HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Կասկած ունեմ՝ արդեն «սրբագրված» են տրվել հսկողական վարույթի նյութերը»

Գլխավոր դատախազության հետ երկու տարվա դատական վիճարկումներից հետո «Հետքը» կարողացավ ծանոթանալ 1995 թ-ին Իրանի քաղաքացու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված, 2015 թ-ին ծանր հիվանդության հիմքով ազատված (մահացել է ազատվելուց 15 օր անց, հիվանդանոցում) Սողոմոն Քոչարյանի գործով հսկողական վարույթի նյութերին:

Մեկ հատորանոց հսկողական վարույթում նախ բացակայում էր բովանդակության մասը, որը քրական գործերում պարտադիր լինում է առաջին էջերում: Հետևաբար, անհասկանալի էր, թե որ էջում՝ ինչ փաստաթուղթ կա: Էջակալումը կատարված էր մատիտով, այսինքն՝ յուրաքանչյուր էջ կարող է հանվել ու դրվել: 84 էջանոց վարույթում 1995-2004 թթ. փաստաթղթեր էին, անգամ Սողոմոն Քոչարյանի երկու դիմումներն են (2000 և 2003 թթ.-ին հացադուլի մեջ եղած ժամանակ գրված)՝ մահապատժի դատավճռի իրագործման խնդրանքով: Այդ բովանդակությամբ դիմումներ է նա գրել այն ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ու նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին:

Վարույթի նյութերում ընդամենը մեկ տեղ է հիշատակվում ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած Ժիրայր Խառատյանի անունը՝ դատավոր Մհեր Խաչատրյանի գրության մեջ, որով նա դատախազին հրավիրում է դատական նիստի:

«Կասկած ունեմ, որ Սողոմոնի գործով արդեն «սրբագրված» են տրվել հսկողական վարույթի նյութերը, որովհետև վարույթի բովանդակությունը չի համընկնում Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի հայտնած դիրքորոշման հետ»,-կարծիք հայտնեց «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ներկայացուցիչ, Սողոմոն Քոչարյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը: 

Արձակագիր Սամվել Խալաթյանի  «Դատախազը» վավերապատման մեջ (լույս է տեսել 2014-ին), որտեղ 141-143 էջերում  «Լոռու մարզ» թերթում 2014 թ-ի մարտի 14-ին հրապարակված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե եղել են դեպքեր, երբ օրենքի շրջանակներում դատախազը ցանկացել է օգնել մեկին, բայց չի հաջողվել և դա ծանրացել է նրա խղճին, Ժիրայր Խառատյանը պատմել է Սողոմոն Քոչարյանի գործի մասին: Հարցազրույցում դատախազը նշել է, որ դեմ է եղել մահապատժի դատավճռին, անգամ զեկուցագիր է գրել հեռանալու մասին, որը վարույթի նյութերի հետ ներկայացրել է այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին: Սակայն վերջինն ասել է, որ մահապատժի դատավճռի պահանջը ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացվել է ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով (սպանվածը ԻԻՀ քաղաքացի էր): Դեսպանը պահանջել էր ՀՀ քաղաքացուն մահապատժի դատապարտել՝ որպես արյան գնի հատուցում: Հակառակ դեպքում սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 

Մեղադրանքը պաշտպանած դատախազի գրած զեկուցագիրը, որի մասին նա հիշատակել է իր հարցազրույցում ու «Դատախազը» վավերապատման մեջ, վարույթի նյութերում բացակայում էր:

«Դատախազության դիրքորոշումը չտրամադրել հսկողական վարույթի նյութերը, կամայական էր, պատճառը մեկն էր՝ հնարավորություն չտալ ծանոթանալ ու գտնել այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեին մեղադրող դատախազի դիրքորոշումը: Այդպես էլ հարցական մնաց, թե ինչու էր դատախազությունը մերժում տրամադրել այդ նյութերը, եթե որևէ բացահայտող կամ «նոր» փաստաթուղթ չկար այնտեղ: Հետևաբար, ի՞նչն էր այսքան տարվա ձգձգումների ու դատական վիճարկումների իմաստը»,-ասում է փաստաբան Գրիշա Բալասանյանը՝ նշելով, որ անգամ այս վճռից հետո դատախազությունը թույլ չի տալիս, որպեսզի այլ դատապարտյալներ ևս ծանոթանան իրենց քրեական գործերով հսկողական վարույթներին:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հսկողական վարույթի նյութերը գլխավոր դատախազությունից խնդրել էինք տրամադրել դեռևս 2014-ի նոյեմբերին, ապա նաև 2015-ի մարտի համապատասխան գրություններով: Սակայն որևէ պատասխան չստանալով՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազությանը տրամադրել Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հսկողական վարույթի նյութերը: Վարչական դատարանը, դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, բավարարել էր հետաքննողների պահանջը:

Գլխավոր դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն մերժում ստացել: Այնուհետև պետական կառույցը դիմել էր Վճռաբեկ դատարան, որը հունիսի 22-ին որոշում էր կայացրել Գլխավոր դատախազության բողոքի վարույթի ընդունումը մերժելու մասին: Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 4 ամիս անց մենք կարողացանք տեսնել վարույթի նյութերը:

Հ.Գ. Այսօր Սողոմոն Քոչարյանի մահվան տարելիցն է: Նա ազատություն ստացավ պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդության հիմքով: Ազատվելուց հետո ապրեց ընդամենը 15 օր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter