HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատգամավոր Շախմուրադյանը՝ չեխական ընկերության սեփականատեր եւ տնօրեն. ունեցվածքը չի հայտարարագրել, բայց խոստանում է անել

Վահե Սարուխանյան

Էդիկ Բաղդասարյան

Ազգային ժողովի պատգմավոր Կարեն Ռաֆաելի Շախմուրադյանը (անձնագրով այսպես է գրվում) պաշտոնն ստանձնել է այս տարվա մարտի 2-ին: Նա անկուսակցական է, սակայն խորհրդարան է անցել ՀՅԴ համամասնական ցուցակով այն բանից հետո, երբ նախարար է դարձել Արծվիկ Մինասյանը:

36-ամյա Շախմուրադյանն, ըստ պաշտոնական կենսագրության, նախկինում գործադիր պաշտոններ է զբաղեցրել մեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններում.

2006-2012 թթ.՝ «Արմենիա-Լադա» ՓԲԸ («ԱվտոՎԱԶ»-ի («Լադա») նախկին ներկայացուցիչ) գլխավոր տնօրեն,
2009-2013՝ «Արարատ-Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրեն,
2006-2016՝ «Կարկոմավտո» ՍՊԸ («ԳԱԶ»-ի, «ՈւԱԶ»-ի, «ՊԱԶ»-ի ներկայացուցիչ) առաջին փոխտնօրեն,
2006-2016՝ «Ֆորա» ՍՊԸ («Ford»-ի, «Land Rover»-ի եւ «Volvo»-ի ներկայացուցիչ) առաջին փոխտնօրեն,
2007-2016՝ «Վեկար» ՍՊԸ («Chevrolet»-ի ներկայացուցիչ) առաջին փոխտնօրեն,  
2010-2016՝ «Մուրան» ՍՊԸ («Nissan»-ի ներկայացուցիչ) առաջին փոխտնօրեն,
2010-2016՝ «Գալոպեր» ՍՊԸ (բելառուսական, ռուսական, իտալական մեքենաներ, շինտեխնիկա) հետվաճառքի գծով փոխտնօրեն: 

Կ. Շախմուրադյանը գործարար Ռաֆայել Շահմուրադյանի որդին է: Հենց հայրն է ժամանակին ստեղծել վերոնշյալ ընկերություններից շատերը: 2005-ի փետրվարի 6-ին Ռ. Շահմուրադյանը սպանվել է ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին (Տոլյատիում է գտնվում «ԱվտոՎԱԶ» ընկերությունը): 2004-ի մայիսին էլ Երեւանում նրա նկատմամբ մահափորձ էր իրականացվել, սակայն Շահմուրադյանը ողջ էր մնացել ու հայտարարել, որ կասկածում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Վերջինս բաժնետեր էր «Արարատ-Լադա» ՓԲԸ-ում, եւ վարկած կար, որ Շահմուրադյանի «Արմենիա-Լադա»-ն ցանկանում է ձեռք բերել ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի՝ «Արարատ-Լադա»-ում ունեցած 49 տոկոս բաժնետոմսերը, ինչն էլ թշնամության պատճառ է դարձել:

Ինչպես երեւում է, պատգամավոր դառնալու կապակցությամբ այս տարի Կ. Շախմուրադյանը դուրս է եկել բոլոր ընկերությունների տնօրինություններից (օրենքով պատգամավորներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ, նրանք կարող են լինել որեւէ բիզնեսի սեփականատեր, սակայն դրանցում գործադիր պաշտոն իրավունք չունեն զբաղեցնել):

Պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ըստ կարգի, պատգամավորը ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որտեղ նշել է մեկական բնակարան եւ անհատական տուն, «Audi A6» մեքենա: Պատգամավոր դառնալիս ունեցել է 84.000 դոլար, 25 մլն դրամ եւ 7.000 եվրո, ինչպես նաեւ փոխառության է հանձնել ավելի քան 150 մլն դրամ ու 400.000 դոլար: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին իբրեւ աշխատավարձ Շախմուրադյանը ստացել է 7,9 մլն դրամ եկամուտ 6 տեղից: Հայտարարագրել է նաեւ 6 բաժնեմաս եւ 2 բաժնետոմս՝ ընդհանուր ավելի քան 30 մլն դրամ արժեքով:     

«Հետքը» պարզել է, որ ՀՅԴ-ական օրենսդիրը, չնայած դուրս է եկել հայաստանյան ընկերություններից, շարունակում է տնօրեն մնալ չեխական «D.M.Sali» ՍՊԸ-ում: Վերջինս գրանցված է Պրահայում, կանոնադրության համաձայն, զբաղվում է անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությամբ: Ինչպես նշել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում օտարերկրյա քաղաքացիները անշարժ գույք գնելու համար պարտավոր են ընկերություն ունենալ, եւ շատ դեպքերում օտարերկրացիները ֆիկտիվ ընկերություններ են հիմնում կամ գնում ուրիշներից՝ զուտ օրենսդրական պահանջը բավարարելու համար:

«D.M.Sali» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ի ապրիլին ՀՀ քաղաքացի Սամվել Մկրտչյանի կողմից: 2011-ին ընկերությունը գնել է պրահաբնակ փաստաբան Մարինա Մախիտկովան, իսկ 2012-ին՝ Վլադիմիր Գալուստյանը: Վերջինս գրանցված է Պրահայում, եղբայրների հետ մի շարք ընկերությունների հիմնադիր է: Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ գործարար Գալուստյաններն առանձնապես չեն շփվում համայնքի հետ, չնայած հայտնի են հայկական շրջանակներում: «D.M.Sali»-ն տերերի փոփոխությանը զուգահեռ փոխել է նաեւ հասցեն: Վերջին՝ չորրորդ հասցեն հենց Վ. Գալուստյանի տունն է մայրաքաղաքի Բուբենեչ թաղամասում (Bubeneč, Ovenecká 1109/21a):       

2014-ի մարտի 17-ին ընկերությունը Գալուստյանից գնել են Շախմուրադյան եղբայրները՝ Աշոտը (ծնվ. 1981 թ.) եւ Կարենը (ծնվ. 1980 թ.): Նրանք եւ մայրը գրանցված են Երեւանի Հովսեփ Էմինի փողոցում: 200.000 կրոն (մոտ 4 մլն դրամ) կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի 70 տոկոսը պատկանում է Աշոտին, 30-ը՝ Կարենին: Նրանք նաեւ «D.M.Sali»-ի տնօրեններն են: Կ. Շախմուրադյանի մասնաբաժինը 60.000 կրոն է, ինչը հավասար է 1,2 մլն դրամի: Սակայն նրա հայտարարագրում նման բաժնեմաս ներկայացված չէ: Այսինքն՝ պատգամավորը ոչ միայն չի հայտարարագրել չեխական ունեցվածքը, այլեւ դուրս չի եկել տնօրենի պաշտոնից: 

«D.M.Sali»-ն եւ Կարեն Շախմուրադյանը, Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով, որեւէ սեփականություն չունեն, սակայն Աշոտ Շախմուրադյանը բնակարան ունի Պրահայի Կարլին թաղամասում (Rohanské nábřeží 657/7, Karlín, Praha):

Այս շենքին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Գործարար Ալբերտ Երիցյանի որդու ընտանիքին պատկանող հողամասի վերաբերյալ հոդվածից հետո դրա սեփականատեր էր դարձել Հարություն Սարուխանյանը, ում «Gor & Maria» ՍՊԸ-ն գրանցված է հենց Ռոհանսկե նաբրժեժիի այս բազմաբնակարան շենքում: Այստեղ սեփականություն ունեն նաեւ ամուսիններ Արամ եւ Կարինե Մարությանները: Ա. Մարությանը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի նախկին տեղակալն էր (նաեւ Ավստրիայի պատվո հյուպատոսը Հայաստանում), ում ընկերությունը՝ «Atlantis European Airways»-ը, համատեղ թռիչքներ էր կազմակերպում «Չեխական» եւ «Ավստրիական» ավիաուղիների հետ (վերջինի հետ համագործակցությունը հիմա էլ շարունակվում է): Շենքի սեփականատերերի թվում է նաեւ մոսկվացի Վոլոդյա Էլիզբարյանը, ով ընկերություններ ունի Պրահայում:

Չեխիայում ներդրում կատարելու, ընկերության գործունեության, ունեցվածքը չհայտարարագրելու եւ տնօրենի պաշտոնից դուրս չգալու մասին մի քանի հարց էինք ուղարկել Կարեն Շախմուրադյանին, ինչին ի պատասխան՝ նա հայտնել է.

«Այո, ձեր նշած ընկերությունը եղբորս՝ Աշոտ Շախմուրադյանի հետ գնել ենք 2014 թվականին, եւ ընկերությունում ունեմ 30 տոկոս բաժնեմաս: Ընկերությունը գործել է ըստ կանոնադրության՝ անշարժ գույքի վարձակալությամբ: Բիզնես նպատակներից բացի՝ ընկերությունը գնել ենք այդ երկիր այցելելու եւս մեկ պատճառ ունենալու համար: Քանի որ շատ եմ սիրում չեխական մշակույթն ու ճարտարապետությունը եւ երկիրն ընդհանրապես: Ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում: Հայտարարագրումս բաժնետոմսերի չնշելը եւ տնօրենի պաշտոնից չհրաժարվելս  եղել է բացթողում բազմաթիվ ընկերություններում ներգրավված լինելու եւ հայտարարագիր լրացնելու անփորձությանս պատճառով, որը շատ շուտով կուղղվի: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու եւ նախօրոք իմ մոտեցումները եւ բացատրությունները ճշտելու համար»:

Հոդվածի պատրաստմանն աջակցել է Պավլա Հոլցովան (Չեխիա)

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Պրահա-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter