«Արմենիան Քափըր Փրոգրամը» վարչապետ Կարեն Կարապետյանից աջակցություն է խնդրում
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրում է աջակցել Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ներկայիս գործող սահմանաքանակները ևս 5 տարով երկարացնելու համար:
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 8-9:30–ի սահմաններում, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդու փողոցներում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Քաղաքը ծխագազի մեջ չէր երևում:
Դա պղնձաձուլական գործարանի մեծաքանակ արտանետումների պատահական դեպք չէր: «Հետքը» պարբերաբար անդրադառնում է գործարանի արտանետումների հետևանքով Ալավերդիում ստեղծված մթնոլորտային ծանր վիճակին։ Երեկվա արտանետումների մասին Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանի գրավոր հարցմանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը պատասխանել է, թե գործարանի արտադրական ծավալները և բաղադրությունը համեմատած նախորդ ամիսների հետ՝ չեն փոխվել: Տնօրենը փորձել է «Օրհուս» կենտրոնի համակարգողին համոզել, թե հոկտեմբերի 31-ի առավոտյան Ալավերդու մթնոլորտում ստեղծված իրավիճակը եղել է բարձր ամպամածության արդյունք:
Ալավերդցիները տեղյակ չեն , որ պղնձաձուլական գործարանի Կոշաբերդ սարի գագաթի ծխնելույզի արտանետումների ծավալներն արդեն 3-րդ տարին է՝ չեն վերահսկվում և, 2012թ.-ի հոկտեմբերի 8-ից մինչ օրս, ծխնելույզից Ալավերդու օդային մթնոլորտ բնակչության կյանքի և առողջության համար վտանգավոր անսահմանափակ արտանետումներ են ուղղվում՝ բնապահպանության նախարարության թույլտվությամբ և կառավարության համաձայնությամբ:
Լ. Մեջլումյանի՝ վարչապետին ուղղված գրությունից տեղեկանում ենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից 5 տարի ժամանակով՝ 08.10.2012թ-07.10.2017թ.-ը, ստացել է Ալավերդու օդային ավազան նետելու վնասակար նյութերի նորմերից բարձր արտանետումների չափաքանակ: «Դրանով, պղնձաձուլական գործարանին տրվել է հնարավորություն՝ Ալավերդու մթնոլորտ արտանետել այնքան արտանետումներ, որքան ընկերությունը ցանկանում է, բացարձակ հաշվի չառնելով արտանետումների նորմավորման վերաբերյալ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի հիմնական պահանջը»,-ասում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Անսահմանափակ արտանետումներ կատարելով, ընկերությունը նախորդ 3 տարիներին պետբյուջե վճարել է բնապահպանական չնչին վճարներ:
Հիշեցնենք, որ այդ պատճառով գործարանի արտանետումների թիրախում գտնվող Ալավերդու համայնքային բյուջեն 2016թ.-ին զրկվել է բնապահպանական սումբվենցիայից: Այսուհանդերձ, վերոնշյալ թույլտվության ժամանակացույցին համապատասխան պետբյուջե վճարվող բնապահպանական վճարների չափը 2016թ հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կաճի շուրջ 2 անգամ, իսկ 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո կաճի 4 անգամ, կազմելով մոտ 400 մլն. դրամ: Սա խուճապ է առաջացրել միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում: Ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը սեպտեմբերի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը գրավոր խնդրել է ևս 5 տարի պահպանել արտանետումների թույլատրված չափաքանակները:
«Հաշվի առնելով, որ ներկայումս պղնձաձուլական գործարանն աշխատում է զրոյականին մոտ շահութաբերությամբ, ինչը պայմանավորված է մետաղների շուկայում վերջին տարիներին ստեղծված իրավիճակով և շարունակում է իր գործունեությունը Ալավերդի քաղաքում և հարակից համայնքերում զուտ սոցիալական խնդիր լուծելու նպատակով, բնապահպանական վճարների նման չափով ավելացման դեպքում ընկերության գործունեության տնտեսական շահավետությունը կտեղափոխվի բացասական դաշտ: Դա պատճառ կհանդիսանա գործարանի աշխատանքները դադարեցնելու համար»,-վարչապետին ուղղված գրության մեջ հայտնել է Լ.Մեջլումյանը:
Հիշեցնենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Ալավերդիում 2016թ-ից փակել է իր սոցիալական բոլոր ծրագրերը և փաստորեն իր արտանետումների համար ազդակիր համայնքերում սոցիալական որևէ պարտավորություն կամ ծրագիր չի իրականացնում: Բնապահպանության նախարարությունը ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի գործունեությանը վերաբերվող սեպտեմբերի 23-ի NoԼՄ-041 գրության մասին կարծիք և առաջարկություն ստանալու համար հարցում է ուղարկվել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանին:
Իր պատասխանում Գաբրիելյանը նախարարությանը տեղեկացրել է Լ. Մեջլումյանի գրության մեջ նշված 2010թ.-ի հունիսի 30-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ուղարկված գործարանի նոր նախածխանցքի և ծխնելույզի կառուցման նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ իր բացասական կարծիքի մասին: «Իմ կողմից 2010թ.-ի հուլիսի 7-ին տրվել է բացասական կարծիք»,- հայտնել է Ա. Գաբրիելյանը և նախարարությանը ներկայացրել դրա պատճառները: Գաբրիելյանի խոսքով՝ նախագծով պղնձաձուլական գործարանը փորձել է իր հիմնական արտանետումները տեղափոխել մոտակա բարձունքը, նպատակ ունենալով պակասեցնել գործարանի արտանետումների ազդեցությունը Ալավերդու վրա և այդ միջոցով պակասեցնել իր կողմից պետբյուջե կատարվող բնապահպանական վճարները:
«Սակայն նախագծում ներկայացված 20մ բարձությամբ ծխնելույզը ներկայացված է որպես 318 մետրանոց՝ խողովակի 20 մ բարձրության գումարելով նշված սարի՝ Կոշաբերդի 298 մետր բարձրությունը՝ 100 մետրանոց խողովակի հիմքի նկատմամբ»,-նախարարությանը հայտնել է Ա. Գաբրիելյանը: Նա բնապահպանության նախարարությանն առաջարկել է մերժել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության դիմումը՝ Ալավերդու և հարակից համայնքների մթնոլորտ ևս 5 տարի չհիմնավորված արտանետումները շարունակելու պահանջի մասին: Առաջարկել է մասնագիտական և իրավաբանական վերլուծության ենթարկել ընկերության կողմից իրականացված արտանետումների դիմաց պետբյուջեի վճարումների օրենքին համապատասխանությունը և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պարտադրել չվճարված վճարների սուբվենցիաները որպես պարտք վճարել ազդակիր համայնքներին:
Հաշվի առնելով ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի աշխատողներին և բնակչությանը պարբերաբար մատուցվող գործարանը փակելու սպառնալիքները՝ Ա. Գաբրիելյանը առաջարկել է նաև գործարանի աշխատողների և բնակչության շրջանում քննարկման առարկա դարձնել գործարանի գործունեությունը: Իր գրությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լ. Մեջլումյանն էլ վարչապետ Կարեն Կարապետյանին նաև հայտնել է, որ ներկայումս ընկերության կողմից բանակցություններ են տարվում չինական ընկերությունների հետ և արդեն կազմել են հուշագիր տարեկան 100 հազար տոննա կատոդային պղնձի արտադրողականությամբ և ծծմբային գազերի մինչև 98,5 տոկոս ուտիլիզացիայով նոր պղնձաձուլական գործարանի նախագծման համար: «Վերջինիս հետ կապված նոյեմբեր ամսին նախատեսվում է չին նախագծողների այցը՝գործարանի տարածքի և ռելիեֆի ճշգրտման նպատակով»,-վարչապետին հայտնել է ընկերության տնօրենը: Թե չինական որ ընկերություների հետ է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը համագործակցում նոր պղնձաձուլական կառուցելու գործում, Լուսինե Մեջլումյանը չի հայտնում:
Լուսանկարները՝ հեղինակի
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել