է: Ամեն ընտրության հետ ավանի բնակիչների մեջ հույս է արթնանում, թե քաղաքային նոր իշխանությունների ջանքերով կազատվեն տնակներից, հետո հույսը մարում է: Այս անգամ էլ այդ հույսը նորոգել է նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Առաջին ակնկալիքն, ասում են, իհարկե դոմիկներից ազատվելն է, իսկ մինչ այդ՝ կենսական առաջին անհրաժեշտությունների ապահովումը:

Նորընտիր քաղաքապետի խոստումներից մեկը, ինչպես պատմեցին բնակիչները, հարակից Տանձուտ գետի փլված կամուրջը վերականգնելն է:

Անցած տարվա ապրիլին Տանձուտ գետի վարարումից փլվել է թաղամասը մյուս ափին կապող կամուրջը և մինչ օրս այդպես էլ մնացել: Ասում են` այն հատկապես կարևոր էր երեխաների, դպրոցականների համար, որովհետև ափի մյուս կողմում գտնվող 9-րդ դպրոց տանող ամենակարճ ճանապարհն էր:

Բնակիչներից Անժելան ասում է, որ երեխաները առաջ հինգ րոպեում տնից հասնում էին դպրոց, հիմա կես ժամ առաջ են դուրս գալիս. «Գնում են, խաչմերուկով բարձրանում, եսիմ ուր են հասնում, վախենում ենք, վտանգավոր ա, փողոց են անցնում, ամեն առավոտ կամ ես, կամ սկեսուրս երեխեքին տանում ենք»:

- Էստեղ մեզ ասում են` «բոմժ» եք,- փորձում է իրավիճակը բացատրել հարևաններից մեկը` դոմիկում ապրելու հետ կապելով իրենց անտեսված լինելը,- բայց ինչի՞ ենք բոմժ, ապրում ենք, չէ՞, ասենք թե՝ տուն չունենք:

Բա բոմժ ես, ինչ ես, «անօթևանը» բոմժը չի՞, մենք սաղս էլ բոմժ ենք էլի,- ինձնից առաջ պատասխանում է 28 տարի դոմիկում ապրած հարևանը:

Տարվա այս  եղանակին, երբ գետը վարար չէ, երեխաները երբեմն գետի միջով են անցնում: Լուսինե Վերմիշյանն էլ դպրոցական երկու երեխա ունի, ասում է` մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան, բարձրաձայնել են, որ այն անհրաժեշտ է վերականգնել, սակայն ոչ ոք չի արձագանքել:

«Անցած տարի մենք մեր առաջվա քաղաքապետին դիմեցինք, ասեց` ձեր կամուրջի փոխարեն տուն կսարքենեք, ձեզ կտանք, ու լրիվ քանդվեց, ինչն էլ, որ մնացել էր, կարային մի երկու կոպեկով անեին, մնացածն էլ սաղ երկաթի տակ տարել-հանձնել են»,- ասաց Լուսինե Վերմիշյանը: Ափի մյուս կողմում է ոչ միայն դպրոցը, այլև մոտակա մանկապարտեզը, խանութը, ինչպես նաև ներքաղաքային տրանսպորտի 1-ին գծի կանգառը: Այտնեղ է նաև «Գլորիա» կարի ֆաբրիկան, որի աշխատողները ևս երկար ճանապարհ են կտրում` աշխատանքի հասնելու համար: «Գլորիայում աշխատանքը սկսվում է 8-ին 15 պակաս, կամուրջով հինգ րոպեի ճանապարհ էր, հիմա նրանք էլ մի կես ժամ բարձրանում են, որ հասնեն ֆաբրիկա»,- ասաց բնակիչներից մեկը:

Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ վերջին երեք տարում կամուրջների մասով որևէ գնում չի կատարվել: Իսկ երբ կոմունալ բաժնից ստացանք քաղաքի բոլոր կամուրջների ցանկը, պարզվեց, որ վերանորոգման կարիք ունի ոչ միայն Սանկտ Պետերբուրգի փողոցը 9-րդ դպրոցին կապող այս կամուրջը, այլև քաղաքի կամուրջների բացարձակ մեծամասնությունը: Դրանց մի մասը գտնվում է խիստ վթարային վիճակում:

Վանաձորի քառամյա ծրագիրը տարվա հետ կավարտվի` չվերանորոգված կամուրջներով

Վանաձորի քառամյա զարգացման ծրագրում (2013-2016թթ.)` կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված աշխատանքներից մեկը կամուրջների նորոգումն է, նպատակը` քաղաքի բոլոր կամուրջները սեյսմակայուն և երթևեկելի վիճակում պահպանելը: Քաղաքի քառամյա զարգացման ծրագրով` Վանաձորն ունի 28 հատ տրանսպորտային և 30 հատ հետիոտնային կամուրջ: Սրանք համայնքային նշանակության կամուրջներն են: Իրականում գետերի երկայնքով շրջելիս բազմաթիվ կամուրջներ կարելի է տեսնել, որոնք կառուցել են հենց տվյալ տարածքի բնակիչները` այդ վայրից գետը կտրելու և ճանապարհը կարճացնելու համար: Քաղաքապետարանն ինքնաշեն այդ կամուրջներով չի զբաղվում` համարելով դրանք իր ենթակայության տակ չգտնվող կառույցներ:

Պարզելու համար` որ հասցեներում են համայնքային նշանակության կամուրջները և ինչ կարգավիճակում են գտնվում, դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը «Հետքին» տրամադրեց իրենց գույքագրած կամուրջների ցանկը: Գույքագրումը, ըստ առաջատար մասնագետ Միշա Ազարյանի, կատարվել է 2009-2010թթ. (տարին նշված է մոտավոր, քանի որ կոմունալ բաժնի աշխատակցիները չկարողացան գույքագրման ստույգ թվականը ասել):

Ցանկում արձանագրված է, սակայն, ավելի քիչ թվով` 26 հետիոտնային և 27 տրանսպորտային կամուրջ: Մ. Ազարյանի խոսքով` սա կոմունալ բաժնի կատարած վերջին գույքագրումն է, հետևաբար անհասկանալի է, թե ինչպես է քառամյա ծրագրում գործող կամուրջների այլ թիվ ներկայացվել:

Կամուրջների կարգավիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը տրվել է ոչ թե հատուկ մասնագիտացված կազմակերպություն, այլ կոմունալ բաժնի աշխատակիցները: Թե ինչպես են պարզել կարգավիճակը, Մ. Ազարյանն ասում է` այցելել են տարածք, նայել են ու որոշել: Այսպես՝ քաղաքի տրանսպորտային 27 կամուրջներից 15-ը ներկայացվել է որպես «վերանորոգման ենթակա», 2-ը` «բավարար», 1-ը` «նորմալ», հետիոտնային կամուրջներից 5-ը` «վերանորոգման ենթակա», 7-ը` «բավարար», 8-ը` «նորմալ», 2-ը` «խիստ վերանորոգման ենթակա»: Տրանսպորտային 9 կամուրջների և հետիոտնային 4 կամուրջների կարգավիճակն ընդհանարապես նշված չէ: Մ. Ազարյանի խոսքով` եթե կարգավիճակը նշված չէ, ուրեմն կամուրջը կարիք ունի ուսումնասիրման: «Առհասարակ, այդ  բոլոր կամուրջներն էլ վերանորոգման ենթակա են, բոլորն էլ հին են», - ասում է Մ. Ազարյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր տարվա բյուջետային նախապատարաստական աշխատանքների իրականացմանը զուգընթաց, ըստ զարգացման ծրագրի, պետք է իրականացվեին հասարակության «կենսական շահերի ուսումնասիրություններ»`  արդյունքները բյուջեի նախագծում ներառելու նպատակով:

2013-2016թթ. յուրաքանչյուր տարի այդ ուսումնասիրությունների համար նախատեսվել է 1,000,000 դրամ: 

Կամուրջների վերաբերյալ, փաստորեն, համակարգային ուսումնասիրություն երբևէ չի կատարվել` չնայած այն հանգամանքին, որ դրանք պատշաճ երթևեկելի դարձնելու և վերանորոգելու հարցն ընդգրկվել էր ծրագրում:

Կոմունալ բաժնի ուսումնասիրությունն այնքան ժամանակավրեպ է, որ Սանկտ Պետերբուրգի փողոցը 9-րդ դպրոցին կապող չգործող կամուրջը ցանկում գնահատված էր «բավարար»:

Հարցին` ֆինանսական ի՞նչ միջոցներ են ծախսվել քաղաքի վթարավտանգ կամուրջների վերանորոգման համար, Մ. Ազարյանը պատասխանեց. «Եղել է, որ միջոցներ են ծախսվել հետիոտնային կամուրջների վրա, 3-4 տարի առաջ կամուրջների վրա որոշակի գումար է ծախսվել, իրոք վթարային վիճակից բարվոք վիճակի է բերվել, որպեսզի մարդիկ կարողանան գետն ապահով անցնել»,- ասում է Միշա Ազարյան: Որպես քիչ թե շատ նորոգված կամրջի օրինակ բերեցում է Տանձուտ գետի վրայի կամուրջներից մեկը, որը նախկինում կիսաքանդ վիճակում է եղել: «Այստեղ գրեթե կամուրջ չկար, նորմալ տեսքի են բերել»,- ասաց Մ. Ազարյանը:

Բարձիթողի վիճակ, ըստ Մ. Ազարյանի, չի եղել, քանի որ «ըստ առաջնահերթությունների» մասնակի վերանորոգել են համայնքի կամուրջները:

Տանձուտ գետի վրա հետիոտնային 14 կամուրջ կա, որոնցից մի քանիսը իսկապես վտանգավոր են անցնելու համար: Բնակիչները չեն հիշում, թե երբ է քաղաքապետարանը դրանք վերջին անգամ նորոգել: Իրենք են երբեմն հատակին տախտակ կամ երկաթ ամրացնում, նորոգում բազրիքները` օգտվելու համար:

Տանձուտ գետի` վերանորոգման կարիք ունեցող մեկ այլ կամրջի հատակը ժամանակի ընթացքում քայքայվել և պոկվել է:

Քաղաքի կենտրոնական մասում գտնվող հետիոտնային կամուրջներն էլ հիմնականում նույն վիճակում են: Վերանորոգման ենթակա համարվող այս կամրջի բազրիքների կեսը չկա:

Վթարավտանգ են քաղաքի և հանրապետության համար ստարատեգիական նշանակություն ունեցող կամուրջները

2012թ. Վանաձորի քաղաքապետարանը հայտ է ներկայացրել` քաղաքի վթարավտանգ կամուրջներից երկուսի (Հալաբյան փողոցի և Գործարանային փողոցի թիվ 1) ` 2013թ. բյուջետային միջոցներով վերանորոգումն իրականացնելու համար: Վանաձորի ավագանին հաստատել է ծախսային ծրագիրն ու ներկայացրել Լոռու մարզպետին: Ըստ ներկայացված փաստաթղթի` Հալաբյան կամրջի վերանորոգման ծախսերը կազմում են 80 մլն դրամ, իսկ Գործարանային փողոցի թիվ 1 կամրջինը` 30 մլն դրամ:

Հալաբյան փողոցի կամուրջը միացնում է քաղաքի կենտրոնական մասը Դիմաց և Բազում թաղամասերի հետ: Կամրջով է անցնում Գուգարք համայնք տանող գլխավոր ճանապարհը: Կամուրջը կամարաձև է, երկարությունը` 56մ, լայնությունը` 11մ: Այն, ըստ քաղաքապետարանի, ունի ստրատեգիական նշանակություն ինչպես Վանաձորի, այնպես էլ հանրապետության համար:

Դեռևս 2003թ., ինչպես հայտնում է քաղաքապետարանը, զննման արդյունքներով` արձանագրվել է «կրող կոնստրուկցիաների վթարայնության դինամիկ աճ»: Հալաբյան փողոցի կամրջից օգտվում են թե՛ հետիոտները, թե՛ վարորդները: Վերանորոգման անհրաժեշտությունը ակնհայտ նկատելի է կամրջի կամարին նայելիս: Կամարի երկու ծայրերի պանելները կախված են: Երբ կամրջի վրայով մեքենա է անցնում, հստակ զգում ես ասֆալտի դղդրդոցը ոտքերիդ տակ: Քաղաքապետարանի կոմունալ բաժնի մասնագետ Մ. Ազարյանը այդ շարժումը պայմանավորում է կամրջի կառուցվածքով. «Կամուրջը պետք է շարժում ունենա, եթե չշարժվի, կփլվի: Ես երեք տարի աշխատել եմ Մոսկվայում, անմիջապես կամրջաշինարարության մեջ, այդ շարժը անպայման պետք է լինի»:

Պանելների լուսանկարները ցույց տալուց հետո ավելացնում է. «Սա ճարտարապետների խնդիրն է, իրենք պետք է ուսումնասիրություն կատարեն և որոշեն` սա ամրացման ենթակա է, թե ոչ: Բնականաբար, կամուրջը վերանորոգման ենթակա է, մոտ 60 տարվա պատմություն ունի, առանց վերանորոգման հնարավոր չէ շահագործել»: Կամրջի վրա համայնքային միջոցներից գումար չի ծախսվել: Մ. Ազարյանի խոսքով` երբեմն կատարվել են ասֆալտապատման, բայց ոչ ամրացման աշխատանքներ: 

Վթարային մյուս` Գործարանային փողոցի թիվ 1 կամուրջը, որը ևս նախատեսված է թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների համար, քաղաքի արդյունաբերական գոտին միացնում է մյուս հատվածների հետ: Երկարությունը մոտ 46 մ է, լայնությունը` 10 մ: Վերանորոգման նախահաշվային արժեքը, այս տարվա տվյալներով, կազմում է 30 մլն դրամ: «Կամուրջը վտանգ է ներկայացնում ավտոտրանսպորտի և հետիոտների երթևեկության համար»,- գրված է ծրագրում:

Այս տարի քաղաքապետարանը ծախսային նոր հայտ է ներկայացրել մարզպետարան` ակնկալելով ֆինանսավորում 2017թ. պետբյուջեի միջոցներից:

Համաձայն հայտի՝ Հալաբյան փողոցի կամուրջը վերանորոգելու համար անհրաժեշտ է արդեն ոչ թե 80, ինչպես նախկինում, այլ 100 միլիոն դրամ, և վերանորոգման ձգձգումը բյուջեի վրա աստիճանաբար ավելի թանկ է նստելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter