HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից ու ԱՄՆ-ից՝ սիրիահայերին. նյութական օգնություն, տեղափոխություն, աշխատանք

Կալիֆոռնիայի հայերը սիրիահայերին աջակցում են գումարով

Րաֆֆի Քենդերջյանը Լոս Անջելեսից օրեր առաջ է եկել Հայաստան: Նա «Սիրիահայության շտապ օգնության ֆոնդի» (SARF- Syrian Armenian Relief Fund) ատենապետն է: Ֆոնդը հիմնադրվել է 4 տարի առաջ, բաղկացած է Կալիֆոռնիայում գործող 10 կազմակերպություններից: Նպատակը միացյալ ջանքերով սիրիահայերին օգնելն է:

Րաֆֆին ասում է, որ Կալիֆոռնիայում բնակվող հայերը սիրիահայերին օգնելու համար 2 միլիոն դոլարից ավելի գումար են փոխանցել: Այդ գումարի առյուծի բաժինը լոսանջելեսահայությանն է: Գումարն անմիջապես չի փոխանցվում սիրիահայ ընտանիքներին, ուղարկում են Հալեպում գործող «Սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի մարմնին», որն էլ  բաշխում է՝ ըստ կարիքների:

Ինչպե՞ս է ծախսվել ավելի քան 2 մլն դոլարը

Րաֆֆի Քենդերջյանն ասում է, որ Կալիֆոռնիայի հայերի կողմից Սիրիա ուղարկվող գումարը 4 ուղղություններով է ծախսվում: Օգնության առաջին ուղղությունը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում գործող հայկական դպրոցներն են: Այսօրվա տվյալներով՝ 5-6 դպրոց է գործում քաղաքում, նախկինում այդ թիվը կրկնակի մեծ էր: Աշակերտների թիվն էլ նվազել է, դպրոցներ կան, որոնք միախմբվել են:

Զրուցակիցս շեշտում է, որ ինչ թիվ էլ ասեն, բնականաբար, այն հստակ չի կարող լինել, հետևաբար նշվող թվերը մոտավոր են: Ներկայում Հալեպի հայկական դպրոցներ է հաճախում 2000-3000 աշակերտ: Ամերիկահայության ուղարկած գումարների շնորհիվ հայկական դպրոցներն անվճար են գործում, նաև ուսուցիչների աշխատավարձերն ու դպրոցի ընդհանուր ծախսերն են վճարում:

Երկրորդ ուղղությունը հայ վիրավորներին օգնությունն է: Նրանց բուժումը կազմակերպվում է տեղում, կատարվում են նաև սրտի վիրահատություններ: Զրուցակիցս նշում է, որ բժիշկների թիվը ևս նվազել է Հալեպում: Ասում է, որ եթե ընտանիքները չեն կարողանում հոգալ զոհվածների հուղարկավորության ծախսերը, իրենք օգնում են:

Ծախսերի երրորդ և չորրորդ ուղղությունը վնասված բնակարանների վերականգնումն ու սննդի ապահովումն է:

Սիրիայից հայերի տեղափոխության մասին Րաֆֆին ասում է, որ իրենց հիմնադրամի քաղաքականության մեջ չի ներառվում այդ կետը, բայց քանի որ իրավիճակը Հալեպում անընդհատ փոխվում է, հնարավոր է նաև փոփոխություն լինի իրենց մոտեցումներում: Նշում է, որ հայաստանյան մի քանի կազմակերպությունների հետ համատեղ 1 տարի վճարել են Հայաստան եկած սիրիահայերի բնակարանային վարձի 50 տոկոսը (օգնությունը ստացածների թիվը դժվարանում է հիշել): «Աշխարհում հայերը 10 միլիոն են: Ուր ալ որ տագնապ կեցած է հայու մը, մենք հասած ենք իբրև հայեր, և չեմ խոսում այստեղ Լոս Անջելեսի հայերի, պարսկահայերի, լիբանանահայերի, կանադահայերի մասին... Սա մեր քույրերի և եղբայրների հարցն է: Եվ մեր օգնությունները շատ ավելի պետք է բազմապատկենք»,- նշում է նա: Ավելացնում է, որ չեն կարող գնալ պայքարել Հալեպում, կոնտեյներներով սնունդ ուղարկել, միակ բանը, որով այսօր կարող են օգնել, գումարն է:

Ավելի քան 20 հազար սիրիահայ տեղափոխվել է Հայաստան, 2500-ը՝ աշխատանք գտել

«Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել նախարարությանը, որոնց պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարցերին պատասխանել է ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

-Ի՞նչ քայլեր են արվում սփյուռքի նախարարության կողմից՝ հալեպահայերին Հայաստան կամ այլ երկիր տեղափոխելու համար:

-Սիրիական համակարտության սկզբից ՀՀ կառավարությունը որդեգրել է դիրքորոշում, ըստ որի՝ օգնել սիրիահայերին թե՛ Հայաստանում և թե՛ Սիրիայում: Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է գտնվում Դամասկոսում ՀՀ դեսպանության, Հալեպում ՀՀ հյուպատոսության, Սիրիայում հայ ազգային իշխանությունների, «Սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի մարմնի» ներկայացուցիչների հետ՝ երկրում և համայնքում տիրող իրավիճակին, մեր հայրենակիցների կարիքներին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության քայլեր ձեռնարկելու համար: Սիրիայից հայերի տեղափոխությունը չի կատարվում զանգվածային ձևով, քանի որ անվտանգության հարցը երաշխավորված չէ:

Անցնող տարիներին Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել 20 հազարից ավելի սիրիահայեր (մինչև պատերազմը Սիրիայի հայ համայնքը կազմում էր շուրջ 70 հազար մարդ- հեղ.), որոնց կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնակարանային, զբաղվածության հիմնահարցերով ամեն օր զբաղվում է նախարարությունը՝ համագործակցելով պետական մարմինների, միջազգային կառույցների, ՄԱԿ ՓԳՀ-ի, համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների հետ:

Այս տարվա ընթացքում մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստան է եկել 428 սիրիահայ, իսկ հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ 68 հոգի:

-Արդյո՞ք ստացել եք հալեպահայերից խնդրագրեր տեղափոխության համար: Եթե այո, ապա քանի՞ խնդրագիր եք ստացել, քանիսի՞ն է ընթացք տրվել:

-Մինչև վերջերս սիրիահայերը չեն դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն, այլ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով ստացել են ՀՀ մուտքի արտոնագրեր՝ Սիրիայից Հայաստան տեղափոխվելու համար: Հալեպի՝ սեպտեմբերի 30-ի հրթիռակոծությունից հետո Դամասկոսում ՀՀ դեսպանաության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով Հայաստան տեղափոխվելու երկու ընտանիքի պաշտոնական դիմումներ են ստացվել ՀՀ սփյուռքի նախարարություն, որոնց ընթացք է տրվել:

-2015 թ.-ից մինչ օրս քանի՞ հալեպահայ է եկել Հայաստան, և քանի՞սն են եկել նախարարության աջակցությամբ:

-2015-ի հունվարից առ այսօր Սիրիայից Հայաստան է տեղափոխվել շուրջ 1250 սիրիահայ: Սիրիահայերը Հայաստան են տեղափոխվում Սիրիայում հայ համայնքային կառույցների, ՀՀ դեսպանության և գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ՝ համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների աջակցությամբ: Այս հարցում սփյուռքում գործող մի շարք կազմակերպություններ բավականին ակտիվ են:

-Ձեր ունեցած տվյալներով՝ Հալեպում այժմ քանի՞ հայ է մնացել:

-Հալեպի հայ ազգային իշխանությունների, ՀՀ գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ քաղաքում բնակվում է 12-15 հազար հայ:

-Հայաստան տեղափոխվածներից քանիսի՞ն եք ապահովել աշխատանքով:

-2012-2015 թթ. 3500-ից ավելի սիրիահայ է դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ աշխատանքով ապահովման հարցով: Պետական կառույցների, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, հայաստանյան մոտ 200 կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության արդյունքում շուրջ 2500 սիրիահայ ապահովվել է աշխատանքով: Միևնույն ժամանակ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներումուրջ 500 սիրիահայերի համար կազմակերպվել են դասընթացներ ՀՀ մաքսային և հարկային օրենսդրության վերաբերյալ, մշակվել են 100-ից ավելի բիզնես ծրագրեր, որոնցից առավել հաջողված 92 ծրագրի հեղինակները ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստացել են վարկեր՝ արտոնյալ պայմաններով:

-Վերջին մեկ տարվա կտրվածքով քանի՞ սիրիահայ է Հայաստանից տեղափոխվել այլ երկիր:

-Սիրիահայերի՝ այլ երկիր տեղափոխվելու վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ լինել չի կարող, քանի որ մի մասը գնում է, մյուս մասը՝ վերադառնում: Վերջին շրջանում Հայաստանից այլ երկրներ՝ Շվեդիա, Կանադա, մեկնելու միտումը դադարել է:

Հ.Գ. «Հետքը» մի շարք հարցեր է ուղարկել նաեւ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ին Հայաստան տեղափոխվող սիրիահայերին աջակցելու մասին:

Առաջին լուսանկարում՝ հրթիռակոծված Հալեպը (AFP/Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter