HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15.000 դրամի համար հաշմանդամություն ունեցողը 1 տարի 7 ամիս կալանքի տակ է

49-ամյա Տիգրան Հարությունյանը 1 տարի 7 ամիս կալանավորված է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժ. մասում: Տիգրանը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, սակայն դա չի խանգարել դատարանին, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի կալանքը: Նա մեղադրվում է 2-3 գրամ մարիխուանա իր տան դիմաց 15.000 դրամով վաճառելու մեջ:

Տիգրան Հարությունյանի կալանավորմանն ու քրեական գործին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է՝ գրելով, որ կալանավորին դատական նիստերի դահլիճ են բերում սայլակով:

Դատարանը մեկ տարի ու կես քննում է այս գործը

Դատարանում գործի քննությունը սկսվել է դեռևս 2015-ի մայիսից, սակայն մինչ օրս դատավճիռ չկա: Ավելին՝ «Հետքին» ահազանգեց Տիգրան Հարությունյանի եղբայրը՝ Իշխան Հարությունյանը՝ ասելով, որ հուլիս ամսից դատավարություն չի եղել: «Իմ եղբայրը ծանր վիճակում է, սայլակի վրա, չի կարողանում ինքնուրույն շարժվել, տարբեր հիվանդություններ ունի, գոնե արագացնեն փորձաքննությունը, դատերը անեն»,- ասաց հիվանդ կալանավորի եղբայրը:

Այս տարվա հուլիսի 8-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը, բավարարելով Տիգրան Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը, նշանակել է դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» կազմակերպությանը` միջգերատեսչական բժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմով։

Մեկ փորձաքննությունը տևում է շուրջ 4 ամիս. ինչո՞ւ

«Անցել է շուրջ 4 ամիս, բայց ոչ մի փորձաքննություն չեն արել»,- ասաց Իշխան Հարությունյանը՝ նշելով, որ օրեր առաջ անձամբ է գնացել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն», խոսել բաժնի վարիչներից Գագիկ Հարությունյանի հետ, ով նշել է, որ շատ ծանրաբեռնված են աշխատում: Նույն պատասխանը ստացավ «Հետքը»՝ հեռախոսազրույց ունենալով կենտրոնի մեկ այլ բաժնի վարիչի հետ, ով չցանկացավ նշել անունը:

Ըստ բժշկական փաստաթղթերի` Տիգրան Հարությունյանն ունի տուբերկուլոզ՝ աջ թոքի քայքայումով, շաքարային դիաբետ, օրական ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, ուռուցքային գոյացություն կոկորդում, էպիլեպսիա:

Էպիկրիզը՝ 2015 թ-ի մարտի դրությամբ

Տիգրան Հարությունյանը էպիլեպսիա հիվանդություն ունի 20 տարեկանից, սակայն նախաքննության ժամանակ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու արդյոք նա ի վիճակի՞ է ցուցմունքներ տալ, կամ որքանով են արժանահավատ նրա ցուցմունքները: «Դատախազն ասաց՝ մենք որտեղից իմանայինք, որ Հարությունյանն ունի էպիլեպսիա: Սակայն գործում կա էպիկրիզ, որտեղ գրված է էպիլեպսիայի մասին»,- մեզ հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը:

Հաստատվել են նաև հեպատիտ C և լյարդի ցերոզ հիվանդությունները

«Ունեցած հիվանդությունները հերիք չէին, հիմա էլ հեպատիտ C-ն է հաստատվել: Լյարդի ցերոզն է ավելացել: Անցած հոկտեմբերին քրեակատարողականից չհաստատեցին, բայց էս տարվա հոկտեմբերին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաստատել են նորից, որ հեպատիտ C ունի»,- ասաց կալանավորի եղբայրը:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերի 26-ին Տիգրան Հարությունյանը սուր ցավեր էր ունեցել բանտում, շտապօգնություն էր կանչվել: «Շտապօգնություն» ՊՈԱԿ-ից փաստաբանը ստացել էր պատասխան, որ հետազոտությամբ պարզվել է՝ կալանավորը հիվանդ է նաև հեպատիտ C-ով: Ըստ փաստաբանի, կարելի է եզրակացնել, որ հեպատիտով նա վարակվել է քրեակատարողական հիմնարկում: «Գոնե դեղերը տան, Էսենցյալը իր դեղն է, գոնե մի երկու ժամ քնի»,- ասում է Իշխանը:

Հեպատիտ C կամ C լյարդաբորբ, վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։

2015 թ-ի հոկտեմբերի 26-ի և 2016 թ-ի հոկտեմբերի 6-ի բժշկական փաստաթղթերը

Այս պարագայում, երբ դեռ չկա դատավճիռ, չի կարող կիրառվել կառավարության կարգը, որը վերաբերում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններին: Հիշեցնենք, որ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կալանավորը չի ստանում թոշակը

Հիվանդություններից զատ, Տիգրան Հարությունյանն ունի նաև հաշմանդամության թոշակի խնդիր, թոշակը չի ստանում: Իշխան Հարությունյանն ասաց, որ եղբայրը թեև 3-րդ կարգի հաշմանդամ է ճանաչվել, ինչը բողոքարկել են, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել, չի ստանում նաև թոշակը: «Մարդը չի կարողանում քայլի, 10 հիվանդություն ունի, գրում են 3-րդ կարգ, բայց, լա՛վ, գոնե թոշակը տան, գոնե դեղերի փող կլինի, դա էլ չեն տալիս»,- ասաց կալանավորի եղբայրը: Իշխանը պատմեց, որ գնացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Էրեբունու տարածքային գրասենյակ, ուր և «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղարկել են նրա փաստաթղթերը: Սակայն այնտեղ կալանավորի եղբորը պատասխանել են՝ քանի որ Տիգրան Հարությունյանը հետադարձ հասցե չունի, չեն կարող թոշակ տալ. «Ասեցին՝ երբ դատապարտեն, իրեն կգրանցեն բերդի վրա, նոր կթոշակավորենք»:

Իշխան Հարությունյանը «Հետքի» միջոցով դիմում է մի քանի պետական կառույցների.

  1. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որպեսզի ողջամիտ ժամկետներում կատարվի գործի քննությունը, ոչ թե տևի տարիուկես
  2. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որպեսզի վերջապես կատարվի եղբոր դատաբժշկական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը, տրվի համապատասխան եզրակացություն
  3. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի պաշտպանվեն եղբոր առողջության, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իրավունքը
  4. Սոցիալական ապահովության պետական ծառայությանը, որպեսզի կարգավորեն եղբոր թոշակավորման հարցը

Մեկնաբանություններ (3)

Հայրենասեր
մեծ գողերին չեն կարողանում բռնեն խեղճ ու կրակներին են բռնում
Գարիկ Սահակյան
Մարդ նեղն ընկնելուց ինչի ասես ընդունակ ա
Ալվինա
Ավելի լավ է օգնեն մարդուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter