HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցանկանում էր բիզնեսով զբաղվել, բայց զրկվեց նաև բնակարանից

«Արվալ» ՍՊԸ-ն զբաղվում է շինարարությամբ, այդ թվում՝ հիդրոէլեկտրոկայանների կառուցմամբ: Ընկերության հիմնադիր Գուրգեն Թադևոսյանը պատմում է, որ իր ընկերությունը Վայոց ձորի մարզի Եղեգիս և Գողթանիկ համայնքների վարչական տարածքում կառուցել է թվով երկու հէկ:

Հիմնադրելով ընկերությունը` Գ. Թադևոսյանը նպատակ է ունեցել շահույթ ստանալ, մրցակցային պայմաններում զարգացնել տնտեսությունը: Սակայն ոչ միայն չի հաջողվել նպատակներին հասնել, այլև ճիշտ հակառակը. ինչպես ինքն է ասում, իր հիմնադրած ընկերության պատվիրատու համարվող կազմակերպությունների նախածրագրված և ապօրինի գործողությունների արդյունքում կանգնել է ունեցվածքը կորցնելու վտանգի առջև:

Գուրգեն Թադևոսյանն իրեն ապօրինի ունեզրկելու և խաբելու փաստերը ներկայացրել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ տնօրեն Գևորգ Կուտոյանին,  գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և այլն:

Նա պատմեց, որ «Արվալ» ՍՊԸ-ի հիմնական պատվիատուները եղել են «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» և «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ները: Վերջինիս հետ կնքել է թվով 3 շինարարական կապալի պայմանագիր: «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի անունից իր հետ բանակցել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն  Գևորգ Մաչանյանը, իսկ որպես այդ ընկերության շահառուներ` հանդիսացել են նաև  ՀՀ պաշտպանության նախարարության  բարձրաստիճան զինվորական, գնդապետ Վաղարշակ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական վարչության պետ Հրանտ Սուվարյանը:

Գուրգեն Թադևոսյանը նշեց, որ Գողթանիկ գյուղում «Եղեգիս-2» փհէկ-ի կառուցման շինարարական աշխատանքները գրեթե մոտեցել են ավարտին, սակայն մոտ 23 մլն դրամի լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, որը նախատեսված չի եղել աշխատանքների կատարման նախագծով և նախահաշվով:

««ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից ինձ հետ բանակցող Գևորգ Մաչանյանը մի քանի անգամ հանդիպման ժամանակ թե իր, թե Վաղարշակ Ավետիսյանի, Հրանտ Սուվարյանի անունից նշել է, որ գումար չունեն շինարարության համար: Որոշվեց, որ աշխատանքները կատարելու համար իրենց՝ «Արմսվիսբանկ»-ից վարկ վերցնեմ, պայմանով, որ նրանք կարճ ժամանակում կմարեն վարկը: Հավատալով գործընկերներիս` «Արմսվիսբանկ»-ի հետ կնքեցի վարկային պայմանագիր, որի ապահովման համար գրավ դրեցի Երևան քաղաքի Կիևյան փողոցի վրա գտնվող իմ միակ բնակարանը»,- ասում է Գուրգեն Թադևոսյանը: Նրա խոսքով՝ ինքն անձամբ փակել է վարկի 3 ամսվա տոկոսագումարը՝ հույս ունենալով, որ վերը նշված անձինք  կմարեն վարկի գումարը:

Ըստ Թադևոսյանի՝ վարկի գումարները ծախսվել են  հէկի կառուցման համար: Այդ նպատակով միայն անկանխիկ եղանակով մոտ 21,5 մլն դրամի փոխանցումներ է կատարել: 15-20 օր իրենց խնդրանքով սպասելուց հետո առանց «Արվալ» ՍՊԸ-ին տեղյակ պահելու մնացած աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն  պայմանագիր է կնքել «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ և «Արվալի» կողմից տրամադրված նյութերով և պատրաստի կոնստրուկցիաներով իրականացրել  ավարտման աշխատանքները: Ըստ Գուրգեն Թադևոսյանի՝ «Արվալ» ՍՊԸ-ի կողմից անավարտ էր մնացել միայն հէկի շենքի մոնտաժման, հողի հետլիցքի և ցինկապատ թիթեղով պատերի իրականացման աշխատանքները, որի համար կծախսվեր ընդամենը 4-5 միլիոն դրամ:   

«Մի քանի ամիս անց Գևորգ Մաչանյանը և նրա գործընկերները, ցանկանալով «քցել» ինձ սկսեցին խուսափել վարկը մարելու նախկինում տված իրենց խոստումներից և պարտավորությունից»,- ասում է Գ. Թաևոսյանը:

«ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն այդ ժամանակահատվածում՝ 2014թ. օգոստոսի 19-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ «Արվալ» ՍՊԸ-ի: Պահանջը եղել է պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված ճանաչելու և դրա դիմաց ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային հաշիվ դուրս գրելուն պարտավորեցնելու մասին: Քաղաքացիական գործի քննության ընթացքում կատարողական ակտերն ընդունելուն պարտավորեցնելու և որպես հետևանք գումար բռնագանձելու պահանջներով  հակընդդեմ հայցեր է ներկայացրել նաև «Արվալ» ՍՊԸ-ն: Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ին ընդունել կատարված լրացուցիչ հողային աշխատանքները և որպես հետևանք բռնագանձել 21 մլն 300 հազար ՀՀ դրամ: Դատաքննությունը շարունակվում է:

«Արվալ» ՍՊԸ-ի միջնորդությամբ, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք է դրվել «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Գուրգեն Թադևոսյանն ասաց, որ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի կողմից կապալային աշխատանքների կատարման համար «Արվալ» ՍՊԸ-ին վճարվել է ընդհանուր 90.533.000 դրամ: Այդ գումարների միջոցով «Արվալ» ՍՊԸ-ն կատարել է  երեք պայմանագրերով նախատեսված աշխատանքները: Սակայն, 1220 մմ խողովակների բեռնափոխադրման համար «ՌԱԵԼ ԳԷՍ»-ը վճարել է մասնակի՝ պարտք մնալով 1.298.400 դրամ, իսկ   լրացուցիչ հողային աշխատանքների համար, որի արժեքը կազմել է 20.832.000 դրամ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն  չի վճարել: Վերջինս 04.09.2012թ. գրությամբ հրաժարվել է կապալի պայմանագրից՝ հիմքում դնելով «Արվալ» ՍՊԸ-ի կողմից ժամանակին աշխատանքները չկատարելու հանգամանքը: Բացի այդ, լրացուցիչ կատարված աշխատանքները «ՌԱԵԼ ԳԷՍ»-ի կողմից չեն ընդունվել:

Գուրգեն Թադևոսյանը նշում է, որ իրականությանը չի համապատասխանում աշխատանքները ժամանակին չկատարելու պնդումը, քանի որ լրացուցիչ համաձայնագիրը կնքելուց հետո, երբ պետք է սկսեին աշխատանքներն իրականացնել, տեսել են, որ  այդ աշխատանքներն իրականացվում է մեկ այլ կապալառուի` «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից, այսինքն` պայմանագրի չկատարման պատճառը եղել է «ՌԱԷԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն, իրենք հնարավորություն չեն ունեցել իրականացնել այն:

Գ. Թադևոսյանը պնդում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ «Արվալ» ՍՊԸ-ի  կողմից կատարված աշխատանքների մեծ մասը, որոնք պատասխանող կողմը հրաժարվել է ընդունել, վերագրվել են «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ին և արտացոլվել կատարողական ակտերով: Ըստ նրա՝ «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ նման պայմանագրի կնքումն իր մեջ հնարավոր է քրեաիրավական տարրեր է պարունակում, քանի որ «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ն  կանխամտածված կատարողական ակտերը չընդունելով «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքել է կապալի պայմանագիր, որով վերջինս իբրև կատարել է 128.639.030 ՀՀ դրամի  աշխատանք, այն դեպքում, երբ այդ աշխատանքները «Արվալ» ՍՊԸ-ի կողմից արդեն կատարված էին:

Գուրգեն Թադևոսյանը նշում է, որ Գևորգ Մաչանյանը, Վաղարշակ Ավետիսյանը և Հրանտ Սուվարյանը երկրում որոշակի ազդեցություն և կարողություն ունեցող մարդիկ են: Նրա կարծիքով՝ դեպքերի ու իրադարձությունների համադրումը ցույց են տալիս, որ ինքը գործ է ունեցել խարդախության հետ: Սակայն, պաշտոնյաները հույս ունենալով «մաքրել» իրենց կողմից կատարվածը փորձել են դա իրականացնել դատարանի միջոցով: Նման պահանջ առաջ քաշելը պատճառաբանվում է աշխատանքային ծավալների այն չափով, որը փաստացի վճարված է, իսկ լրացուցիչ աշխատանքները դուրս են մնացել:

«Ներկայումս իմ միակ բնակարանը Գևորգ Մաչանյանի կողմից ղեկավարվող «Արմսվիսբանկ»-ը ցանկացած պահի կարող է բռնագրավել՝ ի սեփականություն իրեն: Այդ նպատակով նույնիսկ բանկից կատարել են այցելություններ: Ես ոչ միայն կորցնում եմ իմ կողմից սեփական քրտինքով ստեղծած բիզնեսը, այլև իմ բնակարանը: Չի բացառվում, որ մի օր ընտանիքով հայտնվեմ փողոցում»,-ասում է Գուրգեն Թադևոսյանը:

Վերջինս «ՌԱԵԼ ԳԷՍ» ՍՊԸ-ի շահառուների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Գուրգեն Թադևոսյանն ասում է, որ նշված բաժնի հետաքննության տեսուչ Ա.Սարգսյանը կայացրել է ապօրինի որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Պատճառաբանվել է, որ այն քաղաքացիաիրավական վեճ է:

«Նույնիսկ «ԴԱՎԱՐՄՇԻՆ» ՍՊԸ-ի մասով բազմաթիվ անգամ իմ ներկայությամբ ոստիկանությունում արտահայտվել է՝ «մեր Արմենը» հանցավոր բառակապակցությունը` նկատի ունենալով ընկերության հիմադիր Արմեն Հախնազարյանին: Քրեական հետապնդման մարմինը ոչ թե իրականացրել է հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններ, այլ հակառակը՝ իրականացրել է հանցագործության կոծկման բնույթի ապօրինի գործողություններ»,-նշում է Գ. Թադևոսյանը: Նա հավելում է, որ հետաքննիչը նույնիսկ չի էլ անդրադարձել աշխատանքների ապօրինի հավելագրումներին՝ իրականացնելով ակնհայտ թերի քննություն:

«Արվալ» ՍՊԸ-ի տնօրենը քրեական գործ չհարուցելու որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Վերջինիս կողմից այն մերժվել է և այժմ որոշումը բողոքարկվում է դատական կարգով:

Քանի որ «Արվալ» ՍՊԸ-ն ընդունել է կատարված աշխատանքների փաստը, կանգնել է նաև խոշոր հարկային պարտավորությունների առջև՝ այդտեղ ևս կրելով զգալի վնասներ:

Գևորգ Մաչանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Գուրգեն Թադևոսյանը ճիշտ չի ասում: Ինքն ընդամենը 7 սեփականատերերից մեկն է և անձամբ Գ. Թադևոսյանի հետ բանակցություններ չի վարել: Ըստ նրա՝ բանակցությունները եղել են ընկերության տնօրենի և Թադևոսյանի միջև: Այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ տնօրենը ներկայացրել է 7 բաժնետերերին, այդ թվում՝ իրեն:

«Ես ոչ մի պայմանավորվածություն ոչ մեկի հետ չեմ ունեցել: 7 փայատերերից մեկն եմ եղել և բոլոր որոշումները կայացվել են բոլորի համաձայնությամբ: Ինքն ուղղակի իմանալով, թե ես ով եմ, փորձում է շանտաժ անել»,-ասում է Գևորգ Մաչանյանը հավելելով, որ Թադևոսյանը այդ հարցերով բազմիցս քննչական մարմիններին է դիմել և բանավոր շատ բան կարող է ասել:

Ինչ վերաբերում է Կիևյան փողոցում գտնվող Թադևոսյանի բնակարանի գրավադրմանը, Գևորգ Մաչանյանն ասում է, որ դա եղել է բնակարանի սեփականատիրոջ «հոժար կամքով», իր ընդհանուր բիզնեսների համար:

«Ինքը, որպես բիզնեսմեն գրավ է դրել իր բիզնեսի համար վարկ է վերցրել, որ հետո փակի: Հերթական անգամ սուտ է ասում այդ մարդը: Ես ո՞նց կարող եմ համոզել, օրինակ քեզ՝ հիմա համոզում եմ, արի քո տունը դիր գրավ ու ինձ պարտքով փող տուր: Դու նման բան կանե՞ս: Ես ինչի պետք է նրան համոզեի, եթե արդեն 90 միլիոն դրամ կանխավճար էր փոխանցվել իրեն: Եթե թղթերով նայեք հարցեր չեն առաջանա, պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել: Ես հո ապուշ չեմ ասեմ՝ արի վարկ վերցրու հետո ես քո տեղը կփակեմ, ոնց նման բան կասեի»,- նշում է Գևորգ Մաչանյանը:

Ըստ նրա, Թադևոսյանը բնակարանը գրավ դնելու համար նոտարի մոտ է գնացել, սեփական միջոցներով ծախսեր է կատարել և բանկային վճարներով երևում է, թե գումարը վերցրել ինչ է արել:

«Պետք է հեքիաթների չհավատաք: Ինչի՞ պետք է ես համոզեի, որ ինքը վարկ վերցներ: Ինքն իր համար, իր բիզնեսների համար վարկ է վերցրել, բերել գրավ է դրել ոնց որ բոլորը: Հետո խնդիրներ են առաջացել: Հարյուր անգամ բացատրել ենք, որ իր տունը մեզ պետք չի: Հա, պրոբլեմներ ես ունեցել, ոչ առաջինն ես, ոչ վերջինը, բանկը պատրաստ է քո հետ տարբերակներ քննարկել քո պրոբլեմը լուծելու համար: Դա իր պրոբլեմն է, մենք դրա հետ կապ չունենք»,-ավելացրեց Գուրգեն Թադևոսյանը:

Հ.Գ. «ՖԻՐՄԱ Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ի հետ ունեցած վեճին կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարները տրամադրել է Գ. Թադևոսյանը։

Մեկնաբանություններ (1)

հայ բզնեսմեն
տիպիկ հայկական պատմություն (այսպես ասացին, այնպես խաբեցին եւ այլն:) Կապալառուն իր տունը գրավ է դնում, վարկ վերցնում հենց գործատուից որպիսզի ավարտի նրա իսկ գործը (?): ,,Չնախատեսված նոր աշխատանքներ առաջ եկան,, - իսկ ում սխալի հետեւանքով (?) Թող լրացուցիչ պայմանագիր գրեին եւ այլն ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter